ՀԱՍՄԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Ծնվել է Երևանում։ 2004-2008թթ․ սովորել է Խ․Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանում։ 2010թ․ ստացել է մագիստրոսի աստիճան՝ մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ։ 2009 թվականից Երևանի հ․171 հիմնական դպրոցում աշխատում է իբրև տարրական դասարանների ուսուցիչ։ Ունի ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ։
|
ԳԵՐԱԿՏԻՎ ԵՎ ՆԵՐԱՄՓՈՓ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Ամփոփագիր։ Դաստիարակության մեջ անընդհատ առաջացող հիմնախնդիրները պահանջում են նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործադրում։ Իմ մանկավարժական գործունեության ընթացքում նկատել եմ, որ ժամանակակից սերնդի դաստիարակության մեջ շատ են ինքնատիպ, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող երեխաները, որոնց հետ զբաղվելը ստիպել է գտնել որոշակի՝ յուրահատուկ մեթոդներ ու միջոցներ։ Ելնելով իմ աշխատանքային փորձից, ներկայացրել եմ դրվագներ կիրառման իմ փորձից։
Դպրոցին և հատկապես ուսուցչին է լիազորված ապագայի կերտումը։ Հենց նրանց պարտականությունն է՝ այսօրվա երեխային կրթել ժամանակի պահանջներին համապատասպան, դաստիարակել բազմակողմանիորեն՝ պատրաստելով նրան որպես վաղվա կայացած քաղաքացի և հասարակությանը պիտանի մարդ։
Այո՛, ներկա ժամանակում աշխարհը փոխվում է գլխապտույտ արագությամբ։ Փոփոխությունների են ենթարկվում ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ տնտեսական արժեքները։ Սակայն այդ ամենին հավասար և հասարակական բոլոր կառույցներին զուգահեռ սասանվում են նաև դպրոցն ու կրթական համակարգը, քանզի հենց այս կառույցներն են կրում հասարակության բոլոր ելևէջների կնիքը։ Ձևավորվում են տարամակարդակ ընտանիքներ։ Երեխաները տարբեր ընտանիքներում տարբեր ձևերով ու մեթոդներով են դաստիարակվում, քանի որ սոցիալական պայմանների արդի բևեռացումն անպայման առաջացնում է վարքագծային և հոգեբանական խիստ տարբեր մոտեցումներ։ Արդյունքում ստացվում է մի բազմաշերտ մշակույթ, որն իր խարիսխը գտնում է դպրոցում՝ դաստիարակության նորագույն նախագծերի և մեթոդների ստեղծման անհրաժեշտություն թելադրելով այսօրվա ուսուցչին։
<<Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ։ Մարդուն ստեղծում է դաստիարակությունը>>,- ասել է Էքզյուպերին։
Հավանություն տալով մեծ մտածողի մտքին և կիսելով նրա կարծիքը՝ ուզում եմ նշել, որ բոլորիս խնդիրն է՝ նախ դաստիարակել, ապա կրթել երեխային։ Իսկ երեխայի դաստիարակությունը երբեք դյուրին գործ չէ։ Այսօր այն առավել դժվար է։ Դաստիարակությունը համբերության անհրաժեշտություն է, հավատի պարտադրանք, զոհողության և սիրո ցույց։ Անձնային լավ որակներ կարող են բոլորն ունենալ՝ անկախ ուսման առաջադիմությունից և գիտելիքների կարողությունների և հմտությունների ձեռքբերման աստիճանից։ Անգամ թույլ կարողություններով օժտված երեխան պետք է զգա, որ ինքը կարևոր դեր ունի դասարանում։ Անտեսված, չկարևորված աշակերտը մեծանում է արժևորվելու մշտական կարիքով։ Ժողովրդական խորիմաստ ասացվածք է․<<Անձին ապտակելն ավելի լավ է, քան նրան անտեսելը>>։ Կարծում եմ, որ չպետք է նման երեխաներին դասարանի կողմից մերժված համարել։ Միշտ էլ հնարավոր է հիմք ընդունել նրա մեկ այլ արժանիք, հմտություն կամ բարոյական նորմ։
Երեխայի հետ մենք շփվում ենք կյանքի ամենակարևոր շրջափուլի՝ մանկության ժամանակահատվածում։ Այդ կարևոր հատվածով են պայմանավորված անձի ձևավորումը, հասուն կյանքում ունեցած բոլոր ձեռքբերումները, ցավոք, նաև անհաջողությունները, որոնք խմորվում, կարծրանում են մեծերի ու փոքրերի բախումներից, սխալ հասկացված լինելուց, անազատությունից, սոցիալական վիճակից, բարդույթներից։ Այսօր՝ 21-րդ դարում մեզ հնարավորություն է տրված ազատ աշխատել, ուսումնասիրել ու ճանաչել երեխային, յուրաքանչյուր օր բացահայտել նրան նորովի, թույլ տալ ինքնադրսևորվել, սովորեցնել մտածել, եզրահանգումներ անել, բանավիճել։ Եվ դեռ որքա՜ն պիտի կրթվենք ինքներս, որպեսզի դպրոցում երեխան վայերի իր մանկության երջանկությունը։ Վերջին աշխատանքային տարիների ընթացքում համոզվել եմ, որ երեխան տիրապետում է կենսական այնպիսի անսահման ներուժի, որպիսին հաճախ չի ունենում հասուն մարդը։ Նշանակում է՝ մենք ոչ թե դպրոցահասակներին նախապատրաստում ենք կյանքին, այլ հենց կյանքն ենք մեր ձեռքերով կառուցում։ Իսկ դա պահանջում է ճիշտ մոտեցում, ճիշտ վերաբերմունք, ասել է, թե՝ ճիշտ մանկավարժության և հոգեբանության տիրապետում և դրսևորում։
Այսօր դպրոցներում զգալի թիվ են կազմում գերակտիվ կամ հիպերակտիվ երեխաները․ երբ արտաքին գործոնը խանգարում է իրագործել նրանց ցանկությունները, դիմադրում են՝ փորձելով ինքնահաստատվել։
Եթե երեխան դիմադրում է դաստիարակության գործընթացին՝ նշանակում է մտածելու, խորհելու առիթ կա, և անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը և մոտեցումը նրա հանդեպ։
Երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։ Իրավիճակն առավել բարդանում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Պարապմունքները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին։
Ըստ մանկական կենտրոններում, մանկապարտեզներում և դպրոցներում կատարված հարցումների և հետազոտությունների` այս երևույթը հանդիպում է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների 4-9%-ի մոտ։ Դա նշանակում է, որ միջին թվաքանակով դասարաններում` 25-27 աշակերտներից առնվազն 2-ը գերակտիվ երեխաներ են։
Հիպերակտիվության ախտանիշը` ուշադրության խանգարմամբ, հենց այնպես չի դրսևորվում։ Դրա սերմերն ի հայտ են գալիս դեռ երեխայի ներարգանդային կյանքից, և, որպես կանոն, դրանց համար հիմք են հանդիսանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները։ Հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև ժառանգական նախապայմաններ։
Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ։ Ոմանք փորձում են պայքարել` օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը։ Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը` ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը։ Այլք, ընդհակառակը, կիրառում են ամենաթողության մեխանիզմը` առանց սահմանափակելու, հնարավորություն են տալիս երեխային անել ամեն ինչ, սպառել էներգիան ամեն կերպ։ Նման երեխաների հետ վարքային մինիմալիզացված ոսկե միջինին հասնելիս ծնողներն իրենք են խճճվում, քանի որ անհնար է հիպերակտիվ երեխայի հետ որոշակիություն գտնել։ Այդ իսկ պատճառով ծնողներն առաջնային պետք է գիտակցեն, որ իրենց փոքրիկը գերակտիվ է ոչ թե` ի հակառակ իրենց, այլ նրա պահվածքը չմտածված է։ Եվ իրենց սպառնալիքները, սաստումները, բղավոցները երեխային կարող են ավելի շատ վնասել, քան օգնել։
Հիպերակտիվ երեխաների հետ շփման մեջ կարևոր դրույթ է խնդրի կամ հարցադրման հստակ արտահայտումը։ Եթե ցանկանում ենք, որպեսզի երեխան կատարի մեր պահանջը, ապա պետք է ձևակերպենք այն հնարավորինս հստակ և հակիրճ` օգտագործելով ամենաշատը տասը բառ։ Խորհուրդ չի տրվում երեխային տալ միանգամից մի քանի հարցադրում կամ հրահանգ. օրինակ` «Գնա դասասենյակ, հավաքիր գրքեդ, հետո մաքրիր գրատախտակը և արի մարզադահլիճ»։ Երեխան դժվար թե կընկալի այդ ամենը միանգամից։ Նրա համար ավելի գերադասելի կլինի ուշադրությունը միանգամից տեղափոխել մեկ այլ գործողության վրա։ Անհրաժեշտ է աստիճանաբար տալ նույն հրահանգները, սպասելով մեկի ավարտին` անցնել մյուսին։ Յուրաքանչյուր գործողության կատարման հիմքում պետք է որոշակի ժամանակ դրված լինի` մաքսիմում 10-15 րոպե։ Ավարտը գերադասելի է ազդարարի զարթուցիչը կամ վայրկենաչափը։ Երեխային ինչ- որ բան արգելելուց առավել գերադասելի է, որպեսզի այն արտահայտվի ոչ թե «չի կարելի» արտահայտությամբ, այլ քննարկելով և բացատրելով։ Յուրաքանչյուր իրավիճակի մասին պետք է հանգիստ զրուցել երեխայի հետ, առանց բարձր տոնայնության։ Պետք է խրախուսել երեխային՝ թեկուզև աննշան հաջողության համար: Իր ներսում կուտակված էներգիան սպառելու համար հարկավոր է գերակտիվ երեխային ընդգրկել շարժուն խաղերի մեջ: Ցանկալի է, որ նա երբեմն լինի թիմի կամ խմբի ավագը:Խաղերը, բացի ֆիզիկական ակտիվությունից, նաև կենտրոնացնում են երեխայի ուշադրությունը: Հատկապես գերակտիվ երեխային նման զբաղմունքը թույլ է տալիս լիցքաթափվել ավելորդ մկանային ու նյարդային ակտիվությունը, ու նա գոնե միառժամանակ հանգիստ կարող է նստել դասին ու կենտրոնանալ առաջադրանքի կատարման վրա:
Իմ աշխատանքային պրակտիկայում ունեցել եմ գերակտիվ շատ աշակերտներ, բայց փորձեմ հակիրճ ներկայացնել նրանցից մեկի՝ Արմենի, հետ տարվող աշխատանքները։
Արմենի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։ Ունենալով բարձր մտավոր զարգացածություն՝ նա վատ է սովորում, իսկ դասերը նրան ձանձրալի են թվում։ Իր իմպուլսիվության պատճառով Արմենը շատ հաճախ բազմաթիվ միջադեպերի մասնակից է լինում, վարվում է առանց մտածելու, ինչը բազմաթիվ փոխհարաբերությունների փլուզման առիթ է հանդիսանում թե՛ ուսուցիչների, թե՛ հասակակիցների հետ։
Մի օր, երբ նյարդերս տեղի տվեցին, ու դիտողությունս կոպիտ ստացվեց, նա նույն բառով պատասխանեց ինձ ։ Ես ձևացրի, թե չեմ լսել, բայց <<դաս>> առա հենց իրենից։ Որոշեցի այլ մոտեցում, այլ մեթոդ որոնել ․․․ Սկսեցի համատեղ աշխատել ծնողի հետ։
<<Ո՞վ է գերակտիվ երեխան։ Արդյո՞ք անդաստիարակության դրսևորում է նրա վարքը>>։ Ժամանակ էր պետք, որպեսզի պարզեի, թե որոնք են Արմենի գերակտիվության պատճառները՝ տան միջավա՞յրը, ծնողների փոխհարաբերություննե՞րը, ժառանգականությո՞ւնը, վատ ընկերնե՞րը, նյարդային համակարգի խանգարումնե՞րը․․․Փնտրեցի այս հարցերի պատասխանները, չգիտեմ՝ գտա՞, թե՞ ոչ, սակայն կտրուկ փոխեցի իմ դիրքորոշումը։
Միայն առանձին զրույցների ժամանակ Արմենի մայրիկին հրավիրեցի համատեղ պլանավորելու երեխայի կանոնակարգը և միջոցներ ձեռնարկելու նրա գրգռվածությունը, ծուլությունը, ի վերջո՝ հիվանդագին <<թափթփված>> վարքը կանխելու համար։ Մշակվեցին չափելի գործողությունների նածագծեր։
Մի քանի անգամ, երբ առիթ է եղել խոսելու Գյումրիի մասին, Արմենն ակամա լրջացել է, և արցունքի <<հեղեղ>> է թափվել նրա աչքերից։ Հանգստանալուց հետո փորձել եմ պարզել պատճառը, և պատասխանը եղել է ավելի քան հուզիչ․ <<Ես չէի ուզում, որ վաճառեինք մեր Գյումրիի տունն ու գայինք ապրելու էս Երևանում․․․>>։ Պարզ է, երեխան, գուցե ոչ գիտակցված, բայց կարոտ է զգում ծննդավայրի հանդեպ և լալիս է բարձրաձայն, հեկեկալով։ Նման դեպքերում <<մի՛ լացիր>> -ը չի օգնի։ Ես նրան առաջարկեցի մի սկավառակ, ուր զետեղված են Գյումրիի մասին երգեր։ Ես այդ պահին հասկացա, որ պետք է քայլ անել դեպի առաջ․․․Մենք երկար զրուցեցինք Գյումրիի մասին։ Վստահորեն կարող եմ ասել, որ այժմ և՛ ես, և՛ երեխաները սովորում ենք ապրել ու աշխատել նրա հետ, նրա անսովոր վարքագիծն ընդունելի դարձնել մեզ համար, հաշտվել նրա փոքրիկ <<արտոնությունների>> հետ։
Դժվար է, երբ մյուս երեխաները զգում են գերակտիվ երեխայի հանդեպ այլ, մի փոքր <<փափուկ>> մոտեցում ուսուցչի կողմից։ Երբեմն նվազեցվում են ընդհանուր կարգապահական պահանջները՝ այս երեխաների մոտ հաջողության պատրանք ձևավորելու համար։ Մի գեղեցիկ տառ, մի ճիշտ նախադասություն գրելու համար շոյում եմ նրան։ Կարծում եմ, իհարկե, որ պատիժ էլ է պետք, սակայն հարկավոր է այն կիրառել այնքան զգուշորեն, որպեսզի ինչպես վերը նշվեց, ավելի պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի։ Կարծում եմ, սխալ է սկզբում երես տալ նրան, հետո որևէ անհաջողության դեպքում կտրուկ անցնել կոշտ դիրքորոշման։
Իր ներսում կուտակված էներգիան սպառելու համար հաճախ եմ Արմենին ընդգրկում շարժուն խաղերի մեջ։ Երբեմն հենց նա է լինում թիմի կամ խմբի ավագը։
Պարզվում է, զգայական դաշտի վրա ազդելով, ցանկալի արդյունք ենք ունենում երեխայի վարքագծի մեջ, ինչն էլ նպաստում է նրա ուշադրության կենտրոնացվածությանը և խթանում ուսումնական գործունեությանը:
Դպրոցներում քիչ չեն նաև ներամփոփ երեխաները։
Ներամփոփ- ինքն իր մեջ ամփոփված, ինքնամփոփ, ներանձնացած:
Հոգեբանները գտնում են, որ երեխայի ներամփոփ լինելու հիմնական պատճառներից է սխալ դաստիարակությունը, որը երեխայի մոտ ձևավորում է նևրոտիկ ռեակցիա: Երեխան կամ դաստիարակվում է շատ սուղ, հստակ կանոններ թելադրող միջավայրում ( այնպիսի կանոններ, որոնք միայն խելամիտ են տվյալ ծնողի համար, ով մեծացնում է այդ փոքրիկին և, իհարկե, ստեղծում է բավականաչափ հարմարավետություն՝ երեխային դնելով այդ կանոնների վանդակի մեջ), կամ ունի մոր հետ հուզական կապի ոչ բավականաչափ բավարարում:
Մեկ ուրիշ ձևը սխալ դաստիարակության՝ գերխնամակալությունն է: Երեխային թույլ չեն տալիս ցուցաբերել նախաձեռնություն, ինքնուրույնություն, վճռականություն: Նման երեխաները դառնում են պասիվ, ներամփոփ:
Շատ տարածված է հակասող դաստիարակությունը. մի տատիկն ասում է մի բան, մյուսը՝ մեկ ուրիշ, ծնողները, իրենց հերթին, այլ պահանջներ են ներկայացնում երեխաներին:
Ցավալի է, բայց կան ընտանիքներ, որտեղ երեխաներին բավականաչափ չեն սիրում, դա հաճախ ցույց են տալիս, և նա այդ դաժան իրականությանը տարբեր ձևերով է արձագանքում՝ դառնում է ինքնամփոփ, ընկնում է երազանքների և անուրջների աշխարհը, փորձում է իր վրա ուշադրություն գրավել և այլն:
Կարծում եմ, որ հարկավոր է ամրագրել այն հիմնախնդիրները, որոնք ունեն ընդհանրական բնույթ և ենթադրում են լրացուցիչ ուսումնասիրություններ: Կարելի է մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպել ծնողական թեմատիկ գիտաժողովներ, սեմինարներ և կլոր սեղաններ՝ դաստիարակության առկա խնդիրների շուրջ: Քննարկման առարկա կարող են լինել հետևյալ թեմաները՝<<Ընտանիքի անդամների փոխհարաբերությունների ներգործությունը երեխայի դաստիարակության վրա>>, <<Գերխնամակալության ազդեցությունը երեխայի դաստիարակության գործում>>, <<Վեց տարեկանը դպրոցում>> և այլն:
Կարևոր է, որ ծնողները գիտակցեն՝ իրենցով է պայմանավորված թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան՝ կլինի երջանիկ, վստահ իր ուժերին, թե՝ անվստահ, ներամփոփ, ցածր ինքնագնահատականով, որը չգիտի՝ ինչպես իրեն դրսևորել շրջապատում:
Իմ աշխատանքային պրակտիկայում ունեցել եմ մի հետաքրքիր դեպք։ Աշակերտներիցս մեկը՝ Աննան, ով հիմա սովորում է 7-րդ դասարանում, ներամփոփ երեխա էր։ Նա ոչ միայն չէր մասնակցում դասերին, այլև ընդհանրապես ոչ մեկի հետ չէր շփվում։ Նրա շփումը սահմանափակ էր նաև ցանկացած այլ միջավայրում։ Նրա հետ տարվում էին բազմաթիվ և բազմանույթ աշխատանքներ։ Ուսումնական ոչ մի մեթոդ, հոգեբանական, դաստիարակչական ոչ մի մոտեցում նրան չէր ստիպում շփման մեջ մտնել այլ անձանց հետ։ Ծնողների հավաստմամբ՝ նա տանը լիարժեք պատրաստվում էր դասին, սակայն դասարանում չէր ցանկանում, գուցե ամաչում էր պատասխանել։ Աննայի <<չխոսելը>> անհանգստացնում էր նաև դպրոցի փոխտնօրենին։ Եվ մի անգամ դասալսման նպատակով փոխտնօրենը մտավ դասարան և հարցրեց․<<Աննան սովորե՞լ է դասը>>։ Ես պատասխանեցի․<<Այո՛,և նա այժմ կկարդա մեզ համար>>։ Այդ պահին տեղի ունեցավ զարմանալի և երջանիկ իրադարձություն․Աննան , ինչպես մյուս աշակերտները, սկսեց կարդալ դասը։ Դա հրաշքի էր նման․ նա լսեց ինձ և կարծես չցանկացավ վատ դրության մեջ դնել փոխտնօրենի առջև։ Այնուհետև Աննան սկսեց <<բացվել>> դասարանի առաջ, և նրա խոսքը զարգանում էր այնպես, ինչպես մյուս երեխաներինը։
Մեկ այլ աշակերտ՝ Հայկը, ով հիմա սովորում է երրորդ դասարանում, հաճախելով դպրոց և հայտնվելով նոր ու անծանոթ միջավայրում՝ սկսեց տագնապայնություն ցուցաբերել։ Մայրը ստիպված էր ամբողջ դասաժամն անցկացնել նրա հետ, հակառակ դեպքում Հայկը սկսում էր լաց լինել, իրեն ագրեսիվ դրսևորել։ Համագործակցելով մայրիկի հետ՝ սկսեցինք յուրահատուկ մոտեցում ցուցաբերել Հայկին՝ պահպանելով համբերատարության և ըմբռնողականության բոլոր նրբությունները։ Պարզելով, որ նա տիրապետում է երաժշտական գործիքներից դհոլի, կազմակերպեցի միջոցառում, որում գլխավոր դերը բաժին ընկավ վերջինիս։ Որպեսզի Հայկն իրեն ավելի վստահ զգա, հրավիրեցինք նաև եղբորը, ով նույնպես տիրապետում է երաժշտական գործիքի։ Միջոցառումն անցավ հիանալի։ Ընկերները ողջունեցին Հայկին, իսկ ես հայտնեցի շնորհակալությունս։ Ժամանակի ընթացքում նա յուրովի ուսումնասիրեց մյուս աշակերտներին և կամաց-կամաց դասընթացին լիարժեք մասնակցլու պահանջ զգաց։ Մայրիկի ներկայությունը հետզհետե նրա համար դադարեց լինել առաջնային խնդիր։
Այսպիսով, ուսումնական գործունեության ընթացքում ուսուցիչը հանդիպում է այն փաստին, որ յուրաքանչյուր աշակերտ ունի իր ուրույն բնավորությունն ու խառնվածքը, աշխատանքի տեմպը և այլն։ Այդպիսի անհատական առանձնահատկություններն ընդունելն ու հաշվի առները նպաստում է ուսումնական դժվարությունների հաղթահարմանը։
Դաստիարակող ուսուցման սկզբունքին հավատարիմ դասվարը դպրոցում դառնում է այն նախանձախնդիր մշակը, որն առավելապես գնահատում է սովորողի ուսումնական աշխատանքը և խրախուսում նրա անգամ փոքրիկ ձեռքբերումը։ Նա իր վարքագծով օրինակ է ծառայում և դաստիարակում իր սանին՝ նույնիսկ առանց այդ ուղղությամբ հատուկ միջոցներ ձեռնարկելու և նպատակադրման։ Այլ կերպ՝ խոսքը, շարժուձևը, նույնիսկ դիմախաղը կրտսեր դպրոցականի համար իրական մարդկային իդիալի են վերածվում։ Ուստի հենց այս տարիքում է, որ երեխայի զգայական լարն ուսուցչի ձեռքում է, և վերջինս էլ համաձայն իր հմտության, հանգիստ կարող է իր <<երաժշտության սիմֆոնյան>> ստեղծել այդ լարերի վրա։ Դասվարը կարող է վեր հանել, բացահայտել երեխաների թաքնված հույզերն ու զգայական ներաշխարհի փոքրիկ գաղտնիքները։ Նա ի զորու է դաստիարակչական նոր հնարներով և ժամանակակից մոտեցումներով ձևավորել 21-րդ դարում ապրող երեխայի արժեհամակարգը, որն, ի դեպ, ունի վառ դրսևորումներով արտահայտված առանձնահատկություններ։
Եվ հիշենք, երեխան լինի հանգիստ, ներամփոփ, թե գերակտիվ, նա երեխա է, և պետք չէ նրան ընկալել որպես միտումնավոր վատ արարքներ կատարող փոքրիկ հրեշիկի։ Իրականում նրանք այն մաքուր բյուրեղն են, որը մեզ է փոխանցում մարդկային ամենանուրբ արժեքները։
Օգտագործված գրականություն
1․ Կ․ Թորոսյան, Կ․ Չիբուխչյան, Հ․ Խաչատրյան, 50 հարց ու պատասխան դասվարին, Տարրական դասարանների ուսուցիչների համար, Ձեռնարկ, II մաս։
2․ <<Նախաշավիղ>> գիտամեթոդական հանդես։
3․ Նյութեր՝ համացանցից։
4․Маленкова Л.И. Теория и методика воспитания: Учеб. Пособие. М., 2001.
5. Мудрик А. В. Общение в процессе воспитания: М., 2001.
6. Ю. В. Василькова, Социальная педагогика, 2008.
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.