Իզուր սպասեցինք Անդրանիկին: Նա չկար և չպիտի հայտնվեր: Նրա ունեցած մի քանի հազար զինվորների մեկ յոթերորդն անգամ բավական պիտի լիներ կտրելով երկաթուղու գիծը՝ գալու և տիրելու Ղարաքիլիսան եզերող արևելյան բարձունքներին: Այդ անելով նա ոչ թե միայն ձախողանքի մատնած կլիներ մեր զորքերին Ղարաքիլիսայի մեջ շրջապատելու թշնամու փորձը, այլև մեզ հնարավորություն կընձեռեր ռազմագիտական աքցանի մեջ առնելով թշնամուն դեպի Ալեքսանդրապոլ շպրտել նրան:
<<Հինգ օր վերջ ,- ասում է Անդրանիկը ( <<Զոր, Անդրանիկը կխոսի>> , էջ 22) ,- Ղարաքիլիսէէն հեռաձայնով իմացա Մանասյանէն , թե վերադարձել են Ղարաքիլիսա և ոչ մեկ թուրք չէ մտել քաղաքը: Երեք ժամ վերջն ալ հրաման ստացա Նազարբեգյանէ պահել երկաթուղիին գիծը: Հետո հեռաձայնով կիմացնէ ինձ Գոմիսեր Մանասյանը , թե հայ զինվորները ոգևորված կհալածեն թշնամին Ղարաքլիսէի երկաթուղիի ուղղությամբ: Անմիջապես կիմացնեմ , որ թշնամիի նահանջը կեղծիք է , խուրհուրդ կուտամ չառաջանալ կեդրոնով ու երկու թևերն ամուր պահել միշտ , կեդրոնէն չվախնալով բնավ>>:
Երկաթուղու գիծը ռազմագիտորեն պաշտպանելու համար Անդրանիկը պետք է գրավեր մատնանշածս լեռնաշղթան , որպեսզի իր թիկունքում թողներ երկաթուղին և իշխող բարձունքներից սպառնալիորեն կախվեր թշնամու գլխին : Նրա կրավորականությանը , սակայն, մնում էր անհասկանալի : Նրան տեղեկացնում են , թե <<հայ զինվորները ոգևորված կհալածեն թշնամին>>, բայցևայնպես, նա շարունակում է նստած մնալ Դսեղում : Ավելին , երբ Մանասյանը նրան հաղորդում է մեր հաղթության լուրը , նա պատասխանում է . << Խորհուրդ կուտամ չառաջանալ կեդրոնով և երկու թևերը ամուր պահել միշտ>>:
Տեսնու՞մ եք , որ Անդրանիկը գիտեր , թե թշնամի մեր թևերն առնելով , պիտի փորձեր մեզ գերեզմանել ձորում: Նա հասկանում էր այդ, բայցևայնպես կրավորական էր պահում իր հրամանատարությանը հանձնված ուժերը: Այդ դեպքերից երեք տարի հետո Փարիզում հրատարակված << Զոր . Անդրանիկը կխոսի >> գրքույկի մեջ խեղաթյուրելով դեռ այնքան թարմ պատմական իրողությունը , ասում է. << Առաջին օրվան չորս ժամ կռիվէն վերջ , հետևյալ առավու կռիվը կվերսկսվի և երեք ժամ հետո կիմանամ , թե Ղարաքիլիսէն հանձնած են արդէն ու նահանջած դեպի Դիլիճան>>:
Կարիք չեմ զգում վկայության կանչել մեր նորագույն պատմությանը՝ Անդրանիկի ասածները սրբագրելու համար: Ղարաքիլիսան անմահացնող հայ զորքը ոչ թե <<հետևյալ առավոտ>> նահանջեց, ինչպես գրում է Անդրանիկը , այլ չորրորդ օրը երեկոյան : Անդրանիկը երկրորդ օրն առավոտյան կիմանա , թե <<Ղարաքիլիսէն հանձնած են արդէն>>
Ով , ինչ ճամփով կարող էր այդ ստահոդ լուրը հաղորդել էր նրան, այն էլ մեր ամենամեծ հաջողության օրը:
Անդրանիկը լռում էր այդ մասին:
.<<Փախչողները գետը թափած են միլիոններով փամփուշտ>>՝ իմիջիայլոց գրում է Անդրանիկը: Եվ այդ այն զորքի մասին , որ ռազմամթերքի սուր կարիքն զգաց կռվի հենց առաջին օրը:
Մեր մեծ ճակատամարտից հետո , առանց սպարապետի կարգադրության , Անդրանիկը անցնում է Դիլիջան , ուր <<ոչ ոք չկա, բոլորն ալ փախած են >>:
Եվ դա այն ժամանակ , երբ մեր զորամասերը խաղաղ դիրքապահություն էին տանում: Հասկանում եմ Անդրանիկին , նա ճգնել է արդարացնել իր ունեցած անգործությունը Ղարաքիլիսայի և Սարդարապատի օրերին : Խորապես ցավում եմ այն արտահայտությունների համար , որ նա թույլ է տվել այն մահվան բանակի մասին , որն իր հերոսական խոյանքով հիացումի խոսքեր խլեց Վեհիր և Խալիլ փաշաներից :
Կռվի երրորդ օրն էր և մեր զորքը հաճախ էր իր հայացքը դարձնում դեպի Գուգարաց լեռները՝ Անդրանիկի սպասումով: Նա չկար, որ նա սովորություն ուներ գործելու մեկուսի: Արդյոք չէ՞ր գիտակցում, թե մի զորամասի ընթացքը դառնում է կորստաբեր , երբ այդ վերջինը հրաժարվում է իր օրգանական աշխատակցությունը բերել իր բանակին, երբ խզելով իր կապը մայր բանակի ընդհանուր գործառնության հետ, սկսում է գործել առանձնակի:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.