2017-2018 ուսատրում դասվարի կատարած աշխատանքի հաշվետվություն
Հասմիկ Օհանյան
Դպրոցին և հատկապես ուսուցչին է լիազորված ապագայի կերտումը։ Հենց նրանց պարտականությունն է ՝ այսօրվա երեխային կրթել ժամանակի պահանջներին համապատասպան, դաստիարակել բազմակողմանիորեն՝ պատրաստելով նրան որպես վաղվա կայացած քաղաքացի և հասարակությանը պիտանի մարդ։
Այո՛, ներկա ժամանակում աշխարհը փոխվում է գլխապտույտ արագությամբ։ Փոփոխությունների են ենթարկվում ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ տնտեսական արժեքները։Սակայն այդ ամենին հավասար և հասարակական բոլոր կառույցներին զուգահեռ սասանվում են նաև դպրոցն ու կրթական համակարգը, քանզի հենց այս կառույցներն են կրում հասարակության բոլոր ելևէջների կնիքը։Ձևավորվում են տարամակարդակ ընտանիքներ։ Երեխաները տարբեր ընտանիքներում տարբեր ձևերով ու մեթոդներով են դաստիարակվում, քանի որ սոցիալական պայմանների արդի բևեռացումն անպայման առաջացնում է վարքագծային և հոգեբանական խիստ տարբեր մոտեցումներ։ Արդյունքում ստացվում է մի բազմաշերտ մշակույթ, որն իր խարիսխը գտնում է դպրոցում՝ դաստիարակության նորագույն նախագծերի և մեթոդների ստեղծման անհրաժեշտություն թելադրելով այսօրվա ուսուցչին։
<<Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ։ Մարդուն դտեղծում է դաստիարակությունը>>,- ասել է Էքզյուպերին։
Հավանություն տալով մեծ մտածողի մտքին և կիսելով նրա կարծիքը՝ ուզում եմ նշել, որ բոլորիս խնդիրն է՝ նախ դաստիարակել, ապա կրթել երեխային։ Իսկ երեխայի դաստիարակությունը երբեք դյուրին գործ չէ։ Այսօր այն առավել դժվար է։ Դաստիարակությունը համբերության անհրաժեշտություն է, հավատի պարտադրանք, զոհողության և սիրո ցույց։ Անձնային լավ որակներ կարող են բոլորն ունենալ՝ անկախ ուսման առաջադիմությունից և գիտելիքների կարողությունների և հմտությունների ձեռքբերման աստիճանից։ Անգամ թույլ կարողություններով օժտված երեխան պետք է զգա, որ ինքը կարևոր դեր ունի դասարանում։Անտեսված, չկարևորված աշակերտը մեծանում է արժևորվելու մշտական կարիքով։ Ժողովրդական խորիմաստ ասացվածք է․<<Անձին ապտակելն ավելի լավ է, քան նրան անտեսելը>>։ Չի կարելի նման երեխաներին դասարանի կողմից մերժված համարել։ Միշտ էլ հնարավոր է հիմք ընդունել նրա մեկ այլ արժանիք, հմտություն կամ բարոյական նորմ։
Իմ աշխատանքային պրակտիկայում ունեցել եմ մի հետաքրքիր դեպք։ Աշակերտներիցս մեկը ՝Աննան, ով հիմա սովորում է 7-րդ դասարանում, ներամփոփ երեխա էր։Նա ոչ միայն չէր մասնակցում դասերին, այլև ընդհանրապես ոչ մեկի հետ չէր շփվում։Նրա շփումը սահմանափակ էր նաև ցանկացած այլ միջավայրում։Նրա հետ տարվում էին բազմաթիվ և բազմանույթ աշխատանքներ։ Ուսումնական ոչ մի մեթոդ , հոգեբանական, դաստիարակչական ոչ մի մոտեցում նրան չէր ստիպում շփման մեջ մտնել այլ անձանց հետ։Ծնողների հավաստմամբ՝ նա տանը լիարժեք պատրաստվում էր դասին, սակայն դասարանում չէր ցանկանում, գուցե ամաչում էր պատասխանել։Աննայի <<չխոսելը>> անհանգստացնում էր նաև դպրոցի փոխտնօրենին։Եվ մի անգամ դասալսման նպատակով փոխտնօրենը մտավ դասարան և հարցրեց․<<Աննան սովորել է դասը>>։Ես պատասխանեցի․<<Այո,և նա այժմ կկարդա մեզ համար>>։Այդ պահին տեղի ունեցավ զարմանալի և երջանիկ իրադարձություն․Աննան ,ինչպես մյուս աշակերտները, սկսեց կարդալ դասը։Դա հրաշքի էր նման․ նա լսեց ինձ և կարծես չցանկացավ վատ դրության մեջ դնել փոխտնօրենի առջև։Այնուհետև Աննան սկսեց <<բացվել>> դասարանի առաջ, և նրա խոսքը զարգանում էր այնպես, ինչպես մյուս երեխաներինը։
Մեկ այլ աշակերտ՝ Հայկը, ով հիմա սովորում է երրորդ դասարանում, հաճախելով դպրոց և հայտնվելով նոր ու անծանոթ միջավայրում՝ սկսեց տագնապայնություն ցուցաբերել։ Մայրը ստիպված էր ամբողջ դասաժամն անցկացնել նրա հետ, հակառակ դեպքում Հայկը սկսում էր լաց լինել, իրեն ագրեսիվ դրսևորել։Համագործակցելով մայրիկի հետ՝ սկսեցինք յուրահատուկ մոտեցում ցուցաբերել Հայկին՝ պահպանելով համբերատարության և ըմբռնողականության բոլոր նրբությունները։Պարզելով որ նա տիրապետում է երաժշտական գործիքներից դհոլի, կազմակերպեցի միջոցառում, որում գլխավոր դերը բաժին ընկավ վերջինիս ։Որպեսզի Հայկը իրեն ավելի վստահ զգա, հրավիրեցինք նաև եղբորը, ով նույնպես տիրապետում է երաժշտական գործիքի։ Միջոցառումն անցավ հիանալի։Ընկերները ողջունեցին Հայկին, իսկ ես հայտնեցի շնորհակալությունս։ Ժամանակի ընթացքում նա յուրովի ուսումնասիրեց մյուս աշակերտներին և կամաց-կամաց դասընթացին լիարժեք մասնակցլու պահանջ զգաց։Մայրիկի ներկայությունը հետզհետե նրա համար դադարեց լինել առաջնային խնդիր։
Այսպիսով, ուսումնական գործունեության ընթացքում ուսուցիչը հանդիպում է այն փաստին, որ յուրաքանչյուր աշակերտ ունի իր ուրույն բնավորությունն ու խառնվածքը, աշխատանքի տեմպը և այլն։Այդպիսի անհատական առանձնահատկություններն ընդունելն ու հաշվի առները նպաստում է ուսումնական դժվարությունների հաղթահարմանը։
Դաստիարակող ուսուցման սկզբունքին հավատարիմ դասվարը դպրոցում դառնում է այն նախանձախնդիր մշակը, որն առավելապես գնահատում է սովորողի ուսումնական աշխատանքը և խրախուսում նրա անգամ փոքրիկ ձեռքբերումը։Նա իր վարքագծով օրինակ է ծառայում և դաստիարակում իր սանին՝ նույնիսկ առանց այդ ուղղությամբ հատուկ միջոցներ ձեռնարկելու և նպատակադրման։Այլ կերպ՝ խոսքը, շարժուձևը,նույնիսկ դիմախաղը կրտսեր դպրոցականի համար իրական մարդկային իդիալի են վերածվում։Ուստի հենց այս տարիքում է,որ երեխայի զգայական լարն ուսուցչի ձեռքում է, և վերջինս էլ համաձայն իր հմտության, հանգիստ կարող է իր <<երաժշտության սիմֆոնյան>> ստեղծել այդ լարերի վրա։Դասվարը կարող է վեր հանել, բացահայտել երեխաների թաքնված հույզերն ու զգայական ներաշխարհի փոքրիկ գաղտնիքները։Նա ի զորու է դաստիարակչական նոր հնարներով և ժամանակակից մոտեցումներով ձևավորել 21-րդ դարում ապրող երեխայի արժեհամակարգը,որն,ի դեպ, ունի վառ դրսևորումներով արտահայտված առանձնահատկություններ։Կատարելով դիտարկումներ՝ առանձնացրել եմ դրանցից մի քանիսը․
Առաջին․ շատ երեխաներ այսօր ներամփոփ են։ Նրանք ստեղծում են իրենց միկրոաշխարհը, քանի որ ծնողների զբաղվածության պատճառով ընտանիքներում բավարար ուշադրության չեն արժանանում։Այլ կերպ՝ ընտանիքները նրանց համար վերածվում են հուզական սառնարանների։
Այդ պայմաններում երեխաներին ջերմությամբ պարուրելու բացը լրացնելու պարտականությունը ստանձնում է դասվարը։
Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօրվա երեխաները սիրում են արագ զարգացող և փոփոխվող իրադարձությունները։ Արագ փոփոխվող աշխարհը և տեղեկատվության շեշտակի աճը հանգեցնում է այն իրավիճակին, որ դասագրքերը և առհասարակ գրքերը երեխաների համար դառնում են ձանձրալի։ Այստեղ ևս կարևորվում է դասվարի դերը,քանի որ հենց նա է դասագիրք-աշակերտ հարաբերության միջնորդը։
Դասագրքի յուրաքանչյուր նյութի դաստիարակչական կողմի ապահովումը պետք է իրականացվի նոր և ուշագրավ մեթոդներով ու հնարներով, որպեսզի նվազի արտաքին միջավայրի վատ ազդակների ներգործության ուժը։ Դասապրոցեսում երեխան պետք է դաստիարակվի անընդհատ։ Ասվածը հիմնավորեմ՝ օրինակ բերելով դասավանդման իմ փորձից։
Գաղտնիք չէ, որ դասագրքերում երբեմն հանդիպում ենք այնպիսի նյութերի, որոնց դաստիարակչական ներուժը գրեթե բացակայում է։ Այստեղ դասվարը պետք է կիրառի իր մանկավարժական վարպետությունը և պատասխանատվություն կրի այդ բացը լրացնելու առումով։ Նման դեպքերում դասանյութի վերլուծությունից հետո հետագա քերականական աշխատանքը կառուցում ենք հենց այդ հիմքով։Օրինակ՝ երեխաները գրատախնակին գրում են բնագրից ընտրված ուղղագրական արժեք ներկայացնող բառեր,դ րանցով կազմում նախադասություններ և գրում բառատետրերում։Այդ աշխատանքի համար առաջադրում ենք դաստիարակչական պահանջներ։ Աշակերտների կազմած նախադասությունների բովանդակության մեջ պետք է արտացոլվեն նրանց մարդասիրությունը, կամեցողությունը,բարությունը և այլն։Նմանատիպ քերականական աշխատանքները երեխային դրդում են հանդես գալ որպես դրական հերոս։ Երբեմն էլ T-աձև աղյուսակի միջոցով աշակերտները համեմատության մեջ են մտնում հերոսի հետ։
Կարծում եմ ժամանակակից երեխայի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ արտաքին աշխարհը շատ արագ է բացվում նրա առջև։ Եթե նախկինում երեխաները դանդաղ ու աստիճանաբար էին ճանաչում աշխարհը, ապա այսօր ՏՀՏ-ների զարգացման արդյունքում նրանց զգայական աշխարհը և տեղեկատվական գիտելիքները չեն համապատասխանում իրենց տարիքին։ Այստեղ էլ բախվում ենք երեխաների վաղ զարգացման իրողությանը։
Մատաղ սերնդին ըստ արժանվույն դաստիարակելու գործում անչափ կարևորում եմ արտադասարանական միջոցառումները, որոնց կազմակերպման դրդապատճառները ևս պայմանավորված են ուսումնական նպատակներով։ Յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս նախ նախագծում եմ վերջնարդյունքը, ինչ ասելիք ունի այն և ինչ կտա աշակերտին։ Իսկ միջոցառումից հետո բացաահայտվում է մի շատ կարևոր հանգամանք․ինչ սովորեցրեց և ինչ որակներ դաստիարակեց տվյալ միջոցառումը։Նույն հարթակի վրա են բոլոր բաղադրիչները՝ թե գիտելիքները,կարողություններն ու հմտությունները,թե արժեքային համակարգը։Երեխան ձեռք է բերում թեմայի բովանդակությանը վերաբերող գիտելիքներ,հաղորդակցվում,համագործակցում է ընկերների հետ,հարստացնում է աշխարհաճանաչողական գիտելիքները,մտածում,խոսում է գրագետ և այլն։Նման աշխատանքները թև ու թռիչք են տալիս նրանց երևակայությանը հատկապես այն ժամանակ,երբ ուսուցիչն ընդունում է նաև իրենց առաջարկությունները Իսկ աշակերտները երբեմն առաջարկում են այնպիսի լուծումներ,որոնք խոսում են ժամանակակից երեխայի վառ անհատականության, անմիջականության, համարձակության մասին։
Դրական և արդյունավետ դպրոցական միջավայր ստեղծելու գործում աջակցության մեկ այլ աղբյուր է դպրոցական կյանքում ծնողների ներգրավումը։ Չէ որ ծնողներն ու ընտանիքի անդամներն երեխաների առաջին ուսուցիչներն են։ Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, եթե ծնողներն ու դպրոցը հաջողությամբ համագործակցում են, ինչը աշակերտների կրթության վճռորոշ տարր է։
Կրթության հարցում ծնողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար կարելի է թույլ տալ, որ ծնողները դասավանդեն՝ օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները։ Օրինակ՝ <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի <<Իմ առողջությունը>> թեման ամփոփելիս դասարան էի հրավիրել ծնողներիցս մեկին,ով մասնագիտությամբ ատամնաբույժ է։Նա երեխաներին ծանոթացրեց հիգիենայի բոլոր կանոններին,և ատամների խնամքի կարևորությունը ընդգծելով, մեծացրեց նրանց պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ։ Բնականաբար,աշակերտներն իրենց ծնողներին տեսնելով դպրոցի կյանքում ներգրավված և համագործակցելիս, իրենց ավելի կարևոր մարդ են զգում։
Ընտանիք-դպրոց կապն ամրապնդելու նպատակով հաճախ եմ անցկացնում ժողովներ, որոնց նպատակն է՝ծնողներին զինել մանկավարժական կոնկրետ գիտելիքներով։Մեր հանդիպումները դառնում են կարծիքների քննարկման և գործնական առաջարկությունների ներկայացման միջոցներ։Խուսափում եմ կտրուկ բողոքներից և բացասական որակումներից։Անհերքելի է,որ հատկապես տարրական դասարաններում երեխայի ուսումնառության գործում ծնողների ներգրավվումը խիստ էական նշանակություն ունի։
Ինչևէ, որքան էլ դժգոհենք մեր աշակերտների վարքային դրսևորումներից, որքան էլ մտահոգվենք, որ ուսուցիչն այսօր նույն ազդեցությունը չունին, միևնույն է, չենք կարող նաև ժխտել, որ մեր երկրի ապագա քաղաքացիների անձնային որոշ որակներ ձևավորվում են հենց դպրոցում։ Այստեղ են կերտվում նրանց մատաղ հոգիները։Ուսուցիչն էլ այս պարագայում դառնում է հոգիները կերտող ճարտարապետը։Ուստի բազմաթիվ առիթներով՝նրա վարպետության մակարդակով, մանկավարժական հմտությամբ, տակտով և մարդասիրությամբ է պայմանավորվում 21-րդ դարում ապրող երեխայի ապագան։Դրա համար էլ կոչ եմ անում բոլոր մեր գործընկերներին լինել առավել համբերատար, հանդուրժող, լավատես և հանդես չգալ միայն ժամանակակից երեխայի առանձնահատկությունները քննադատողի դերում։Գուցե մեր անսահման սիրով ու նվիրումով, հոգու ջերմությամբ, պատասխանատվության գիտակցումով, մարդասիրությամբ, հոգատարությամբ, կենսուրախությամբ և էթիկայով փորձենք գտնել երեխայի հոգու գաղտնարանները տանող բանալին։
Եկեք բարձր պահենք մեր մասնագիտության առաքելությունը։ Եթե ծովում ենք ու չենք կարող փոխել քամու ուղղությունը, ուրեմն պետք է մտածել ելքի մասին․օրինակ՝ պատրաստել առագաստ և ապացուցել,որ ամեն ինչ կորած չէ։Եկեք մեր ստեղծած առագաստով պաշտպանենք մեր երեխաներին բոլոր տեսակի քամիներից։
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.