Նոր Զելանդիան տեղակայված է Ավստրալիայից Թասմանյան ծովով 1500 կմ արևելք և խաղաղօվկիանոսյան կղզային տարածքներ Նոր Կալեդոնիայից, Ֆիջիից և Տոնգայից1000 կմ հարավ։ Հեռու գտնվելու պատճառով վերջին տարածքներից մեկն էր, որտեղ բնակություն է հաստատել մարդը։ Երկար ժամանակ մեկուսացված լինելու պատճառով Նոր Զելանդիայում զարգացել է կենդանական, սնկային և բուսական աշխարհի տարբերվող կենսաբազմազանություն։ Երկրի տարբերվող տեղագրությունը և սուր լեռնագագաթները, որոնցից են Հարավային Ալպերը, տարածքի տեկտոնական շարժումների և հրաբխային ժայթքումների հետևանք են։ Նոր Զելանդիայի մայրաքաղաքը Վելինգտոնն է, սակայն ամենաբնակեցված քաղաքն Օքլենդն է։Նոր Զելանդիան զարգացած երկիր է և առողջապահական, կրթական, տնտեսական ազատության և կյանքի որակի ոլորտների միջազգային
համեմատության արդյունքում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները։ 1980-ական թվականներից Նոր Զելանդիան գյուղատնտեսական, կանոնավորվող տնտեսությունից անցում է կատարել շուկայական տնտեսության։ Երկրի օրենսդիր մարմինն ընտրությամբ ձևավորվող միապալատ խորհրդարանն է, մինչդեռ օրենսդիր քաղաքական իշխանությունը Կաբինետի ձեռքում է, որը ղեկավարում է վարչապետը։ Պետության գլուխն է Եղիսաբեթ II թագուհին, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը։ Բացի այդ, Նոր Զելանդիան տեղական կառավարման նպատակներով բաժանված է 11 շրջանային խորհուրդների և 67 տարածքային կառավարման մարմինների։ Նոր Զելանդիայի Թագավորությունն իր մեջ ներառում է նաև Տոկելաուն (կախյալ տարածք), Կուկի կղզիները, Նյուեյը (ինքնակառավարվող նահանգներ, որոնք միացած են Նոր Զելանդիային) և Ռոսի կախյալ տարածքը, որը Նոր Զելանդիան պահանջում է Անտարկտիդայից։ Նոր Զելանդիան անդամագրված է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Ազգերի համագործակցությանը, Անվտանգության խաղաղօվկիանոսյան պակտին, ԱՆԶՅՈՒՍ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին և Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդին։
Նոր Զելանդիան տեղակայված է հնդկաավստրալիական և խաղաղօվկիանոսյան սեյսմիկ օղակների սահմանին։ Վերջիններիս փոխազդեցությունը, այդ թվում նաև լեռնային զանգվածների արագ առաջացումը և ակտիվ հրաբխային գործունեությունը 2 մլն տարիների ընթացքում, որոշել են կղզիների հողազանգվածի երկրաբանությունը։
Չնայած բնական հանածոների զանազանությանը՝ արդյունաբերության մեջ մշակվում են միայն գազի, նավթի, ոսկու, արծաթի, երկաթախառն ավազաքարի և քարածխի հանքերը։ Բացի վերոնշյալից, կան կրաքարի և կավի մեծ պաշարներ։ Հաճախ են հանդիպում նաև ալյումինի, տիտանավոր երկաթահանքի, ծարիրի, քրոմի, պղնձի, ցինկի, մանգանի, սնդիկի, վոլֆրամի, պլատինի, բարիտի և մի շարք այլ օգտակար հանածոներ, սակայն դրանց արդյունաբերական պաշարները մեծ չեն։
Հատկանշական է, որ նեֆրիտի բոլոր հանքերն ու արդյունահանումը 1997 թվականից գտնվում են մաորիների ենթակայության տակ՝ պատմական այն կարևոր դերակատարման համար, որ կատարում են նեֆրիտ-պոունամուից պատրաստված իրերն այդ ժողովրդի մշակույթում։
Նոր Զելանդիայում ոսկու հաստատված պաշարները կազմում են 372 տոննա։ 2002 թվականին ոսկու արդյունահանումը կազմել է 10 տոննայից մի փոքր քիչ։
Արծաթի հաստատված պաշարները կազմում են 308 տոննա։ 2002 թվականին արծաթի արդյունահանումը կազմել է գրեթե 29 տոննա։
Երկաթախառն ավազաքարի հաստատված պաշարները կազմում են 874 մլն տոննա։ Արդյունահանումը սկսվել է 1960-ական թվականներին։ 2002 թվականին արդյունահանվել է մոտ 2.4 մլն տոննա երկաթախառն ավազաքար։
Նոր Զելանդիայում բնական գազի հաստատված պաշարները կազմում են 68 մլրդ մ³։ Գազի արդյունահանումը սկսվել է 1970 թվականին։ 2005 թվականին երկրում արդյունահանվել է 50 մլն մ³ բնական գազ։
Նավթի պաշարները կազմում են 14 մլն տոննա։ Արդյունահանումը սկսվել է 1935 թվականին։ Երկրում նավթի արդյունահանումը նկատելիորեն նվազում է վերջին տարիներին։ 2005 թվականին արդյունահանվել է ավելի քան 7 մլն բարել նավթ։
Ածուխի արդյունահանման ծավալները, որոնք տասնամյակներ շարունակ աճել են, կայունացվել են 21-րդ դարի առաջին տասնամյակում՝ պինդ վառելիքի սպառմանն ուղղված ծրագրերի շնորհիվ։ Արդյունահանվող ածուխի մեկ երրորդն արտահանվում է։ Երկրում շարունակում է գործել 60 ածխի հանք։
Նոր Զելանդիան ունիտար պետություն է՝ հիմնված սահմանադրական միապետության և խորհրդարանական դեմոկրատիայի սկզբունքների վրա։ Պետական կարգի հիմքում դրված է Վեստմինստերյան մոդելի պառլամենտարիզմի սկզբունքը, որը էությունն այն է, որ քաղաքական իշխանությունն իրականացվում է դեմոկրատական կերպով ընտրված խորհրդարանի կողմից․ թագուհին իշխում է, բայց կառավարությունը ղեկավարում է այնքան ժամանակ, քանի դեռ ունի Ներկայացուցիչների պալատի աջակցությունը։ 1840 թվականին ստորագրվել է Վայտանգիի պայմանագիրը, որով Նոր Զելանդիայի կղզիները դարձել են Մեծ Բրիտանիայի գաղութ։ Նոր Զելանդիայի միապետությունն իրավաբանորեն տարբերվում է բրիտանական միապետությունից, որովհետև 1947 թվականին Նոր Զելանդիան վավերացրել է 1931 թվականի Վեստմինստերյան կանոնադրությունը, որը երկրին իրավունք է տվել ընդունել իր սեփական օրենքները։
Նոր Զելանդիան իրենից կախյալ կարգավիճակ ունեցող Տոկելաուի ու Ռոսսի անտարկտիկական տարածքի և նրա հետ ազատ միություն կազմող Կուկի կղզիներ և Նյուեյ պետությունների հետ միասին կազմում է Նոր Զելանդիայի թագավորությունը։
Նոր Զելանդիայում չկա համակարգված սահմանադրություն։ Սահմանադրությունը ներառում է թագուհու առանձնաշնորհները, Միացյալ Թագովորության սահմանադրական ակտերն ու կանոնադրությունները, որոնք ընդգրկվել են Նոր Զելանդիայի սահմանադրական բազայում։ Կարևոր սահմանադրական վավերագրեր են 1986 թվականի սահմանադրական օրենքը, 1990 թվականի օրինագիծն իրավունքների մասին և 1993 թվականի օրենքն ընտրությունների մասին, որը պարտավորեցնում է անցկացնել ազատ ու դեմոկրատական ընտրություններ։
Նոր Զելանդիան ծովային մեծ տարածքներով մեկուսացված է այլ կղզիներից և մայրցամաքներից։ Նրա արևմտյան առափը ողողող Թասմանյան ծովը երկիրը 1700 կմ-ով առանձնացնում է Ավստրալիայից։ Խաղաղ օվկիանոսը ողողում է երկրի արևելյան առափը և երկիրն առանձնացնում է մերձակա հարևաններից․ հյուսիսում Նոր Կալեդոնիայից՝ 1000 կմ, արևելքում Չիլիից՝ 8700 կմ, հարավում Անտարկտիդայից՝ 2500 կմ։
Նոր Զելանդիայի մերձափնյա գիծը կազմում է 15 134 կմ։ Տարածքային ջրերը՝ 12 ծովային մղոն։ Բացառիկ տնտեսական գոտին՝ մինչև 200 ծովային մղոն։ Բացառիկ ծովային տնտեսական գոտու մակերեսը մոտ 4 300 000 կմ² է, որը 15 անգամ գերազանցում է երկրի ցամաքի մակերեսին։
Նոր Զելանդիայում 2 մշտական ծովային հոսանք կա՝ տաք Արևելաավստրալիական և Արևմտյան քամիների հոսանքը։ Արևելաավստրալիականը, ուղևորվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, ողողում է Հյուսիսային կղզու արևմտյան հատվածը։ Արևմտյան քամիների հոսանքը նկատելի է հարավում, իսկ նրա հիմնական հոսանքն անցնում է Հարավային կղզուց ավելի հարավ՝ դեպի արևելք։
Երկրի մերձափնյա ջրերում կա մինչև 700 ոչ մեծ կղզի, որոնց մեծ մասը հիմնական կղզիներից գտնվում են մինչև 50 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր թվից միայն մոտ 60-ն են պիտանի բնակության համար կամ ներկայումս բնակեցված են։
Պատմական երկարատև մեկուսացվածության ու մայրցամաքներից հեռու տեղակայվածության շնորհիվ Նոր Զելանդիայի կղզիներում ստեղծվել է ինքնատիպ և անկրկնելի բնական աշխարհ, որն առանձնանում է մեծ թվով էնդեմիկ բույսերով ու թռչուններով։Դեռ շուրջ 1000 տարի առաջ՝ նախքան կղզիներում մարդկանց մշտական բնակավայրերի հայտնվելը, պատմականորեն բոլորովին բացակայել են կաթնասունները։ Բացառություն են կազմել չղջիկների երկու տեսակներն ու առափնյա ջրերում բնակվող կետերը, ծովառյուծներն ու ծովակատուները։Այդ տարածքների առաջին մշտական բնակիչների՝ պոլինեզացիների հետ միաժամանակ կղզիներում հայտնվել են մանր առնետներն ու շները։ Ավելի ուշ առաջին եվրոպացի վերաբնակիչները բերել են խոզեր, կովեր, այծեր, մկներ և կատուներ։ 19-րդ դարում եվրոպական բնակավայրերի զարգցման շնորհիվ Նոր Զելանդիայում հայտնվել են կաթնասունների նորանոր տեսակներ։
Նոր Զելանդիայի ֆաունայի ներկայացուցիչներից առավել հայտնի են կիվի թռչունները, որ դարձել են երկրի ազգային խորհրդանիշը։ Թռչունների շարքում առանձնանում են նաև կեան, կակապոն , տակահեն ։
Միայն Նոր Զելանդիայում են պահպանվել շուրջ 500 տարի առաջ ոչնչացված հսկայական մոա չթռչող թռչունների մնացորդները, որ ունեցել են 3,5 մ բարձրություն։ Ավելի ուշ՝ ենթադրաբար շուրջ 200 տարի առաջ, ոչնչացվել է նաև արծիվների հայտնի տեսակներից ամենախոշորը՝ Հաաստայի արծիվը, որի թևերի բացվածքը հասել է մինչև 3 մետր, իսկ թռչունի քաշը՝ մինչև 15 կգ։Նոր Զելանդիայում հանդիպող սողուններից են հատերիան ու սցինկը ։Միջատակերների միակ տեսակը, որ ներմուծվել է երկիր և հարմարվել այնտեղ ազատ բնակության պայմաններին, եվրոպական ոզնին է ։Նոր Զելանդիայում չկան օձեր, իսկ սարդերից թունավոր է միայն կատիպոն ։Երկրի քաղցրահամ ջրերում ապրում են ձկների 29 տեսակներ, որոնցից ութը գտնվում են անհետացման եզրին ։ Առափնյա ջրերում ապրում են մինչև 3000 տեսակի ձկներ և ծովային այլ կենդանիներ։Նոր Զելանդիայում հանդիպում է մրջյունների 40 տեսակ։
Նոր Զելանդիայի ունի արդյունավետ ու զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրի միջազգային համբավ։ Արդյունաբերական անասնաբուծության, այգեգործության, գինեգործության ու խաղողագործության, անտառաբուծության արտադրանքները դարձել են ազգային տնտեսության հիմնական արդյունքը։ Հետազոտական աշխատանքն ու ժամանակակից տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում Նոր Զելանդիայի գյուղատնտեսական արտադրանքի կայուն մրցունակության և միջազգային շուկայում նրա բարձր պահանջարկի ապահովման գործում։
Ոչխարների արդյունաբերական գլխաքանակը 2005 թվականին կազմել է ավելի քան 40 մլն, խոշոր եղջերավոր անասուններինը՝ 8,6 մլն, այդ թվում՝ 4,2 մլն կաթնատու
կովեր, եղջերուների ֆերմերային գլխաքանակը նույն թվականին կազմել է 1,6 մլն։
Նոր Զելանդիայի գյուղատնտեսության բնագավառի կառուցվածքը բավական ինքնատիպ է զարգացած երկրների համեմատությամբ։ Նրա հիմնական առանձնահատկությունը ֆերմերային տնտեսությունների նկատմամբ պետության կողմից ցանկացած դոտացիայի բացակայությունն է։ Դա արտադրողներին և գյուղատնտեսական մթերքների արտահանողներին ստիպում է ինքնուրույն մրցակցել այլ երկրների իրենց գործընկերների հետ, որոնցից շատերում գյուղատնտեսության բնագավառն ավադաբար շարունակում է օգտվել պետության սուբսիդավորումներից։ Այդ պատճառով էլ Նոր Զելանդիան միջազգային տնտեսական ֆորումներում և հատկապես Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջաակներում հաստատակամությամբ հանդես է գալիս բոլոր արտադրող երկրներում տնտեսության գյուղատնտեսական բնագավառներում պետական ֆինանսական աջակցությունների գործընթացների վերահսկողության ընդհանուր ռեժիմի ներդրման օգտին։
Արդյունաբերական ձկնորսությունը մեծ նշանակություն ունի ինչպես նորզելանդացիների կյանքում, այնպես էլ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այդ պատճառով էլ Նոր Զելանդիայի համար նրա 200 մղոնանոց բացառիկ տնտեսական գոտու կարևությունը, որը երկրի ձկնորսների համար ծառայում է որպես հիմնական բազա։
2002 թվականին ծովային տնտեսության էկոնոմիկան տվել է 3,3 մլրդ դոլար կամ ՀԱԱ-ի 3 %-ը։ 2006 թվականին միայն նոր որսած ձկան ու ծովամթերքների արտահանումը կազմել է 1,3 մլրդ դոլար։
Ծովային ռեսուրսների արդյունահանումն իրականացվում է քվոտավորման գիտականորեն
հիմնավորված նորմերի համապատասխան, որ որոշվում են պետության կողմից և բաժանվում ազգային ձկնորսական ընկերությունների միջև։ Արդյունահանման քվոտաների մի մասը պատկանում է մաորիներին։ Քվոտավորված ձկնորսության իրականացման համար նորզելանդական ընկերությունները հաճախ վարձում են այլ երկրների ձկնորսական ու վերամշակող նավեր։
Երկրի ձկնորսները արդյունաբերական մասշտաբերով որսում են ավելի քան 130 տեսակի ձկներ ու այլ ծովային ռեսուրսներ։ Նրանց շարքում առավել կարևոր նշանակություն ունեն նորզելանդական մակրուրոնուսը, լուցիանը, հոպլոստետը, կաղամարը, լանգուստը և այլն։ Արդյունահանված ձկան ու ծովամթերքների շուրջ 90 %-ն արտահանվում է։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.