ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՃԸ
Երաժշտություն
Վարող- Ողջու´յն, հյուրեր: Շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել: Մենք այստեղ պատահական չենք հավաքվել: Մենք այսօր ձեզ կպատմենք…Չէ, չեմ ասի՝ ինչի մասին: Ինքներդ գուշակեք: Կարդացե´ք հանելուկը:
Էկրանին հանելուկ է:
Հյուրեր - Ժամանակ:
Վարող- Ճիշտ է ժամանակի մասին ենք զրուցելու, ավելի ճիշտ այն որոշելու գործիքների մասին: Գուշակե՛ք հանելուկը:
Էկրանին հաջորդ հանելուկն է:
Հյուրեր - Ժամացույց:
Վարող- Ապրե՛ք: Ահա, մի անգամ Ժամաստանում ժամացույցների հետ ահա թե ինչ պատահեց… Այդ պատմությունը մեզ կպատմի մի մարդ, ով անմիջականորեն կապված է ժամացույցների հետ: Նա վերանորոգում է դրանք և օգնում ամենաանհավանական դեպքերում: Ո՞վ է նա:
Հյուրեր - Ժամագործը:
Վարող- Ահա և նա: Դիմավորե՛ք:
|
Արևային, կրակային,
Ժամացույցներ ավազի,
Ջրային և կնեդանի
Բռնվել են վեճի:
Գալիս է արևային ժամացույցը փայտիկը ձեռքին:
Արևային ժամացույց- Ես ամենահին ժամացույցն եմ: Երբեք չեմ կանգնում կամ կոտրվում: Ունեմ շատ պարզ կառուցվածք՝ փայտիկ և թվատախտակ, որի վրա նշված են համապատասխան ժամերը և դրա մասերը: Օրվա ընթացքում արևով լուսավորված փայտիկի ստվերը անընդհատ փոփոխվում է և ցույց է տալիս ժամը: Ստվերն անընդմեջ շարժվում է՝ փոխելով իր երկարությունը. վաղ առավոտյան ստվերը երկար է, հետո կարճանում է: Կեսօրից հետո նորից երկարում է: Համարվում էր, որ անցել է մեկ ժամ, երբ ստվերը մի բաժանումից անցնում է մյուսին: Ես ամենահինն եմ, իսկ դա նշանակում է, որ ամենաիմաստունն եմ:
Ժամագործ- Վեճին միանում է Ջրային ժամացույցը:
Ջրային ժամացույց- Պահո՜: Ջրային ժամացույցն ավելի կարևոր է: Ինձ օգտագործել են կենցաղում ժամանակը որոշելու համար: Բացի այդ ինձ օգտագործել են հրապարակային ելույթներում, դատարանում ելույթի սահմանափակ ժամանակը որոշելու համար: Ահա թե ինչ մեծ նշանակություն եմ ունեցել: Մինչ այժմ ասում են «ժամանակը սպառվեց»: Այս արտահայտությունն օգտագործել են ջրային ժամացույցները կիրառելիս: Իմ միջոցով ժամանակը չափելու համար կողմնորոշվել են ջուրը մի անոթից մյուսը հոսելու արագությամբ և անոթի վրայի բաժանումներով, որոնք և ցույց են տվել ժամանակը: Չափվող ժամանակամիջոցը երկարացնելու համար երբեմն օգտվել են մի քանի այդպիսի ժամացույցներից: Ես, ի տարբերություն արևային ժամացույցի, ժամանակը որոշել եմ և՛ ցերեկը, և՛ գիշերը: Ես ավելի կատարյալ եմ, ուստի ամենաճշգրիտը:
Գալիս է ավազե ժամացույցը:
Ավազի ժամացույց- Ոչ մի նման բան: Ես, ավազե ժամացույցս, ավելի յուրահատուկ եմ: Ես կազմված եմ երկու մասից՝ ապակյա անոթներից: Վերին անոթը որոշակի չափով ավազ էր լցվում, որի թափվելով էլ ես որոշում եմ ժամանակը: Այն բանից հետո, երբ ամբողջ անոթը դատարկվում է, ինձ շրջում են: Ավազի ժամացույցը լայնորեն օգտագործել են նավերի վրա, որոշել են նավաստիների հերթափոխի և քնի ժամանակը:
Գալիս են կրակե ժամացույցները:
Կրակե ժամացույց 1- Հա, հա, հա: Ավազե ժամացույց քեզ անընդհատ պետք է հետևել, անվերջ շրջել: Դեռ փափուկ ու չոր ավազ էլ պետք է գտնել քեզ պատրաստելու համար: Իսկ ահա մենք ուրիշ ենք: Հնում մենք մեծ տարածում ենք ունեցել: Ահա լսե՛ք մեր պատմությունը:
Կրակե ժամացույց 2- Հին աշխարհի հանքափորերը, ովքեր հանքից արծաթ և ոսկի էին հանում, օգտվում էին ժամանակի չափման յուրահատուկ եղանակից. Կավե լամպի մեջ լցվում էր որոշակի քանակի յուղ, որը բավարարում էր 10 ժամ հանքում աշխատելու համար: Երբ լամպի յուղը քիչ էր մնում, հանքափորը հասկանում էր, որ աշխատանքային օրը վերջանում էր, և բարձրանում էր:
Կրակե ժամացույց 3- Որոշ տեղերում հատուկ տեսակի ծառի փայտը փոշու էր վերածվում, որից պատրաստվում էր որոշակի չափով փայտյա ձող, որն էլ վառում էին: Երբեմն դրանց ծայրին մետաղյա գնդիկ էին դնում: Փայտն այրվելուց հետո այդ գնդիկն ընկնում էր հախճապակե ամանի մեջ՝ բարձր ձայն արձակելով. ստացվում էր կրակե զարթուցիչ: Ահա թե ինչ կարևոր ենք մենք:
Գալիս է մեխանիկական ժամացույցը:
Մեխանիկական ժամացույց- Դա դեռ քիչ է: Կրակե ժամացույցները երկար կյանք չունեն: Դրանք անընդհատ պետք է վերալիցքավորել: Բացի այդ ժամացույցների այրման արագությունը կախված է մի շարք պայմաններից. օդի մուտք, քամու առկայություն և այլն: Իսկ ահա մենք…Մենք ժամանակը չափում ենք պտտվող ատամնանիվների միջոցով: Անիվավոր ժամացույցները սկզբում հսկայական չափեր ունեին: Հետո մեզ համար ստեղծեցին սլաքներ՝ սկզբում ժամասլաքը, հետո րոպեն, իսկ ապա վայրկյանը ցույց տվող սլաքները: Ահա և իմ ընկեր զարթուցիչը:
Գալիս է զարթուցիչը:
|
Մի ժամացույց եմ՝
Ըստ ձեր ցանկության,
Ձեր ձեռքով լարված:
Ու երբ պետք է ձեզ՝
Սրտաճաք ճիչով
Արթնացնում եմ ձեզ,
Որ քնով չընկնեք:
Գալիս է շարժվող մեխանիզմով ժամացույցը:
Ճոճանակով ժամացույց- Ճոճանակը ժամանակակից ժամացույցների սիրտն է: Ինձ առաջինը հայտնաբերել է Գալիլեյը: Իմ աշխատանքի սկզբունքը հետևյալն է. զսպանակը ստեղծում է ուժ, որը շարժում է ատամնանիվների ողջ համակարգը, իսկ ճոճանակն ապահովում է դրանց համաչափ աշխատանքը: Ահա թե ինչպիսին եմ ես:
Ժամագործ- Այստեղ լսվում է գրպանի ժամացույցի բարակ ձայնը:
Գրպանի ժամացույց- Ես թեև փոքր եմ, բայց շատ օգտակար: Ինձ ստեղծել է գերմանացի ժամագործը, ով դեռ փոքր տարիքից զարմացրել է բոլորին իր կարողություններով: Նրա ժամացույցում յուրաքանչյուր թվի փոխարեն գնդիկ էր, որոնք մթության մեջ անգամ կարելի էր շոշափել և իմանալ, թե ժամը քանիսն է: Հնում տանտերերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր համարվում իրենց ներկայությամբ ժամացույցին նայելը: Տանտերերը կարծում էին, որ իրենք ձանձրացրել են հյուրերին: Ուստի, երբ հյուրը ցանկանում էր գնալ, նա ձեռքը տանում էր գրպանը և շոշափում սլաքը, և նրա մոտ եղած գնդիկը:
Ժամագործ- Այստեղ բոլորը լսեցին «կենդանի» ժամացույցի ձայնը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է նա:
Արթնանում է վաղ ծեգին,
Ոտքի հանում ամենքին:
Երեխաները- Աքաղաղը:
Գալիս է աքաղաղը:
Աքաղաղ- Այո´, ինձ անվանում են «կենդանի ժամացույց»: Գիշերվա մթին կարելի է լսել իմ ձայնը, որն ազդարարում է օրվա ավարտը: Ինչպես ասում էին հնում, սա իմ «առաջին կանչն էր»: Եվ ահա ես սկսում եմ ավելի երկար և արագ կանչել: Սա արդեն «երկրորդ կանչն» է: Շուտով օրը կբացվի: Ես ամենալավ և անխափան ժամացույցներն եմ:
Գալիս է էլեկտրոնային ժամացույցը:
Էլեկտրոնային ժամացույց- Իսկ ես ժամանակակից ժամացույց եմ: Ես չունեմ սլաքներ: Ժամը ցույց եմ տալիս վառվող թվանշանների միջոցով: Դրանք փոփոխվում են ամեն վայրկյան, միայն հասցրու նայել: Աշխատելու համար ինձ անհրաժեշտ է էլեկտրական հոսանք կամ մարտկոց: Ինձնից կա մետրոյում, կայարաններում, մարզադաշտում: Ահա թե ինչպիսինն եմ ես:
Գալիս է ատոմային ժամացույցը:
Ատոմային ժամացույց- Ինչի՞ մասին եք խոսում: Ես ամենաճշգրիտ ժամացույցն եմ, որի սխալվելու հավանականությունը զրոյական է: Բայց ես չեմ պարծենում, քանի որ գիտնականները կանգ չեն առնում իրենց ձեռքբերումների վրա: Նրանք անվերջ մտածում են ստեղծել կատարյալ ժամացույց: Ձեր վեճն անիմաստ է, քանի որ բոլոր ժամացույցներն էլ իրենց ժամանակին եղել են ամենաօգտակարը և ճշգրիտը:
Բոլոր ժամացույցները լռեցին:
Ժամագործ- Ահա և վերջացավ ժամացույցների վեճը: Մենք տեսնում ենք, որ տարբեր ժամանակամիջոցներում տարբեր ժամացույցներ են եղել: Եվ նրանց համարել են ամենաճշգրիտը ու ամենակարևորը: Կյանքն առանց ժամացույցի անհնար է: Չէ որ նրանք են մեզ պատմում այն ժամանակի մասին, որ վերադարձնել հնարավոր չէ: Ժամանակը ոսկի է:
Վարող- Իսկ դուք գիտե՞ք, թե ժամացույցներն ինչքան կարևոր գործ ունեն անելու տարվա ամենագլխավոր օրը՝ ամանորի նախասկզբին. ժամացույցն է ազդարարում Նոր տարվա գալուստը: Մենք բոլորս դեկտեմբերի 31-ին, կեսգիշերին անհամբեր սպասում ենք ժամացույցի զանգերին, որպեսզի սկսվի մեր բոլորի սիրելի տոնը՝ Ամանորը:
Լսվում է ժամացույցի զարկերի ձայնը: Վերջին զարկի ժամանակ ներս է մտնում Ձմեռ պապին և շնորհավորում ներկաների Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ձմեռ պապի- Խաղաղության համբավաբեր
Նոր տարին եմ խնդության,
Հյուր եմ գալիս տները ձեր,
Բացեք դռներն ամեն տան:
Ինձ հետ սիրով բերում եմ միշտ
Խելոքներին երգ ու պար,
Իսկ ով չար է ու ամբարիշտ,
Պատժում եմ ես խստաբար:
Ով չի սիրում դպրոց ու գիրք,
Ոչ էլ խելոք պատվիրան,
Ինչու՞ պիտի մի նոր բարիք
Կամ լավ նվեր տամ նրան:
Ուր խաղաղ կյանք, ուր աշխատանք՝
Այնտեղ բարիքն է միշտ ծով,
Ես գործ չունեմ այն հարկի տակ,
Ուր խաղաղ չեն ու սիրով:
Ես բերում եմ իմաստություն,
Իբրև նվեր ամենքի,
«Ուր խաղաղ տուն, բարիքն է բուն»,
Այս է իմաստն իմ խոսքի:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
Հնչում է ուրախ երաժշտություն: Ձմեռ պապը բաժանում է նվերները:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.