Առակների դաստիարակչական նշանակությունը տարրական դպրոցում
Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդն ստեղծել է գեղարվեստական խոսքի կատարյալ նմուշներ՝ հեքիաթներ, առասպելներ, հանելուկներ, շուտասելուկներ, առածներ, ասացվածքներ, որոնք էական նշանակություն են ունեցել երեխաների բարոյական դաստիարակության ասպարեզում։ Պատահական չէ, որ դրանք արժանացել են Խ․ Աբովյանի, Ղ․ Ալիշանի, Հ․ Թումանյանի, Ղ․ Աղայանի և այլ նշանավոր մտավորականների բարձր գնահատականին։ Այսպես, Ղ․ Աղայանը դրանք համարել է ոչ միայն հայեցի դաստիարակության, այլև երեխայի լեզվի մարզման և ազգային մտածողության կերտման միջոց։
Հանրահայտ է, որ կրթությունն անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքների պահպանմանն ու նոր սերունդներին փոխանցմանը։ Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժի սաղմերն այսօրվա երեխաներն են՝ վաղվա պետության կերտողները։ Այս տեսանկյունից հայ ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրերը, որոնք հարազատ են հայ ազգային հոգեբանությանը, առավել արդյունավետ կերպով կարող են ներգործել կրտսեր դպրոցականների հուզաշխարհի վրա։ Այս առումով հայ մանկական գրականության մեջ առանձնահատուկ դեր ունեն հեքիաթները, ինչպես նաև առակները, որոնց միջոցով երեխաների մեջ դաստիարակվել են հայրենասիրություն, ազնվություն, աշխատասիրություն, ինչպես նաև ծուլությունը, չարությունը, շահամոլությունը և վախկոտությունը խարազանելու պատրաստակամություն։ Ուսուցողական և դաստիարակչական տեսակետից առակների կրթական արժեքն այսօր էլ բարձր է գնահատվում։ Հենց դա է պատճառը, որ տարրական դպրոցում մեծ տեղ է հատկացվում առակներին։ Անընդհատ մշակվել և մշակվում են առակները երեխաներին մատուցելու նոր մեթոդներ ու մեթոդական հնարներ, որոնց հիմնական խնդիրը առակի հումորն ու այլաբանական միտքը երեխաների գիտակցությանը հասցնելն է։
<<Կռիլովի առակները ոչ թե սովորական այլաբանություններ են, այլ բանաստեղծական պատկերներ, փոքրիկ պատմվածքներ, դրամաներ՝ բանաստեղծական ընդգծված կերպարներով >>, - գրել է Բելինսկին։ Առակների այս բնորոշումից պարզ երևում է, թե որը կարող է լինել դասավանդման ճիշտ ուղին , որպեսզի չխամրի դրանց գեղարվեստական արժեքը, չխաթարվի գեղագիտական ու դաստիարակչական ազդեցությունը։
Տարրական դպրոցում, սկսած առաջին դասարանից, ուսուցանվում են ժողովրդական բանահյուսության նմուշներ՝ առած-ասացվածքներ, հեքիաթներ, շուտասելուկներ, սուտասելուկներ և այլն։ Առակի ուսուցումն առանձնահատուկ տեղ ու դեր ունի մայրենիի դասընթացում, քանզի անգնահատելի է առակի թե՛ ուսուցողական և թե՛ դաստիարակչական նշանակությունը։ Առակներն այլաբանորեն , ոչ ուղղակի կերպով աշակերտ ընթերցողներին բարոյական խրատ են ուղղում՝ դաստիարակելով խոհեմություն, ազնվություն և արդարություն, աշխատասիրություն, համեստություն, սակավապետություն։ Առակների միջոցով է, որ կրտսեր դպրոցականը ընկալում է մայրենի լեզվի բարձրարժեքությունը (<<Ճայը և սագը>> Մխիթար Գոշ), Աստծո ամենազորությունը (<<Մարդը, ընկույզը և ձմերուկը>> Վարդան Այգեկցի), միասնականության ուժը (<<Անտառն ու քամին>> Հրաչիկ Սևոյան) և այլն։ Առակների ուսուցողական արժեքն անվիճելի է, քանզի այն , ինչ ուզում ենք հասկանալի ու իրագործելի դարձնել երեխայի համար, կարող ենք իրականացնել հենց առակում առկա բարոյախոսության միջոցով։ Երեխան հասկանում է, որ առակի հերոս կենդանիները, բնության երևույթները կերպարանափոխված մարդիկ են։ Շատ ավելի դյուրըմբռնելի ու պարզ է դառնում առակի հիմնական մտքի վերհանումը աշակերտների կողմից, եթե աշխատանքը զուգորդվում է առակի թեմային վերաբերող առածների, ասացվածքների կիրառմամբ։
Այսպիսով, առակների դասավանդումը տարրական դասարաններում երբեք չի կորցնում իր բուն նպատակը՝ դաստիարակել բարոյական բարձր արժեքային համակարգ ունեցող սերունդ, երեխայի մոտ վերացնել բնավորության վատ գծերն ու թերությունները, ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները։ Առակների միջոցով զարգանում է նաև աշակերտների ընթերցասիրությունը, կարդալու որակական հատկանիշները։ Դասագրքերում ընդգրկված հայ և այլազգի առակագիրների ստեղծագործություններն իրենց պարզ ու մատչելի գրելաոճով միշտ էլ սիրելի ու հետաքրքիր են հայ փոքրիկ ընթերցողների համար։ Ուստի, տեղին է նշել, որ ավելի լավ կլիներ մայրենիի ընթերցարաններում ընդգրկել շատ ավելի լայն և ընդգրկուն թեմատիկ շարք՝ դասական գրականության, ինչպես նաև նոր ժամանակների առակների նմուշների ներառմամբ։
Միանգամայն ընդունելի է այն կարծիքը, որ Աստվածաշնչյան առակների դաստիարակող էությունը, դերն ու նշանակությունը եղել և մնում է ողջ քրիստոնյաների հավատքի հիմքը, ինչպես Հիսուսն էր անուղղակիորեն խրատում իրեն լսող ու հետևող ժողովրդին՝ մեջբերելով առակներ։ Ահա, թե ինչու նոր սերնդին ևս պետք է առաջնորդել, ուղղորդել և բարոյապես դաստիարակել առակի բարձրարժեք և խորիմաստ նմուշներով, որոնք դեռ դարեր կպահպանեն իրենց ժամանակի թարմությունն ու դիպուկությունը, մտքի խորությունն ու լեզվի ճկունությունը։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.