Թբիլիսի Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։
Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի թվով 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր[7]։ Մինչև ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաև Թբիլիսի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին և մյուս էթնիկ խմբերին: Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված է ճարտարապետության մեջ։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և
ժամանակակից ճարտարապետությունների համադրություն։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը կազմում է 1 108 717 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն․ հիմնականում նրանք վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Թբիլիսիի ամենախոշոր ազգային փոքրամասնությունները հայերն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 4.8 %-ը (ավելի քան 53 հազար մարդ): Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, եզդիներ, ուկրաինացիներ և այլ ազգություններ։ Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերն են Սուրբ Երրորդության մայր տաճարը, Սիոնի տաճարը, Ազատության հրապարակը, Ռուսթավելու պողոտան, Դավիթ Աղմաշենեբլու պողոտան, Նարիղալան, Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը և Վրաստանի ազգային թանգարանը։
Թբիլիսիի անվան ստուգաբանության վերաբերյալ կան շատ վարկածներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վրաց թագավոր Վախթանգ Գորգասալը անտառապատ տարածքում որսի ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է իր կողմից վիրավորված կեռնեխը ջուրն ընկնելուց հետո վեր խոյանում և փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են։ Տաք ջրի բուժիչ հատկությունների շնորհիվ երկու թռչուններն էլ վերակենդանանում են և դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է այդ տարածքում քաղաք հիմնել։
«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի»՝ «տաք» և «սի»՝ «աղբյուրի տակ» արմատներից։ Հետևաբար՝ քաղաքի անվանումը կապված է նաև հանքային ջրերի առատության հետ։ Ներկայումս լեգենդում հիշատակված բուժիչ ջրերի տեղանքում կառուցված են Գոգիրդի բաղնիքները, որոնք հանդիսանում են Թբիլիսիի պատմական վայրերից մեկը՝ «Աբանոթուբան» անվանումով:
ՎԱԽԹԱՆԳ ԳՈՐԳԱՍԱԼ
Թբիլիսին հիմնադրել է Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալը՝ 5-րդ դարի վերջին։ Մինչև 458 թվականը Թբիլիսիի տարածքը լինելով անտառածածկ՝ բնակության համար անբարենպաստ էր։ Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին, հոր խնդրանքով մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Կարճ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Կովկասի խոշորագույն քաղաքներից մեկը, որը սերտ կապեր է հաստատում Մեծ Հայքի քաղաքների հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թբիլիսին Վրաստանի միայն արևելյան հատվածի մայրաքաղաքն էր, քանի որ Կոլխիդան չէր մտնում Վրաստանի սահմանների մեջ։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արևելքում Օրթաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալին։ Հետագայում քաղաքը զարգանում է Հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը, որը Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը, որից հետո հարևան երկրները սկսում են հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին և 6-րդ դարի վերջին սկսվում է երկարատև պայքար Թբիլիսիի համար։ Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։ 537 թվականին պարսկական զորքերը գրավում են Թբիլիսին, որից հետո Վիրքը անկում է ապրում։ Փոխարենը՝ ստեղծվում է Վրաց մարզպանությունը և վրացիներն ընկնում են պարսկական տիրապետության տակ։ 627 թվականին Թբլիսին ենթարկվում է Բյուզանդիայի թագավոր Հերակլիոս I-ի արշավանքներին։ Հույն կայսրը կարողանում է պաշարել քաղաքը, սակայն վերջինիս այն գրավել չի հաջողվում։ Հեռակլիոսը թողնում է Վրաստանը և անցնում Միջագետքը։ Հաջորդ տարի Թբիլիսին գրավվում և հրդեհվում է խազարների կողմից։ 7-րդ դարում Վրաստանի արևելյան մասը անցնում է Արաբական Խալիֆայությանը, իսկ արևմտյան մասը՝ Բյուզանդիային։ Խալիֆայության կազմում ստեղծվում է Արմինիա կուսակալությունը, որի մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը: 737 թվականին Թբիլիսին դառնում է առանձին ամիրայության կենտրոն։ 735-737 թվականներին արաբ ոստիկան Մըրվանը և իբն Մուհամեդը վերստին գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավ Արաբական ամիրայության կենտրոններից մեկը՝ Դվինի և Պարտավի հետ միասին։ 764 թվականին խազարների դիրքը թուլացավ Թբիլիսիում։ 853 թվականին խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։
Համաձայն Վրաստանի սահմանադրության 10-րդ հոդվածի՝ Թբիլիսին հանդիսանում է Վրաստանի մայրաքաղաքը։ Այն նշված կարգավիճակին վերահաստատվել է 1995 թվականի փետրվարի 20-ին «մայրաքաղաքի մասին Վրաստանի օրենքի» ընդունումից հետո։ Կառավարվում է քաղաքային ժողովի (սակրեբուլի) և քաղաքապետարանի (մերիա) կողմից։ Քաղաքային ժողովի նախագահն ու քաղաքապետն ընտրվում են չորս տարին մեկ անգամ՝ ընտրությունների միջոցով։ Ներկայում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Նարմանիան, իսկ սակրեբուլիի նախագահը Գիորգի Ալիբեգաշվիլին է։Վարչականորեն Թբիլիսին բաժանված է շրջանների, որոնք ունեն իրավասություններ սահմանափակ գործերի շրջանակներում։ Դրանք իրենց հերթին կառավարվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս ստորաբաժանումները ստեղծվել են 1930-ական թվականներին՝ խորհրդային իշխանությունների ժամանակահահտվածում։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսիի վարչատարածքային բաժանման համակարգը ձևափոխվեց։ Համաձայն վերջին վերանայման՝ Թբիլիսիի շրջաններն են․
1.Հին Թբիլիսի 2. Վակե Սաբուրթալո 3. Իսանի Սամգոր 4. Դիդուբի Չուղուեթ 5.Գլդանի Նաձալադև 6.Դիդգոր
Շրջաններն իրենց հերթին բաժանված են ոչ ֆորմալ թաղամասերի։ Այդ թաղամասերի մեծ մասը պատմական են, սակայն նրանցից շատերը կորցրել են իրենց առանձնահատուկ տեղագրական սահմանները։ Թբիլիսիի պատմական թաղամասերից մեկը՝ Հավլաբարը, գրեթե ամբողջովին բնակեցված է հայերով։ Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի շրջանի կազմի մեջ։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում Հավլաբարը եղել է Վրաստանի հայ մտավորականության կենտրոնը։
Թբիլիսի քաղաքը տեղակայված է Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Վրաստանի արևելքում, Կուր գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 380-770 մետր բարձրության վրա։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝ Մցխեթյան շրջանով: Երեք կողմերից շրջապատված է բարձրադիր լեռներով։ Հյուսիսում Թբիլիսին սահմանակցում է Սագուրամոյի լեռնաշղթային, արևելքում և հարավ-արևելքում՝ Իորիի հարթավայրին, իսկ հարավ-արևմուտքում՝ Թրիալեթի լեռնաշղթային։
Թբիլիսիի ռելիեֆը բարդ է:
Կուր գետի ձախ ափին գտնվող քաղաքի մի մասը տարածվում է Ավչալա թաղամասից մինչև Լոչինի գետն ընկած հատվածը՝ ներառելով ավելի քան 30 կմ (19 մղոն): Չափազանց լեռնային դիրքը հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը։
Թբիլիսիի հյուսիսարևելյան հատվածում՝ Իորի գետի և երեք աղի լճերի միախառնման հետևանքով ստեղծվել է Թբիլիսիի ծովը, որն իրենից ներկայացնում է ոռոգման նկատառումներով օգտագործվող ջրամբար։ Գարնանը, ամռանն ու աշնանը ջրամբարի ջրի մակարդակը բարձրանում է և ըստ այդմ ջրի խորության սեզոնային տատանումը կազմում է 7-10 մետր: Թբիլիսյան ջրամբարը դասվում է օլիգոտրոֆ լճերի շարքին։
Թբիլիսիի կլիման մերձարևադարձային մուսսոնային է՝ խոնավ ցամաքային կլիմայի զգալի ազդեցությամբ[49]։ Բնորոշ են չափազանց տաք ամառները և չափավոր ցուրտ ձմեռները։ Ինչպես Վրաստանի մյուս տարածաշրջանները, այնպես էլ Թբիլիսին, տարեվերջին դառնում են առատ տեղումների թիրախակետ։ Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազդեցություն ունեն արևելքից և արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Սև ծովից, ներթափանցած տաք ծովային հոսանքները։ Մեծ Կովկասի լեռնաշղթայի բարձրաբերձ լեռնագագաթներն իրենց հերթին կասեցնում են Ռուսաստանից եկող սառը օդային հոսանքների տարածումը։ Ի տարբերություն մերձարևադարձային մուսսոնային կլիմա ունեցող մյուս քաղաքների՝ Թբիլիսիի կլիմայական պայմանները համեմատաբար ավելի մեղմ են։
Թբիլիսիի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.3 °C (55.9 °F)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, իսկ ամենաշոգը՝ հուլիսը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 2.3 °C (36.1 °F), իսկ հուլիսյանը՝ 24.9 °C (76.8 °F)։ 1882 թվականի հունվարի 7-ին Թբիլիսիում գրանցվել է ամենացուրտ ձմեռը, որի ժամանակ սնդիկի սյունը 0-ից իջել է մինչև -24.4 °C (-11.9 °F)։ Առավելագույն ջերմաստիճանը եղել է 42.0 °C (107.6 °F):
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 495,5 մմ։ Մայիսն ամենատեղումնառատ ամիսն է (միջին հաշվով 77.6 մմ), իսկ հունվարը՝ տեղումների քանակով ամենապասիվ ամիսն է (միջին հաշվով՝ 18.9 մմ): Տարվա ընթացքում ձյուն տեղում է 15-25 օր։ Հորդառատ անձրևն ու ամպրոպը առավելապես բնորոշ են գարնանը։ Թբիլիսիի քամիները մեծ մասամբ հարավարևելյան են։
Թբիլիսին աշխարհի ամենահայաշատ քաղաքներից մեկն է։ Առաջին հայերը Վրաստանի մերօրյա մայրաքաղաքում հաստատվել են դեռևս վաղմիջնադարյան ժամանակահատվածում՝ 5-6-րդ դարերում։ 631 թվականին այստեղ կառուցվել է առաջին հայկական եկեղեցին, որը կրել է Սուրբ Գևորգի անունը։ 11-րդ դարում թբիլիսահայերի թիվը զգալիորեն աճել է։ Արդյունքում՝ Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը գրեթե ամբողջովին բնակեցվել են հայերով։ Ուշմիջանադարյան ժամանակահատվածում Վիրահայոց թեմի առաջնանիստ Թբիլիսիում գործել է 24 հայկական եկեղեցի։ Միջնադարյան ժամանակահատվածում հայերը ակտիվորեն մասնակցել են Թբիլիսիի կառավարմանը։ Հայկական խոշոր ազնվականական ընտանիքներից էին հայտնի էին Թումանյանները, Բեհբությանները, Շադինյանները, Յուզբաշյանները, Խազարյանները, Թամամշյանները, Փիթոևները, Մանթաշյանները և ուրիշներ:
19-րդ դարում գրանցվել է հայերի մեծ ներհոսք, իսկ 1840 թվականին Հովհաննես Իզմիրյանը դառնում է Թբիլիսիի ազգությամբ առաջին հայ քաղաքապետը։ 1823 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի հայկական տպարանը, 1824 թվականին՝ Ներսիսյան, 1861 թվականին՝ Գայանյան, 1868 թվականին՝ Մարիամյան օրիորդաց, 1877 թվականին՝ Հովնանյան դպրոցները: Մինչև 1950-ական թվականները Թբիլիսիում գործել են շուրջ 40 հայկական դպրոցներ: Դասավանդել են Հարություն Ալամդարյանը, Խաչատուր Աբովյանը, Պետրոս Շանյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Ղազարոս Աղայանը, Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ:
Թբիլիսիում լույս են տեսել նաև հայկական պարբերականներ, որոնցից ամենանշանավորներից էին «Կռունկ հայոց աշխարհին» և «Մեղու Հայաստանի» հանդեսները։ 17-18-րդ դարերում Թբիլիսիում ապրել և ստեղծագործել են մի շարք նշանավոր հայեր․ երաժիշտներ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, գրողներ Րաֆֆին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Նար-Դոսը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Ավետիս Ահարոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը և ուրիշներ:
Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների՝ հայ էր Թբիլիսիի բնակչության 21,3 %-ը, 1970 թվականին՝ 16,9 %-ը, 1979 թվականին՝ 14,5 %-ը (152.767 մարդ): Թբիլիսիում է գտնվում նաև Խոջիվանքը՝ Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը։ Խոջիվանքի գերեզմանատանը հանգչում են մի շարք նշանավոր հայերի աճյունները։
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն
Մելիք Ազարյանցի
բնակարանը Թբիլիսիում
Սուրբ Գևորգ եկեղեցի` Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը
Զառիվայրի Սուրբ Կարապետ եկեղեցի, ներկայումս վրացականացված է
Սերգեյ Փարաջանով՝ 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ․
Վիկտոր Համբարձումյան՝ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը․
Տիգրան Պետրոսյան՝ շախմատի աշխատի առաջնության նախկին չեմպիոն․
Ակիմ Թամիրով՝ թատրոնի և կինոյի ազգությամբ հայ ամերիկացի դերասան․
Արամ Խաչատրյան՝ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Հակոբ Հակոբյան՝ թարգմանիչ, բանաստեղծ և գրող․
Նար-Դոս, գրող, Հայաստանի և Վրաստանի ազգային բանաստեղծ․
Սայաթ-Նովա՝ նոր շրջանի բանաստեղծ-աշուղ․
Մինչև 19-րդ դարի սկիզբը՝ ձիասպորտը, ըմբշամարտը, բռնցքամարտը և հրաձգային սպորտը հանդիսանում էին Թբիլիսիի ամենատարածված քաղաքային սպորտաձևերը։ Արևմուտքի ազդեցությամբ զարգացող Թբիլիսիի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց սկսեցին ի հայտ գալ նոր մարզաձևեր։ Սպորտը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում առավել զարգացում ապրեց խորհրդային շրջանում։ Միևնույն ժամանակ Թբիլիսիում նախագծվեցին տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ 1978 թվականին քաղաքում գործել են շուրջ 250 խոշոր և միջին չափի մարզադաշտեր, այդ թվում չորս փակ և վեց բացօթյա օլիմպիական լողավազաններ, 185 բասկետբոլի և 192 վոլեյբոլի մարզադաշտեր, 19 թենիսի կորտերներ և 31 ֆուտբոլային արենաներ։
Թբիլիսիի խոշորագույն մարզադաշտը Դինամո արենան է՝ 55 հազար նստատեղով, իսկ երկրորդը՝ Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտն է, որը կարող է տեղավորել 24 680 հանդիսական։ Ամենանշանավոր թբիլիսյան ֆուտբոլային ակումբը «Դինամո Թբիլիսի»-ն է։ Սպորտային պալատը, որը սովորաբար հյուրընկալում է բասկետբոլային խաղեր և թենիսի մրցաշարեր, կարող է տեղավորել մոտավորապես 11 հազար մարդ: Վերե փոքրիկ բասկետբոլային դահլիճը տեղավորում է 2500 հանդիսական։
Ներկայումս Թբիլիսիի ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, ռեգբին, բասկետբոլը և ըմբշամարտը։ Բացի այդ, հայտնի սպորտաձևեր են նաև թենիսը, լողը և ջրային պոլոն։ Կան մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային և ռեգբիի հավաքականներ, ինչպես նաև ըմբշամարտի ակումբներ: Ամերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլային ասոցացիայի խաղացողներ Զազա Պաչուլիան և Նիկոլոզ Սկիտիշվիլին Թբիլիսիի բնակիչներ են։ «Դինամո» բասկետբոլային ակումբը 1962 թվականին դարձել է «Եվրալիգա»-ի չեմպիոն, սակայն երբեք չի կրկնել այդ հաջողությունը: Քաղաքի մասնագիտական ակումբներից բացի գործում են նաև մի շարք միջքաղաքային և սիրողական սպորտային թիմեր, ինչպես նաև ակումբներ: 2015 թվականին Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտը հյուրընկալել է ՈՒԵՖԱ սուպերգավաթի եզրափակչի «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումը:
Թբիլիսիի հազարամյա պատմությունն ամփոփված է ճարտարապետության մեջ։ Քաղաքի հարավարևելյան հատվածում հին քաղաքն է՝ նեղ փողոցներով, փայտյա նախշազարդ պատշգամբներով, 2-3 հարկանի աղյուսե բնակելի տներով, որոնք յուրովի ներդաշնակում են կլասիցիզմի տարրերը տեղական ճարտարապետական ձևերին: Հին քաղաքում են գտնվում Նարիղալա միջնաբերդի ավերակները, Անչիսխաթի եռանավ բազիլիկը, Մետեխի վանքը, Աիոնի կաթողիկեն, Ռոստոմ արքայի բաղնիքը: 19-րդ դարի սկզբից զարգացել է, այսպես կոչված, նոր քաղաքը՝ ժամանակակից Թբիլիսիի կենտրոնը, ուղղանկյուն հատակագծային սկզբունքով և հիմնականում ուշ կլասիցիզմի ոճի շենքերով։ 19-րդ դարում կառուցվել են բազմաթիվ եկամտաբեր տներ, վարչական, հասարակական, մշակութային շինություններ, որոնք առաջնակարգ տեղ են գրավել քաղաքի համակառույցում: Այդ շրջանի ճարտարապետական էկլեկտիկ բնույթի էր Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը՝ նախկին «Արտիստական ընկերության» տունը: Վրաց միջնադարյան ճարտարապետական ձևերի հաջող կիրառմամբ առանձնանում է նախկին վրաց ազնվականների բանկը (ներկայումս՝ Վրաստանի կենտրոնական բանկը): 1905 թվականին Մթածմինդայի վրա կառուցվել է թեք վերելքով լարավոր երկաթուղի՝ ֆունիկուլյոր: Թբիլիսիի հատակագիծը կազմվել է 1934 թվականին, իսկ ներկայիս հատակագիծը՝ 1970 թվականին: Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսին դառնալով անկախ պետության մայրաքաղաք սկեց զարգանալ նոր տեմպերով։ Այս շրջանում կառուցվեցին նոր քաղաքային թաղամասեր և կառուցապատվեցին հները: Բարեկարգվել և վերակառուցվել են հին մայրուղիներն ու հրապարակները, գցվել են նորերը:
Թբիլիսիի գլխավոր մայրուղում՝ Ռուսթավելու պողոտայում գտնվում են երկրի կարևորագույն կառույցների մի մասը:
Հին վրացական ճարտարապետական կոմպոզիցիոն և դեկորատիվ միջոցներով վերակառուցվել են բազմաթիվ շենքերի ճակատներ։ Նշանավոր ճարտարապետական կառույցներից են նաև Շոթա Ռուսթավելու անվան կինոթատրոնը, Կապի տունը, սպորտի պալատը, ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը և այլն: Քաղաքի բարձրության գլխավոր դոմինանտը ֆունիկուլյորի վերին կայանն է՝ կից կանգնեցված հեռուստատեսության աշտարակով։ Այստեղից երևում է Թբիլիսիի և նրա շրջակայքի համայնապատկերը: 1,5 կմ երկարությամբ ձգվող Ռուսթավելու պողոտան հանդիսանում է Թբիլիսիի կենտրոնական փողոցը։ Այն ձգվում է Ազատության հրապարակից մինչև Ռուսթավելու հրապարակ։ Ռուսթավելու պողոտայում են տեղակայված կառավարական, հասարակական, մշակութային ու առևտրական բազմաթիվ կառույցներ, որոնցից են Վրաստանի խորհրդարանը, Կաշվեթի եկեղեցին, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան, Վրաստանի ազգային թանգարանը, Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը, Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը և այլն։ Պողոտայի երկու կողմերում տնկված են սոսիներ: Կուր գետի ձախ ափին՝ Հին Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ Մետեխի ժայռի վրա գտնվում է Էլգուջա Ամաշուկելիի նախագծած Վախթանգ Գորգասալի արձանը։ Թբիլիսիում կանգնեցված են Շոթա Ռուսթավելու, Իլյա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի, Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանները և «Մայր Վրաստան» մոնումենտը։ Քաղաքը խիտ կանաչապատված է: Թբիլիսիի ճարտարապետության և քաղաքաշինության մեջ մեծ ավանդ ունեն նաև հայերը, որոնք դարեր շարունակ ապրել են հյուրընկալ եղբայրական վրաց ժողովրդի հետ կողք-կողքի՝ վերջիններիս հետ կիսելով հայրենիքին բաժին ընկած փորձությունները և քաղաքի վերաշինության մեջ ներդնելով իրենց ստեղծագործական ուժն ու ավյունը:
Ռուսթավելու պողոտայի
գիշերային պատկերը
Թբիլիսիի ազատության
հրապարակ
Կաթարսիս Վրաստանի
մայրաքաղաքում
Թբիլիսիի պետական ակադեմիական
թատրոնի շենքը
Թբիլիսին հայտնի էր իր հարուստ թատերական ավանդույթներով։ Հունվարի 14-ին նշվում է վրացական թատրոնի ամենամյա տոնը։ 1850 թվականի այդ օրն առաջին անգամ Թբիլիսիում ցուցադրվել է վրացական թատրոնի հիմնադիր հանդիսացող Գեորգի Էրիսթավիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանում այն համարվում էր առաջին ու միակ արհեստավարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում են տարբեր ուղղություններին ու ժանրերին պատկանող տասնյակ թատրոններ։
Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանի գլխավոր օդանավակայանն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է Վրաստանի խոշորագույն օդանավակայանը, որը 2015 թվականի տվյալներով զբաղվածության ցուցանիշով 15-րդն էր հետխորհրդային երկրներում։ 2010-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում օդանավակայանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշները, որի արդյունքում օդանավակայանից օգտվողների թիվը 822 հազարից դարձել է մինչև 1 միլիոն 800 հազար մարդ։ 2016 թվականին Թբիլիսիի օդանավակայանը սկսել է օգտագործել արևային էներգիան՝ դառնալով առաջին «կանաչ օդանավակայան»-ը հարավկովկասյան տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Թբիլիսիի օդանավակայանը գործում է միջազգային բնապահպանական չափանիշներին և պահանջներին համապատասխան։
Օդանավակայանին սպասարկում է «Georgian Airways» ավիաընկերությունը, որը հիմնականում չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Վրաստանի մայրաքաղաքից 33 կմ հեռավորության վրա՝ Նատախտար գյուղաքաղաքում, գործում է ներքին օդանավակայան, որը ուղևորափոխադրումներ է կատարում Վրաստանի տարբեր շրջաններ՝ Մեստիա, Բաթում և Քութայիս։
Թբիլիսիի մետրոպոլիտենը քաղաքում ամենաարագ փոխադրումներ կատարող ծառայությունն է, որը հանդիսանում է չորրորդ ստորգետնյա տրանսպրոտի համակարգը հետխորհրդային երկրներում։ Մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները սկսվել են 1952 թվականին և ավարտվել 1966-ին։ Կազմված է երկու գծերից՝ Ախմետելի-Վարկեթել և Սաբուրթալո։ Դրանցից յուրաքանչյուրն ունի համապատասխանաբար 16 և 7 կայարան։Թբիլիսին Եվրոպայի այն խոշորագույն մայրաքաղաքներից է, որտեղ մինչ օրս պահպանվել է տրամվայի ցանց։ 1883 թվականին քաղաքում ստեղծվել է ձիաքարշ, իսկ 1904 թվականին՝ էլեկտրական տրամվայի ցանց։ Խորհրդային վարչակարգի անկումից հետո քաղաքի տրանսպորտային համակարգում ստեղծվել է դեգրադային վիճակ, որի արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 4-ին տրամվայի գծերը փակվեցին։ 2016 թվականից ի վեր նախատեսվում է կառուցել ժամանակակից տրամվայի ցանց։ Տրանսպորտի առավել գերակշիռ ձևը երթուղայինն է։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 20 424 կմ (ամբողջական ծածկույթով՝ 7854 կմ, մանրախճային և քարային ծածկույթով՝ 11 269 կմ, հողային ծածկույթով՝ 1206 կմ)։ Քաղաքի սահմաններում տրանսպորտային փոխադրումների համար անկախ հեռավորությունից սահմանված է ֆիքսված գին, որը կազմում է 80 թեթրի։ Թբիլիսիից դուրս երկար ուղևորությունների համար գործում են ավելի բարձր գներ։ Երթուղային տրանսպորտի գծերի համար նախապես գծված կանգառներ չկան։ Ըստ ծավալի երկրորդ խոշորագույն տրանսպորտային միջոցը քաղաքային ավտոբուսներն են։ Ըստ 2016 թվականի հուլիսի տվյալների՝ Թբիլիսին սպասարկում են թվով 672 ավտոբուսներ:
Վրաստանի խոշորագույն համալսարանը Թբիլիսիի պետական համալսարանն է, որը հիմնադրվել է 1918 թվականի փետրվարի 8-ին։ Հանդիսանում է Հարավային Կովկասի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ամեն տարի համալսարան ընդունվում են ավելի քան 35 հազար ուսանողներ, իսկ դասախոսների և աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 5 հազար անձ։ Թբիլիսիում է գտնվում նաև Կովկասի խոշորագույն բժշկական համալսարանը՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, որը նախկինում եղել է երկրի մայր բուհի բժշկագիտության ֆակուլտետը։ 2016 թվականի տվյալներով համալսարանն ունի մոտ 5000 ուսանող և 203 ասպիրանտ (10 %-ը՝ արտասահմանից): Թբիլիսիի մյուս խոշոր բժշկական համալսարանը Պետրե Շոթաձեի անվան բժշկական ակադեմիան է։
Երկրի գլխավոր տեխնիկական համալսարանը՝ Վրաստանի տեխնիկական համալսարանն է, որը ևս գտնվում է Թբիլիսիում։ Այն հիմնադրվել է 1922 թվականին, որպես Թբիլիսիի համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետ։ Առաջին դասախոսությունը կարդացել է նշանավոր վրացի մաթեմատիկոս Անդրիա Ռազմաձեն։ 1990 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքի մասնավոր բուհերից նշանավոր են Վրաստանի համալսարանը, Կովկաս համալսարանը և Ազատ համալսարանը։
Վրաստանի համալսարանը հանդիսանում է երկրի խոշորագույն մասնավոր բուհը, որն ունի ավելի քան 3500 վրացի և արտասահմանցի ուսանող։ 2005 թվականին հիմնադրված համալսարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ Վրաստանի կրթական ոլորտի շուկայի առաջատարը։ 2010 թվականին համալսարանը ստանալով Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի ֆինանսավորումը կարողացավ բարելավել բուհի ենթակառուցվածքները և այն համալրել նոր տեխնիկական սարքավորումներով։ Վրաստանի համալսարանն ունի նաև բակալավրի և մագիստրատուրայի տարբեր ծրագրեր:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.