ԴՈՒ ՀԱՎԵՐԺՈՂ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Անկախության տոնին նվիրված միջոցառման ծրագիր
Միջոցառումը սկսվում է Համո Սահյանի և Պարույր Սևակի զրույցով:
Սահյան (նստած սեղանի մոտ խորհում է և ստեղծագործում )-
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես…..
Գալիս է Սևակը – Ողջու՛յն ընկերս, ինչպե՞ս ես: Մտախո՛հ ես երևում….
Մարդ կա ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա աշխարհն է շալակած տանում,
Նա, ով ելել է շալակն աշխարհի
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում:
Սահյան – Է˜հ Պարո՛ւյր, Պարո՛ւյր, դու միշտ նույնն ես, երբեք չես փոխվում:
Սևակ - Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:
Միասին ծիծաղում են:
Սահյան - Լա˜վ, հապա մի լսիր, ի՞նչ կասես.
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:
Սևակ – Իսկ ես քո գրածին կավելացնեմ.
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Սահյան - Դու միշտ էլ ինձ գերազանցել ես:
Միասին հեռանում են բեմից: Բեմ են բարձրանում միջոցառման մասնակից աշակերտները և խմբակային երգում « Տասը միլիոն հայ ենք մենք» երգը:
Աշակերտ – Ողջո՛ւյն սիրելի հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը: Այս փոքրիկ ցերեկույթը նվիրում ենք Անկախության օրվան:
Գալիս է Անկախությունը.
Ես մեր նախնյաց կապույտ երազն եմ,
Հայոց դաշտերի ցորենի կույտն եմ,
Ու մեր քաջերի թափված արյունն եմ,
Ես Ավարայրն եմ, Բաշ Ապարանն եմ,
Սարդարապատն եմ, ու մեր Արցախն եմ,
Վաղուց երազած, բայց նոր ծնվածն եմ,
Թեև ջահել եմ, բայց կայացած եմ,
Անկախությունն եմ:
Պարում են յարխուշտա վեց տղաներ՝ զինվորական հագուստով:
Աշակերտ – 1918թ մայիսի 28-ին հռչակվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին հանրապետության կազմավորման ժամանակ ընդունվեցին պետական խորհրդանիշերը՝ զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Օրհներգը Մ. Նալբանդյանի «Մեր հայրենիք» հայրենասիրական երգն էր, որի հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը, իսկ պետական դրոշը լինելու էր եռագույնը:
Հնչում է խմբակային երգ՝ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»:
Աշակերտ – Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ: 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայհեղկոմի հռչակագրով Հայստանում սկսվեց խաղաղ իշխանափոխություն. Հայստանի Առաջին Հանրապետությունը իր տեղը զիջեց երկրորդ՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությանը, որն իր գոյությունը պահպանեց շուրջ 70 տարի:
Երգ՝ «Հայաստան ջան»
Աշակերտ- 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը կայացրեց որոշում անկախության հռչակման մասին, իսկ ընթերցելու պատիվը տրվեց Գերգույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանին՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի անվանակցի: Այսպես ծնունդ առավ մեր անկախ հանրապետությունը՝ նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, կայուն և բարգավաճող երկիր:
Ամբիոնին մոտենում է Արամ Մանուկյանը և ընթերցում հռչակագիրը.
Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդական, իրավական համակարգ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները՝ Հայաստանի Գերագույն Խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:
Հնչում է պետական օրհներգը:
Աշակերտ – Որ ոչուփուչը վեր կկենա ու ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր ու իր թոռների մարդավայել կյանքին:
Աշակերտ – Աստված չանի, եթե հայտնվի մի այդպիսինը. մեր ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:
Աշակերտ – «Այո». այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր 3000 տարվա ողորումներն ու որոնումները:
Աշակերտ – «Այո». այս բառի մեջ ես լսում եմ վարդանանց նահատակների սրերի շառաչը և Սարդարապատի աշխարհազորայինների հրանոթների հաղթական համազարկերի արձագանքները:
Աշակերտ – Այս բառը մեր ինքնությունն է ամփոփում իր մեջ, մեր արժանապատվությունը, աշխարհը՝ նոր համով ու հոտով, նոր գույներով լցնելու մեր ընդունակությունն ու պատրաստակամությունը:
Աշակերտ – Անկախությանն «այո» ասելով՝ մենք՝ մենք ու մերոնք ենք դառնում, մեր գլխի տերն ենք դառնում, մեր հողի ու ջրի տերը և աշխարհամեջ ենք դուրս գալիս տիրոջ իրավունքով:
Աշակերտ – «Այո»-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ. կռվում ենք, ուրեմն կանք ու պիտի լինենք, լինելու ենք ազատ ու անկախ: Ասենք մեր «այո»-ն, ու պատվար ու պաշտպան կանգնենք մեր նոր ազգային պետությանը:
Պարի խումբը պարում է «Մշո խըռ»:
Բեմ է կրկին բարձրանում Պարույր Սևակը և արտասանում.
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով...
Բոլորը միասին.
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.