Դարերի խորքից

  • docx
  • 22.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Mijocarman_tsragir_-_Dareri_xorqic.docx


 


Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ                                                                                                  մարդու առաջին արժանիքն է:                                                                                                            (Նապոլեոն Բոնապարտ)

  Հնչում է  հայկական ազգային  երաժշտություն, էկրանին  միացված է շնորհանդեսը  (Նոյն  իջնում է Արարատից, դրվագներ հայոց պատմությունից): Այդ ընթացքում բեմից արտասանվում է.

*           Մարդկությունը, համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո, ապրելու և արարելու  նոր հնարավորություն ստացավ  այստեղ՝ Արարատի լանջերին, որտեղից սկիզբ են առնում Տիգրիսն ու Եփրատը, որպես՝ նոր երկրային մի դրախտի, և՛ որպես նոր հնարավորություն՝ ստեղծելու բարին:                                                                                                    Աստվածներից հզորագույնների ժառանգները՝ Հայկը, Արամը, Արան, Տիգրանը, Երվանդն ու  մյուսները  հիմք  դրեցին հայոց  պետականությանը և համախմբեցին հայ ժողովրդին:

 

*         Հայկի անունով մեր երկիրը կոչվեց՝ «Հայք», իսկ նրա  ժառանգներից՝  Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա», «արմեն»  անվանումները:  Հայկի  և հայկազուն նահապետների անուններով  կոչվեցին Հայկական  լեռնաշխարհի  բազմաթիվ տեղանուններ. Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած և Արագածոտն, Արամայիսից՝ Արմավիր, Երասխից՝ Երասխ  (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Արամայիսից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունինք, Գեղամա, Սիսակից՝ Սիսական  (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ:

 

*             Սակայն, պատմության անիվը, այդ օրվանից բազմաթիվ պտույտներ է գործել…. Այդ պտույտները տարել են թե՛ փառահեղ նվաճումների, և՛ թե անկումների…..

 

*            Պատմության քառուղիներում հայը շատ բան տեսավ, շատ լսեց և շատ ավելին հասկացավ… Հասկացավ, որ իր ուժն ու միասնությունը կարող են սարեր շուռ տալ, հասկացավ, որ իր ազատասեր ու ինքնակամ հոգին չի կարելի կապել օտարի և ոչ մի շղթայով, հասկացավ, որ Մեծ, միասնական, ազատ ու անկախ  Հայաստան ստեղծելը իր  միակ փրկությունն է, միակ նպատակը:

 

*      Երգ – Որդուս  (Չքնաղ իմ երկիր Նաիրյան)

(Երաժշտ. և խոսքեր՝ Գրիգոր Զոհրաբեան)

 

*            Մենք փոքր ենք, այո,                                                                                              Ձեզ ով էր ասում մեզ սեղմեք այնքան,                                                          Որ մենք ստիպված...ադամանդ դառնանք,                                                      Ով էր ստիպում                                                                                                Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,                                                            Որ միշտ մեզ տեսնեք ուր էլ որ գնաք...

(Հեղինակ ՝ Գևորգ Էմին)

*      Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
Հավատը,լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր,ամենից լուսե`
Մայր հայրենիքը:

(Հեղինակ ՝ Սուրեն Մուրադյան)

*              Հայ ժողովուրդը մեր հազարամյա  պատմության ընթացքում  իր աստվածաշնորհ իրավունքը կենսագործելու համար ստեղծել է պետականություն դեռևս  անհիշելի ժամանակներում… Ուրմե, Արմե, Հայասա, Նաիրի, Ուրարտու, Հայք, Կիլիկիա, Հայաստան….

 

*            Եվ ամեն անգամ, երբ հայը փորձել է հանգստանալ ու խաղաղ ապրել, հերթական մի հողմ՝ վեր հասած հեռավոր տափաստաններից, անապատներից, կրկին խաթարել է նրա անդորրը….

 

*            Այդպես շարունակվել է երկար ժամանակ, և ամեն անգամ էլ մենք ունեցել ենք բավականաչափ կամք, ուժ, միասնություն ու հավատ դուրս գալու մթությունից և սեփական  մոմերով լուսավորելու մեր օջախները…

 

*      Երգ- Հայաստան (Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ)                                             (Երաժշտ.՝ Արամ Ավագայն,  խոսքեր՝ Սրբուհի Ստամբոլցյան)

 

*            Անկախությունն ու ազատությունն այնքան մեծ և ընդգրկուն արժեքներ են, որ դրանց ձեռքբերելը միշտ էլ բարդ է, իսկ գինը գրեթե միշտ՝ ամենաթանկը…

 

*           1988թ.-1990թ. տևած հայ ժողովրդի պայքարը նոր շրջափուլ էր հայոց պատմության մեջ…

 

*            Նոր մի մարտահրավեր ևս մեկ անգամ փյունիկի նման մոխրից վերակենդանանալու ու առկայծելու, ավելի ուժգին բոցավառվելու…

 

*           Ճակատագրի որոշո՞ւմն է, նախախնամության կա՞մքը, Աստծո շնո՞րհը թե՞ գենետիկ կոդը՝ ամեն դեպքում հայը անսասան կանգնել է իր հողի վրա, պաշտպանել  ազատ լինելու վերջինիս իրավունքը, հաղթել և հաջորդ սերունդին  կտակել  իր նախնյաց  ժառանգությունը….

 

*          1990թ. օգոստոսի  23-ին  Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց հռչակագիր  Հայաստանի անկախության մասին:                                                                 

*           1991թ. սեպտեմբերի  21-ին  հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ  2 մլն 43 հազ. մարդ «այո»  ասաց անկախությանը: 1991թ. սեպտեմբերի 23-ին  Հայաստանի Գերագույն խորհուրդը  Հայաստանը հռչակեց անկախ պետություն:  

     

Ներկայացվում է Հռչակագրի ընդունման տեսագրությունը.

 

*            Իրականություն դարձավ հայ ժողովրդի ամենամեծ երազանքը. Դա մի նուրբ, եթերային անուրջ էր, որին պետականությունից զրկված հայ ժողովուրդը ձգտում էր հասնել արդեն երկար տարիներ…

 

*       Երգ-Հուսո առագաստ

 (Երաժշտ.՝ Արմեն Մովսիսյանխոսքեր՝ Արմեն ՄովսիսյանԷդուարդ Զորիկյան)

 

*              Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ չափազանց դծվար մի ժամանակ՝ տնտեսական ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների ու կորուստների գնով:

 

*            Հայ ժողովուրդն այդ ամենը հաղթահարեց հերոսական ջանքերով՝ հասկանալով, որ ազատությունն ու անկախությունը վեր են ամեն ինչից; Նա կարողացավ դիմակայել ոչ միայն տնտեսական դժվարություններին, պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած խավարին ու ցրտին, սովի սպառնալիքին, այլև գրանցեց  մեր պատմության  ամենափառավոր էջերից մեկը՝ ազատագրելով Շուշին, ապա և  ամբողջ Լեռնային Ղարաբաղը:

*           Հայաստանի անկախությունն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը։ Այստեղ են      տեղի ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996թ.), Համահայկական խաղերը (1999թ. սկսած),  Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004թ. սկսած),  Մանկական Եվրատեսիլը (2011թ.) և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։

*             Հայոց պետականության վերականգնումը կարևոր քայլ էր Հայ Առաքելական եկեղեցու  պահպանման, Հայոց լեզվի զարգացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման համար: 2018 թվականին կնշվի հայոց պետականության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը:

*           Հայաստանի պետականության անկապտելի մասն  են նրա պետական խորհրդանիշները՝ Հայաստանի դրոշը, Հայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։

 

*           Հայաստանի Հանրապետության  դրոշը  հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990թ. օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին հանրապետության 1919թ. ընդունած դրոշն է;                                                                                                             Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։           

 

*              Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

 

*          «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թ. ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919թ.):                                                                                 Զինանշանի հիմնական, գույնը  ոսկեգույնն  է: Զինանշանի հեղինակներն են՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:     

 

*             Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝  Նոյյան տապանով  և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր,  ճյուղ, հասկերի  խուրձ, շղթա և ժապավեն:       

 

*            «Մեր հայրենիք»-ը Հայաստանի պետական օրհներգն է։ Ընդունվել է 1991թ. հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։  Երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է: Այն առաջին անգամ հնչել է 1885թ. մարտի 15-ին, որպես՝ Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը:

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը (հատված).

*              Միայն հայ ժողովրդի միասնությունն ու կամքը, հայ զինվորի բազկի զորությունն   են այսօրվա մեր անկախության, բարեկեցության ու խաղաղության երաշխավորը, քանզի այդ ուժն արդեն բազմիցս անցել է ժամանակի փորձություններով, իսկ  20-րդ դարի վերջերին կարողացավ հաղթահարել կործանիչ երկրաշարժը, հաղթեց պարտադրված պատերազմում և բռնեց անկախ պետականության կերտման դժվարին ուղին…

*            Այո, այսօրվա մեր պետականությունն ու ազատությունը չի գնվել, նվեր չի ստացվել: Այն ձեռք է բերվել մեծ դժվարությամբ…..ծանր աշխատանքով…..թանկ գնով….Եվ  լավագույն արդյունքին հասնելու համար դեռ շատ է պետք քայլել…

*            Քայլել խելամտորեն, քայլել՝ արժևորելով այն ամեն լավը, որ ունենք, դաս սերտելով այն ամեն հնից՝ ինչ սովորեցրել է մեզ մեր  իսկ պատմությունը, տոկալ՝ չնայած քաղաքական խարդավանքներին ու  դժվար ժամանակներին… քարը քարին դնել ամեն օր  և  նորը ստեղծել սիրով ու միասնաբար:

*      Երգ- Հայաստան իմ չքնաղ 

(Երաժշտ.՝ Արթուր Գրիգորյան,  խոսքեր՝ Մարիա Մինասյան)

*          Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին... Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից... Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես`Հավերժի Ճամփորդը, որը դարերի խորքից եկած, դեպի գալիք դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...

(Հեղինակ՝  Գևորգ  Էմին)

*      Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված, 
Պարզված վերըստին սրերին սուրսայր,
Ինչպե՞ս չըսիրեմ—հեզությամբ լցված 
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ. 
Դու կամավոր զոհ— բոլորը տվիր. 
Դու հավետ եղար անարատ վըկա– 
Չարերի կոխան, խաչված իմ երկիր:

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ, 
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք, 
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ել նորից, իմ ծիրանավառ, 
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին...

(Հեղինակ՝ Վահան Տերյան)

 

 

*      Սա իմ երկիրն է-

չափերով այնպիսին-

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ,

իսկ քարտեզի վրա՝

ընդամենը արցունքի մի կաթիլ

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ…        

(Հեղինակ՝ Հովհաննես Գրիգորյան)

 

*      Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,

Սա այն երկիրն է, որ նորից գտանք:

Սա այն երկիրն է ուր բարձրյալը

Նախաստեղծ կավից արարում էր կյանք:

 

ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում

Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:

Հեռվում սքողված արարման ակունք,

-Արոր ու ակոս հերկած կտավին։

 

Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–

Հողն իրենով է Լույսը երիզել

Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,

Հասունացել ու կաթում է թուզը:

 

Ձորի պռնկից կախված խաչքարեր,

Այրվող խնկի ծառ դեղին կտավին։

Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,

Բերդապարսպին՝ քանդակված տավիղ:

 

Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,

Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:

Սա այն երկիրն է՝ ուր մեր անցյալը

Հավերժից հառնում, դառնում է ներկա:

(Հեղինակ՝ Արտաշես Ղազարյան)

 

*      Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա,

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:

(Հեղինակ՝  Հովհ. Շիրազ)

*      Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է
Կմնամ, կլինեմ այսպես:

(Հեղինակ՝ Համո Սահյան)

*      Երգ-պար . Իմ անուշ հայրենիք  

(Երաժշտ. Մարտին Ահարոնյան, խոսքեր՝ Շուշան Պետրոսյան)

 

*             Խոսի՜ր, Հայաստան. 
    
Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել 
     Եվ տարիների խնդություն միայն, 
    
Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ 
    
Աշխարհներին ու ազգերին համայն... 
     
    
Տե՛ս, աղավնի՜ն է 
    
Թառել քո նորոգ հարկի ձեղունին, 
    
Որին դարերով երազե՜լ ես դու... 
    
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛ 
    
Եվ քո՛ անունից՝ 
    
Բանաստեղծ որդո՜ւդ... 
     
    
Լսո՞ւմ ես, 
    
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում 
    
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել, 
    
Որ ցանել են մեր նախնիները հայ՝ 
    
Դեռ Ուրարտույում, 
    
Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:     
    
Սակայն նո՛ւյն օրը, 
    
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին, 
    
Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝ 
    
Ի ցույց այն բանի՛, 
    
Որ ծնված օրից հայ սերմնացանը, 
    
Սերմը՝ մի ձեռքին, 
    
Մյուսով զե՛նք է բռնել, 
    
Որ ցանած արտը պաշտպանի... 
     
    
Ոչ ոք չի՜ ասի՝ 
    
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել, 
    
Ոչ ոք չի՜ ասի՝ 
    
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի... 
    
Մի բուռ ցորե՜ն են 
    
Կարմիր բլուրի հին բերդում պեղել, 
    
Եվ մի բուռ հա՜յ է 
    
Հասել Հարության այս առավոտին... 
     
    
Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա, 
    
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ. 
    
Եվ այս, 
    
Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն 
    
Ու սե՜րմը վկա, - 
    
Իր կորցրածը նա ե՜տ կստանա...
     

(Հեղինակ՝ Գևորգ Էմին)

 

*            Հայրենիքս և ես' մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է, ես' միջոց:                                

(Հեղինակ՝ Գարեգին Նժդեհ)

 

*          Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան, օտար երկրում միմիայն ներկան:

*          Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների  քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

(Հեղինակ՝ Լակորդեր)

 

*           Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:

 (Հեղինակ՝ Բյոռնե )

*      Մշուշի միջից.— տեսիլ դյութական,—

Բացվում է կրկին Նաիրին տրտում,

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում–– ո՞ր երկրի սրտում...

 

Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ

Ձեռների նըման պարզված երկնքին.

Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ

Եվ զոհաբերումն այնպես խնդագին...

 

Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր

Սիրտը մարդկային դաշույնը քինոտ,

Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,

Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...

(Հեղինակ՝ Վահան Տերյան)

 

 

*             Արդյոք մենք շատ կենդանի ազգեր գիտենք, ինչպիսին հայերն են, ում մասին կարող ենք ասել. նրանք մեծ դեր են խաղացել պատմության մեջ սկսած Ասորիների և Բաբելոնի ժամանակներից, այնուհետև Աքեմենյան Պարսկաստանի և Աթենքի, Սպարտայի և այլ հին հունական քաղաք-պետությունների միջև պատերազմների ժամանակներից… Պարադոկսալ չի արդյոք, որ դարերով ինքնուրույնությունից զրկված լինելով, քայքայված տնտեսությամբ, սփռված ամբողջ աշխարհով մեկ այդ ազգը կարողացել է անաղարտ պահել իր լեզուն, պահպանել իր հոգևոր հարստությունները, մշակութային ավանդույթները:

(Հեղինակ՝  ռեժիսոր, դրամատուրգ և գրող Կիմա Բակշի)

 

*            Հայը մի ազգ է, որ կարողանում է պահպանել և փոխանցել սերնդեսերունդ սրբազան հարգանքը ձեռագրերի նկատմամբ, իսկ երբեմն նաև արյամբ գրված գրքերի հանդեպ… Դա մշակութային մի ահռելի գնահատական է և անբեկանելի վկայությունը իր արմատների հանդեպ անվերապահ սիրո:

(Հեղինակ՝ Ռ. Գազմատով)

 

*          Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք-ձեռքի բռնած, ուս-ուսի տված թնդացնում են երկիրը իրենց թմբուկների և ծիրանից գործիքների հնչյունների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները կդառնան մոխիր, քան հնարավոր կլինի նրանց կանգնեցնել…

(Հեղինակ՝ Հուլիոս Կեսար)

 

*      Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,

Հազար տարիներ ու հազար դարեր.

Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,-

Հազար տարիներ ու հազար դարեր.

Ապրի,ինչքան շատ զոհեր է տվել,-

Հազար տարիներ ու հազար դարեր.

Ապրի,ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-

Հազար տարիներ ու հազար դարեր.

Ինչքան եղել է քաջ ու անձնվեր,-

Հազար տարիներ ու հազար դարեր.

Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-

Հազար տարիներ ու հազար դարեր...

Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,

Քանի ապրում է մեր հողագունդը:

(Հեղինակ՝ Գևորգ Էմին)

 

*           Մարդ պետք է ապրի ծառի օրենքով` արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով` տարածվի դեպի արևը: Արմատը մեր հիշողությունն է, որ գնում է դեպի սկիզբը, դեպի պատմության խորքը, գնում է զորանալու: Սաղարթը ներկան է, որ բարձրանում է դեպի Արևը` ապագան: Եթե մեկը անցյալդ է ուզում գողանալ, վերագրել իրեն, ինչ ասել կուզե, պատրաստվում է զրկել քեզ ապագայից: Հետ նայելը հետ մնալու նշան չէ. ո՞վ է ասել, թե հետ նայելը և առաջ նայելը տարբեր բաներ են: Նույնն են: Որ կողմիդ վրա էլ որ նայես, առաջ ես նայում: Դա քո առջևն է: Եթե նայում ես քո պատմությանը, քո առջևն ես նայում, առաջ ես նայում, քո ապագային ես նայում: Մեղուն բոլոր կողմերից աչքեր ունի: Մեղվի համար հետև և առջև չկա: Ազգն ազգ է իր անցյալով, ներկայով, ապագայով...

(Հեղինակ՝Համո  Սահյան)

 

*             Անկախ երկիրը սկսվում է մեզանից, մեր տներից, մեր ընտանիքներիցԱյսօր չես գտնի որևէ Հայի, որը չսիրի իր հայրենիքը, բայց շատ քչերն են, որ սիրում են իրենց պետությունն ու պետականությունը... Մենք չենք գիտակցում այն մեծ պատասխանատվությունը, որ Անկախությունն է դրել մեզ վրա: Անկախությունը ամեն մեկիս հոգում ու սրտում պիտի լինի: Եթե պահանջում ենք, ինքներս մեզնից պիտի պահանջենք...

(Հեղինակ՝ Սոս Սարգսյան)

 

*            Եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:

(Հեղինակ՝ Վազգեն Սարգսյան)

   

*      Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,

                           Զարկվա՜ծ հայրենիք,

                           Զըրկվա՜ծ հայրենիք։

 

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,

Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,

                           Ողբի՜ հայրենիք,

                           Որբի՜ հայրենիք։

 

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին

                           Հույսի՜ հայրենիք,

                           Լույսի՜ հայրենիք։

 

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

                           Իմ նո՜ր հայրենիք,

                           Հըզո՜ր հայրենիք․․․

(Հեղինակ՝ Հովհ. Թումանյան)

Բեմի ետնամասի պատին միացված է Հայկ նահապետի  նկարը.  Հնչում են հետևյալ խոսքերը.

*          Ես էի, որ կտակեցի իմ ազատատենչ ոգին իմ ժողովրդին, մկրտելով այս երկիրն ու ժողովուրդն իմ անվամբ ՀԱՅԿ, ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ...                                                   Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատներն հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասունանում վաղվա արևի շողից...                                                                          Թղ՛ղ օրհնվի  քո երկիրը և  քո ժողովուրդը Հայաստան: Թո՛ղ գալիքներդ միայն պանծանք ու բարեկեցություն բերեն  և թո՛ղ հայը վերջապես իր հայրենիքում  գտնի իր բաժին երազը, իր վաստակած հանգիստը և բարօրությունը….

*      Երգ-պար. Կարմիր, կապույտ, ծիրանագույն
(Հեղինակ՝ Արմեն Մարտիրոսյան)


 

*      Скачано с www.znanio.ru