ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ
Այն փաստը, որ տարբեր տարիքում մարդկանց հատուկ են ընկալման, մտապահման, հաղորդակցման , ստեղծագործական և այլ կարողություններ, որ դրանք տարբեր մարդկանց մոտ արտահայտվում են տարբեր կերպ, հայտնի էր մարդկությանը դեռ վաղուց: Սակայն այսօր գիտականորեն հիմնավորված է, որ մարդկանց միջև եղած տարբերությունները հիմնականում պայմանավորված են նրանց տարիքային առանձնահատկություններով, այսինքն՝ ամեն տարիք ունի իր յուրահատկությունները, ըստ որոնց էլ այսօր գիտության մեջ կատարվում է տարիքային պարբերացումը: Մանկավարժական փորձը հաստատում է, որ անձի դաստիարակությունն ու զարգացումը նպատակային ու արդյունավետ են, երբ հաշվի են առնվում սովորողների տարիքային, անհատական առանձնահատկությունները:Հակառակ դեպքում և՛ կրթությունը, և՛ դաստիարակությունը արժեք չեն ունենա, ինչպես նաև ծագած հակասությունները համապատասխան լուծումներ չեն ստանա: Հայտնի է, որ յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկություններն ու դժվարությունները, քանզի յուրաքանչյուր սերունդ իր վրա է կրում տվյալ ժամանակաշրջանի կնիքը: Ինչպես նկատում է Անտուան դը Սենտ Էքզյուպերին, <<Մարդն իր ժամանակի մանուկն է, յուրաքանչյուր սերնդի հատուկ են իր ապրելակերպի ու մտածելակերպի առանձնահատկությունները>>: Ուսումնադաստիարակչական աշխատանքներին վերաբերող ոչ մի հարց չի կարող հաջողությամբ լուծվել, եթե չուսումնասիրվեն ու հաշվի չառնվեն սովորողների տարիքային ու անհատական, հոգեբանական ու բնախոսական առանձնահատկությունները: Այդ առումով մանկավարժական հոգեբանության ընձեռած հնարավորությունները ևս զգալի են և հիմք են ծառայում տարիքային առանձնահատկությունների հաշվառման համար, դառնում ուսուցման ու դաստիարակության սկզբունքներից մեկը: Դրանք էլ հուշում են մանկավարժական այնպիսի մեթոդների , ձևերի,եղանակների ու միջոցների կիրառում, որոնք պահանջում է տվյալ տարիքը և անհատականությունը: Տարիք հասկացությունը օգտագործվում է մարդու անհատական զարգացման ժամանակային բնութագիրը տալու համար: Կյանքը և մարդու գոյատևման փորձը ցույց են տալիս, որ կարևորը ոչ թե ծննդյան վկայականն ու անձնագրային տարիքն են,այլ կենսաբանական,բնախոսական, հոգեբանական զարգացման մակարդակը, ինչպես նաև՝ առաջատար գործունեության մեջ անհատի հասարակական ակտիվությունը:
Ժամանակակից մանկավարժությունը պնդում է, որ ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հաշվի առնվեն անհատական առանձնահատկությունները,առավել ևս կրտսեր դպրոցում: Ճանաչելով երեխայի կյանքի պայմանները և անհատական գծերը՝ կարելի է կառավարել նրա զարգացումը: Անհատական մոտեցումը ստեղծում է արդյունավետ հնարավորություններ, պայմաններ, իմացական ուժերի ակտիվություն հակումների և տաղանդի զարգացման համար: Անհատական մոտեցում են պահանջում առավելապես <<բարդ >> կամ <<դժվար>> երեխաները, քիչ ընդունակությունների տեր աշակերտները, ինչպես նաև զարգացման խախտումներ ունեցող երեխաները: Ժամանակակից կամ նորարարական մանկավարժությունն ուղղված է աշակերտների ներքին հնարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը,իսկ ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները նպաստում են դրան: Մանկավարժը չպետք է մոռանա, որ յուրաքանչյուր երեխա ՝ անկախ տարիքից, անհատականություն է, և ինքը պարտավոր է ուղղորդել նրա ուսումնառությունը՝ ըստ վերջինիս ուժերի: Չպետք է բացառել այն հանգամանքը, որ ուսուցման պրոցեսում կրտսեր դպրոցում ևս կան <<դժվար>> երեխաներ,որոնց անձի կառուցվածքը ուղղումների կարիք է զգում: Դրանց շարքին են դասվում նաև անհնազանդ, կամակոր, և քմահաճ երեխաները, որոնք հատուկ անհատական մոտեցման կարիք ունեն:Բնավորության այդ գծերի զարգացումը կանխելու և հաղթահարելու հիմնական ուղին նման շեղումների իրական պատճառները բացահայտելը, երեխայի պահանջմունքների ու հետաքրքրությունների նկատմամբ ուշադրություն հանդես բերելն է, որը պետք է զուգորդվի պահանջկոտության հետ: Նման երեխաներին մեծապես օգնում է համագործակցային ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, երբ նրանք ընդգրկվում են խմբային աշխատանքներում: Երեխաների զգալի մասի մոտ կարելի է նկատել չարաճճիություն, անկարգապահություն և կոպտություն: Այսպիսի երեխաների հետ տարվող աշխատանքը ենթադրում է նրանց ակտիվության նպատակասլաց կազմակերպում, հարգանք նրանց արժանիքների և ինքնուրույն լինելու իրավունքի նկատմամբ: Որոշակի խումբ են կազմում այն երեխաները, որոնց վարքագծի համար բնորոշը աշխատելու ցանկության ու սովորության բացակայությունն է, այսինքն՝ ծուլությունը: Մանկավարժը պետք է նկատի և խրախուսի այդպիսի երեխայի ձգտումներն ու ջանքերը,նրանում պետք է աշխատելու ցանկություն արթնացնի ու սովորեցնի զգալ , թե հաճույքի և ուրախության ինչպիսի անսպառ աղբյուր կարող է դառնալ գործունեությունը: Առանձնացնում են նաև այնպիսի երեխաների, որոնք ունեն ուշադրության շեղումներ, դժվարությամբ են կենտրոնանում և ընկալում ուսուցանվող նյութը: Նման երեխաներին ուսուցիչը պարտավոր է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել, զբաղեցնել կենտրոնացնող առաջադրանքներով: Կան այնպիսի երեխաներ, որոնց ամենաբնորոշ բացասական գիծը ստախոսությունն է: Այդ թերության դեմ արդյունավետ պայքար մղելու համար պետք է իմանալ, որ այն երկու ձևով է հանդես գալիս. հորինումը կամ երևակայական ֆանտազիաների ստեղծումը, որը առավել բնորոշ է կրտսեր դպրոցականներին, և ճշմարտության գիտակցված խեղաթյուրումը: Ստախոսության դեպքերի հետ առնչվելիս մանկավարժը մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանք պետք է կատարի, որի նպատակներն են երեխաների ստախոսության իսկական պատճառների բացահայտումը, ճշմարտախոսության , վստահության , փոխադարձ հարգանքի ու պահանջկոտության մթնոլորտի ստեղծումը,կեղծիքի խորապես անհրապույր ու պարսավելի լինելն ու վախկոտության ցույց տալը: <<Դժվար>> երեխաների հետ տարվող աշխատանքում անհրաժեշտ է հատկապես նուրբ անհատական մոտեցում հանդես բերել , որի համար պահանջվում է ուշադիր և բարյացակամ վերաբերմունք ցույց տալ երեխայի նկատմամբ, հենվել նրա դրական որակների վրա, ընդգծված վստահություն հանդես բերել նրա բարոյական ուժերի և պոտենցիալ հնարավորությունների նկատմամբ: Մանկավարժը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ, որպեսզի նրանք իրենց զգան դպրոցական կոլեկտիվի լիարժեք անդամ:
Դպրոցականների անհատական առանձնահատկություններն ուսումնասիրելիս մանկավարժներն օգտվում են մոտավոր ծրագրով, որն առաջին հերթին նախատեսում է երեխայի կենսագրության, նրա անհատական զարգացման պարզաբանումը:Այստեղ կարևոր է տվյալներ ստանալ դրական և բացասական այն ազդեցությունների մասին, որոնց ենթարկվում է աշակերտը: Կարևոր է իմանալ առողջության վիճակը վաղ մանկության շրջանում և երեխայի տարած հիվանդությունները, դրանց հետևանքները: Նշանակություն ունի, թե ինչպիսին է եղել ընտանիքի կազմը երեխայի ծնվելու պահին և այնուհետև ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարևոր է իմանալ, թե ինչպիսի հաջողություններ են եղել ուսման մեջ դպրոցական առաջին տարիներին և ինչպիսին է այդ հաջողությունների դինամիկան հետագայում:
Աշակերտների անհատական առանձնահատկությունները բացահայտելիս մեծ նշանակություն է տրվում բավականաչափ քանակությամբ հավաստի փաստերի կուտակմանը, որոնց հավաքման համար հանձնարարվում է օգտագործել աշակերտների հետազոտումը տարբեր իրադրություններում, զրույցներ աշակերտի, նրա ընկերների, ծնողների և ուսուցիչների հետ, դպրոցականի գործունեության արդյունքների ուսումնասիրումը (տետրեր, շարադրություններ, նկարներ, մոդելներ, ասեղնագործ աշխատանքներ և այլն): Խիստ անհրաժեշտ է կազմել հետազոտման պլան կամ գործունեության արդյունքների ուսումնասիրման և զրույցի պլան: Սա հնարավորություն կտա ստանալու հենց այն տեղեկությունները, որոնք կարևոր են աշակերտի այս կամ այն առանձնահատկությունը բնութագրելու համար: Օրինակ՝ աշակերտների հետաքրքրությունների և հակումների ուսումնասիրումը նախատեսում է պարզել , թե աշակերտը ո՛ր դասերին է ավելի մեծ հաճույքով աշխատում և ակտիվորեն մասնակցում, ո՛ր առարկայից է նա ցուցաբերում գիտելիքներ, օգտվելով լրացուցիչ աղբյուրներից, ի՛նչ նախասիրություններ ունի:
Փոքր-ինչ այլ փաստեր են առանձնացվում ընդունակությունները պարզելիս: Այս դեպքում կարևոր է իմանալ, թե աշակերտն ի՛նչ առարկա կամ գործունեության տեսակ է յուրացնում մյուսից արագ և առանց հատուկ ջանքերի, գործունեության ո՛ր տեսակներում է օգտագործում հանձնարարությունների կատարման ինքնատիպ եղանակներ, դրսևորում սեփական ստեղծագործությունը և այլն: Գործունեության համեմատաբար թեթև տիրապետումը, կատարման բարձր որակը և ինքնօրինակ եղանակները, մեծ ինքնուրույնությունը գործունեության տվյալ տեսակին ընդունակ լինելու հատկանիշներն են:
Սակայն անհրաժեշտ է անպայման հաշվի առնել այն հանգամանքը, որ ուսումնական նյութի կամ գործունեության մեկ այլ տեսակի դանդաղ և դժվար յուրացումը դեռևս չի վկայում աշակերտի անընդունակության մասին: Այդ դրսևորումները կարող են այլ պատճառների՝ գիտելիքների և հմտությունների լուրջ բացերի, նոր նյութի տիրապետման անբավարար պատրաստության, գործունեության տվյալ տեսակի նկատմամբ հետաքրքրության կամ պահանջմունքի բացակայության արդյունք լինել:Աշակերտներին ուսումնասիրելու համար ամենակիրառելի ձևը զրույցն է: Սրա անցկացման նպատակը կարող է լինել ծանոթությունը անձնավորության կենսագրական տվյալների, հետաքրքրությունների և այլ ընդունակությունների հետ: Առաջադրված նպատակին համապատասխան կշռադատվում են այն հիմնական հարցերը, որոնք առաջադրվելու են աշակերտին: Զրույցի ընթացքում երբեմն հարկ է լինում ձևափոխել հարցերը, բայց դրանց հիմնական ուղղությունը պետք է պահպանել:
Օբյեկտիվ տեղեկություններ ստանալու համար կարևոր է աշակերտին տրամադրել անկեղծության և բարյացակամ իրադրությունը պահպանել ամբողջ զրույցի ընթացքում: Զրույցի ժամանակ հաղորդված տվյալների օբյեկտիվությունը շատ բանով կախված է ուսուցչի տակտից, նրան հետաքրքրող հանգամանքները պարզելու հմտությունից, ընդ որում ոչ միայն ուղղակի հարցերի ձևով, այլև կողմնակի ճանապարհով: Քանի որ զրույցն անցկացնելիս հարկ է լինում եզրակացություններն անել իրեն՝ աշակերտի պատասխանի հիման վրա, օգտակար կլինի այն զուգակցել դպրոցականի գործունեության արդյունքների զննման և ուսումնասիրման հետ: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում դպրոցականների ստեղծագործական աշխատանքները՝ շարադրությունները, նկարները,մոդելները և այլն: Դրանք հնարավորություն են տալիս հավաքել տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն աշակերտի ընդունակությունների, հետաքրքրությունների, բնավորության գծերի և այլ առանձնահատկությունների մասին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ- Ելնելով վերը շարադրվածից՝ կրտսեր դպրոցում առավել ևս անհրաժեշտ է ուսումնառությունը կազմակերպել՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային և անհատական առանձնահատկությունները: Թերևս մասնագետների մոտ կային տարակարծություններ այն մասին, թե ուսուցման և դաստիարակության գործընթացում պե՞տք է հաշվի առնել անհատական առանձնահատկությունները, թե՞ ոչ: Մասնագետների մի մասը գտնում էր, որ հանրակրթական դպրոցը չի կարող և չպետք է հաշվի առնի աշակերտի անհատականությունը, յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցումը, բոլոր երեխաները պետք է ստանան ուսուցչի հոգատարությունից նույն բաժինը: Ոչ մի տարբերություն չպետք է լինի ծույլերի և օժտվածների, անընդունակների և ջանասերների, հետաքրքրասերների և անհետաքրքրականների դաստիարակության մեջ: Այս տեսակետն ուներ նաև Հեգելը, ով գտնում էր, որ երեխայի անհատականությունը տանելի և ընդունելի է միայն ընտանեկան շրջանակներում, իսկ դպրոցում բոլորի համար կանոնները նույնն են: Սակայն արդի մանկավարժությունը կանգնած է ուրիշ դիրքերում. դաստիարակությունը և ուսուցումը պետք է առավելագույնս հենվի անհատական առանձնահատկությունների հաշվառման վրա: Կրտսեր դպրոցում մանկավարժն այնքան լավատեղյակ պետք է լինի իր սաներից յուրաքանչյուրի անհատական առանձնահատկություններին և դրանք հաշվի առնի ուսուցման պրոցեսում, որը նաև սաների հետագա ուսումնառության ընթացքում նրանց հետ աշխատող մանկավարժների համար հիմք կհանդիսանա: Նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդներով հագեցած դասապրոցեսում խիստ կարևոր է ընդգծված անհատական առանձնահատկություններով աշակերտների (կամակոր, քմահաճ, <<դժվար>>, ծույլ, ուշադրության շեղումներով և այլն) ակտիվ մասնակցությունը: Ուսուցիչը երբեք չպետք է անտեսի, որ դասարանում սովորող աշակերտներն ունեն բնավորության տարբեր գծեր, խառնվածքի տարբեր տիպեր, հուզակամային ներաշխարհի տարբերություններ, ինչն էլ իրեն հնարավորություն կտա բացահայտելու յուրաքանչյուր աշակերտի անհատականությունը: Այժմ, երբ Հայաստանում իրականացվում է ներառական կրթություն, և հանրակրթական դպրոցներ են հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, մանկավարժի առջև որոշակի դժվարություններ են ծագում. չէ՞ որ նա այնպես պետք է պլանավորի և կազմակերպի իր աշխատանքը, որ արդյունքում չտուժեն նման երեխաները և չհայտնվեն անտեսվածների շարքում: Այս դեպքում ևս նա պետք է մանրակրկիտ ուսումնասիրի տվյալ երեխաներին, բացահայտի նրանց թույլ և ուժեղ կողմերը, ներգրավի դպրոցական ակտիվ առօրյայում և անընդհատ աշակերտների գիտակցությանը հասցնի, որ արատը չի խոչընդոտում երեխային լիարժեք կյանքով ապրելու: Անհատական առանձնահատկությունների հաշվառումը նպաստում է ճիշտ կազմակերպելու ուսումնական գործընթացը՝ բարձրացնելով դասի արդյունավետությունը: Յուրաքանչյուր աշակերտ ուսուցչի կողմից դիտվում է որպես անհատականություն՝ իր մտավոր կարողություններով և ունակություններով: Ուստի, անհրաժեշտ է ապահովել պայմաններ, որոնցում կձևավորվի երեխայի դրական ներդաշնակ վերաբերմունքն իր անձի նկատմամբ, ինչպես նաև՝ շրջապատի հետ հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հուզական մթնոլորտ:
Այսպիսով, կրտսեր դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար մանկավարժն ինքը պետք է բացահայտի յուրաքանչյուր աշակերտի որպես անհատականություն, հաշվի առնի նրա անհատական առանձնահատկությունները՝ մշակելով նոր ձևեր և մեթոդներ՝ մանկավարժական նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.