Ընթերցանության տեխնիկայի ուղղությամբ տարվող աշխատանքների իմ
փորձից
Ընթերցանությունը օտար լեզվի ուսուցման կարևոր նպատակներից մեկն է: Իբրև խոսքային գործունեության կարևոր տեսակ, ընթերցանությունը պատշաճ դեր է խաղում 4-րդ և 5-րդ դասարաններում: Ուստի 4-րդ դասարանում անհրաժեշտ է աշակերտներին սովորեցնել նախ բարձրաձայն ընթերցանությունը, այսինքն`ընթերցանության տեխնիկան: Սակայն միայն ընթերցանության տեխնիկայով բավարարվելը շատ քիչ կլինի: Աշակերտները պետք է սովորեն նաև ամբողջությամբ, մանրամասնորեն հասկանալ ընթերցված տեքստը, քանի որ այն կազմված է ծանոթ նյութի հիման վրա: Դրանից հետո աստիճանաբար պետք է անցնել լուռ ընթերցանության: Ընթերցանության ուղղությամբ տարվող գործնական աշխատանքը կոչված է ձևավորելու և զարգացնելու հասուն ընթերցանության համար անհրաժեշտ հմտությունների նվազագույն մակարդակը, առանց որի աշակերտներն ուսումնառության տարիներին չեն տիրապետում հասուն ընթերցանությանը, ի վիճակի չեն լինում կարդալ ու հասկանալ օտար լեզվով և կորցնում են ձեռք բերված հմտություններն ու կարողությունները: Աշակերտներին ընթերցել սովորեցնելու համար անհրաժեշտ է, որ նրանք գրաֆիկական բառերը հնչեցնեն` ընթերցանության տեխնիկայի հայտնի կանոնները պահպանելով, ծանոթ նյութերով կազմված տեքստը կարդան բարձրաձայն ու այն ամբողջությամբ հասկանան, աստիճանաբար կարդալու արագությունը մոտեցնեն մայրենի լեզվի ընթերցանության արագությանը, հասկանան նաև այնպիսի տեքստեր, որոնք պարունակեն քիչ թվով անծանոթ տարրեր, բանավոր կամ ոչ բանավոր արտահայտեն իրենց հասկացածը, լուռ ընթերցանության անցնելու համար նախ տեքստը կարդան բարձրաձայն և այնուհետև լուռ ընթերցեն` հատուկ ուշադրություն չդարձնելով հնչյունաբանական բոլոր կանոններին, տեքստը կարդան որոշակի ժամանակամիջոցում: Բայց ինչպիսի՞ պայմաններ են հարկավոր իրականացնելու համար վերոհիշյալը. 1. Աշակերտները պետք է ճանաչեն տառերը, իմանան դրանք գրել և կարդալ: 2. Որոշ հնչյունների, հնչյունակապակցությունների արտասանության առանձնահատկությունները, բառի և խոսքի մեջ շեշտի տեղը գործնականորեն իմանալն է: 3. Ուղղագրության, ընթերցանության հիմնական կանոնների, ինչպես նաև խոսքային ծանոթ նմուշների հիմնական ինտոնացիան գործնականորեն իմանալն է: 4. Աշակերտը պետք է լեզվական ծանոթ նյութը տեսնելով` ըմբռնի և հասկանա տեքստի ողջ բովանդակությունը: 5. Տեքստից առանձնացնել էականը և ճիշտ դնել տրամաբանական շեշտը: 6. Սովորած բառապաշարի սահմանում իմանալ բառակազմական մի քանի տարրեր:
7.Համանման իրադրություններում ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները քիչ չափով փոխակերպելն է: Այդ իրադրությունները պետք է ներկայացվեն բանավոր կամ լսողադիտողական պարագաների միջոցով: Հնչյունավորման տեխնիկայի հարցը շատ կարևոր է ընթերցանություն ուսուցանելու համար: Իսկ եթե առանձին տառերի, տառակապակցությունների հնչյունավորումը լավ չի յուրացված, ապա լավ կլինի կարճատև ժամանակով, մի ակնթարթ, ցույց տրվեն տառերը քարտերի վրա կամ գրատախտակին և խմբովին հնչյունավորվեն դրանք: Կա վարժությունների մի խումբ, որ կոչվում է սեփական ընթերցանություն: Այս խմբի վարժություններն իրականացվում են հիմնականում կապակցված տեքստով և նպատակաուղղված են նույն տեքստը հնչյունավորելուն, իմանալուն, այսինքն` դրանից ինֆորմացիա քաղելու և որևէ եղանակով արտահայտելու այն հասկացած լինելը: Սա տեքստով աշխատելու գործողությունների ծրագիր է: Վարժությունների խնդիրն է աշակերտներին մղել որոշակի նպատակի. ինչու՞ պետք է կարդալ տվյալ տեքստը, հարցերին պատասխանե՞լ, տեքստը վերնագրե՞լ: Այսպիսով `հիշյալ վարժությունները միաժամանակ կողմնորոշում են ուսուցչին`տեքստը հասկանալն ստուգելու եղանակները դյուրությամբ կիրառելու համար: Կա վարժությունների ևս մի խումբ, որը ձևավորում է կռահումը, զարգացնում դիտողականությունը, մտածողությունը, և, մասնավորապես, զուգորդական կապերի իրականացումը: Ընթերցանության բոլոր այս վարժությունների գերակշիռ մասն ուղղված է բարձրաձայն ընթերցված տեքստի ճանաչմանը: Ենթադրվում է նաև աստիճանական անցում լուռ ընթերցանության: Լուռ ընթերցանությունը 4-րդ դասարանում իշխող դեր չի խաղում, քանի որ տեքստերի մեծ մասը աշակերտները պիտի կարդան բարձրաձայն: Բավական շատ ու հետաքրքրական են ընթերցանության վարժությունները: Դրանք ամբողջությամբ ունեն շատ կարևոր մի առաքելություն. կազմավորել ընթերցանության համար նախատեսված ծանոթ նյութով կազմված ամբողջական տեքստերը մանրամասնությամբ, լրիվ հասկանալու հմտություններ ու կարողություններ: 5-րդ դասարանում, բացի նախորդ դասարանում կազմավորված ընթերցանության հմտությունների, կարողությունների զարգացումից և կատարելագործումից, մեծ կարևորություն եմ տալիս կռահման հենակետով ընթերցանությանը, այսինքն`աշակերտներին անհրաժեշտորեն հրամցնում եմ այնպիսի տեքստեր, որոնք պարունակեն ինտերնացիոնալ, ծանոթ արմատներով կազմված ածանցավոր և բարդ բառեր, որոշչի ձևով ածականներ: Բայց այս վերջիններիս իմաստը հասկանալը պետք է լինի մտքի ակտիվ գործունեության արգասիք, այսինքն` զուգորդական, փոխադրման և իմաստավորման կապերի հաստատում: Ընթերցանությունը գործնականի հետ մեկտեղ ունի նաև կրթական և դաստիարակչական նշանակություն: Ընթերցանությունն իմացական գործունեություն է: Այն կապված է տեքստից որոշակի ինֆորմացիա ստանալու հետ: Շատ կարևոր են նաև տեքստով ինքնուրույն աշխատանք կատարելու հմտությունները: Ճիշտ կազմակերպված աշխատանքը նպաստում է սովորողների լեզվական և խոսքային կարողությունների զարգացմանը, բարձրացնում նրանց ընթերցանության ընդհանուր կուլտուրան:
Գրականություն`
Աստվածատրյան Մ. Գ.
''Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա'':
''Օտար լեզուները Հայաստանում'' գիտամեթոդական հանդես /2016 -1/
© ООО «Знанио»
С вами с 2009 года.