ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1. Քաղաքագիտության ձևավորման նախապատմությունը: «Քաղաքական» հասկացության էությունը:
Քաղաքագիտությունը, որը բառացի նշանակում է գիտություն քաղաքականության մասին, ունեցել է իր ձևավորման երկարատև պատմությունը: Քաղաքագիտությունը այն եզակի գիտություններից է, որը ուսումնասիրվել է ավելի քան երկուսուկես հազարամյակ, բայց որպես ինքնուրույն գիտություն ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն:
Շատ գիտությունների նման քաղաքագիտությունն էլ ձևավորվել ու զարգացել է փիլիսոփայության, հատկապես սոցիալական փիլիսոփայության շրջանակներում և դարեր շարունակ նրա օբյեկտի և առարկայի հետ կապված շատ պրոբլեմներ գիտական վերլուծության են ենթարկվել հենց փիլիսոփայության մեջ:
«Քաղաքական» ասելով հասկացվում է այն ամենը, ինչն առնչվում է պետության, իշխանության և այնպիսի գործունեության հետ, ինչը անհրաժեշտ է հասարակական կյանքի կազմակերպման, նրանում կարգ ու կանոն հաստատելու համար: Այսինքն հասարակական կյանքի քաղաքական բնագավառի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը կապերի, փոխազդեցությունների և հարաբերությունների պետականորեն կազմակերպված բնագավառն է:
Դեռևս հին աշխարհի և միջնադարի մի շարք խոշորագույն մտածողներ` Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը, Ավգուստին իրենց աշխատություններում քննարկման առարկա են դարձրել պետության, իշխանության, հասարակության կառավարման, պետության և սոցիալական խմբերի փոխհարաբերությունների սկզբունքներին վերաբերող շատ հարցեր, որոնք քաղաքագիտության առանցքային հարցերն են:
Քաղաքական գիտության ձևավորման մեջ իր ուրույն տեղն ունի վերածննդի ժամանակաշրջանի իտալացի խոշորագույն մտածող Մաքիավելին, որն առաջին անգամ տվեց քաղաքականության սահմանումը, ինչի շնորհիվ էլ նրան համարում են քաղաքական գիտության հիմնադիր:
Այսպիսով, դարերի ընթացքում մտածողների կողմից հասարակության քաղաքական կյանքի տարբեր կողմերի, հարաբերությունների, քաղաքական կառույցների երկարատև ուսումնասիրությունները հարուստ տեսական ու փաստական նյութ էին կուտակել, ստեղծելով բոլոր նախադրյալները քաղաքականության մասին ինքնուրույն գիտություն ձևավորելու համար:
Տարբեր հասարակարգերում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, հասարակական կյանքի կազմակերպման ձևերը, պետության, իշխանության, կառավարման գոյություն ունեցող համակարգերը չէին համապատասխանում հասարակության հետագա առաջընթացի պահանջներին, դրանք դարձել էին հասարակության զարգացումը արգելող կապանքներ: XVIII-XIX դարերում` հասարակության կյանքում տեղի ունեցող խոշորամասշտաբ քաղաքական տեղաշարժերի, նոր կառավարման համակարգերի առաջացման գործընթացների ժամանակ ավելի ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ է հին հասարակական հարաբերությունները, պետության կառավարման ձևերը փոխարինել նորով: Այդ իսկ պատճառով XIXդարի վերջին և XX դարի սկզբներին մի շարք զարգացած երկրներում որակական թռիչք կատարվեց քաղաքագիտության ձևավորման գործում:
1871թ. Փարիզում ստեղծվեց քաղաքական գիտությունների ազատ դպրոց, հետագայում նմանատիպ դպրոցներ հիմնվեցին ԱՄՆ-ում, Լոնդոնում և այլուր:
Ուշադրություն դարձնելով աշխարհում քաղաքագիտության ձևավորման գործընթացների վրա, պարզ է դառնում այն հանգամանքը, որ քաղաքական գիտությունները զարգացել, հիմնավորապես հաստատվել և բուհական պարտադիր դասավանդվող առարկա են դարձել հիմնականում զարգացած երկրներում: Իսկ այն երկրներում, ուր առկա է բռնապետությունը իր դրսևորման տարբեր ձևերով, որտեղ հալածվում կամ արգելվում են քաղաքական ազատությունները, բնական է, որ քաղաքական մտքի զարգացման պայմաններ և հնարավորություններ լինել չեն կարող: Այդ երկրներում, ինչպիսին էր օրինակ Խորհրդային միությունը, գործում է մի շատ սովորական սկզբունք, որքան տգետ է հասարակությունը, այնքան հեշտ կառավարելի է: Այստեղից էլ պարզ է, թե ինչու մեզանում քաղաքագիտությունը ընդամենը 2 տասնամյակի պատմություն ունի, և որը դեռ լրիվ չի կայացել:
2. Քաղաքագիտության բնորոշումը, օբյեկտը և առարկան:
Քաղաքագիտությունը բարդ ու բազմաբնույթ, բազմաշերտ ու բազմակողմ սոցիալական երևույթ է: Այն ներթափանցված է հասարակական կյանքի բոլոր դրսևորումներում: Քաղաքագիտությունը շոշափում է հասարակության բոլոր անդամների, սոցիալական խմբերի ու կազմակերպությունների, ազգերի շահերը: Մարդկային հասարակության պատմության զարգացման ողջ ընթացքում քաղաքականությունը որոշիչ ազդեցություն է ունեցել ժողովուրդների ու ազգերի, երկրների ու պետությունների ճակատագրերի վրա, դառնալով նրանց լինել-չլինելու, զարգանալու ու հարատևելու կամ քայքայվելու ու անհետանալու հիմնական գործոն:
Քաղաքագիտությունը հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցող տեղաշարժերի, զարգացումների ու դրսևորումների ամբողջություն է: Քաղաքագիտությունը շատ բանով կախված է իր ժամանակից, կոնկրետ պատմական պայմաններից, հասարակության մեջ իշխող գաղափարախոսությունից, բարոյական նորմերից: Քաղաքագիտությունը կառավարողներին և իշխանության իրականացման միջոցները որոշող հատուկ համակարգ է և հանդես է գալիս որպես հասարակական հարաբերությունները կարգավորող գործիք:
Քաղաքագիտության օբյեկտը պետության և հասարակության մեջ համախմբված մարդկանց, նրանց տարբեր հանրույթների ու կազմավորումների քաղաքական կյանքն է, կամ այլ կերպ ասած հասարակական կյանքի քաղաքական բնագավառը: Նման բնորոշման ժամանակ նկատի է առնվում այն ահնգամանքը, որ քաղաքագիտության օբյեկտ ասելով պետք է հասկանալ հասարակական կյանքի այն բոլոր կապերի, հատկանիշների և հարաբերությունների ամբողջությունը, որոնք քաղաքական անվանում են կրում:
Քաղաքագիտության առարկան նրա օբյեկտի, այսինքն հասարակական քաղաքական կյանքի տարբեր բաղադրիչները, կողմերը, դրսևորումները, հարաբերությունները, փոխազդեցություններն են, որոնք տվյալ պահին դարձել են ուսումնասիրման և քննարկման նյութ:
3. Քաղաքագիտության կատեգորիաները, մեթոդները և ֆունկցիաները:
Յուրաքանչյուր գիտության նման քաղաքագիտությունն էլ իր զարգացման ընթացքում մշակել է կատեգորիաների համակարգ, որը հանդիսանում է որպես հետազոտության գիտական ապարատ:
Կատեգորիաները առավել ընդհանուր հասկացություններ են, որոնք արտացոլում են իրականության, հասարակության, ճանաչողության, օբյեկտների և երևույթների, իրականացվող գործընթացների առավել ընդհանուր և էական հատկությունները, կողմերը, հարաբերություններն ու առանձնահատկությունները:
Քաղաքագիտության առավել ընդհանուր կատեգորիաներն են «քաղաքականություն» և «քաղաքական» համընդհանուր հասկացությունները, որոնք ամբողջովին ընդգրկում են նրա հարցադրումների ամբողջ համակարգը և արտացոլում են նրա յուրահատկությունները:
Գոյություն ունեն քաղաքականությունից ածանցված մի շարք ուղեկից կատեգորիաներ, որոնցից յուրաքանչյուրը իրեն բնորոշ գծերն ու առանձնահատկություններն ունեն. Դրանք են`
· ներքին քաղաքականություն
· արտաքին քաղաքականություն
· տնտեսական քաղաքականություն
· սոցիալական քաղաքականություն
· համաշխարհային քաղաքականություն
· միջազգային քաղաքականություն
· կադրային քաղաքականություն
· ազգային քաղաքականություն
· ֆինանսական քաղաքականություն
· հարկային քաղաքականություն
Եթե «քաղաքականության» կատեգորիան անհրաժեշտ է նշելու համար իրականացվող գործընթացների բովանդակությունն ու բնագավառները, ապա «քաղաքական» կատեգորիան անհրաժեշտ է նշելու այդ իրականացվող գործընթացների, երևույթների և հարաբերությունների ինչպիսին լինելը, բնույթն ու էությունը: «Քաղաքական» կատեգորիայից ածանցվել են`
· «քաղաքական իշխանություն»
· «քաղաքական հարաբերություններ»
· «քաղաքական շահեր»
· «քաղաքական համակարգ»
· «քաղաքական կուսակցություն»
· «քաղաքական ռեժիմ»
· «քաղաքական գիտակցություն»
Բացի այս հիմնարար կատեգորիաներից, քաղաքականության մեջ օգտագործվում են նաև այնպիսի հասկացություններ, առանց որոնց հասարակական կյանքի ուսումնասիրությունը անհնարին կլիներ: Այդպիսի հասկացություններն են` հասարակություն, պետություն, ժողովուրդ, ազգ, ազատություն, իրավունք, զարգացում, հեղափոխություն, ժողովրդավարություն և այլն:
Ցանկացած գիտության համար մեծ նշանակություն ունի գիտական հետազոտության մեթոդի ճիշտ ընտրությունն ու կիրառումը: Մեթոդը գիտական ճանաչողության կողմից օգտագործվող հնարների, միջոցների և մոտեցումների ամբողջությունն է: Մեթոդի ընտրությունը պայմանավորված է հետազոտության օբյեկտով, կոնկրետ խնդիրներով, նրանց բովանդակությամբ և էությամբ:
Քաղաքագիտությունը իր հետազոտությունների սեփական մեթոդները չի մշակել և օգտագործում է այլ գիտությունների (քաղաքական փիլիսոփայություն, քաղաքական պատմություն և քաղաքական սոցիոլոգիա) մշակած մեթոդները:
Քաղաքականության մեջ առավել հաճախ օգտագործվում է համակարգային, կառուցվածքային գործառնական, պատմականի և տրամաբանականի փոխազդեցության, վերլուծության և համադրության, նմանականացման և համեմատության մեթոդները:
Ժամանակակից տեխնիկայի զարգացման հետ կապված այսօր անհրաժեշտ են դարձել նաև մի շարք այլ ժամանակակից մեթոդների` հարցման, մոդելավորման, գործնական խաղերի կիրառությունը: Նշված մեթոդներից բացի, քաղաքագիտությունը օգտվում է նաև ժամանակակից մի շարք մեթոդներից, հատկապես իրական կյանքի հետ կապված և փորձի վրա հենված մեթոդներից – դիտարկում, հարցում, վիճակագրական նյութերի և փաստաթղթերի հետազոտում, լաբորատոր փորձեր և այլն:
իր առջև դրված բարդ խնդիրները լուծելու համար պետք է իրականացնի մի քանի հիմնական ֆունկցիաներ`
· ճանաչողական,
· աշխարհայացքային,
· արժեվորման,
· կարգավորման,
· գործնական կանխատեսման:
Ճանաչողական ֆունկցիայի նպատակն է ուսումնասիրել հասարակության քաղաքական կյանքի զարգացման ուղղվածությունը, բացահայտել նրա տարբեր բնագավառների և նրանցում տեղի ունեցող քաղաքական գործընթացների օրինաչափություններն ու հեռանկարները: Ճանաչողական ֆունկցիայի հիմնական առաքելությունն այն է, որ օգնի մարդուն ճանաչելու հասարակության մեջ տեղի ունեցող քաղաքական երևույթների բնույթն ու առանձնահատկությունները:
Աշխարհայացքային ֆունկցիան նպատակ ունի ստեղծելու հասարակության քաղաքական զարգացման ընդհանրական պատկերը, իմաստավորելու քաղաքականության տեղն ու դերը հասարակության և նրա հիմնական բնագավառների քաղաքական զարգացումներում, ձևավորելու մարդկանց քաղաքական գիտակցությունն ու կուլտուրան: Մարդուն անհրաժեշտ են այնպիսի գիտելիքներ, որ կարողանա շրջապատում ճիշտ կողմնորոշվել և միևնույն սխալը հաճախակի չկրկնել, քանզի քաղաքականության մեջ թույլ տված ցանկացած սխալ ծանր հետևանքներ է ունենում:
Արժեվորման ֆունկցիայի իրականացման միջոցով քաղաքագիտությունը փորձում է մշակել քաղաքական կյանքի որոշակի արժեքներ և գաղափարներ: Այդ արժեքներն են ազատությունը, անկախությունը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը և այլն:
Կարգավորման ֆունկցիան անհրաժեշտ է մարդկանց օգնելու, որպեսզի ապահովի իրենց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, նրանց ակտիվ մասնակից դարձնելու քաղաքական իրադարձություններին, քաղաքական այս կամ այն ուժերի աջակցելով, իրական մասնակցություն ունենալու իշխանությունների ձևավորման գործընթացներին և որոշակի հավասարակշռություն ստեղծելու հասարակության քաղաքական կյանքում:
Գործնական կանխատեսման ֆունկցիան մշակում է հասարակության քաղաքական կյանքի զարգացման ուղղությունների մասին հիմնավորված կանխատեսումներ, մշակում է քաղաքական գործունեության տարբեր ձևերին և միջոցներին վերաբերող առաջարկներ ու խորհուրդներ, ինչպես նաև մշակում և առաջարկում է հասարակության քաղաքական կյանքի ղեկավարման և կառավարման արդյունավետ ձևեր:
Քաղաքագիտությունը ունի նաև անմիջական գործնական նշանակություն պետության
քաղաքականությունը մշակելիս: Քաղաքական կանխատեսումները կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ: Ավելի հաճախ քաղաքագետները տալիս են կարճաժամկետ կանխատեսումներ:
4. Քաղաքական միտքը հին աշխարհում և միջնադարյան Եվրոպայում:
1. Քաղաքական միտքը հին աշխարհում Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:
Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:
Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վառնաների /խմբերի/, դրանք էին`
1. Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,
2. Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,
3. Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,
4. Շուդրաներ` ստորին վառնա:
Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:
Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.: Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:
Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:
Մեզ
են հասել նաև հռոմեական
հայտնի պետական
և քաղաքական գործիչ
Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին»,
«Օրենքների մասին»
աշխատությունները:
Ցիցերոնը պնդում
էր, որ օրենքները
ստեղծում են պետական
գործիչները հանուն
քաղաքացիների
բարօրության, պետության
ամբողջականության,
մարդկանց հանգիստ
ու երջանիկ կյանքի:
2. Քաղաքական միտքը միջնադարյան Եվրոպայում: Միջնադար է անվանվում հին աշխարհի և նոր ժամանակաշրջանի միջև ընկած ժամանակահատվածը, որը տևել է մոտավորապես հազար տարի` V-XV դարեր: Միջնադարյան քաղաքական մտքի գլխավոր սկզբունքը թեկրատիզմն է, որը ենթադրում էր Աստվածային գաղափարների և եկեղեցու իշխանության հաստատումը անհատի և պետության վրա: Այդ էր պատճառը, որ միջնադարյան Եվրոպայի մտածողների քաղաքական հայացքները ընդունել էին կրոնական ձև: Վաղ միջնադարի կրոնական և քաղաքական մտքի կարկառուն ներկայացուցիչ է Օգուստինոս Ավրելին /354-430/, որին նաև Օգուստինոս Երանելի էին կոչում: Հայտնի է նրա «Աստվածային թագավորության մասին» աշխատությունը: Աշխատության մեջ խոսելով երկու` մարդկային և աստվածային թագավորությունների մասին և դրանք հակադրելով իրար, Օգուստինոսը, մարդկային թագավորությունը համարում էր աստծո կողմից անիծված, անմաքուրների թագավորություն, որը դատապարտված է կործանման: Աստվածայինը բարության աղբյուր է, իսկ երկրայինը` չարության և տեղի է ունենում չարի և բարու անընդհատ պայքար: Օգուստինոսը եզրակացնում է, որ աստվածային իշխանության երկրային ներկայացուցիչն է քրիստոնեական եկեղեցին, իսկ պատմության իմաստը համաշխարհային մասշտաբով քրիստոնեության հաղթանակն է:
Միջնադարյան քաղաքական մտքի խոշորագույն ներկայացուցիչ է Թոմաս Աքվենացին /1225-1274/Այդ ժամանակ Հռոմի եկեղեցին հասել էր իր ամենաբարձր հզորության: Թոմաս Աքվենացու քաղաքական հայացքները շարադրված են նրա «Իշխողների կառավարման մասին» աշխատությունում: Նա փորձում էր իմաստավորել պետության այնպիսի տիպեր, ինչպիսիք են միապետությունը, արիստիկրատիան, օլիգարխիան, դեմոկրատիան և բռնապետությունը: Թոմաս Աքվենացու ուսմունքը մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակաշրջանում և հետագայում դարձավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությունը:
Միջնադարյան հայտնի մտածողներից էին նաև Օրիգենես Ալեքսանդրացին, Յոհան Սկոտը, Ռուցելին Կոմպիենացին, Պիեր Ադելարը, Ալբերտ Բոլշտետացին, Դունս Սկոտը և այլոք:
5. Քաղաքական միտքը վերածննդի դարաշրջանում:
Վերածննդի դարաշրջանը /XIV-XVI դդ./ ֆեոդալիզմի ընդերքում նոր բուրժուական հարաբերությունների ձևավորման և մարդասիրական հայացքների հաղթարշավի դարաշրջանն է Եվրոպայում: Այդ շրջանի խոշորագույն մտածողներից է իտալացի Նիկոլո Մաքիավելին: Իր «Դատողություններ Տիտոս Լովիոսի առաջին տասնօրյակի վերաբերյալ» և «Միապետ» աշխատությունների մեջ նա բավականին նոր գաղափարներ է առաջ քաշում, որոնք կարևոր նշանակություն ունեին շատ քաղաքական պրոբլեմներ լուծելու համար:
Ըստ Մաքիավելու /1469-1527/ քաղաքականությունը տարբեր սոցիալական ուժերի փոխհարաբերություն է: Ըստ նրա քաղաքականության հիմնական հարցը պետական իշխանության հարցն է: Մաքիավելին քաղաքական մտքի պատմության մեջ առաջինն էր, որ պետությունը մեկնաբանում է որպես, ինչ-որ մարմին, որի օգնությամբ հասարակության մեջ իշխող ուժերը իրագործում են հասարակության կյանքի շատ խնդիրներ, կիրառելով հասարակական կյանքի կազմակերպման որոշակի սկզբունքներ` կարգ ու կանոն հաստատելու համար: Մաքիավելին գտնում էր, որ հանուն պետության ամրապնդման բոլոր միջոցներն արդարացված են, առաջարկելով «նպատակը արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքը: Նա միապետներին խորհուրդ էր տալիս հանուն պետության շահերի ամեն ինչ խոստանալ, բայց անհրաժեշտության դեպքում հրաժարվել խոստումից, միայն թե նպատակը իրականացվի: Քաղաքականության մեջ Մաքիավելին անտեսում էր բարոյականությունը և նրա տեսակետները, որոնք չէին ընդունում շատերը, որի պատճառով ժամանակի ընթացքում ստախոսությունը, երեսպաշտությունը, հավատափոխությունը քաղաքականության մեջ կոչվեցին Մաքիավելիզմ:
Վերածննդի դարաշրջանի խոշորագույն մտածող էր ֆրանսիացի Ժան Բոդենը /1530-1596/: Նրա հիմնական աշխատությունն է` «Վեց գիրք հանրապետության մասին» ուսումնասիրությունը, որում նա շարադրում է պետության ծագման, նրա ֆունկցիաների, կառավարման ձևերի մասին հայացքները: Բոդենի հիմնական ծառայություններից մեկը ինքնիշխանության տեսության մշակումն էր: Բոդենի հայացքների վրա մեծ ազդեցություն էին թողել Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական գզվռտոցները, որոնք մասնատում և թուլացնում էին երկիրը: Դրա համար էլ նա կողմնակից էր բացարձակ միապետությանը:
Հարց. 6. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ XVII - XVIII ԴԱՐԵՐՈՒՄ:
XVII - XVIII դարերը, որ պատմության մեջ անվանվում են նոր և նորագույն ժամանակաշրջան, հայտնի են եվրոպական երկրներում խոշորամասշտաբ քաղաքական տեղաշարժերով ու զարգացումներով: Նոր և նորագույն ժամանակաշրջանում տարբեր երկրների շատ խոշորագույն մտածողներ փորձում էին ոչ միայն իմաստավորել քաղաքական կյանքում առաջացած բազում պրոբլեմները, այլև ցույց տալու հասարակության հետագա առաջընթացի առավել ընդունելի ուղիները: Այդպիսի մտածողներից էին հոլանդացիներ Գուգո Գրոցին, Սպինոզան, անգլիացիներ Թոմաս Հոբսը և ՋՈն Լոկը, ֆրանսիացիներ Շարլ Մոնտեսքյոն, Մ.Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն և շատ ուրիշներ: Նրանք իրենց աշխատություններում քննարկման առարկա էին դարձրել բնական իրավունքի և հասարակական դաշինքի տեսությունները, դրանք դիտարկելով որպես պետության առաջացման և գոյության հիմնական սկզբունքներ: Գուգո Գրոցին իր «Ազատ ծով» և «Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին» աշխատություններում հիմնավորում է մի շարք քաղաքական ինստիտուտների նշանակությունը, ցույց տալով նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, որի համար էլ նրան անվանում են նշված տեսությունների հիմնադիր: Գրոցին պետության հիմնական ֆունկցիաներից էր համարում օրենքների հրապարակումը, պատերազմի և խաղաղության մասին հարցերը, արդարադատության իրականացումը, հարկահավաքությունը, այլ պետությունների հետ պայմանագրեր կնքելը կամ չեղյալ հայտարարելը և այլն:
Անգլիացի խոշորագույն փիլիսոփա Թոմաս Հոբսը իր «Քաղաքացու մասին ուսմունքի փիլիսոփայական հիմքը», «Լեվիաֆան», «Մարդու մասին» աշխատություններում շարադրում է հասարակության բնական վիճակի մասին իր պատկերացումները, նշում է նրանից բխող մարդու բնական էությունը, բնական իրավունքի և պետության առաջացման մասին: Հոբսը տարանջատում է մարդկային հասարակության երկու վիճակ` բնական և քաղաքացիական: Ըստ նրա բնական վիճակում մարդիկ գործում են ինքնապաշտպանության բնական օրենքով` անում են այն, ինչ ցանկանում են: Իսկ պետությունը սահմանելով օրենքներ, սահմանափակում է այդ ցանկությունների շրջանակը, որի հետևանքով էլ առաջանում է քաղաքացիական վիճակ: Պետական իշխանությանը պետք է ենթարկվեն բացառապես և անվերապահորեն բոլորը: Իսկ իշխանությունը իր ուժը օգտագործելով, պետք է գոյության նորմալ պայմաններ ստեղծի իր երկրի քաղաքացիների համար, ապահովի նրանց անվտանգությունը: Հոբսի հայացքները իրենց զարգացումը գտան նրա հայրենակից Ջոն Լոկի հայացքներում: Լոկին համարում են բուրժուական լիբերալիզմի գաղափարների հիմնադիր, որը անհատի ազատությունը դիտում էր որպես քաղաքացիական հասարակության և պետության գործունեության գլխավոր սկզբունք:
XVIII դարի խոշորագույն մտածող Շարլ Լուի Մոնտեսքյոի /1689-1755/ «Օրենքների ոգին» աշխատությունը նրան դրեց ոչ միայն ֆրանսիացի, այլև ամբողջ աշխարհի քաղաքական ու իրավաբանական խոշորագույն մտածողների շարքում: Այդ աշխատության մեջ նա ստեղծում է իրավական պետության ծագման իրական պատկերը: Նրա ուսմունքը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իր ժամանակի շատ մտածողների վրա, այլև շատ արժեքավոր է նաև մեր օրերում:
XVIII դարի քաղաքական մտքի խոշորագույն ներկայացուցիչ է ֆրանսիական լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն /1712-1778/: Նրա քաղաքական հայացքները շարադրված են հիմնականում «Բնական վիճակի մասին», «Անհավասարության պատճառների մասին», «Հասարակական դաշինք» աշխատություններում: Ռուսոն գտնում էր, որ մարդն իր բնույթով բնավ էլ չար չի, որ մարդկային հոգու խորքում դրված է կարեկցանքը, որը մեծահոգություն և մարդկայնություն է ծնում:
XVIII դարի քաղաքական միտքը զարգանում էր նաև ԱՄՆ-ում, որը գտնվում էր իր ձևավորման շրջանում: Նրա հիմնադիրներից շատերը քաղաքական մտքի գիտակներ էին, որոնց մեջ աչքի էին ընկնում հատկապես Թ.Ջեյֆորսոնը, Թ.Փեյնը և Ա.Համելտոնը:
Հայտնի են նաև Գերմանացի խոշորագույն փիլիսոփաներ Էմանուել Կանտը, որը զարգացրեց լիբերալիզմի կոնցեպցիան և Հեգելը, որը զարգացրեց պետության և իրավունքի տեսությունը:
Հարց. 7. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ XIX - XX ԴԱՐԵՐՈՒՄ:
XIX դարի մտածողներից էր անգլիացի փիլիսոփա, իրավաբան և տնտեսագետ Երեմյա Բենտամը /17488-1832/: Նա սկիզբ դրեց քաղաքական ուտիլիտարիզմի տեսությանը: Այդ տեսության հիմքում ընկած էր «օգուտ» հասկացությունը, որի տակ Բենտամը հասկանում էր այս կամ այն առարկայի այնպիսի հատկանիշներ, որոնք մարդուն բերում են օգուտ, շահ, բավարարվածություն, բարիք ու երջանկություն կամ լրիվ հակառակը: Բենտամի մոտ օգուտը բոլոր երևույթների գնահատման չափանիշն էր: Նա քննարկման առարկա էր- դարձնում հասարակության մեջ անհատի անվտանգության հարցը, այն համարելով ամեն տեսակի քաղաքակրթության և համակեցության հիմք:
Քաղաքական տեսության մեջ իր մեծ ներևդրումն ունի ֆրանսիական գիտնական Ալեքսիս Թոկվիլը /1805-1859/: Նա հայտնի է որպես լիբերալ-դեմոկրատիայի խոշորագույն տեսաբան, որի հայացքները շարադրված են հիմնականում «Դեմոկրատիան Ամերիկայում» աշխատության մեջ: Թոկվիլը առաջիններից մեկն էր, որ կանխատեսեց ամբողջ աշխարհում դեմոկրատիայի հաստատման անխուսափելիությունը: Որպես լիբերալ նա ամենից շատ գնահատում էր ազատությունը, օրենքը, կանոնների նկատմամբ հարգանքը, բայց ոչ դեմոկրատիան:
Մեծ մտածող Ջոն Ստյուարտ Միլլը /1806-1873/ իր քաղաքական հայացքները շարադրել է «Ազատության մասին» աշխատության մեջ: Ինչպես ինքն է նշում, նրան հետաքրքրում էր ազատության ոչ թե փիլիսոփայական իմաստը, այլ մարդու ազատության քաղաքացիական և հասարակական իմաստը: Նա վախով էր նայում հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին, որը ըստ նրա, հասարակության բոլոր անդամների համար միևնույն զարգացման հնարավորությունը ապահովելով տանում է դեպի մարդու անհատականության վերացման: Նա գտնում էր, որ չի կարելի հանուն պետության հզորության սահմանափակել անհատի ազատությունը:
19-րդ դարի սկզբին Եվրոպայում մեծ զարգացում էր ապրում սոցիալիստական գաղափարախոսությունը: Այդպիսի գաղափարների խոշորագույն ներկայացուցիչներից էին Շառլ Ֆյուրեն, Ռոբերտ Օուենը, Սեն Սիմոնը, Կարլ Մարքսը և այլն: 19-րդ դարի սկզբներին կապիտալիզմի հաստատումը և արդյունաբերության զարգացումը Եվրոպական երկրներում իր հետ բերել էր բազում նոր սոցիալական երևույթներ` ճգնաժամեր, հակասությունների սրում բանվորների և բուրժուազիայի միջև, որոնք լուծում էին պահանջում: Շառլ Ֆյուրեն դրա լուծման հնարավորությունը կապում էր սոցիալիզմի հաստատման հետ: Նա փորձում էր հիմնավորել կապիտալիզմի բերած արհավիրքները, կապիտալիզմը համարում էր հասարակական դժոխք, որովհետև դա երջանկություն չբերեց նույնիսկ մասնավոր սեփականատերերին: Նա գրում է, որ այս կարգերը բոլորից շատ ձեռնտու է մակաբույծներին, որոնք ոչինչ չեն ստեղծում, բայց օգտվում են ստեղծածից առաջացած շահույթի առյուծի բաժնից: Նա մակաբույծներին բաժանում էր 4 խմբի`
1. տնային (կանայք, երեխաներ, ծառաներ),
2. հասարակական (զինվորական, բյուրոկրատիան, առևտրականների ճնշող մեծամասնությունը, արտադրողների կեսը),
3. երկրորդական (անգործներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլն),
4. միջին դասի ներկայացուցիչներ (բորսային խաղացողներ, սպեկուլյանտներ և այլ):
Ֆյուրեն իր հայացքները շարադրել է «Տրակտատ ասոցացիների մասին», «Նոր տնտեսական և հասարակական աշխարհ» աշխատություններում:
Ռոբերտ Օուենը (1771-1858) փորձեց սոցիալիզմի գաղափարները գործնականորեն իրագործել: Նա իր սեփական մանածագործական գործարանի բանվորների աշխատավարձը բարձրացրեց, աշխատանքային ժամը 15-ի փոխարեն դարձրեց 10,5 ժամ, բարեկարգեց բանվորական ավանը, բանվորների համար բացեց էժան խանութ, նրանց երեխաներ համար կառուցեց մսուր մանկապարտեզ և դպրոց: Արդյունքում ոչ միայն բարելավվեց հասարակական հարաբերությունները և ապրելակերպը, այլ բարձրացավ աշխատանքի արտադրողականությունը: Օուենը դեմ էր հեղափոխության միջոցով իշխանության փոփոխմանը: Իրենց ազնիվ գաղափարների համար Ֆյուրեին և Օուենին համարում էին ուտոպիստներ:
Ի տարբերություն ուտոպիստ-սոցիալիստների, սոցիալիստական գաղափարները ավելի իրական վերլուծություն և հիմնավորում գտան Կարլ Մարքսի (1818-1883) և Ֆրիդրիխ Էնգելսի (1820-1895) աշխատություններում: Նրանք պրոլետարական հեղափոխության ուսմունքի ստեղծողներն էին, և գտնում էին որ հեղափոխության ճանապարհով միայն կարելի է հասնել իշխանափոխության:
Մարքսը գտնում էր, որ կապիտալիզմը համարվում է սոցիալիզմին նախորդող անհրաժեշտ տնտեսական ֆորմացիա և կապիտալիզմի զարգացումը օբյեկտիվ պայման էր համարում սոցիալիզմի հազթանակի համար:
20-րդ դարում քաղաքական միտքը զարգանում էր 2 հակադիր համակարգերի` կապիտալիզմի և սոցիալիզմի անզիջում պայքարի պայմաններում: Այդ պայքարը ուղեկցվում էր քաղաքական առճակատումներով, մեծ ու փոքր պատերազմներով:
Քաղաքական միտքը 20-րդ դարում զարգանում էր 3 հիմնական ուղղություններով`
1. ակադեմիական ուղղություն
2. սոցիալ-փիլիսոփայական տեսություններ
3. գաղափարական տեսություններ:
Ակադեմիական ուղղությունը առաջացավ ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբին, որը փորձում էր զերծ մնալ քաղաքականության կարևոր հարցերի շուրջ գաղափարական պայքարից և ուշադրությունը կենտրոնացրել էր քաղաքական վարքագծի օրինաչափությունների վրա:
Սոցիալ-փիլիսոփայական տեսությունները հիմնականում ուսումնասիրում են ինդուստրիալ, հետինդուստրիալ, ինֆորմացիոն հասարակության հետ կապված առանձնահատկությունները:
Քաղաքական մտքի գաղափարական տեսությունները (ազատական, պահպանողական, սոցիալիստական, արմատական և այլն) ձգտում էին ոչ միայն միշտ լինել քաղաքական իրադարձությունների կիզակետում, այլ ժամանակին մշակել հասարակության վերափոխումների տակտիկան և ստրատեգիան, այն առաջարկելով իշխանություն ունեցող կամ իշխանության ձգտող քաղաքական ուժերին:
20-րդ դարի քաղաքական մտքի զարգացման գործում մեծ համբավ է ձեռք բերել գերմանացի խոշորագույն սոցիոլոգ, փիլիսոփա և պատմաբան Մաքս Վեբերը (1864-1920), որի քաղաքական ուսմունքը հիմք դրեց մի շարք քաղաքական տեսությունների առաջացմանը: Այդ տեսությունների մեջ առանձնանում են`
a) քաղաքական իշխանության տեսությունը, որի մեջ քննարկվում է նաև իշխանության լեգիտիմության հարցը,
b) արդի կազմավորում ունեցող հասարակության մեջ ռացիոնալ բյուրոկրատների իշխանության տեսությունը,
c) ամբոխավարական դեմոկրատիայի տեսությունը և այլն:
20-րդ դարի քաղաքական մտքի արգասիքներից է քաղաքական էլիտայի տեսությունը, որը ներկայացնում են իտալացիներ Գ.Մոսկան (1858-1941), Վ Պարետոն (1848-1923) և գերմանացի Ռ.Միխելսը (1876-1936): Այս տեսության մեջ զարգացվում է քաղաքական իշխանության թեման, որը իր բնույթով Մաքիավելու հայացքներին է հարում, քանի որ նման հայացքներ առաջին անգամ հանդիպում ենք Նիկոլո Մաքիավելու աշխատություններում:
Քաղաքական սոցիոլոգիայի հիմնադիրներից է համարվում գերմանացի մտածող Ռոբերտ Միխելսը (1876-1936), որի հայացքները հիմնականում շարադրվել են «Քաղաքական կուսակցությունների սոցիոլոգիան ժողովրդավարության պայմաններում» աշխատության մեջ:
20-րդ դարի առաջին կեսին մաքիավելականության տեսությունը նոր զարգացում ապրեց իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Սակայն մեծ համբավ ձեռք բերեց 30-ական թվականներին ԱՄՆ-ում, հատկապես Հարվարդի համալսարանի գիտնականների շնորհիվ:
Չիկագոյի քաղաքական հետազոտությունների դպրոցի հիմնադիրն էր Չարլզ Մերիամը (1874-1953), ով համարվում էր արդի քաղաքական գիտությունների հիմնադիրներից մեկը:
20-րդ դարի խոշորագույն մտածողներից են ամերիկացիներ`Ռ.Ա.Դալը (1915), Օ.Թոֆլերը (1928), իտալացի Նորբերդո Բոբիոն (1905), ֆրանսիացի Միշել Կրույլեն և այլք:
Քաղաքական հոգեբանության զարգացման մեջ մեծ հեղինակություն ձեռք բերեց Հարոլդ Լասաուելը, որը մշակելով իշխանության բիհեվիորիստական կոնցեպցիան, մեծ հետևորդներ և կողմնակիցներ ունեցավ:
Ճգնաժամերի հետազոտման գործում նշանակալից է Եվրոպական դպրոցի գիտնականներ Մ.Դյուվերժեի, Դ.Դոյնի, Ռ.Դարենդորֆի և Հ.Գալտունգի ծառայությունները:
Միջազգային հարաբերությունների հետազոտման բնագավառում աչքի է ընկել ամերիկացի մտածող Հանս Մորգենթաուն (1904-1982), որի բնորոշմամբ, ցանկացած քաղաքականություն ձգտում է կամ հզորության պահպանման, կամ հզորության մեծացման, կամ հզորության ցուցադրման, որի հիմնական նպատակը ազդեցության համար պայքարն է:
8. «Քաղաքականության սուբյեկտը» հասկացությունը և նրա հիմնական տեսակները:
Քաղաքագիտության պրոբլեմների ուսումնասիրության մեջ կարևորագույն խնդիրներից է քաղաքականության սուբյեկտի հարցը:
Քաղաքականությունը ինքնին գոյություն ունենալ չի կարող, որովհետև այն գործընթաց է, և պետք է ունենա իր իրականացնողը: Հետևաբար այն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ունենում է իր կրողը` այսինքն սուբյեկտը: Քաղաքական հարաբերությունների, զարգացումների, տեղաշարժերի և իրադարձությունների ցանկացած մասնակից դիտվում է որպես քաղաքականության սուբյեկտ: Քաղաքականության սուբյեկտ են համարվում պետությունը, մարդիկ, անհատներ, սոցիալական խմբեր, հասարակական կազմակերպություններ և միություններ, կուսակցություններ, դասակարգեր, ժողովուրդներ, ազգեր և վերջապես ամբողջ հասարակությունը: Քաղաքականությունը իշխանության իրականացման հիմնական ձևերից մեկն է, իսկ քաղաքականության սուբյեկտը այդ իշխանության հիմնական իրականացնողը: Քաղաքականության սուբյեկտը իրավասու է իրագործելու միայն այն հանձնարարականները, որոշումները և օրենքները, որոնց կատարելու համար նա լիազորված է իշխանությամբ: Քաղաքականության սուբյեկտի գործունեությունը պետականորեն կազմակերպված գործունեություն է:
Քաղաքականության սուբյեկտի հիմնական տեսակները: - Քաղաքականության սուբյեկտի ինչպիսին լինելը մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի նպատակներ է դրված քաղաքագիտության սուբյեկտի առջև: Ինչ բնույթի խնդիրներ նա պետք է իրականացնի, ինչպես նաև իր առջև դրված նպատակներին հասնի: Որքան ծավալուն են նպատակները, որքան բարդ են լուծվելիք խնդիրները, այնքան ավելի լայն լիազորություններով է օժտված քաղաքագիտության սուբյեկտը: Այստեղից բխում է, որ մենք քաղաքագիտության սուբյեկտներին կարող ենք տարբերակել նրանց առջև դրված խնդիրների բնույթով: Քաղաքագիտության այդպիսի առավել ընդհանուր և հիմնական սուբյեկտ է նախ և առաջ պետությունը: Պետությունը հզոր և կազմակերպված քաղաքական սուբյեկտ է, որն իր ձեռքում է կենտրոնացնում ինչպես ներքին կյանքի, այնպես էլ միջազգային կյանքի վրա ազդելու հիմնական միջոցները: Եթե մենք առանձնացնում ենք պետության հիմնական ֆունկցիաները (քաղաքական, իրավական, կազմակերպչական, տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, արտաքին և այլն), մենք դրանով հանդերձ մատնանշում ենք այն կոնկրետ սուբյեկտներին, որոնք այդ ֆունկցիաների հիմնական իրականացնողներն են և դրանց միավորվելու հետևանքով է ձևավորվում պետությունը: Այստեղից բխում է, որ պետությունը գոյություն ունենալ չի կարող և իր հիմնական ֆունկցիաները իրականացնել չի կարող առանց այս սուբյեկտների և հակառակը, առանց պետության` քաղաքագիտության մյուս սուբյեկտները նույնպես գոյություն ունենալ չեն կարող, որովհետև միայն պետությունն է իրավասու քաղաքականության մնացած սուբյեկտներին օժտել իշխանությամբ, քանի որ առանց իշխանություն ունենալու քաղաքականության սուբյեկտ լինել չի կարչող: Պետության կողմից իշխանությամբ օժտված սուբյեկտներին մենք անվանում ենք իշխանության մարմիններ, իշխանության ինստիտուտներ, կառույցներ, թևեր կամ ուղղակի իշխանություն: Պետությունից հետո առավել ընդհանուր և հիմնական քաղաքականության սուբյեկտներ են օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը և դատական իշխանությունը: Ժողովրդավարության հաստատման և զարգացման որոշակի աստիճանում ձևավորվում է նաև մամուլի իշխանությունը, որն այլ կերպ անվանում ենք չորրորդ իշխանություն: Այսպիսով քաղաքականության հիմնական սուբյեկտներ են պետությունը և նրա կողմից իշխանությամբ օժտված բոլոր այն պետական և մասնավոր կառույցները, որոնք իրավասու են հասարակության կյանքի տարբեր բնագավառներում որոշակի խնդիրներ իրականացնել:
Գրականության մեջ երբեմն հանդիպում են նաև հարակից սուբյեկտ, օժանդակ սուբյեկտ, ենթասուբյեկտ արտահայտությունները:
9. Միջազգային քաղաքականության սուբյեկտները:
Հասարակության առաջընթացի պրոցեսում հաճախ առաջանում են խնդիրներ, որոնց իրականացումը պահանջում է մի շարք պետությունների ջանքերի միավորում: Դա պայմանավորված է նրանով, որ այդ խնդիրները մեկ առանձին վերցրած պետություն մենակ լուծել չի կարող: Դրանք հիմնականում այնպիսի խնդիրներ են, որոնք մի քանի երկրների են վերաբերում: Այսօր աշխարհում ստեղծվել է մի այնպիսի աշխարհակարգ և աշխարհում հաստատվել է այնպիսի միջազգային հարաբերությունների համակարգ, որ որևէ պետություն առանձնացած ու մեկուսի գոյատևել չի կարող: Աշխարհն այսօր կանգնած է մի այնպիսի վտանգի առաջ, որը առնչվում է մարդկության լինել-չլինելու հարցի հետ (պատերազմ, բնական աղետներ, աղքատություն, մարդկության գերաճ և այլն):
Նշված համամարդկային խնդիրների իրականացումը դարձել է բոլոր պետությունների մտահոգության առարկան, ինչն էլ ընկած է միջազգային հարաբերությունների ձևավորման հիմքում:
Այդ խնդիրները լուծելու համար պետությունների և ոչ պետական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ ձևավորվում են միջազգային հարաբերությունների սուբյեկտներ` քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական և այլն:
Մեզ հայտնի են այդպիսի մի շարք միջազգային քաղաքական սուբյեկտներ, դրանք են օրինակ` Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), Հարավ-Արևելյան Ասիայի Պետությունների Ասոցիացիան (ՀԱԱՊԱ), Եվրոպական Միությունը (ԵՄ), Արաբական Երկրների Լիգան (ԱԵԼ), Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունը (ԱՊԿ), Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), Հյուսիսատլանտյան Պայմանագրի Կազմակերպությունը (ՀՊԿ կամ ՆԱՏՈ), Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության ժողովը (ԵԱՀԺ) և այլն: Դրանց շարքին կարելի է դասել նաև այնպիսի միջազգային սուբյեկտների, որոնք են Միջազգային Վալյուտային Ֆոնդը (ՄՎՖ), Կարմիր Խաչը (ԿԽ), Համաշխարհային Արհմիությունների Ֆեդերացիան (ՀԱՖ) և այլն:
Միջազգային քաղաքականության սուբյեկտները կարող են ձևավորվել միայն պետությունների կամավոր միավորման սկզբունքի հիման վրա:
Այսպիսով միջազգային քաղաքականության սուբյեկտներն են պետությունների միացյալ ջանքերով ձևավորված միջազգային քաղաքական կազմակերպությունները, որոնք լիազորված են և իրավասու են միջազգայիօն հարաբերությունների համակարգում իրականացնելու կոնկրետ քաղաքական գործընթացներ:
10. Հասարակության քաղաքական կյանքը, սոցիալական խմբերի և անհատների մասնակցության ձևերն ու առանձնահատկությունները:
«Քաղաքական կյանք» հասկացության վերլուծությունը թույլ է տալիս քաղաքականությունը որպես բարդ սոցիալական երևույթ առանձնացնել հասարակական կյանքի այլ բնագավառներից և առավել հստակ պատկերացում ունենալ նրա քաղաքական բնույթի և էության մասին: Հասարակության քաղաքական կյանքը արտացոլվում է հասարակության մեջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների ամբողջ համակարգում, որում գործում են ամենատարբեր քաղաքական կառույցներ և ինստիտուտներ: Քաղաքական կյանքի կարևորագույն տարրերից են քաղաքական ինստիտուտները, որոնք իրենց մեջ ընդգրկում են քաղաքական բնագավառի բազմաթիվ հարաբերություններ և կառուցվածքներ: Քաղաքական ինստիտուտ ասելով հասկանում ենք մարդկային հարաբերությունների այն յուրահատուկ դրսևորումները, որոնք արտացոլվում են կոնկրետ, ամուր և կայուն քաղաքական կապերի մեջ: Քաղաքական կյանքի կարևորագույն տարրերից է քաղաքական կառուցվածքը: Քաղաքական կառուցվածքներ են կառավարությունը, պառլամենտը, կուսակցությունները և այլն: Քաղաքական կյանքի բաղադրիչներից է քաղաքական գործընթացը: Քաղաքական գործընթացը քաղաքական համակարգի կամ նրա տարրերի փոխկապակցված հարաբերությունների ամբողջությունն է և դրանց զարգացումը: Քաղաքական գործընթացները զարգանում կամ փոփոխվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ:
Քաղաքական կյանքում մեծ նշանակություն ունի պետությունը, որը հասարակական քաղաքական համակարգի միջուկն է համարվում: Հասարակության կյանքում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացները ուղղակի թե միջնորդավորված առնչվում են պետության կամ նրա բաղադրիչները կազմող իշխանության մարմինների հետ, ազդելով դրանց վրա, միևնույն ժամանակ գտնվելով նրանց ազդեցության տակ:
Հասարակության քաղաքական կյանքի կարևորագույն գործոններից են քաղաքական կուսակցությունները: Կուսակցությունը կազմակերպված քաղաքական ուժ է, որը մարդկանց միավորում է որոշակի գաղափարների շուրջ և ձգտում է իշխանության, կամ իշխանության վրա ազդելու ճանապարհով իր քաղաքական ծրագրերը իրականացնել:
Քաղաքական կյանքի կարևորագույն գործոններից է նաև քաղաքական իշխանությունը:
Քաղաքական կյանքի սոցիալական խմբերի և անհատների մասնակցության ձևերն ու առանձնահատկությունները: Հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների և փոփոխությունների վրա բացի նշված հիմնական քաղաքական կառույցներից մեծ ազդեցություն են թողնում տարբեր սոցիալական խմբերը, ազգային հանրույթները, դասակարգերը, կրոնական և մասնագիտական խմբերը և առանձին անհատները:
Առանձին մարդկանց ակտիվ քաղաքական գործունեության մղող հիմնական պայմաններն են`
1. անհատի սոցիալական կարգավիճակը,
2. անհատի քաղաքական գիտակցության և քաղաքական կուլտուրայի մակարդակը,
3. անհատի որոշակի քաղաքական դիրքորոշման և քաղաքական վարքագծի առկայությունը, (մարդկանց քաղաքական ակտիվության մակարդակը, անկախ նրա անհատական հատկանիշներից, բարձրանում է այն ժամանակ, երբ հասարակության քաղաքական կյանքում հաստատվում են նպաստավոր պայմաններ),
4. մարդկանց կենսամակարդակի ապահովվածության անհրաժեշտ աստիճանը, ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր առումով:
Մարդկանց քաղաքական վարքագծի դրսևորման հիմնական տեսակները ձևավորվում են նրանց անհատական հատկանիշների և սոցիալ-քաղաքական պայմանների ազդեցության տակ, ինչի պատճառով էլ մենք հասարակության մեջ հանդիպում ենք տարբեր տեսակի անհատների տիպերի: Դրանց կարելի է բաժանել երեք հիմնական տիպերի.
1. Անհատի ակտիվ տիպ,
2. Անհատի ոչ ակտիվ, կամ դիտորդի կեցվածքով անհատների տիպ,
3. Անհատի ապաքաղաքական տիպ:
Քաղաքական կյանքին մարդիկ մասնակցում են ոչ միայն որպես անհատներ, այլև, որպես այս կամ այն սոցիալական խմբի, քաղաքական կուսակցության անդամ, որոնց միավորում է տնտեսական, քաղաքական, ազգային, մասնագիտական և այլ ընդհանուր շահեր: Իրենց նպատակներին հասնելու համար կազմավորված սոցիալական խմբերը օգտագործում են մի շարք մեթոդներ և միջոցներ, օրինակ.
· Ընտրական գործընթացների ընթացքում քաղաքական ուժերը իրենց ընտրողների միջոցով ազդում են պետական իշխանության մարմինների ձևավորման վրա:
· Կարևորագույն միջոց է մամուլը, որը տարբեր միջոցներով կարողանում է հասարակական կարծիք ձևավորել, ինչը քաղաքական պայքարում հաղթանակի հիմնական գրավականներից է:
· Տարբեր տեսակի զանգվածային միջոցառումներ են իրականացնում`սկսած միտինգներից, ցույցերից մինչև զինված ապստամբություն:
11. Պետության և հասարակության փոխհարաբերությունների հիմնական ձևերը:
Հասարակության քաղաքական կյանքի բազմաթիվ արատների հաղթահարման կարևորագույն պայմանը կապված է պետության և հասարակության փոխհարաբերությունների հարցի կարգավորման հետ: Հասարակության վրա ազդելու հզոր միջոցների տեր լինելով, պետությունը կարող է լուծել ոչ միայն առաջընթացի խնդիրներ և հասարակությունը առաջ մղել զարգացման ճանապարհով, այլև իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը քայքայում ու կործանում է հասարակությանը: Քաղաքագիտության հիմնական խնդիրներից մեկն է` գտնել պետության և հասարակության փոխհարաբերությունների ձևավորման այն սկզբունքը, որը թույլ կտա հասարակության ներդաշնակ զարգացում:
Գոյություն ունեցող ժամանակակից 2 հիմնական հասարակական համակարգերում (ոչ դեմոկրատական և ժողովրդավարական) պետության և հասարակության փոխհարաբերությունները ընթանում են տարբեր ձևերով:
Ոչ դեմոկրատականը`ամբողջատիրական հասարակական հարաբերությունների համակարգ է, որին բնորոշ է իշխանությունների գերիշխանությունը հասարակ ժողովրդի վրա: Այս դեպքում պետությունը իշխում է հասարակության տնտեսական, քաղաքական, տեղական, անձնական, ընտանեկան հարաբերությունների ողջ համակարգի վրա: Որպես կանոն այստեղ մեծ զարգացում է ապրում ստվերային տնտեսությունը, աճում են կազմակերպված հանցագործությունները և այլն: Արդյունքում այդպիսի պետությունը չի կարողանում ապահովել հասարակության ներդաշնակ զարգացումը, առաջանում են ճգնաժամային երևույթներ և հասարակությունը կանգնում է քայքայման եզրին:
Երկրորդ` ժողովրդավարական համակարգի դեպքում պետական իշխանության ազդեցությունը հասարակության վրա սահմանափակ է: Այս համակարգում տնտեսությունը հենվում է սեփականության բազմազան ձևերի վրա: Հասարակական կյանքի բոլոր բնագավառներում տիրում է ազատ մրցունակություն, գործում է բազմակուսակցական համակարգը: Այստեղ պետության հիմնական խնդիրը տարբեր խմբավորումների հարաբերությունների կարգավորումն է: Ժողովրդական համակարգում պետական իշխանությունը փորձում է սոցիալական պաշտպանության համակարգ ստեղծելու և կիրառելու միջոցով հաղթահարել հասարակության մեջ տիրող գործազրկությունը և աղքատությունը: Որքան զարգանում և կատարելագործվում է ժողովրդավարությունը, այնքան ավելի թափանցիկ ու առաջադիմական է դառնում պետության և քաղաքացիների փոխհարաբերությունների բնույթը:
12. «Քաղաքական համակարգ» հասկացության բնորոշումը:
Ժամանակակից քաղաքագիտության կարևորագույն պրոբլեմներից մեկը հասարակության քաղաքական համակարգի ուսումնասիրությունն է: Հասարակության քաղաքական համակարգը քաղաքական ինստիտուտների, հարաբերությունների, գործընթացների, հասարակական քաղաքական կազմակերպությունների, սոցիալական տարբեր միավորումների կանոնակարգված ամբողջություն է, որի խնդիրն է պետական իշխանության օգտագործման միջոցով ապահովելու հասարակության կայունությունն ու որոշակի սոցիալական կարգը:
Քաղաքական համակարգը բաց համակարգ է, որը ենթարկվում է շրջապատից եկող բազում ազդեցությունների: Եթե այդ ազդեցությունը թույլ է, ապա քաղաքական համակարգը լավ տեղեկացված չլինելով, սխալ որոշումներ է կայացնում: Եթե ազդեցությունը ուժեղ է, համակարգը ընդունում է համապատասխան որոշում: Ազդեցությունը կարող է նաև չափազանց ուժեղ լինել, որը կարող է ապակողմնորոշել և ստիպել համակարգին սխալ որոշումներ ընդունել:
Քաղաքական համակարգը կազմավորվում է բազում ենթահամակարգերից, կառույցներից ու գործընթացներից, և փոխհարաբերության մնեջ է գտնվում այլ ենթահամակարգերի հետ, որոնցից կարևորներն են տնտեսական, սոցիալական, գաղափարական, մշակութային, իրավական ենթահամակարգերը:
Ժամանակակից քաղաքական գրականության մեջ առկա են քաղաքական համակարգի 20-ից ավել բնորոշումներ: Օրինակ Ամերիկացի քաղաքագետ Դ.Իստոնի մեկնաբանմամբ` քաղաքական համակարգը ունի մուտք, որի շնորհիվ արտաքին ազգակները պահանջարկի կամ առաջարկի ձևով թափանցում են համակարգ և ազդելով նրա վրա, նրան մղում են համապատասխան գործունեության: Համակարգը նաև ունի ելք, որի շնորհիվ նա քաղաքական որոշումների և գործողությունների իրականացման միջոցով իրագործում է իր գործունեությունը:
Մեկ այլ ամերիկացի քաղաքագետ` Հ.Ալմոնդը քաղաքական համակարգը բնորոշում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական փոխազդեցությունների և վարքագծերի բազմազանություն: Ցանկացած քաղաքական համակարգ ունի իր սեփական կառուցվածքը և բազմաֆունկցիոնալ է:
Հասարակության քաղաքական համակարգը հաճախ բնորոշվում է որպես պետական և հասարակական ինստիտուտների փոխկապակցությունների և փոխազդեցությունների ամբողջություն, որի շնորհիվ հասարակության մեջ իրականացվում է քաղաքական իշխանությունը:
13. Զանգվածային հաղորդակցության և լրատվության միջոցների դերը քաղաքական համակարգում:
Քաղաքական հաղորդակցությունը ընդգրկում է ամբողջ հասարակական կյանքը, այն ամենը, ինչն ազդում է քաղաքականության վրա: Ուստի ցանկացած հասարակության քաղաքական կյանքը անհնարին է առանց քաղաքական հաղորդակցության միջոցների օգտագործման:
Գոյություն ունի հաղորդակցության 3 հիմնական միջոց. ոչ ձևական կապերի միջոցներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների միջոցներ, զանգվածային լրատվության միջոցներ: Կան նաև այլ միջոցներ` հանրաքվե, ընտրություններ և այլն:
Քաղաքական հաղորդակցության գործընթացների էական կողմը քաղաքական լրատվության փոխանցումը, տեղադրումն ու շրջանառությունն է, ինչի շնորհիվ էլ հասարակության մեջ իրար հետ փոխազդեցության մեջ են մտնում անհատները, սոցիալական խմբերը, քաղաքական կուսակցությունները և այլն: Քաղաքական լրատվությունը իրենից ներկայացնում է գիտելիքների, վկայությունների, հաղորդումների, փաստերի և քաղաքական իրադարձությունների ամբողջական տեղեկատվական համակարգ: Նրա միջոցով փոխանցվում է քաղաքական փորձը, գիտելիքները, համակարգվում է մարդկանց ջանքերը, դրանք ուղղելով հիմնական նպատակի իրականացմանը:
Քաղաքական հաղորդակցության միջոցով հասարակությանը մատուցվում է քաղաքական հարցադրումների 3 հիմնական տեսակներ.
1. հրամանների, կարգադրությունների, համոզմունքների, գաղափարների փոխանցում,
2. տեղեկություններ, որոնք կարող են լինել և´հավաստի, և´ մտածածին,
3. փաստեր և վկայություններ:
Քաղաքական տեղեկատվությունը, որպեսզի արժեք ունենա, չպետք է լինի անանուն և անհասցե: Նպատակահարմար է այն ուղղել կոնկրետ հասցեատիրոջ` անհատների, սոցիալական խմբերի, կազմակերպությունների և այլն:
Քաղաքական կապի և հաղորդակցման միջոցների օգտագործման մեջ մեծ է զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) դերը: Անկախ այն բանից, թե ԶԼՄ-ները քաղաքական համակարգի որ ինստիտուտի կամ ենթահամակարգի տեսակետներն ու շահերն են արտահայտում, ում օրգանն են, պետական են թե կուսակցական, բոլոր դեպքերում նրանք մասնակից են դառնում իշխանության ձևավորման և կառավարման գործընթացներին, իրենց հրապարակումներով ակտիվ ազդելով նախընտրական գործընթացների, պետական մարմինների ընդունած որոշումների, դրանց իրականացման կամ չիրականացման պատճառների վերլուծության և մեկնաբանման վրա: Այդ է պատճառը, որ ԶԼՄ-ները համարվում են 4-րդ իշխանություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից հետո: ԶԼՄ-ները իշխանություն են դառնում այն ժամանակ, երբ կարողանում են ապահովել լայն զանգվածների, քաղաքական կազմակերպությունների հսկողությունը իշխանության մարմինների գործունեության վրա: Իսկ դա հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում:
14. ՀՀ քաղաքական համակարգի առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական կյանքը ձևավորվել է 20-րդ դարի 80-ական թվականների վերջին տեղի ունեցած խոշորամասշտաբ քաղաքական իրադարձությունների ազդեցության տակ, որոնք տեղի էին ունենում ինչպես ԽՍՀՄ-ի տարածքում, այնպես էլ Հայաստանում: ՀՀ քաղաքական կյանքի մասին լրիվ պատկերացման համար պետք է իմանալ, որ 1998-ի սկզբներից սկսած ազգային զարթոնքը, որը հայ ժողովրդին միավորել էր Արցախը Հայաստանին միավորելու պահանջատիրության հարցի շուրջը, որը չնայած արտաքնապես զուտ ազգային բնույթ ուներ, քանի որ հայ ժողովուրդը ձգտում էր վերականգնել իր ոտնահարաված իրավունքները, սակայն իր ներքին էությամբ այդ համազգային շարժման սուր ծայրը ուղղվել էր ԽՍՀՄի կոմունիստական վարչակարգի վարած քաղաքականության դեմ:
Հայաստանը գտնվում է անցումային փուլում և ձևավորման պրոցեսում են գտնվում ոչ միայն պետությունը, որպես քաղաքական համակարգի հիմնական միջուկ, այլև բոլոր այն ենթահամկարգերը, որոնցից ձևավորվում է ամբողջական համակարգը: Ինքնին հասկանալի է, որ ձևավորման, կայացման փուլում գտնվող ենթահամակարգերի միջև փոխադարձ կապերն ու փոխպայմանավորվածությունը նույնպես կայացած չեն և չեն կարող կատարել իրենց հիմնական ֆունկցիաները:
ՀՀ հասարակա-քաղաքական համակարգի բնույթը պայմանավորված է երկրում տիրող քաղաքական ռեժիմի բնույթով: Այս պարագայում, չնայած ՀՀ-ն բռնել է ժողովրդավարացման ուղին, այնուհանդերձ, չի կարելի միանշանակ բնորոշել, թե ինչ քաղաքական ռեժիմ է հաստատված Հայաստանում:
1990 թվկանի իշխանափոխության ժամանակ պաշտոնապես հայտարարվեց ամբողջատիրության վերացում և ժողովրդավարության հաստատում, սակայն արդյունքում, հաստատվեց մի քաղաքական իրավիճակ, որտեղ կարելի է հանդիպել բոլոր քաղաքական համակարգերին բնորոշ գծերը: 1990-ից սկսած Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժերը մի այնպիսի քաղաքականություն որդեգրեցին, որը ավելի շատ հիշեցնում էր ավտորիտարիզմի ռեժիմ: Պետական մարմինների գործունեության ոճը լիովին համապատասխանում էր ավտորիտարիզմի սկզբունքներին, ինչը ամբողջատիրությունից ժողովրդավարության անցման դեպքում անխուսափելի է:
Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքի առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանում կուսակցությունները որպես քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտ դեռ կայացած չեն: Այսինքն, պետք է արձանագրել, որ ժողովրդական քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ ընտրությունների ինստիտուտը նույնպես կայացած չէ: Իսկ Հայաստանի հասարակությունը չափազանց քաղաքականացված է և նույնքան էլ ապաքաղաքականացված է Հայաստանի ողջ բնակչությունը: Հասկանալի է, որ Հայաս- տանի Հանրապետությունում քաղաքական կյանքի կազմակերպումը ժողովրդական սկզբունքներով և նորմերով արմատապես վերափոխում է հասարակության ողջ քաղաքական համակարգը, խիստ կապված լինելով հասարակության քաղաքական համակարգի հետ, նրան զուգահեռ զարգանում և կատարելագործվում է նաև քաղաքացիական հասարակությունը: Այն ավելի ու ավելի է դառնում ինքնակառավարվող և ինքնազարգացող համակարգ, դառնալով պետության հակակշիռ, որում գործում են անկախ տնտեսական, ազգային, կրոնական և այլ կազմակերպություններ:
Քաղաքացիական կյանքի առանձնահատուկ պայմանը անհատի սոցիալական, մտավոր, հոգեբանական զարգացման բարձր մակարդակն է, նրա լրիվ ինքնուրույնությունը և ներքին ազատությունը, քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցության գիտակցումը:
15. Պետության ծագումը, բնույթը և հիմնական ֆունկցիաները:
Պետությունը սոցիալական երևույթների յուրահատուկ տեսակ է, որն ունեցել է իր զարգացման երկարատև պատմական ժամանակաշրջանը, և որպես այդպիսին, այն նաև պատմական երևույթ է: Պետությունը որպես սոցիալ-պատմական երևույթ ծագել և զարգացել է հասարակական երևույթների, հատկապես հասարակության, ծագմանն ու զարգացմանը զուգընթաց: Նախնադարում պետություն չի եղել, սակայն նախնադարում պետությանը բնորոշ տարրեր ու ֆունկցիաներ եղել են: Հենց համատեղ որսի, շրջապատից պաշտպանվելու կազմակերպումը, ցեղի առաջնորդին ենթարկվելը, որոշակի նորմերի հիման վրա համատեղ ապրելու երևույթը արդեն պետության տարրերի և ֆունկցիաների առկայություն ենհ ենթադրում: Հազարամյակների ընթացքում աստիճանաբար ձևավորվել է հասարակության կյանքի կազմակերպման ու կառավարման այնպիսի ամբողջական համակարգ, որին այսօր պետություն ենք կոչում: Հետևաբար պետությունը սկսել է ձևավորվել հասարակության ձևավորմանը զուգընթաց:
Գիտական գրականության մեջ պետության ծագման մասին տարբեր կոնցեպցիաներ կան: Այդ կոնցեպցիաներից որևէ մեկը չի կարող հավակնել վերջնական ճշմարտության, սակայն կարող է ընդունելի լինել, եթե խոսքը վերաբերում է պետության ծագման առանձին դեպքերի: Ճիշտ չէր լինի բոլոր պետությունների առաջացման համար միևնույն նախադրյալներն ու հիմքերն ընդունել: Բոլոր պետությունները միաժամանակ չեն առաջացել և մինչև օրս էլ ծագում ու ձևավորվում են նոր պետություններ: Պետությունների առաջացման և զարգացման գործում մեծ է աշխարաքաղաքական դիրքի և բնակլիմայական պայմանների գործոնի դերը: Աֆրիկայի ջունգլիներում դեռևս կան կիսավայրի ցեղեր, որոնք պետության մասին ոչ մի գաղափար չունեն: Նրանք բնությունից պատրաստի վերցնում են այն, ինչը անհրաժեշտ է գոյատևելու համար, հետևաբար անհրաժեշտություն չունեն ստեղծելու, արարելու, հայթայթելու, աշխատանքային գործունեություն զարգացնելու, ինչը կարևոր պայման է պետության առաջացման և զարգացման համար: Պետությունների առաջացման կարևորագույն պայման է նաև արտաքին գործոնը` այս կամ այն ցեղերի, ժողովուրդների կողմից մյուսներին նվաճելու հանգամանքը: Պատմությունից մեզ հայտնի են փաստեր, մի շարք պետությունների և ժաղավուրդների անհետացման (Բյուզանդիա, Ասորեստան, Հռոմի կայսրություն, Ամերիկայի բնիկ ցեղեր), և նոր պետությունների (Թուրքիա, Ամերիկայի մայրցամաքի պետություններ, Ռուսական կայսրություն և այլն) առաջացման մասին: Այլ ժողովուրդների և պետությունների նվաճման ճանապարհով պետությունների ձևավորման գործընթացը առավել ցայտուն դրսևորվել է ռազմաշունչ, բարբարոս և քոչվոր ցեղերի նստակյաց կյանքի անցնելու պրոցեսում:
Վերջին հարյուրամյակում ազգային ազատագրական պայքարի վերելքը ամբողջ աշխարհում հանգեցրեց գաղութատիրության փլուզման ու վերացման: Առաջացան տասնյակ նոր պետություններ: Պետությունն առաջացել է որպես հասարակության կյանքի կազմակերպման, նրա գոյության և հետագա զարգացման անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է եղել մարդկանց համատեղ ապրելու պահանջմունքից:Քաղաքական համակարգը
Պետությունը որոշակի տարածքում օրենքների կիրառմամբ հասարակության կառավարումը իրականացնող իշխանությամբ օժտված հաստատությունների և կազմակերպությունների ամբողջական համակարգ է : Պետության բնորոշ գծերն են.
1. որոշակի սահմաններով տարածք,
2. բնակչության առկայություն, որոնց համար պարտադիր են պետության ընդունած օրենքները:
3. օրենքների, իրավունքների, նորմերի համակարգի առկայությունը, նրանց կիրառման վրա հսկելու մենաշնորհ,
4. բանակի, անվտանգության պահպանության, հարկային տեսչության առկայությունը,
5. պետությունը հասարակության կառավարման հիմնական ինստիտուտն է:
Պետության ֆունկցիաները չեն սպառվում միայն հասարակական շերտերի միջև հարաբերությունների կարգավորմամբ և մասնավոր սեփականության պաշտպանությամբ: Պետությունը դրանից բացի այլ բազում ֆունկցիաներ ունի: Ընդունված է պետության ֆունկցիաները բաժանել 2 խմբի` ներքին և արտաքին: Ներքին ֆունկցիաները վերաբերում են քաղաքական, իրավական, կազմակերպչական, տնտեսական, սոցիալական, կրթական, կուլտուր-դաստիարակչական բնույթի խնդիրների իրականացմանը: Պետության արտաքին ֆունկցիան ընդգրկում է այնպիսի խնդիրների իրականացում, ինչպիսիք են երկրի սահմանների, տարածքի պաշտպանությունը արտաքին թշնամիներից, անհրաժեշտության դեպքում պատերազմական գործողությունների իրականացումը, միջպետական հարաբերությունների հաստատումը ևկապերի ամրապնդումը այլ երկրների հետ, արտաքին առևտրի իրականացումը, շուկաների ձեռքբերումը, այլ պետությունների հետ համատեղ ընդհանուր շահեր ենթադրող խնդիրն երի իրականացումը, տարբեր միությունների, կազմակերպությունների, բլոկների անդամակցությունը և այլն: Պետջությունը իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է դիվանագիտական կառույցների միջոցով:
16. Պետության կառուցվածքն ու կառավարման ձևը:
Պետության կառուցվածք ասելով հասկացվում է որոշակի սահմանափակ տարածքի ներսում պետության կազմակերպության ձևը, ներառելով վերից-վար իշխանության բոլոր մարմինները:
Մեր ժամանակներում հանդիպում ենք պետական կառուցվածքի հետևյալ տեսակներին:
1) Ունիտար (միասնական) պետություն: Այդպիսի պետություններին բնորոշ են միասնական ներկայացուցչական (պառլամենտ, ազգային ժողով և այլն), գործադիր և դատական իշխանության մարմինների առկայությունը: Այդ պետություններից են` Ֆրանսիան, Իտալիան, Հայաստանը, Դանիան, Շվեդիան, Լեհաստանը, Պորտուգալիան և այլն: Ունիտար պետության ողջ տարածքում գործում է մեկ սահմանադրություն: Այդպիսի պետություններում առկա է ազգային միատարրությունը: Օրինակ. Ֆրանսիայում, ֆրանսիացիները, Հայաստանում` հայերը, Լեհաստանում` Լեհերը և այլն: Այդ պետություններում ապրող այլ ազգերը չունեն ազգային ինքնավարություն: Օրինակ եզդիները, ռուսները` Հայաստանում, հայերը, ալժիրցիները` Ֆրանսիայում:
2) Ֆեդերատիվ (դաշնային) պետությունը մեկ ընդհանուր տարածքում, որոշակի իրավական և քաղաքական ինքնուրույնությամբ օժտված պետական կազմավորումների միություն է, որոնք կարող են լինել ինչպես հանրապետություններ, այնպես էլ տարածքներ, նահանգներ, մարզեր և այլն: Դաշնային պետության անդամները ունեն սեփական վարչական տարածքներ, իշխանության մարմիններ և դատական համակարգ: Դաշնային պետությանը բնորոշ է իշխանության երկու մակարդակ` կենտրոնական և հանրապետական, երկպալատանի պառլամենտ, երկակի իրավական համակարգ: Որոշ դաշնային պետություններում գործում է երկքաղաքացիության սկզբունքը: Այդպիսի պետության օրինակ են ԱՄՆ, ԳՖՀ, որոշ չափող Ռուսաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Հարավսլավիան և այլն:
3) Կոնֆեդերացիան – անկախ պետությունների իրավական միավորումն է, որի հիմնական նպատակն է միասնական ջանքերով լուծել քաղաքական, տնտեսական, պաշտպանական բնույթի խնդիրներ: Համաձայնեցված քաղաքականություն վարելու համար անկախ պետությունները ստեղծում են միասնական կառավարման մարմիններ, որոնք իրավասու են մշակելու անդամ երկրների շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն, պաշտպանության, տնտեսական բնույթի ծրագրեր և ընդունել դրանց իրականացման համապատասխան որոշումներ: Կոնֆեդերացիոն պետությունները չափազանց անկայուն և ժամանակավոր բնույթ ունեն: Օրինակ` Արաբական Միացյալ Հանրապետությունը, որի մեջ մտնում են Սիրիան և Եգիպտոսը, տևեց ընդամենը 3 տարի (1958-1961թթ.): Այսօր այդպիսի միություն կազմելու շեմին է Ռուսաստան – Բելառուս միությունը: Կոնֆեդերացիոն պետական կառուցվածք է հիշեցնում ԱՊՀ երկրների միությունը, եթե նրանց միջև ձեռք բերված համաձայնությունները իրականացվեն:
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԵՐԸ: Արդի ժամանակաշրջանում առավել հայտնի կառավարման համակարգերից են:
1. Միապետության կառավարման ձև (մոնարիփա), որի դեպքում պետության բարձրագույն իշխանությունը կենտրոնացված է պետության ղեկավարի` միապետի ձեռքում: Լինում են բացարձակ միապետություն և սահմանադրական միապետություն: Բացարձակ միապետության ժամանակ իշխանությունը փոխանցվում է ժառանգականության սկզբունքով: Արդի պայմաններում բացարձակ միապետություն գրեթե չի մնացել: Այն հիմնականում առկա է հետամնաց երկրներում` Սաուդյան Արաբիա, Կատար, Օման, Միացյալ Արաբական Էմիրություններ և այլն:
Միապետության մյուս ձևը սահմանադրական միապետությունն է, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ: Այստեղ օրենսդրությունը իրականացվում է ընտրված պառլամենտի միջոցով: Այդպիսի միապետություն են Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան և այլն: Այս պետություններում միապետը գրեթե ձևական բնույթ է կրում:
2. Այսօր առավել տարածված կառավարման ձև է հանրապետությունը: Հանրապետությունում ղեկավարը ընտրվում է ժողովրդի կողմից, կամ ժողովրդի ընտրած ներկայացուցչական մարմնի կողմից: Գոյություն ունի հանրապետական կառավարման համակարգի մի քանի տեսակ. ա) նախագահական հանրապետություն (օրինակ ԱՄՆ), որտեղ նախագահը համարվում է նաև կառավարության ղեկավար: բ) պառլամենտական համակարգ, որը նախագահական համակարգից տարբերվում է նախ և առաջ ընտրական մեկ համակարգի առկայությամբ, այսինքն միակ ընտրված իշխանության մարմինը պառլամենտն է, որը ներկայացնում է ժողովրդի մածամասնության շահերը: Գործադիր իշխանությունը կենտրոնացվում է երկրի վարչապետի ձեռքում: Զուտ պառլամենտական հանրապետություն են Իտալիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ֆինլանդիան և այլն: Պառլամենտական հանրապետություններից մեծամասնությունում կա նաև նախագահի պաշտոն, որը ընտրվում է ընտրությունների միջոցով:
Հասարակության զարգացման արդի փուլում առկա է նաև խառը` այսինքն նախագահական և պառլամենտական համատեղ գործող կառավարման համակարգ:
17. Իրավական պետության էությունն ու կառավարման առանձնահատկությունները:
Իրավական պետության տեսության հիմնադիրն է անգլիացի խոշորագույն փիլիսոփա Ջ.Լոկը: «Երկու տրակտատ կառավարման մասին» աշխատության մեջ նա շարադրում է իրավական պետության հիմնական սկզբունքները:
Իրավական պետության գաղափարի ճիշտ ըմբռնումը խստորեն կապված է օրենքի և իրավունքի փոխհարաբերության ճիշտ մեկնաբանությունից: Իրավական պետության հիմնական հատկանիշն է համարվում օրենքի գերակայությունը:
Իրավական պետության էությունը իշխանության վրա իրավունքի գերակայությունն է, իշխանության այն գործունեության սահմանափակումը, որն ուղղված է մարդկանց իրավունքների սահմանափակմանը: Իշխանությունը, քաղաքացիները և հասարակության բոլոր սուբյեկտները անպայմանորեն պետք է ենթարկվեն գործող իրավական սկզբունքներին: Իրավական պետությունը կարելի է բնորոշել որպես իշխանության վրա իրավունքի գերակայության իրականացում:
Իրավական պետության հիմնական առանձնահատկություններն են`
1. Պետական իշխանությունը իրականացվում է իրավունքի գերակայության հիմքի վրա:
2. Իշխանությունների բաժանումը` օրենսդիր, գործադիր և դատական, իրական բնույթ ունի:
3. Մարդու իրավունքների և ազատությունների իրական պաշտպանվածությունը:
4. Թույլատրվում է անել այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով:
5. Պետության և անհատի փոխադարձ պատասխանատվություն:
6. Օրենքների իրականացման վրա հսկողության արդյունավետ ձևերի առկայություն:
7. Օրենքների առջև բոլորի հավասարություն:
8. Պետությունն ինքն իրեն սահմանափակում է օրենքով, սահմանադրությամբ, որը շրջանցելու իրավունք չունի ոչ ոք:
9. Լրիվ երաշխավորված է մարդու պաշտպանությունը իշխանությունների կամայականություններից:
10. Քաղաքացիական հասարակության առկայություն, քաղաքացիների կայուն իրավական գիտակցություն, օրենքի նկատմամբ հարգանք բոլորի կողմից:
Իրավական պետությունը ժողովրդավարության բարձրագույն ձևն է: Իրավական պետությանը պետք է համապատասխանի իրավական հասարակություն, որտեղ պետությունը ծառայում է իր քաղաքացիներին:
18. Իշխանության ըմբռնումը, էությունն ու բովանդակությունը, և առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետությունում:
Քաղաքագիտությունը իշխանությունը ուսումնասիրում է որպես քաղաքական կազմակերպության ձև, ուշադրություն դարձնելով իշխանության գործառույթների առանձնահատկությունների վրա ընդհանրապես, և քաղաքական իշխանության իրականացման առանձնահատկությունների վրա, մասնավորապես:
Գիտական գրականության մեջ իշխանությանը տրվում է ամենատարբեր բնորոշումներ, խոշոր մտածողները քննարկելով իշխանության հարցը, տվել են տարբեր մեկնաբանություններ: Օրինակ ըստ Արիստոտելի` իշխանությունը մարդու բնույթի մեջ է, քանի որ մարդը կարող է ապրել միայն հասարակության մեջ, որտեղ առանց իշխելու և ենթարկվելու հասարակության կյանքի գոյությունը հնարավոր չէ: Իսկ Հոբսը գտնում էր, որ բոլոր մարդիկ ծնված օրվանից մինչև մահ անընդհատ ձգտում են հնարավորինս մեծ իշխանություն ունենալ, որովհետև դրանով է պայմանավորված մարդու հետագա բարեկեցությունը: Ըստ Նիցշեի`մարդու կյանքի իմաստը իշխանության ձգտումն է: Իսկ ըստ ժամանակակից մտածող Մ.Վեբերի` իշխանությունը այն բանի հնարավորությունն է, երբ մեկը հասարակական հարաբերությունների ներսում ի վիճակի է իրականացնել իր կամքը, չնայած դիմադրության և անկախ այն բանից, թե ինչի վրա է հենված այդպիսի հնարավորությունը: Իշխանությունը մարդուն նրա կամքից անկախ գործելու կամ չգործելու պարտադրանք է: Իշխանությունը դիտվում է նաև որպես տիրապետության և ազդեցության յուրահատուկ հարաբերություն, որպես պարտադրանք:
· Իշխանությունը 2 կողմերի` սուբյեկտի և օբյեկտի, փոխհարաբերությունն է:
· Իշխանությունը ենթադրում է պարտադրանք, առանց որի սուբյեկտը չի կարող օբյեկտին մղել իր ցանկությունների կատարմանը:
· Իշխանության բոլոր դրսևորումներում առկա են տիրապետության, հսկելու, ազդելու, ստիպելու, պարտադրելու տարրեր, ինչն էլ իշխանության օբյեկտին և սուբյեկտին դարձնում է հակադիր կողմեր:
Իշխանության սուբյեկտ կարող է լինել անհատը, պետական մարմինը, կազմակերպությունը, սոցիալական խումբը և այլն: Իշխանության սուբյեկտը պետք է օժտված լինի կազմակերպչական ձիրքով, որոշում կայացնելու կարողությամբ, լինի նպատակասլաց և խելացի: Իշխանության օբյեկտ կարող է լինել անհատը, մարդկանց սոցիալական խմբերը, երկրի բնակչությունը և հասարակությունը: Իշխանության օբյեկտի և սուբյեկտի միջև փոխհարաբերությունը կարող է դրսևորվել ինչպես նրանց միջև դաժան պայքարի, այնպես էլ օբյեկտի կողմից կամավոր ենթարկվելու ձևերով: Այն ամենը, ինչի շնորհիվ իշխանության սուբյեկտը կարողանում է ազդել իշխանության օբյեկտի վրա, կարելի է անվանել իշխանության իրականացման հնարավորություններ:
Նշենք Հայաստանի Հանրապետության իշխանական հարաբերությունների մի քանի առանձնահատկություններ.
· ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները դեռ չեն հաստատվել հասարակության մեջ և զուտ ձևական բնույթ են կրում:
· Քաղաքական համակարգի շատ կառույցներ դեռևս կայացած չեն, ձևական բնույթ է կրում նաև կուսակցական համակարգի կայացումը:
· Պետությունն ու իշխանությունները օտարված են ժողովրդից:
· Ցածր է հասարակության քաղաքական գիտակցության աստիճանը:
· Իշխանության բնույթը համապատասխանում է չկայացած քաղաքական համակարգի բնույթին, հայտարարված է ժողովրդավարություն, հաստատվ ած է ավտորիտարիզմ, օգտագործվ ում է ամբողջատիրության իշխանության և կառավարման ձևավորման սկզբունքներ, թալանը արդարացվում է շուկայական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությամբ:
· Անպատժելիությունը դարձել է իշխանության մտածելակերպը, դիրքի չարաշահումը` գործելակերպ, հարստանալը` հիմնական նպատակ:
Այլ կերպ ասած ՀՀ իշխանություններին բնորոշ է այն բացասական դրսևորումները, ինչը սովորաբար բնորոշ է լինում անցման շրջանի իշխանություններին:
19. Քաղաքական Իշխանության ծագումը, տեսակները և Իշխանության լեգիտիմությունը:
Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռ, որպես մարդկանց համատեղ ապրելու, որպես մարդկային համակեցությունն ապահովող անհրաժեշտ սոցիալական փոխհարաբերություն և սոցիալական այլ երևույթների նման անցել է զարգացման երկարատև ճանապարհ: Այն իր զարգացման ու կատարելագործման որոշակի աստիճանում ծնունդ է տվել քաղաքական իշխանության առաջացմանը: Քաղաքական իշխանությունը ծագել ու ձևավորվել է հասարակության զարգացման միայն որոշակի աստիճանից սկսած, այսինքն քաղաքական իշխանությունը ծագել ու ձևավորվել է պետության ծագման և ձևավորման հետ զուգընթաց: Իշխանության դրսևորման առավել վաղ ձևը նվաճողական բնույթ է ունեցել և հիմնականում ուղղված էր հարևան տոհմերի, ցողերի դեմ նրանց ունեցվածքը, տարածքները զավթելու և հարստանալու նպատակով: Հասարակության զարգացման հետագա փուլում տեղի է ունենում տոհմի ունեցվածքի բաշխման սկզբունքի փոփոխություն, որը իր հետ բերում է սոցիալական անհավասարություն: Տոհմի առաջնորդը ստանում է համայնքի ունեցվածքը բաշխելու իրավունք, բնականաբար նա իշխում է բոլորին և ապահովված է լինում ամեն ինչով: Այդ ժամանակ արդեն հանդիպում ենք պետության ֆունկցիաներ իրականացնող որոշակի կառույցների առկայությանը և ի հայտ են գալիս քաղաքական իշխանության որոշ տարրեր: Վաղ պետության առաջացման առանձնահատկություններից մեկը այն է, որ գոյություն ունեն մեծաքանակ հպատակներ, տարբեր էթնիկական խմբեր, հսկայածավալ տարածքներ և իշխանություն իրականացնող վարչական ապարատ` իր միանձնյա ղեկավարով: Հասարակության զարգացման հաջորդ փուլում արդեն առաջանում է միապետություն, որտեղ իշխանության սուբյեկտը բացարձակ միապետն է, բոլոր մնացյալները նրա համար հանդիսանում են իշխանության օբյեկտ: Միապետի և նրանից ներքև գտնվող իշխանավորների գործունեությունը կանոնակարգվում է օրենսդրորեն, որն էլ հենց քաղաքական իշխանության դրսևորման ձև է:
Քաղաքական իշխանության տեսակներ են` տնտեսական, սոցիալական, քաղաքական, գաղափարական, հոգևոր իշխանությունները:
1. Տնտեսական իշխանություն նշանակում է տնտեսական միջոցների վրա հսկողություն, տարբեր տեսակի նյութական արժեքների սեփականություն և այլն:
2. Սոցիալական իշխանությունը կապված է հասարակության կառուցվածքում կարգավիճակների, պաշտոնների, արտոնությունների բաշխման հետ:
3. Քաղաքական իշխանությունը օրենսդրորեն կարգավորված գործընթաց է, որն իրականացվում է ընդհանուրի շահերի անունից, հասարակաուէյան կյանքը կազմակերպելու համար:
4. Գաղափարական իշխանության խնդիրն է զանգվածների գիտակցության վրա ազդելով ապահովել ժողովրդի, ազգի կամ դասակարգի շահերի համապատասխան կառավարման իրականյացում:
5. Հոգևոր-տեղեկատվական իշխանությունը մարդկանց վրա իշխանություն է իրականացնում գիտական գիտելիքների, լրատվության օգնությամբ:
Քաղաքական իշխանությունը կարող է դասակարգվել նաև ըստ իշխանության մարմինների գործառույթների` օրենսդրական, գործադիր, դատական, ինչպես նաև ըստ ազդեցության միջոցների` դեմոկրատական, միապետական և այլն:
Քաղաքական իշխանության յուրահատուկ ձևը պետական իշխանությունն է:
Քաղաքակիրթ հասարակության մեջ իշխանությունը պետք է օժտված լինի լեգիտիմությամբ (օրինականությամբ): Լեգիտիմ իշխանությունը բնորոշվում է որպես օրինական և արդարացի իշխանություն: Իշխանության լեգիտիմությունը կապված է բնակչության ճնշող մեծամասնության կողմից այն բանին հավատալու հետ, որ գոյություն ունեցող կարգերը տվյալ երկրի համար ամենալավն է: Մաքս Վեբերը առանձնացնում է օրինական (լեգիտիմ) իշխանության 3 հիմնական ձևեր.
1. Ավանդական օրինական իշխանություն, որը ծագել է իշխանությանը ենթարկվելու սովորույթի, դարերով գոյություն ունեցող կարգերին անվերապահորեն ենթարկվելու ավանդույթի շնորհիվ: Ավանդական լեգիտիմությունը հենվում է իշխանավորներին անվերապահորեն ենթարկվելու սովորույթի վրա: Ավանդական լեգիտիմ իշպանությունը աչքի է ընկնում կայունությամբ:
2. Ռացիոնալ (բանական) օրինական իշխանություն, որը հենվում է այն ենթադրության վրա, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգը, իշխանության ատրիբուտները և կառավարման ձևը օրինական են հենց նրա համար, որ համապատասխանում են ընդհանուրի կողմից ընդունված իրավական նորմերին: Այս տիպի լեգիտիմ իշխանության առավել զարգացած ձևը սահմանադրական պետությունն է:
3. Խորիզմատիկ (հեղինակության) լեգիտիմություն: Լեգիտիմ իշխանության այս ձևը մյուսներից տարբերվում է նրանով, որ հենվում է առաջնորդի առանձնահատուկ անհատական հատկանիշների նկատմամբ զանգվածների կույր հավատի վրա: Խորիզմատիկ իշխանությունը բավականին անկայուն է նախորդ լեգիտիմ իշխանությունների հետ համեմատած և հիմնականում պայմանավորված է իշխանության սուբյեկտի անհատական հատկանիշներով: Իշխանության այս ձևը շատ հաճախ նաստատվում է հեղափոխական փոփոխությունների ժամանակ:
Որպեսզի իշխանությունը համարվի օրինական, այն պետք է համապատասխանի ընդհանուրի կողմից ընդունված բարոյական և իրավական նորմերին: Հաճախ իշխանության օրինականության հարցը կասկածի տակ է դրվում հենց այն պատճառով, որ իշխանության կրողներն են խախտում ընդունված բարոյական և իրավական նորմերը, ասենք, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, հովանավորչություն և այլն:
20. Իշխանությունների բաժանման սկզբունքները
Իշխանությունների բաժանումը իրավաքաղաքական ուսմունքների և սահմանադրական սկզբունքների հիման վրա ժողովրդավարական պետության իշխանության կազմակերպման ձև է: Իշխանությունների բաժանման գաղափարը ծագել է վաղուց` այն ժամանակ, երբ հասարակության անդամները սկսել են գիտակցել, որ իշխանության կենտրոնացումը մեկի ձեռքին շատ վտանգավոր է: Իշխանությունների բաժանման տեսությունը իր հիմնավորումն ստացավ Ջոն Լոկի և Շարլ Մոնտեսքյոյի աշխատություններում: Այս 2 մտածողները ապրելով և գործելով Եվրոպայում ժողովրդավարության սկզբնական փուլում նկատել են, որ երբ իշխանությունը կենտրոնացված էր մեկի կամ մի արտոնյալ խմբի ձեռքում, ազատություն, արդարություն և ժողովրդավարություն լինել չի կարող: Արդարություն և ազատություն լինել չի կարող այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները կենտրոնացված են մեկի կամ մի խմբի ձեռքում: Այդ պարագայում իշխանության հիմնական խնդիրն է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել իշխանությունը, որը տիրապետողների ձեռքում դառնում է հիմնական միջոց իրենց կամքը հասարակությանը պարտադրելու և իրենց իշխանության գոյությունը պահպանելու համար:
Իշխանությունների բաժանման սկզբունքի կիրառումը հնարավոր է դառնում միայն հասարակության զարգացման որոշակի աստիճանից սկսած: Իշխանությունների բաժանումը տարբեր ճյուղերի դառնում է հասարակության զարգացման, ժողովրդավարության հաստատման, մարդկային իրավունքների և ազատություններիկ պաշտպանության հիմնական երաշխիքներից մեկը: Քանի որ առանց այդ բաժանման իշխանությունը միշտ էլ կմնա որպես մեկ արտոնյալ խմբի ձեռքում կենտրոնացված պարտադրանքի միջոց և չի ծառայի ամբողջ հասարակությանը: Այլ կերպ ասած իշխանության բաժանումը իրականություն է դառնում սկսած այն պահից, երբ այն վերածվում է հասարակական պահանջմունքի:
Իշխանության բաժանման հիմնական խնդիրը իշխանության ձևավորման այնպիսի սկզբունքի իրականացումն է, որի շնորհիվ հնարավոր է դառնում իշխանություն ունենալու մենաշնորհից զրկել մեկին կամ արտոնյալ խմբին և իշխանության հիմնական իրավասու դարձնել ամբողջ ժողովրդին: Այսպիսով առաջանում է իշխանության ձևավորման այլ սկզբունքների կիրառման անհրաժեշտություն: Արմատապես փոխվում են իշխանությունների ձևավորման օրենսդրական հիմքերը, սահմանադրորեն որոշվում են իշխանությունների իրավասության և լիազորությունների, իրավունքների և պարտականությունների շրջանակները, սահմանվում է նրանց փոխհարաբերությունների սկզբունքները: Իսկ այդ բոլորը այլ բան չէ, քան հասարակության քաղաքական համակարգի արմատական վերափոխում: Իշխանությունը կարող է անկախ լինել և հասարակությանը ծառայել այն ժամանակ, երբ այն ձևավորվում է ժողովրդի կողմից և ժողովուրդը պարտավորված չէ ենթարկվել գերագույն իշխանավորի կամքին, ինչը հնարավոր է դառնում միայն համաժողովրդական ընտրությունների անցկացման միջոցով: Իսկ դա նշանակում է, որ հասարակության քաղաքական համակարգում առաջանում է մի շարք կարևոր քաղաքական և իրավական կառույցների ստեղծման անհրաժեշտություն:
21. Ժողովրդավարության դրսևորման հիմնական ձևերը
17-18-դարերից ծնունդ առած արդի ժողովրդավարությունը իր կայացման ընթացքում ենթարկվել է բազում փորձությունների, հարմարվելով տվյալ հասարակության զարգացման մակարդակին, նրանում հաստատված և իշխող ավանդույթներին, բարքերին ու հոգեբանությանը: Դրանք պատճառ են դարձել, որ տարբեր երկրներում ժողովրդավարությունը իր առանձնահատուկ դրսևորումներն ունենա, ինչպես բովանդակային, այնպես էլ ժամանակային առումով:
Կարելի է առանձնացնել ժողովրդավարության դրսևորման հետևյալ հիմնական ձևերը.
1. Լիբերալ-բուրժուական,
2. Լիբերալ-ժողովրդավարություն,
3. Ժողովրդավարություն:
Լիբերալիզմը պետության և հասարակության նկատմամբ անհատի իրավունքների և ազատությունների գերակայությունն ընդունող գաղափարախոսություն է: Այն ծագեց որպես հասարակության զարգացման անհրաժեշտ արդյունք 17-րդ դարի վերջերին: Գոյություն ունեցող ֆեոդալական կարգերի ընդերքում ձևավորվել էր ունևորների, գործարարների մի խավ, որը սակայն զրկված էր ազատ գործելու, քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից: 17-18 դարերի բուրժուական հեղափոխությունների հիմնական նպատակը այդ ազատության և իրավունքի ձեռքբերումն էր: 1688թ.-ին Անգլիայում տեղի ունեցավ բուրժուազիայի ազատությունների ձեռքբերում: Բուրժուաները համաձայնության գալով արիստոկրատիայի հետ համատեղ իշխանություն կազմեցին: Այդպես ծնվեց Սահմանադրական միապետությունը Անգլիայում, որի ակնառու գաղափարախոսն էր Ջոն Լոկը: Այսպիսով առաջացավ լիբերալիզմը, որպես փոքրամասնության, անհատի և ամենից առաջ ունևոր դասի շահերը արտահայտող գաղափարախոսություն ի հակակշիռ ժողովրդավարության:
Լիբերալիզմի և ժողովրդավարության փոխհարաբերությունների և փոխադարձ կապերի հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը երկուսի համար էլ հիմնարար արժեքներից են: Ժողովրդավարությունը ելնում է այն սկզբունքից, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ և հավասար: Իսկ լիբերալիզմը նախ չի ընդունում հավասարության գաղափարը և ազատությունը վերապահում է նրանց, ովքեր կարող են այդ ազատություններից օգտվել: Լիբերալ ժողովրդավարությունը այսօր աշխարհում տարածվող դեմոկրատական պետության ձևերից մեկն է, որը կառուցվում է ընդհանուր լիբերալ-ժողովրդավարական սկզբունքների և արժեքների համակարգի վրա: Լիբերալ ժողովրդավարությունը 2 հակադիր մոտեցումների միջև եղած հակասությունների հաշտեցման փորձ է: Լիբերալ ժողովրդավարությունը դեռևս շարունակվող գործընթաց է: Սակայն ժամանակակից բոլոր ժողովրդավարական պետություններում արմատավորվել են լիբերալ-ժողովրդավարական այն հիմնական սկզբունքները, որոնք թույլ են տվել հասարակական և անհատական հիմնական արժեքների, շահերի ներդաշնակման վերաբերյալ ներքին համաձայնության հասնել:
22. Ժողովրդավարության էությունը և զարգացման պատմական փուլերը
Ժողովրդավարությունը որոշակի սկզբունքների և նորմերի հիման վրա հասարակության կառավարումը իրականացնող իշխանության ձև է: Ժողովրդավարությունը քաղաքական կամ սոցիալական համակարգ է, որը իր առջև խնդիր է դրել հնարավորինս մեղմելու հասարակության մեջ եղած սոցիալական և տնտեսական հակասություններն ու տարբերությունները: Ժողովրդավարությունը փոքրամասնության իրավունքները հարգող մեծամասնության իշխանություն է:
«Ժողովրդավարություն» արտահայտությունը վերցված է հունարեն demos-ժողովուրդ և crates-իշխանություն բառերի համակցությունից, ինչի համար էլ այն, բառացի թարգմանությունից ելնելով, բնորոշվում է որպես ժողովրդի իշխանություն:
Ժողովրդավարությունը ծնունդ է առել Աթենական քաղաք-պետությունում մ.թ.ա. V դարում և համարվում է պետական կառուցվածքի հնագույն ձևերից մեկը:
Ժողովրդավարությունը արդյունք էր հին աշխարհի 2 խավերի`ժողովրդի և արիստոկրատիայի անզիջում պայքարի, որի ընթացքում ժողովուրդը ձեռք բերեց քաղաքական կյանքին մասնակցելու և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունք: Արդյունքում` հասարակությունը կառավարում էին ոչ թե մեկը, կամ խումբը, այլ բոլոր քաղաքացիները: Աթենական պետության մեջ կենտրոնական քաղաքական ինստիտուտը քաղաքացիների ժողովն էր, որին մասնակցում էին 5-6 հազար ազատ քաղաքացիներ, միայն տղամարդիկ: Կառավարության համակարգում պաշտոնները բաշխվում էին վիճակահանության սկզբունքով, քանզի բոլոր քաղաքացիները, որոնք մասնակցում էին ժողովին, կարող էին պաշտոններ զբաղեցնել: Սակայն Աթենական պետության մեջ 400.000 բնակչությունից միայն 40.000-ն էր համարվում լիիրավ քաղաքացի և միայն նրանք իրավունք ունեին մասնակցելու քաղաքական կյանքին և ժողովին: Կանայք, եկվորները և ստրուկները այդ իրավունը չունեին: Այդպիսին էր ժողովրդավարությունը իր սկզբնական շրջանում: Հետագայում աթենական պետությունում ժողովրդավարությունը վերաճեց ամբոխավարության, որի առանձնահատուկ գիծը օրենքներին չենթարկվելն էր, ինչը ծնունդ տվեց անարխիզմին և վարկաբեկեց ժողովրդավարությունը: Աթենական ժողովրդավարությունը տևեց 200 տարի: Ֆեոդալական հարաբերությունների, միապետության հաստատումով Ժողովրդավարությունը երկար ժամանակով անցավ պատմության գիրկը: 17-18 դարերի հեղափոխությունների, հատկապես ֆրանսիական 1789թ. մեծ հեղափոխությունից հետո, որը առաջ քաշելով ազատության, հավասարության և եղբայրության կարգախոսը սկիզբ դրվեց ժողովրդավարության սկզբունքների վերածնունդի:
Եվրոպայում տիրող քաղաքական զարգացումները դրական նշանակություն ունեցան նոր ձևավորված ԱՄՆ-ի համար: 1775-1783թթ. անկախության համար մղած պատերազմի ընթացքում գաղութները իրենց Անգլիայից անկախ հռչակեցին: 1787թ. ընդունված ԱՄՆ Սահմանադրությունը դարձավ ազատական (լիբերալ) գաղափարների և ժողովրդավարական սկզբունքների համաձայնեցման երաշխավորը:ԱՄՆ-ն համարվում է լիբերալ- ժողովրդական հասարակության օրինակ: Ամերիկյան ժողովրդավարությանը բնբորոշ ազատականության էական պատճառներից էին ամերիկյան ժողովրդի սովորույթները, բարքերը և հավատը, որոնք նրանց դարձնում էին միաժամանակ և´ հավատացյալ, և´ ազատամիտ:
Եվրոպայում ժողովրդավարության զարգացումը կապված էր համընդհանուր ընտրական իրավունքի պահանջի հետ, որի ջատագովը և պայքարի առաջնամարտիկ էր դարձել արևմտաեվրոպական բանվոր դասակարգը: 20-րդ դարի սկզբին նա հասվ իր նպատակին, ձեռք բերելով համընդհանուր ընտրելու իրավունք: Այս պարագայում էականորեն փոխվում է ժողովրդավարության էությունը:
Ժողովրդավարությունը դառնում է ժողովրդի իշխանության և համաձայնության մի համակարգ, որտեղ քաղաքացիները որոշումների մշակմանն ու ընդունմանը մասնակցում են ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված, իրենց ներկայացուցիչների միջոցով, որտեղ ոորոշումները ընդունում են ձայների մեծամասնությամբ, հաշվի առնելով փոքրամասնության կարծիքը: Այդպիսի ժողովրդավարությունը անվանվում է սահմանադրական:
Ժամանակակից ժողովրդավարությանը բնորոշ են մի շարք առանձնահատուկ գծեր և յուրահատկություններ:
Նախ, ժողովրդավարությունը կառուցվում է ազատության և հավասարության նոր ընբռնման վրա, որը վերաբերվում է պետության բոլոր քաղաքացիներն:
Երկրորդ, քաղաքացիները պետության կառավարման մարմինների գործունեությանը մասնակցում են իրենց ընտրած ներկայացուցիչների միջոցով:
Երրորդ, ժողովրդավարության ներկայացուցչական ձևի զարգացումը պայմանավորված է հասարակության քաղաքացիների բազմաբնույթ շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Ժողովուրդը իր ներկայացուցիչների միջոցով իրագործելի է դարձնում իր շահերի, ազատությունների և իրավունքների պաշտպանությունը:
Չորրորդ. Ժամանակակից լիբերալ-ժողովրդական պետությունները իրարից շատ բաներով տարբերվում են, սակայն բոլորի համար ընդունելի են լիբերալ-ժողովրդավարության այնպիսի արժեքներ ու սկզբունքներ, ինչպիսիք են քաղաքացիների իրավահավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, իշխանության հիմնական մարմինների ընտրովի լինելը:
Հինգերորդ. ազատական (լիբերալ) ժողովրդավարությունը դիտվում է որպես շարունակվող գործընթաց, որն սկիզբ է առել Անգլիայի և ԱՄՆ-ի վաղ սահմանադրական շրջանից, շարունակվում է հաստատվել որպես հասարակական կյանքի ժողովրդավարացման հիմնական երաշխիք և միտված է տարածվելու ամբողջ աշխարհում:
23. Ժողովրդավարության հաստատման առանձնահատկությունները ՀՀ-ում
Ժողովրդավարությունը լինելով իշխանության ձև, քաղաքական համակարգ, պետական կառուցվածքի լավագույն ձև, դրանով իսկ դառնում է քաղաքական մշակույթի բարձրագույն արժեք: Սակայն ՀՀ-ում, ինչպես նաև սովետական մյուս պետություններում, նախորդ վարչակարգը (ՍՍՀՄ) ժողովրդական լայն զանգվածներին միշտ հեռու էր պահել քաղաքական կյանքին մասնակցելուց, որը պատճառ էր դարձել այն բանի, որ մեր ժողովուրդը չուներ քաղաքական այն կուլտուրան, որ կարողանար օգտվել ժողովրդավարության արժեքներից: Ժողովուրդը խեղաթյուրված պատկերացում ուներ ժողովրդավարության վերաբերյալ: Հետևաբար 1990թ.ին հայ ժողովուրդը ժողովրդավարության հաստատման համար չէր, որ ակտիվորեն մասնակցում էր նոր իշխանությունների ձևավորման գործընթացին: Քանզի ժողովուրդը չէր կարող պայքարել մի բանի համար, ինչին ծանոթ չէր: Սակայն այդ ժամանակ ժողովուրդը ակտիվորեն մասնակցելով ընտրություններին, հենց ինքը ձևավորեց իշխանությունը, որով և Հայաստանում սկիզբ դրվեց ժողովրդավարության: Բայց Հայաստանում իրադարձությունները զարգացան լրիվ հակառակ ուղղությամբ, որի հետևանքով ժողովրդավարության սաղմերն անգամ ոչնչացվեցին, փոխարենը փորձելով հաստատել սանձարձակ լիբերալիզմի գաղափարները:
Այսպես, ընտրված պատգամավորների մեծամասնությունը ժողովրդից լիազորություններ ստանալով, հրաժարվեցին նրան պատասխանատու լինել և նրա իրավունքներն ու շահերը պաշտպանել: Քաղաքական խաղերից անտեղյակ ժողովրդի ջանքերով իշխանության գլուխ եկած քաղաքական ուժը ժողովրդի կամքի փոխարեն իր կամքը բարձրացրեց օրենքի աստիճանի և այն պարտադրեց ժողովրդին: Իսկ դա արդեն բռնապետության բնորոշ գիծ էր: Քայլ առ քայլ ժողովուրդը մեկուսացվեց, օտարվեց իշխանություններից: 1995թ.ազգային ժողովի և 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները դիմեցին բացահայտ կեղծիքի, որով սկիզբ դրվեց ոչ ժողովրդավարական սկզբունքներով իշխանությունների ձևավորման գործընթացին: Հայաստանում սկիզբ դրվեց պաշտոնական բռնապետության, իսկ սահմանադրությամբ օրինականացվեց այդ բռնապետությունը: Այս շրջադարձը վերջնականապես պատռեց պատմուճան հագած քաղաքական ուժի դեմքը: 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ տիրող վարչակարգը անգամ ժողովրդի վրա կրակելով ապահովեցին իշխանության բռնազավթումը: Նախագահական պաշտոնը զավթելուց հետո Հայաստանում ավարտվեց բռնապետության հաստատման գործընթացը: Ահա այսպես, դեռևս բարուրում ժողովրդավարությունը Հայաստանում խեղդամահ արվեց:
Քաղաքական այդպիսի շրջադարձերի արդյունքում Հայաստանի իշխանությունները անընդունելի դարձան, մեկուսացվեցին ոչ միայն սեփական ժողովրդից, այլ միջազգային ասպարեզում իրենց իսկ հովանավորող քաղաքական ուժերից նույնպես: 1998թ. տեղի ունեցավ ՀՀՇ-ական իշխանության անփառունակ հրաժարականը: Թվում էր, որ դրանով դրական փոփոխություններ կլինեն երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Սակայն դա տեղի չունեցավ, քանզի փոխվել էր ոչ թե իշխանությունը, այլ ընդամենը մի քանի իշխանավորներ: Ժողովուրդը միշտ էլ լավատես է, և այդ փոփոխություններից դրական ակնկալիքներ և հույսեր ուներ: Բայց նա այս անգամ էլ հուսախաբ եղավ:
1999թվականի Ազգային ժողովի ընտրությունները նախորդի նման զերծ չմնաց կեղծիքներից և ընտրակաշառքներից: Այդ ընտրությունների արդյունքում ձայների բացարձակ մեծամասնություն ստացած «Միասնություն» դաշինքի առաջնորդները որդեգրեցին մի քաղաքականություն, որը կարող էր արմատապես փոխել հասարակական կյանքը: Հասարակությունը պատրաստվում էր հաջորդ քայլը կատարել քաղաքական համակարգի ժողովրդավարացման գործում: Հենց այդ ժամանակ արդեն վստահություն ձեռք բերելու ճանապարհին գտնվող Վ.Սարգսյանը և Կ.Դեմիրճյանը, ովքեր մեծ ծրագրեր ունեին կապված երկիրը մղձավանջից դուրս բերելու հետ, գնդակահարվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նրանց հետ վիրավորվեցին և զոհվեցին մի շարք պատգամավորներ: Ցավալին այն է, որ այդ ոճիրը կազմակերպող և իրականացնողներից որոշ մարդիկ անպատիժ մնալով, դեռևս գտնվում են իշխանության տարբեր մարմիններում և ազատորեն գործում են ի վնաս ժողովրդի և պետության:
ՀՀ-ում այսպիսի առանձնահատուկ պայմաններում էլ իրականացվում է ժողովրդավարության հաստատման գործընթացը:
24. Քաղաքական կուսակցության ըմբռնումը, էությունը և հիմնական ֆունկցիաները:
Ժամանակակից հասարակության քաղաքական կյանքը բարդ, հակասական և բազմազան է: Հասարակությունը բաժանված է տարաբնույթ շահեր ու պահանջմունքներ, ընդունակություններ ու հնարավորություններ ունեցող անհատների, սոցիալական խմբերի, խավերի, դասակարգերի և այլն:
Հասարակության զարգացման որոշակի աստիճանից սկսած մարդիկ սկսում են գիտակցել, որ իրենց շահերի, իրավունքների և ազատությունների համար առանձին, առանձին, առանց կազմակերպված պայքարի ոչ մի արդյունքի հասնել չեն կարող և սկսում են գիտակցել իրենց ջանքերը միավորելու և ընդհանուր հակառակորդի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: Հենց այդ ժամանակ էլ առաջացել է կուսակցություններ ստեղծելու գաղափարը:
Ժամանակակից կուսակցությունների մեծ մասը ձևավորվել են միանգամից որպես զանգվածային կուսակցություններ: Նշենք նաև, որ զանգվածային կուսակցությունները հիմնականում սկսեցին առաջանալ հասարակության ժողովրդավարացմանը զուգընթաց, իսկ ազատ գործելու հնարավորություն ստացան միայն ժողովրդավարական այն պետություններում, որտեղ սահմանադրության մեջ հստակ հոդված ընդունվեց կուսակցությունների մասին:
Զանգվածային կուսակցությունների առաջացման կարևորագույն նախապայմաններից էր համընդհանուր ընտրական իրավունքի ընդունումը: Այս պարագայում առանց լայն ընտրազանգվածի աջակցության իշխանության նվաճումը դառնում է անհնար: Դրա համար էլ փոքրաթիվ քաղաքական կուսակցությունները ստիպված էին փոխել իրենց գործունեության բնույթը և առաջ քաշել այնպիսի ծրագրային դրույթներ, որոնք արտահայտեին բնակչության առավել մեծ մասի համընդհանուր շահերը, որպեսզի արժանանաին նրանց աջակցությանն ու նվաճեին քաղաքական իշխանությունը: Այդպիսով զանգվածային կուսակցությունները վերափոխվեցին քաղաքական կուսակցությունների: Քաղաքական կուսակցությունները առաջացել են 19-րդ դարում: Քաղաքական կուսակցությունները հասարակության քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտներից են: Որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցներ, քաղաքական կուսակցությունները արդյունք են հասարակության ժողովրդավարացման: Ժողովրդավարության կարևորագույն գծերից մեկը բազմակուսակցական համակարգի առկայությունն է, որի միջոցով հնարավոր է լինում ավելի լավ կազմակերպել քաղաքական ինստիտուտների փոխհարաբերություններն ու արդյունավետ գործունեությունը:
Քաղաքական կուսակցությունների գործունեության կարևորագույն ուղղություններից է բնակչության քաղաքական գիտակցության ձևավորումն ու նրանց քաղաքէական գործընթացներին մասնակից դարձնելը:
Քաղաքական կուսակցությունը գաղափարակիցների, համախոհների, կամ միևնույնշահերն ունեցող մարդկանց կազմակերպված խումբ է, որն իր առջև նպատակ է դնում հասարակության շահերն ու պահանջմունքները իրականացնել պետական իշխանության նվաճման ճանապարհով:
Քաղաքական կուսակցությունները կատարում են մի շարք ֆունկցիաներ.
1. Քաղաքական կուսակցությունների համար ամենահիմնականը իշխանության նվաճման կամ այն պաշտպանելու հարցն է:
2. Քաղաքական կուսակցությունների կարևորագույն խնդիրներից մեկը քաղաքացիների, սոցիալական խմբերի բազում առանձնացված, մասնավոր շահերը նրանց ընդհանրական, միասնական քաղաքական շահերի վերածելն է:
3. Մշակելով կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագիրը, սահմանելով իր քաղաքական նպատակները և որոշելով իր հիմնական ռազմավարությունը քաղաքական կուսակցությունը ձգտում է դրանք մատչելի դարձնել քաղաքացիներին և համոզել նրանց, որ դրանց իրականացումը հնարավոր է և համապատասխանում է նրանց շահերին:
4. Քաղաքական կուսակցությունները, լինելով որոշակի սոցիալական խմբի, խավի, դասակարգի և այլ տեսակի մարդկային հանրույթների շահերի արտահայտիչներ, դրանով իսկ հասարակական շահերի արտահայտիչներ են դառնում: Ժամանակակից քաղաքական կուսակցությունները, անկախ նրանց բնույթից, սովորաբար, փորձում են քաղաքացիներին ներկայանալ որպես նրանց բոլորի շահերի արտահայտիչներ, սակայն նրանց քաղաքական վարքի և գործունեության դրսևորման ժամանակ է երևում, թե նրանք իրականում ովքեր են, ինչ նպատակներ են հետապնդում և ինչու են քողարկում իրենց իրական դեմքը:
5. Քաղաքական կուսակցությունների գործունեության կարևոր ուղղություններից է բնակչության քաղաքական գիտակցության ձևավորումը, նրանց արմատական շահերի պաշտպանության և իշխանության նվաճման համար քաղաքացիների համախմբումն ու ակտիվացումը:
6. Նախընտրական գործընթացների կազմակերպումը, ընտրություններին նախապատրաստվելն ու անցկացումը, իրենց թեկնածուների առաջադրումը և ընտրություններում նրանց հաղթանակի ապահովումը, իսկ հետագայում նաև իրենց թեկնածուների վրա հսկողություն կազմակերպելը կուսակցությունների կարևորագույն ֆունկցիաներից մեկն է:
7. Իշխանության իրականացման, նրա գործունեության վրա իրական հսկողություն սահմանելու ֆունկցիան կուսակցությունները իրագործում են խորհրդարանում ձևավորված իրենց խմբակցությունների միջոցով: Խմբակցության անդամները պարտավոր են հաշվի առնել ոչ միայն կուսակցության դիրքորոշումը, այլև իրենց ընտրողների պատվիրանները և այն հովանավորների շահերը, որոնք օժանդակել են նրանց ընտրական միջոցառումներին, ֆինանսավորելով դրանք:
8. Քաղաքական կուսակցությունների գործունեության կարևորագույն ձևերից մեկը այլ կուսակցությունների հետ փոխհարաբերությունների հաստատումն է , ինչի համար մշակվում են որոշակի սկզբունքներ, մոտեցման ձևեր և այլն:
9. Ընտրություններում պարտություն կրած և խորհրդարանում չնչին փոքրամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների համար, որոնք չեն ընդգրկվում կառավարության կազմում, գործունեության կարևորագույն ձև է դառնում խորհրդարանական ընդդիմության կազմակերպումը և պետական իշխանության մարմինների վրա ճնշում գործադրելը:
10. Կառավարող կուսակցությունները ձգտում են այնպիսի սոցիալական քաղաքականություն իրականացնել, որը կապահովի նրանց գործունեության նկատմամբ քաղաքացիների դրական վերաբերմունքը և կարժանանա բնակչության լայն շրջանակների հավանությանը:
11. Կուսակցությունները էական դեր են խաղում քաղաքական համակարգի և ընդհանրապես հասարակության զարգացման ուղղվածության և քաղաքական կողմնորոշման ձևավորման գործում:
12. Չափազանց կարևոր է կուսակցությունների կազմակերպչական գործունեությունը, որը հիմնականում արտահայտվում է որոշակի կադրային քաղաքականության իրականացմամբ: Ղեկավար կադրերի ընտրումն ու առաջադրումը իրականացվում է երկու ճանապարհով, 1. ղեկավար մարմինների ընտրություններում թեկնաաաածուների առաջադրում և ընտրությանը աջակցություն, 2. այս կամ այն պետական պաշտոնում կառավարող կուսակցության ծրագրերն ընդունող և նրա սկզբունքներին հավատարիմ մասնագետների նշանակում:
13. Սկզբունքային նշանակություն ունի ներկուսակցական գործունեությունը, որն ուղղված է կուսակցության շարքերի միասնությանն ու ամրապնդմանը, այնպիսի արժեքների և նորմերի մշակմանը, որոնք նպաստում են կուսակցության անդամների ու կողմնակիցների մոտ կուսակցության անդամներիր և կողմնակիցների մոտ կուսակցության նկատմամբ վստահություն ու հավատ ձևավորելու և բարձրացնի նրանց նվիրվածությունը ընդհանուր գործի նկատմամբ:
25. Քաղաքական կուսակցությունների և կուսակցական համակարգերի առաջացման առանձնահատկությունները ՀՀ-ում:
Հայ հասարակության մեջ քաղաքական կուսակցությունների առաջացումը իր որոշակի առանձնահատկություններն է ունեցել, ինչը պայմանավորված էր 19-րդ դարի 2-րդ կեսի այն իրադարձություններով, որում հայտնվել էր հայ ժողովուրդը: Այն `.
1. Հայ ժողովուրդը գտնվում էր բռնապետության ծանր լծի տակ, ինչը առաջնային էր դարձնում ազգային ազատագրական խնդիրները:
2. Հայստանը բաժանված էր 2 տարբեր բռնապետությունների միջև, ինչը դժվարեցնում էր ազգի համախմբումը և միասնական պայքարի կազմակերպումը:
3. Գոյություն ուներ ազգի ազատագրման հիմնախնդիրների լուծման տարբեր մոտեցումներ:
4. Ազգային ազատագրական գաղափարներն ու ծրագրերը հիմնականում մշակվում էին դրսում, ինչը մատչելի չէր հայրենիքում ապրող ազգի մեծամասնության համար:
19-րդ դարի 2-րդ կեսին Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում տեղի ունեցան խոշորամասշտաբ քաղաքական իրադարձություններ, որոնք նշանակալից ազդեցություն ունեցան հայ իրականության վրա: Այդ պայմաններում ձևավորվեցին հայ հասարակական քաղաքական հոսանքները, որոնք արտահայտվեցին հասարակական մտքի 3 հիմնական ուղղություններով: Դրանք են.
1. Կղերա-ֆեոդալական հոսանք, որն արտահայտում էր հայ հետադեմ հոգևորականության, ավատատիրական և արտոնյալ ունևոր դասի շահերը:
2. Լիբերալ-բուրժուական հոսանքի ձևավորումը պայմանավորված էր հայ բուրժուազիայի տնտեսական, քաղաքական ու գաղափարական դիրքերի հաստատման ու ամրապնդման անհրաժեշտությամբ: Լիբերալ-բուրժուական հոսանքը պաշտպանում էր զարգացող ազգային բուրժուազիայի շահերը և պայքարում էր միապետության դեմ: Այդ հոսանքի վառ ներկայացուցիչներից էին Ստեփանոս Նազարյանը, Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը և ուրիշներ:
3. Հեղափոխական-դեմոկրատական հոսանքը հայ իրականության մեջ ձևավորվեց որպես ճնշված, շահագործվող լայն խավերի շահերի պաշտպանությանն ուղղված գաղափարախոսություն: Այս հոսանքի հիմնադիրն ու պարագլուխը Միքայել Նալբանդյանն էր (1829-1866): Հեղափոխական-դեմոկրատները ճնշված ժողովուրդների փրկությունը տեսնում էին զինված ապստամբության ճանապարհով տիրապետող կարգերը տապալելու մեջ:
19-րդ դարի 60-70 ական թվականներին հայ իրականության մեջ ձևավորվեցին հեղափոխական մեծ թվով խմբակներ, որոնք փորձեցին ազատագրական գաղափարների տարածման և զինված պայքարի կազմակերպման միջոցով ազատագրել արևմտյան Հայաստանը: Այդպիսի խմբակներից էին «Բարենպատակ ընկերությունը»Ալեքսանդրապոլում, «Հայրենիքի սիրո գրասենյակ» Ղարաքիլիսայում, «Միություն ի փրկություն» Վանում, «Պաշտպան հայրենյաց» Էրզրումում, «Հայրենասերների միությունը» Մոսկվայում և այլն: Սակայն այս խմբակների գործունեությունը ցույց տվեց, որ ազգային ազատագրական պայքարի հաջողությունը կարող է ապահովել միայն տարաջատված խմբակների միավորումը: Ինչն էլ հիմք դրեց ազգային ազատագրական պայքարի նոր փուլի: Խմբակներին փոխարինելու եկան հայ քաղաքական կուսակցությունները:
1885 թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում հիմնադրվում է Արմենականների կուսակցությունը, որը հայ իրականության մեջ ստեղծված առաջին քաղաքական կուսակցությունն էր: Նրա հիմնադիրն էր Մկրտիչ Փորթուգալյանը: 1921թ. նրանք վերակազմվեցին և կոչվեցին Ռամկավար ազատական կուսակցություն, որը գործում է մինչև օրս:
1887թ. մի խումբ Կովկասահայ ուսանողներ Ժնևում հիմնեցին «Հնչակ» թերթը և նույն անունով «Հնչակյան կուսակցությունը»: Կուսակցության հիմնադիրներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանզադյանը, Գաբրիել-Կաֆյանը և այլն: Հնչակյանները իրենց համարում էին մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և սկզբում իրենց անվանել էին «Հայ սոցիալիստ հեղափոխականների կազմակերպություն» և գաղափարապես շատ նման լինելով նորաստեղծ «Հայ հեղափոխական դաշնակցությանը», փորձեցին միավորվել, սակայն միասնությունը չկայացավ:
1890թ. Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի և նրա գաղափարակից ընկերների ջանքերով հիմնվեց
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, որի օրգանն էր «Դրոշակ» թերթը: Իրականում ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է: Այն 19-րդ դարի 90-ական թվականներին իր ամբողջ գործունեությունը կենտրոնացրել էր Արևմտյան Հայաստանում հայկական հարցի լուծման շուրջը:
1918թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց որպես անկախ հանրապետություն: Առաջին հանրապետության կառավարությունը գլխավորում էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Կառավարության կազմի մեջ կաին նաև հնչակյաններ, ռամկավարներ, էսեռներ, մենշևիկներ և նույնիսկ մեկ բոլշևիկ: Դա Հայաստանում բազմակուսակցական քաղաքական համակարգի ստեղծման I փորձն էր: Առաջին հանրապետության ստեղծման հենց I օրից հայ բոլշևիկները սկսեցին համախմբել իրենց ուժերը ընդդեմ նորաստեղծ հայկական իշխանության: 1920թ. հունիսին կազմավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որն էլ ավելի ուժեղացրեց պայքարը դաշնակցական կառավարության դեմ: Հայ բոլշևիկները Ռուսաստանի օգնությամբ կարողացան վերացնել Հայոց անկախ պետականությունը, ինչը նրանք իրենց մեծագույն հաղթանակն էին համարում: Այդպիսով Հայաստանում վերացվեց դեռևս ձևավորման փուլում գտնվող բազմակուսակցական համակարգը և հաստատվեց ամբողջատիրական քաղաքական ռեժիմ, որին բնորոշ է միակուսակցական համակարգը: Միակուսակցական համակարգը Հայաստանում, ինչպես նաև ԽՍՀՄ մյուս հանրապետություններում վերացվեց ԽՍՀՄ փլուզումւց հետո, նրա ողջ տարածքում բռնկված հայտնի դեպքերից հետո:
1988թ. փետրվարին Հայաստանում բռնկվեց ազգային շարժումը, որը սկսվեց Արցախը Հայաստանին վերամիավորման պահանջով, վերջացավ ՀՀՇ բռնաբետության հաստատմամբ: 1990թ. օգոստոսին գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որում հռչակվում էր նաև կուսակցությունների ազատ գործունեության իրավունքը, իսկ 1991թ. գարնանը ընդունվեց կուսակցությունների մասին օրենքը, որով էլ Հայաստանում սկիզբ դրվեց բազմակուսակցական համակարգի առաջացմանը: 1989թ. ստեղծվեց Հայոց Համազգային Շարժում` ՀՀՇ կուսակցությունը, որը շատ արագ եկավ իշխանության գլուխ: 1990թ.օգոստոսին իրենց բացահայտ գործունեության մասին հայտարարեցին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունները, ինչը նշանակում էր երկարատև վտարանդիությունից Հայ Ավանդական կուսակցությունների վերադարձ Հայրենիք: Նրանց կողքին ստեղծվեցին նոր կուսակցություններ` ՀԱԿ, ՀԿ, Օրինաց Երկիր, Բարգավաճ Հայաստան և այլն:
26. Քաղաքականության իրականացման հիմնական ոլորտները:
Քաղաքականությունը թափանցելով հասարակության կյանքի բոլոր բնագավառները, ակտիվորեն մասնակցում և ներգործում է այդ ոլորտներից յուրաքանչյուրի կազմակերպման, կառավարման ու կարգավորման խնդիրների իրագործման վրա: Այդ ոլորտները լինելով հասարակության կյանքի անհրաժեշտ բաղադրիչներ, իրար հետ սերտորեն փոխկապակցված են և մեկ ամբողջական միասնություն են կազմում:
Որպես հասարակության կյանքի հարաբերականորեն ինքնուրույն ոլորտներ կարելի է առանձնացնել տնտեսական, սոցիալական, իրավական , կադրային, կրթության, գիտության և մշակույթի, պաշտպանության, արտաքին քաղաքականության ոլորտներ:
1. Տնտեսական քաղաքականությունը հասարակության կյանքի կարևորագույն ոլորտն է, որտեղ մարդիկ իրենց նյութական պահանջմունքների բավարարման համար ստեղծում են նյութական բարիքներ: Անկախ այն բանից, թե ինչպիսի տնտեսական համակարգ ունի տվյալ պետությունը, հասարակության կյանքում նրա տնտեսական համակարգված գործունեությունը միշտ առաջնային նշանակություն է ունեցել հասարակության համար: Պետության տնտեսական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են`
· նյութական արժեքների արտադրության կազմակերպումը,
· սեփականության բոլոր ձևերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
· հասարակության նյութական, էներգետիկ և աշխատանքային ռեսուրսների ճիշտ հաշվառում և դրանց նպատակային օգտագործում,
· պահանջարկի, առաջարկի, սպառման, փոխանակման և բաշխման հարաբերությունների ուսումնասիրություն, և դրանց գործընթացների կազմակերպում,
· շուկաների ուսումնասիրություն և ձեռք բերում,
· տնտեսության գերակայող ճյուղերի առանձնացում և դրանց զարգացման ապահովում,
· տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում և պլանավորման իրականացում,
· արդյունաբերական ճյուղերի զարգացման համար ներդրումների ապահովում,
· ներքին և արտաքին վարկերի վերցնելն ու նպատակային օգտագործելը,
· հարկային այնպիսի քաղաքականության իրականացում, որը խրախուսեր նյութական արժեքների արտադրությանը, անկախ սեփականության ձևերից,
· այլ երկրների, ձեռներեցների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ժամանակ պետության շահերի պաշտպանություն.
Այս խնդիրների իրականացմամբ հնարավոր է լինում ոչ միայն ապահովել հասարակության տնտեսական զարգացումը, այլև պայմաններ է ստեղծում հասարակության կյանքի մյուս բնագավառներում պետության քաղաքականության հաջող իրականացման համար:
2. Սոցիալական քաղաքականությունը հասարակության ներդաշնակությունը, համերաշխությանն ու սոցիալական արդարության ապահովմանն ուղղված պետականորեն կազմակերպված գործընթացների ամբողջություն է: Սոցիալական քաղաքականության հիմնական խնդիրներն են.
· բնակչությանը աշխատանքով ապահովելը,
· յուրաքանչյուր մարդու համար նրա ընդունակությունների և կարողությունների ազատ դրսևորման համար պայմանների ստեղծումը,
· բնակչությանը նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը,
· ժամանակի պահանջների համապատասխան առողջապահական և կրթական համակարգերի ստեղծումը,
· մատաղ սերնդի և երիտասարդության դաստիարակության, կրթության և հանգստի կազմակերպման համակարգերի ձևավորում,
· ծերերի, կարիքավորների, անաշխատունակների և գործազուրկների նորմալ կենսապայմանների ապահովում,
· թոշակավորման և նպաստների բաշխման կառույցների ստեղծում,
· ընտանիքի ձևավորման, ընտանեկան հարաբերությունների կարգավորմանն ու կայացմանը, հասարակության վերարտադրությանն ուղղված խնդիրների իրականացումը,
· հասարակական ֆոնդերի ձևավորում և դրանց միջոցով սոցիալական ծրագրերի իրականացում,
· այլ հասարակական կազմակերպությունների կողմից սոցիալական բնույթի խնդիրների իրականացման ժամանակ պետության աջակցության ապահովում:
3. Իրավական քաղաքականությունը կազմակերպում և կառավարում է հասարակության կյանքը, կարգավորում է նրա տարբեր կառույցների միջև փոխհարաբերությունները և իրականացնում է հասարակության մեջ կարգ ու կանոն: Պետությունը լինելով իրավական ֆունկցիաների իրականացնող միակ և հիմնական սուբյեկտը, այդ բնագավառում իր առջև դրված խնդիրները իրականացնում է օրինաստեղծ գործունեության շնորհիվ, հաստատելով իրավական նորմեր, ընդունելով օրենքներ: Իրավական քաղաքականության հիմնական խնդիրներն են.
· հասարակության զարգացումն ապահովող օրենքների մշակում և ընդունում,
· հասարակության մեջ կարգ ու կանոնի ապահովում,
· օրենքների գերակայության ապահովում,
· օրենքների իրականացման վրա հսկողության սահմանում,
· բոլոր սուբյեկտների գործունեության իրականացման համար իրավական դաշտի ստեղծում,
· օրենքի առջև բոլորի հավասարության ապահովում,
· մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն,
· սեփականության իրավունքի ապահովում,
· հանցագործության դեմ պայքարի կազմակերպում և պատժամիջոցների կիրառում,
· քաղաքացիների իրավագիտակցության ձևավորում:
Իրավական քաղաքականության իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է այն իրավապահ մարմինների գործունեությունից, որոնք պարտավոր են ապահովել օրենքի կայացումը և հսկել կայացման գործընթացները:
4. Պետության կադրային քաղաքականություն ասելով, հասկացվում է կառավարման համակարգում կադրերի տեղաշարժ (ազատում, նշանակում և այլն), ինչը չի համապատասխանում կադրային քաղաքականության ամբողջական բովանդականությանը: Կադրային քաղաքականությունը պետության կարևոր և բազմաբնույթ դրսևորումներ ունեցող գործունեության ձևերից մեկն է, որն իրականացվում է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Կադրային քաղաքականության հիմնական խնդիրը, նախ և առաջ մասնագետների` կադրերի պատրաստելն է: Հասարակության արագընթաց զարգացում ու առաջընթաց է նկատվում այն երկրներում (Ճապոնիա, ԱՄՆ), որտեղ մեծ ուշադրություն է դարձվել կադրերի ձևավորման վրա, առանց որի գիտության և տեխնիկայի զարգացում, գերժամանակակից արտադրության կազմակերպում, հասարակության բնական և մարդկային ռեսուրսների նպատակային օգտագործում պարզապես հնարավոր չէ: Պետության կադրային քաղաքականության իրականացման հնարավորությունը մեծապես կախված է հասարակական կյանքի մի շարք ոլորտներում, հատկապես տնտեսության, կրթության և գիտության ոլորտներում, իրականացվող քաղաքականության ձեռքբերումներից: Կադրային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է նաև հասարակության զարգացման առաջնային ճյուղերի զարգացումն ապահովելու համար համապատասխան քանակի և որակի կադրերի պատրաստումը: Որոշ երկրներում հատուկ կառույցներ են ձևավորվել, որոնց հիմնական խնդիրն է տաղանդավոր երեխաների հայտնաբերումը և պետության միջոցներով նրանց բարձրակարգ մասնագետ դառնալու համար բոլոր պայմանների ստեղծումը: Կրթության ոլորտում իրագործվող խնդիրները կադրային քաղաքականության իրականացման հիմնական երաշխիքն է:
5. Արտաքին քաղաքականությունը հաճախ մեկնաբանվում է որպես պետության ներքին քաղաքականության տրամաբանական շարունակություն: Այսօր աշխարհում ոչ մի պետություն ի վիճակի չէ միայն իր սեփական միջոցներով ապահովել համաշխարհային զարգացման տենդենցներին համապատասխանող առաջընթաց: Արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը պետության զարգացման անհրաժեշտ միջոցների պակասը լրացնելն է, ինչը իրականացվում է այլ պետությունների հետ տարբեր բնագավառներում համագործակցելու, տարաբնույթ փոխհարաբերություններ հաստատելու, փոխշահավետ տնտեսական պայմանագրեր կնքելու և այլ տիպի հարաբերությունների միջոցով: Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն են երկրի սահմանների և տարածքների պաշտպանությունը, միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, արտաքին առևտրի իրականացումը, այլ պետությունների հետ տարբեր ոլորտներում համատեղ գործունեության համակարգումը, միջպետական միություններին և կազմակերպություններին մասնակցությունը և այլն: Արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի նաև արդի միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը:
27. Քաղաքական գործընթացի էությունն ու բովանդակությունը:
Քաղաքական գործընթացները կարող են լինել տնտեսական, սոցիալական, իրավական, դաստիարակչական, պաշտպանական և այլ բնույթի, որոնց նպատակն է լուծել իրենց առջև դրված խնդիրները: Գործընթաց ասելով հասկանում ենք իրար հաջորդող փոխկապակցված գործողությունների շարք, որն ուղղված է որևէ կոնկրետ նպատակի իրականացման: Քաղաքական գործընթացի նպատակը բնականաբար քաղաքական բնույթի խնդիրների իրականացումն է: Բոլոր դեպքերում քաղաքական գործընթացները առնչվում են իշխանությանը, իշխանական հարաբերություններին կամ իշխանության գործունեությանը: Ամբողջությամբ վերցրած քաղաքական գործընթացը իրադարձությունների և երևույթների, տարբեր քաղաքական սուբյեկտների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետևողական գործողությունների, ձեռնարկումների, նախաձեռնումների իրականացմանն ուղղված քայլերի ամբողջությունն է, որոնք ուղղված են հետևյալ բնույթի խնդիրների իրականացմանը.
1. Գործընթացներ, որոնք իրականացվում են իշխանության օրինական գործունեության միջոցով և նպատակ ունեն իրագործելու պետության նախատեսած և ընդունած քաղաքական որոշումներն ու ծրագրերը:
2. Գործընթացներ, որոնք, ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ճանապարհով ուղղված են իշխանության նվաճմանը:
3. Տարբեր քաղաքական ուժերի հասարակական-քաղաքական կազմակերպությունների, անհատների կողմից կազմակերպված գործընթացներ` գործադուլ, ցույց, միտինգ, որի նպատակն է ստիպել իշխանությանը, իրագործելու տվյալ գործընթացը կազմակերպող քաղաքական ուժերի պահանջները: Կազմակերպող, նախաձեռնող քաղաքական ուժերը կարող են լինել ընդդիմադիր կուսակցություններ, սոցիալական հանրույթներ, հասարակական միություններ ու քաղաքական գործունեությամբ ճանաչված անհատներ:
Քաղաքական գործընթացները լինում են առաջադիմական և հետադիմական: Առաջադիմական, կառուցողական բնույթ ունեն բոլոր այն քաղաքական ձեռնարկումները, որոնց իրականացման նպատակն է հասարակության հետագա կայուն զարգացումը, մարդկանց նյութական և հոգևոր պահանջմունքների լրիվ բավարարումը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի կիրառումը և այլն:
Հետադիմական, քայքայիչ և կործանարար քաղաքական գործընթացներ ասելով, հասկանում ենք այն քաղաքական ձեռնարկումների ամբողջությունը, որոնք խաթարում են հասարակության կայուն ու նորմալ զարգացմանն ու առաջընթացին, կազմալուծում են հասարակության միասնությունը, առաջացնում են արհեստական քաղաքական ճգնաժամեր, հասարակության մեջ առաջացնում են վախի և անվստահության մթնոլորտ:
Բովանդակային առումով կարելի է քաղաքական գործընթացներ համարել շարքային քաղաքացիների և իշխանության ներկայացուցիչների բոլոր այն գործողությունները, որոնք միտված են, ինչպես պաշտպանելու իշխող վարչակարգը և նրա գործունեության սկզբունքները, այնպես էլ տապալելու, փոխելու գոյություն ունեցող իշխանությունը:
Քաղաքական գործընթացների բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանում առկա է քաղաքացիների քաղաքական կամքի դրսևորման 2 ձև. Առաջին` քաղաքական գործընթացների շարքային մասնակիցների ամենատարբեր քաղաքական գործունեության ձևով (օրինակ. ընտրություններին, հանրաքվեներին, գործադուլներին մասնակցությունը): Երկրորդ` քաղաքական վերնախավի և լիդերների կողմից հասարակության կյանքի կառավարմանն ու կազմակերպմանն ուղղված որոշումների ընդունման և դրանց իրականացման ձևով: Հասարակության առջև ծառացած քաղաքական խնդիրը լուծվում է միայն այն ժամանակ, երբ պետական իշխանության մարմինների ու հասարակության գործողությունները քաղաքական գործընթացներում ընթանում են միևնույն ուղղությամբ:
28. Ազգերի ծագումն ու ըմբռնումը:
Գոյություն ունի ազգերի առաջացման 2 հիմնական սկզբունք: Կան ազգեր, որոնք ձևավորվել են իրենց բնօրրաններում` իրենց պատմական տարածքներում (հայեր, հնդիկներ, հույներ, չինացիներ, եգիպտացիներ և այլն) և ազգեր, որոնք ձևավորվել են կամ այսօր էլ գտնվում են ձևավորման պրոցեսում, ոչ իրենց պատմական տարածքներում ուրիշ ժողովուրդների տարածքները գրավելով ու սեփականացնելով (օրինակ. թուրքերը, թաթարական ցեղերը, ամերիկացիները, կանադացիները և այլն): Ձևավորման այս 2 տարբեր փուլերով անցած ազգերի մոտ առաջացել են մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ, որոնք իրենց կնիքն են դրել ազգերի մտածելակերպի, հոգեբանության, մշակույթի, ավանդույթների, սովորույթների վրա: Իրենց պատմական տարածքներում ազգերի ձևավորումը տեղի է ունեցել երկարատև հազարամյակների ընթացքում մարդկային հասարակության ձևավորման և սոցիալիզացիայի պրոցեսին զուգընթաց: Ազգերի ձևավորումը տեղի է ունեցել տոհմերի ու ցեղերի, էթնիկական խմբերի ու ժողովուրդների մերձեցման, միավորման ու ձուլման միջոցով: Ազգերի ձևավորման ընթացքում ամենակարևոր և հիմնական գործոնը տարածքն է: Ազգերի ձևավորման երկրորդ կարևորագույն նախադրյալը պետության առաջացումն է, որի գործունեության շնորհիվ էլ ժամանակի ընթացքում աստիճանաբար ձևավորվում են այնպիսի հատկանիշներ ու գործոններ, ինչպիսիք են ընդհանուր լեզուն, մշակույթը, մտածելակերպը, հոգեբանությունը, բարոյական նորմերն ու ավանդույթները և այլն: Ազգերի ձևավորման երրորդ կարևորագույն նախադրյալը հաղորդակցման ընդհանուր լեզվի ձևավորումն է, ինչը կարևոր և անհրաժեշտ պայման է ընդհանուր մշակույթի, մտածողության, հոգեբանության և այլ ընդհանուր հատկանիշների ձևավորման համար:
Ազգի ընբռնման իրավաքաղաքական մոտեցման դեպքում ազգը դիտվում է որպես այս կամ այն պետության քաղաքացիների ընդհանրությունը: Այսօր աշխարհում առկա են երեք հազար ձևավորված կամ ձևավորման ընթացքում գտնվող ազգեր ու ժողովուրդներ: Իսկ եթե բոլոր էթնիկական խմբերը հաշվենք, ապա դրանք մոտենում են տաս հազարի, այն դեպքում, երբ պետությունները 200-ից էլ պակաս են:
Երբեմն ազգերի բնորոշման հիմքում դրվում է լեզվական նմանությունը, ասենք, թուրքալեզու ազգեր, անգլախոս ժողովուրդներ, սլավոններ և այլն: Առանց ազգային գիտակցության և ինքնագիտակցության չկա և չի կարող ազգ լինել: Ազգը ոչ միայն օբյեկտիվ գոյություն ունեցող հանրույթ է, այլ և գիտակցության և ինքնագիտակցության սուբյեկտիվ գործոն, որը թույլ է տալիս մարդուն ասելու «ես հայ եմ», «ես ռուս եմ», իսկ հանրույթին հնարավորություն է տալիս ասելու «մենք հայ նք, «մենք ռուս ենք» և այլն, ազգային տարածքի հետ կապվածությունը մարդուն թույլ է տալիս ասելու «Հայաստանը իմ հայրենիքն է», «Ֆրանսիան իմ հայրենիքն է» և այլն: Մի շարք երկրներ իրենց սահմանադրության մեջ առանձին հոդվածով արյունակցական կապը ազգային պատկանելության միակ հիմքն են համարում: Օրինակ. համաձայն Գերմանիայի սահմանադրության իրենց ազգը կազմում են այն մարդիկ, որոնց երակներում հոսում է գերմանական արյուն: Այդ է պատճառը, որ Գերմանիայում քաղաքացիություն ստանում են միայն այն մարդիկ, ովքեր կարողանում են ապացուցել, որ իրենց արյունը գերմանական ծագում ունի: Գրեթե նույն մոտեցումներն ունեն հրեաները, այն առանձնահատկությամբ, որ արյան հետ միասին պարտադիր պայման է նաև հրեական կրոնը (հուդայիզմը):
29. Ազգային ինքնորոշման իրավունքը:
Դրսևորման ձևերն ու իրականացման հնարավորությունները:
Ազգերի ինքնորոշման իրավունքը դարձել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը: Ազգային ինքնորոշումը ժողովուրդների ազգային ինքնիշխանության, անկախության, սեփական պետության կամ ազգային ինքնավարության ստեղծման հնարավորություն ունենալու իրավունքն է: Ազգային ինքնորոշման իրավունքի հիմքում դրված է այն սկզբունքը, որ բոլոր ազգերը, ժողովուրդները, էթնիկական հանրույթները պետք է իրավունք ունենան տնօրինելու իրենց ճակատագիրը, ընտրելու իրենց զարգացման ուղին, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և այլն:
Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները ամրագրված են նաև ՄԱԿ-ի 1960թ. դեկտեմբերի 16-ի, 1970թ. կանոնադրության և մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի մեջ: ՄԱԿ-ի 1970թ.-ի ընդունած միջազգային իրավունքի ակզբունքների մասին հռչակագրում ասվում է. «Ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը, անկախ պետության կազմի մեջ մտնելու կամ նրա հետ միավորվելու ազատությունը, կամ ժողովրդի կամքի ազատ դրսևորմամբ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը համարվում է այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը»: Ազգային ինքնորոշման իրավունքի ընդունումը նպատակ է ունեցել քաղաքակիրթ ճանապարհով կարգավորել և լուծել ազգերի, ազգային կազմավորումների, էթնիկական հանրույթների, մեծ ու փոքր ժողովուրդների միջև եղած հարաբերություններն ու ծագած հակասությունները, ելնելով նրանց բոլորի հավասար իրավունքի ապահովման սկզբունքից: Սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե աշխարհի բոլոր ազգերը իրականացնեն իրենց ինքնորոշման իրավունքը: Տեղի կունենա այն, որ աշխարհը կվերածվի մի անկառավարելի քաոսի: Ցանկացած ազգային ինքնորոշման սկզբունքի իրականացման փորձ իր հետ բերում է բազում ազգամիջյան հակասությունների առաջացում, առաջին հերթին հակասություն ինքնորոշվող ժողովրդի և այն պետության միջև, որի կազմից նա փորձում է դուրս գալ: Հազվադեպ է պատահում, որ այն պետությունը, որի կազմից ուզում է դուրս գալ մի որևէ էթնիկական հանրույթ, կամովին համաձայնվի և ընդունի ինքնորոշվող ժողովրդի իրավունքը:
Միջազգային իրավունքի մյուս կարևոր սկզբունքն է պետության տարածքային ամբողջականության, նրա սահմանների անխախտելիության սկզբունքը: Այդ սկզբունքը ձեռնտու է բազմազգ պետություններին, նախապես կանխելու համար իրենց տարածքների մասնատման վտանգը: Միջազգային իրավունքի սկզբունքների իրականացումը շատ հաճախ կախված է լինում հենց հզոր պետություններից, նայած թե տվյալ պահին հզոր պետությանը որ սկզբունքի իրականցումն է ձեռնտու: Օրինակ. չափազանց շատ շահագրգռված լինելով խորհրդային միության փլուզմամբ, Արևմտյան պետությունները առաջնությունը տվեցին ինքնորոշման սկզբունքին և կայծակնային արագությամբ ճանաչում էին իրենց անկախ պետությու հռչակած խորհրդային հանրապետությունների իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտների, որի արդյունքում առաջացան անկախ պետություններ: Նույնը կարելի է ասել նաև Հարավսլավիայի վերաբերյալ, որի քայքայմամբ շահագրգռված էր արևմուտքը: Իսկ երբ նրանց ձեռնտու չէ տվյալ պետության մասնատումը, նրանք առաջ են մղում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը (օրինակ. Արցախը, Աբխազիան, Պաղեստինը և այլն): Այնուամենայնիվ և´ ազգերի ինքնորոշման սկզբունքը, և´տարածքային ամբողջականության սկզբունքը քաղաքականության մեջ ազգային հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործոններ են, եթե դրանք կիրառվում են արդարության և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:
30. Ազգային քաղաքականություն և գաղափարախոսություն:
Ազգային քաղաքականություն ասելով պետք է հասկանալ պետության քաղաքականություն, ազգային շահերը` պետական շահեր, ազգային անվտանգությունը` պետական անվտանգություն և այլն: Երբ ասում ենք պետության ազգային շահեր, այս դեպքում խոսքը վերաբերում է պետության պետական շահերին, որտեղ «ազգային» արտահայտությունը օգտագործվում է ընդամենը շահերի բնույթը ընդգծելու համար: «Ազգային քաղաքականություն» հասկացությունը ունի նեղ և լայն ըմբռնում: Նեղ ըմբռնման դեպքում նկատի է առնվում բազմազգ, հատկապես դաշնային պետության մեջ ազգային հարաբերությունների կարգավորմանն ուղղված պետության կողմից իրականացվող գործընթացների ամբողջությունը: Ազգային քաղաքականության լայն ըմբռնման տակ հասկացվում է պետության ամբողջական շահերի պաշտպանությանը միտված գործընթացների ամբողջությունը:
Ազգային գաղափարախոսության հիմնական խնդիրն է տալ ազգի միասնության ապահովման և ամբողջ ազգի միասնական ջանքերով ազգային հիմնախնդիրների իրականացման տեսական հիմնավորումը: Սակայն, երբեմն պետության կողմից իրականացվող ազգային գաղափարախոսության հիմքում դրվում են ազգայնամոլական, ֆաշիստական, կրոնական արմատականության գաղափարներ, ինչը ոչ միայն չի նպաստում ազգերի միասնությանը, ազգամիջյան հարաբերությունների կարգավորմանը, այլև հաճախ լինելով իշխող ազգի կամքի պարտադրման հիմնական միջոց և ուղղված լինելով ազգային փոքրամասնությունների շահերի, իրավունքների ու ազատությունների դեմ, դառնում է ազգամիջյան, իսկ երբեմն էլ միջպետական հակասությունների սրման ու բախումների պատճառ:
Գոյություն ունի նաև փոքր ու թույլ ժողովուրդների ազգային գաղափարախոսություն, որը հակադրվելով նվաճողների գազափարախոսությանը, խնդիր ունի պահպանել ազգային ինքնությունը, ազգը փրկել ձուլման վտանգից: Նվաճողական գաղափարախոսության հիմնական խնդիրն է հիմնավորելու և արդարացնելու գերիշխող ազգերի տիրապետությունը թույլ ժողովուրդների վրա, պարտադրելու նրանց իրենց արժեքներն ու մշակույթը, ձուլելու, իսկ երբեմն էլ ոչնչացնելու փոքր ժողովուրդներին: Առավել վտանգավոր գաղափարախոսություն է ռասիզմը, որի հիմքում ընկած էր մարդկանց ստորին և բարձրագույն ռասաների մասին տեսությունը, մարդկանց բաժանելով 2 հիմնական խմբի` տերերի և ստրուկների, իշխողների և իշխվողների: Ռասիզմի գաղափարախոսության հիմնական դրսևորումներից է ֆաշիզմը, սիոնիզմը և այլն:
Ազգայնամոլական գաղափարախոսության դրսևորում է նաև շովինիզմը, որը ելնում է փոքր ազգերի շահերը մեծ ազգերի շահերին ծառայեցնելու անհրաժեշտության ընդունումից:
Նվաճողական գաղափարախոսության դրսևորումներից են պանիսլամիզմն ու պանթուրքիզմը: Պանիսլամիզմը կրոնաքաղաքական գաղափարախոսություն է, որի հիմքում ընկած է Թուրքիայի գլխավորությամբ իսլամ դավանող բոլոր ժողովուրդների քաղաքական միավորման գաղափարը:
Ազգային գաղափարախոսության դրսևորման ձևեր են նացիոնալիզմն ու սիոնիզմը: Հզոր ու մեծ ազգերի նացիոնալիզմը վերջին հաշվով հանգում է շովինիզմի և ազգային բացառիկություն է քարոզում, իր ազգը վեր դասելով մյուսներից: Փոքր ազգերի նացիոնալիզմը հիմնականում ինքնապաշտպանության նպատակ ունի, հակադրվում է շովինիզմին, արտահայտում է համազգային շահեր, նպաստում է ազգային ինքնագիտակցության զարգացմանը և դառնում է ազգի գոյատևման հիմնական երաշխիքը: Ազգային գաղափարախոսության առանձնահատուկ տեսակ է սիոնիզմը: Լինելով որպես հրեական ազգային գաղափարախոսություն, սիոնիզմը պնդում է, որ աշխարհի բոլոր հրեաները միասնական ազգ են, որ հրեաներն են Աստծո ընտրյալ ազգը, իսկ մնացած ազգերը «գոյեր են» և պետք է ծառայեն հրեաներին: Սիոնիզմի հիմքում ընկած է ինչպես արյան ընդհանրության, այնպես էլ կրոնի ընդհանրությունը` Եհովայի պաշտամունքը, որ Իսրայելի աստվածն է համարվում:
31. Ազգային քաղաքականության անցումային շրջանի առանձնահատկությունները Հայաստանում:
Հայաստանի Հանրապետությունում ազգային քաղաքականության իրականացումը տեղի է ունենում անցումային շրջանին բնորոշ բարդ ու բազմաբնույթ առանձնահատկությունների պայմաններում: Նկատի ունենալով և 1998թ. իշխանափոխությունը և հին ու նոր իշխանությունների գործունեության սկզբունքների որակական տարբերությունները, անցումային շրջանը Հայաստանում կարելի է բաժանել 2 փուլերի` 1990-1998թթ. և 1998թ.-ից հետո ընկած ժամանակաշրջանը:
Անցումային շրջանը ենթադրում է մեկ քաղաքական, տնտեսական, իրավական և մշակութային արժեքային համակարգից այլ համակարգի անցում: Այն երկրներում, որտեղ իշխանության են բերվում դրածո ուժեր, այնտեղ իշխանության վարած քաղաքականության արդյունքում հասարակության տնտեսական քայքայումը, հետընթացը, հզորներից կախվածությունը, անօրինականությունների և հանցագործությունների աճը, տգիտության ու բարոյազրկման բնույթը դառնում է անխուսափելի: Այդպես եղավ և Հայաստանում: Հայաստանի ՀՀՇ իշխանության օտարների թելադրանքով իրականացվող քաղաքականությունը իր բնույթով հակազգային էր, քանզի վարչախմբի և օտարների շահերը վեր էին դասվել ազգային շահերից և իշխանությունների գործունեությունը 1990-1998թթ. ամբողջապես ուղղված էր երկրի տնտեսության քայքայմանն ու փոշիացմանը, ազգային միասնության ջլատմանն ու ազգի բարոյազրկմանը, ապազգայնացմանն ու արտագաղթի նպաստմանը: Հայաստանում 1990-1998թթ. կայացել էր մի վարչախմբի բռնապետական իշխանություն, որի բնորոշ գիծն էր, ժողովրդավարության քողի տակ ամբողջատիրական քաղաքական ռեժիմի վատթարագույն գծերով համեմված գռեհիկ ավտորիտարիզմը, որին կցվել էր նաև սանձարձակ լիբերալիզմի որոշ տարրեր: Հենց ՀՀՇ-ի բացարձակ հակաժողովրդական քաղաքականության շնորհիվ նա այնքան օտարվեց ու անընդունելի դարձավ սեփական ժողովրդի կողմից, որ նույնիսկ նրանց արևմտյան տերերը ստիպված եղան հրաժարվել հեղինակազրկված իրենց դրածո իշխանությունից, ինչի հետևանքով էլ վարչախումբը հրաժարական տվեց 1988թ. փետրվարին: Հայաստանուկ կատարված իշխանափոխությունը ավելի շատ քաղաքականության որոշակի շեշտադրումների փոփոխություն էր, քան իշխանության, քանի որ իշխանությունից իրենց առաջնորդի գլխավորությամբ հեռացան ընդամենը մի քանի չափազանց հեղինակազրկված ՀՀՇ-ի պարագլուխները, իշխանությունը «փոխանցելով» իրենց ներսում ձևավորված, սակայն քիչ թե շատ ազգային մտածելակերպով և ազգային շահեր պաշտպանող մեկ այլ խմբի: ՀՀՇ վարչախմբի վարած հակազգային քաղաքականությունը հասարակության ներսում այնպիսի ցասում ու ատելություն էր առաջացրել, որ նրանցից ազատվելու ցանկացած տարբերակ ընդունելի էր ժողովրդի համար: Սակայն իրականում տեղի ունեցավ իշխանության առաջին դեմքերի փոփոխություն, իշխանական համակարգը թողնելով անփոփոխ: Նոր իշխանությունները շատ լավ հասկանում էին, որ եթե երկրի ներսում շատ արագ չձեռնարկվեին քաղաքական, սոցիալական, տնտեսական, իրավական և նույնիսկ մշակութային բնույթի փոփոխություններ, ապա արժանանալու են իրենց նախորդների ճակատագրին: Ուստի սկսեցին իրականացնել այնպիսի քայլեր, որ արժանանային ժողովրդի վստահությանը: Այդպիսի քայլերից էր արգելված կուսակցությունների, մամուլի միջոցների իրավունքների վերականգնումը, կեղծ մեղադրանքներով բանտարկվածների ազատ արձակումը, արտաքին քաղաքականության մեջ Արցախի հարցի նկատմամբ նոր իշխանությունների հստակ դիրքորոշումը, միջազգային քաղաքականության մակարդակով հայոց ցեղասպանության հարցի հնչեցումը և այլն: Մի քանի տարիների ընթացքում նոր իշխանությունները կարողացան որոշակի կայուն առաջընթաց արձանագրել և ավելին արած կլինեին, եթե տեղի չունենար 1999թ. հոկտեմբերի 27-ի ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործությունը:
32. Արցախի ազատագրական պայքարը որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս:
1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Մայր Հայրենիքին վերամիավորելու մասին: 1988թ.-ի հունիսի 15-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը արտահայտելով հայ ժողովրդի կամքը, պաշտպանեց ԼՂԻՄ-ի պատգամավորների մարզային խորհրդի որոշումը: Հայ ժողովրդի արդարացի պահանջին ադրբեջանցիները պատասխանեցին Ադրբեջանի հայաշատ վայրերում (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն) հայ բնակչության կոտորածներ կազմակերպելով: Այնուհետև ադրբեջանցի խաժամուժը խորհրդային բանակի օգնությամբ հարձակվեց Արցախի հայկական գյուղերի վրա, սպանելով և տեղահանելով նրանց: Այսպես սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, որը տևեց մինչև 1994թ. հաշտության կնքումը: Այդ պատերազմում հայերը փայլուն հաղթանակ տարան, ազատագրելով Լեռնային Ղարաբաղի և պատմական հայաստանի որոշ տարածքներ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրավիրվեց ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց հռչակագիր նշված տարածքների վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին: Ամեն ինչ արվել էր օրինականության շրջանակներում, ազգային ինքնորոշման սկզբունքի և միջազգային այլ սկզբունքների համապատասխան, ինչը վավերացվել էր այդ տարածքներում անցկացված հանրաքվեով և այդ շրջանների իշխանությունների ընդունած որոշումներով: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այն ոչ միայն չդարձավ Արցախյան հարցի կարգավորման երաշխիք, այլև հարցը դարձրեց ձգձգվող ու անլուծելի: Հայաստան-Ադրբեջան ներքին խնդրից այն վերածվեց միջազգային խնդրի և նրա լուծման իրավունքը վերապահվեց միջազգային ուժերին:
33. Անհատը որպես քաղաքականության սուբյեկտ և օբյեկտ, անհատի սոցիալականացումը:
Քաղաքականությունն ու անհատը առաջացել են պետության առաջացման հետևանքով: Այն պահից սկսած, երբ հասարակության կյանքի կազմակերպումը տեղի է ունենում քաղաքական իշխանության իրականացման միջոցով, այդ պահից անհատը դառնում է քաղաքականության և´սուբյեկտ, և´ օբյեկտ: Որպես քաղաքականության սուբյեկտ, անհատը և նրա տարբեր միավորումները հասարակության քաղաքական կյանքին գիտակից ու ակտիվ մասնակցություն է ունենում և´ որպես քաղաքական իշխանության կրող, և´ որպես իրականացնող, քանզի նա է միայն օժտված իշխանությամբ: Իսկ, երբ նա հանդես չի գալիս որպես քաղաքականության սուբյեկտ, այդ դեպքում անհատը դառնում է քաղաքականության օբյեկտ, եթե նույնիսկ նա դա չի ցանկանում, կամ փորձում է հեռու մնալ քաղաքականությունից ու չառնչվել նրան: Այստեղից էլ այն արտահայտությունը, որն ասում է. Նա ով չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում նրանով: Հասարակության զարգացման արդի ժողովրդավարության սկզբունքների հաստատման պայմաններում, քաղաքականության սուբյեկտ են դառնում երկրի գրեթե ողջ հասուն բնակիչները, մասնակցելով իշխանության ձևավորման և իրականացման գործընթացներին: Անհատների քաղաքական ակտիվության դրսևորման աստիճանը տարբեր է: Անհատների մի մասը քաղաքական բարձր ակտիվություն է դրսևորում, մյուսները համեմատաբար ցածր աստիճանի ակտիվություն, երրորդները ընդհանրապեո խուսափում են քաղաքականությունից: Ըստ քաղաքականության նկատմամբ դրսևորած վերաբերմունքի կարելի է տարբերակել անհատների հետևյալ տիպերը. Ակտիվիստներ, իրավասու դիտորդներ, իրավասու քննադատներ, պասիվ քաղաքացիներ, ապաքաղաքականացված անհատներ և քաղաքականությունից օտարված անհատներ:
Անհատի քաղաքական վարքագծի տարբեր աստիճանի դրսևորումների կարևորագույն պայմաններից է նաև քաղաքական սոցիալականացումը: Ամենաընդհանուր ըմբռնմամբ անհատի սոցիալականացումը մարդացման գործընթացն է, որի ընթացքում մարդը կենդանի էակից աստիճանաբար վերածվում է հասարակական էակի: Մարդու սոցիալականացման գործընթացը սկսվում է նրա ծնված օրվանից, բայց մարդու վարքն ու գիտակցությունը անընդհատ զարգանում ու փոփոխվում են նրա ողջ կյանքի ընթացքում, ինչը թելադրված է հասարակության անընդհատ զարգացման ու առաջընթացի պահանջով: Քաղաքական սոցիալականացումը մարդու հասարակական էակից քաղաքական էակի ձևավորման և կայացման գործընթաց է: Անհատի սոցիալականացման որոշակի աստիճանից սկսած, ինչքանով որ թույլ է տալիս սոցիալականացված անհատի գիտակցական մակարդակը, հատկապես պատանիների և երիտասարդների պարագայում, և այն միջավայրը, որում նրանք ապրում են, սկսվում է նաև քաղաքական սոցիալականացման գործընթացը: Անհատի քաղաքական սոցիալականացումը չափազանց բարդ և բազմաբնույթ սոցիալական գործընթաց է: Շնորհիվ քաղաքական սոցիալականացման մարդը աստիճանաբար վերածվում է ոչ միայն անհատի, այլև քաղաքացու, որը մտահոգված է հասարակության զարգացմամբ ու առաջընթացով և ակտիվ մասնակցում է նրանում տեղի ունեցող զարգացումներին և ինչ որ տեղ էլ դառնում է քաղաքականության սուբյեկտ ու արարող:
34. Քաղաքականության լիդերության ըմբռնումը, քաղաքական լիդերների տիպերը և ֆունկցիաները:
Լիդերի, որպես առաջնորդողի, ուղղություն տվողի, առաջացման մասին կարելի է խոսել որպես մարդկային հասարակության հետ զուգահեռաբար ծագած և զարգացած սոցիալական երևույթ: Լիդերն այն անձն է, որը համապատասխան իրադրություններում առաջ է մղվում խմբի անդամների կողմից համատեղ գործունեություն կազմակերպելու և խմբային նպատակներին հասնելու համար: Խմբի որևէ անդամի լիդեր դառնալը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով, հատկապես հոգեբանական, գիտակցական, երբեմն էլ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ինչը անձին դարձնում է առավել ազդեցիկ, որը նրան թույլ է տալիս կառավարել խմբի մյուս անդամների վարքն ու գործունեությունը: Լինելով
կենտրոնական դեմք, լիդերը իր շուրջն է համախմբում այլ լիդերների, առանց որոնց նա իր առջև դրած նպատակներին չի կարող հասնել: Լիդերության տարբեր ձևերի մեջ յուրահատուկ տեղ է գրավում քաղաքական լիդերությունը: Քաղաքական լիդերը քաղաքական գործընթացների և սուբյեկտն է, և օբյեկտը: Նրան քաղաքական սուբյեկտ է դարձնում այն, որ նա իր առանձնահատուկ հատկանիշներով ընդունակ է գլխավորել սոցիալ-քաղաքական շարժումները: Արդի քաղաքական լիդերությունը բազմադեմ է, ինչը արդյունք է այն բանի, որ ղեկավարման ֆունկցիաների իրականացումը հիմնականում տեղի է ունենում ինստիտուտների, կառավարման կոլեկտիվ կառույցների միջոցով: Քաղաքական լիդերը միաժամանակ նաև քաղաքականության օբյեկտ է, այնքանով, որ տարբեր խնդիրներ իրականացնելիս նա միշտ զգում է տարբեր շահագրգիռ կողմերի ազդեցությունն ու ճնշումը: Քաղաքական լիդերը պետք է հասկանա հասարակության պահանջները, ընդունակ լինի փոխհամաձայնության, երբեմն էլ գնալ զիջումների: Լիդեր դառնալու համար անհրաժեշտ է արդարացնել մարդկանց վստահությունը և նրանց մոտ հեղինակություն ձեռք բերել: Քաղաքական լիդեր կարող են դառնալ միայն այն անհատները, որոնք հասարակության շահերը սեփական շահերից գերադասում են, օժտված են կառավարման ճիշտ մեխանիզմներ օգտագործելու ընդունակությամբ:
Ըստ Մաքս Վեբերի կարելի է առանձնացնել 3 տեսակի լիդերներ` ավանդական, բանական-օրինական, Խարիզմատիկ:
1. Ավանդական լիդեր լինելու իրավունքը մարդը ձեռք է բերում շնորհիվ իր ծագման: Դա հեղինակության մի տեսակ է, ինչից ինչ-որ ժամանակ օգտվել են ցեղերի առաջնորդները, ազգի գլխավորներն ու միապետները: Չնայած լիդերի այս տիպը աստիճանաբար անցնում է պատմության գիրկը, այնուամենայնիվ դեռ որոշ հետամնաց երկրներում այն պահպանվում է և չի կորցրել իր նշանակությունը:
2. Ռացիոնալ-լեգալ (բանական-օրինական) լիդերությունը հենվում է բոլորի կողմից ընդունված իրավական կարգի գոյության օրինականության վրա: Այս դեպքում լիդերը հանդես է գալիս ոչ որպես անհատ, որից բխում է իշխանությունը, այլ որպես քաղաքական համակարգի մեջ ներառված պետական որոշակի խնդիր իրականացնող գործակալ:
3. Խարիզմատիկ լիդերությունը հենված է անհատի առանձնահատուկ հատկանիշների հավատալու վրա: Ըստ Վեբերի խարիզման (հեղինակությունը) դա անհատի ոչ սովորական հատկություն է, որի շնորհիվ նա գնահատվում է որպես գերբնական, գերմարդկային հատկանիշներով օժտված էակ, ինչը անմատչելի է այլ մարդկանց: Խարիզմատիկ լիդերությունը ունի զուտ անհատական բնույթ: Խարիզմատիկ լիդերության բնորոշ գիծը այն է, որ նրա հետևորդները չափազանց նվիրված են անհատին և անմնացորդ հավատում են նրան:
Ըստ գործունեության ոճի լիդերները լինում են ավտորիտար (միապետական) և ժողովրդավարական
Ըստ գործունեության բնույթի քաղաքական լիտերները լինում են ունիվերսալ (մշտապես դրսևորում է լիդերին բնորոշ հատկանիշներ և ցանկացած պարագայում կարողանում է կողմնորոշվել և որոշումներ ընդունել) և իրավիճակային կամ պահից-պահ լիդերի հատկանիշները դրսևորող անհատներ (որոնք տվյալ պահին առավել ճիշտ են կողմնորոշվում և գտնում հարցի լուծման արդյունավետ ուղիներ):
Բոլոր դեպքերում քաղաքական լիդերությունը կապված է իշխանության գործոնի հետ: Լինում են նաև եսակենտրոն և սոցիոկենտրոն լիդերներ:
Լիդերի գործունեության ֆունկցիաներն են`
1. Վերլուծական ֆունկցիան թույլ է տալիս քաղաքական լիդերին խորը և բազմակողմանի վերլուծության ենթարկել ստեղծված իրադրությունը:
2. Կազմակերպչական ֆունկցիան քաղաքական լիդերի զանգվածներին համախմբելու և քաղաքական ծրագրերի ու նպատակների իրականացմանը նրանց ակտիվ մասնակից դարձնելու ունակությունն է:
3. Միավորվող ֆունկցիան հանուն ընդհանուր նպատակների, արժեքների ու գաղափարների տարբեր սոցիալական շահերի միավորմանն ու համաձայնեցմանն ուղղված քաղաքական լիդերի գործառույթն է:
4. Նորարարական ֆունկցիան նոր, կառուցողական գաղափարների ներմուծումն է:
5. Հաղորդակցման ֆունկցիան պետք է ապահովի իշխանության և տարբեր սոցիալական խմբերի միջև կայուն կապեր, որի անհրաժեշտությունը առավել սուր է զգացվում անցման շրջանում գտնվող երկրներում:
6. Արդարության, օրենքի և օրինականության երաշխավոր լինելը, ինչը մեծամասամբ համազգային քաղաքական լիդերների բնորոշ գիծն է:
35. Քաղաքական էլիտայի բնորոշումը, ֆունկցիաները, ժամանակակից տեսությունները:
Էլիտա (ընտրախավ) արտահայտությունը (ֆրանսերեն elite), նշանակում է լավագույն, ընտրյալ, ընտրյալ մարդիկ: Քաղաքագիտության մեջ էլիտա են անվանում մարդկանց, ովքեր իրենց քաղաքական գործունեությամբ արժանացել են բարձր գնահատականի, վստահության և ունեն իրենց հետևորդները: Այն հաճախ օգտագործվում է նաև որպես «կառավարող վերնախավ», «իշխող ուժ», «իշխանական շրջան» արտահայտությունների հոմանիշ:
Քաղաքական էլիտայի մեջ մտնում են բարձրագույն ղեկավար կադրերը, կառավարողներն ու գաղափարախոսները, մտավորականները, որոնց մտքերն ու կարծիքները մեծ հեղինակություն են վայելում: Քաղաքական էլիտայի կարևոր ֆունկցիաներից են`
1. Էլիտան կոչված է ձևավորելու իր սոցիալական խմբի քաղաքական նպատակները, մշակելու նրա ծրագրային փաստաթղթերը:
2. Էլիտան կարևորագույն դեր է խաղում սոցիալական խմբերի քաղաքական կամքի ձևավորման և դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործում:
3. Էլիտան կարգավորում և ուղղորդում է իր սոցիալական խմբի գործունեությունը ըստ իրադրության:
4. Էլիտան ղեկավար կադրերի հիմնական մասն է, քաղաքական և պետական կառավարման տարբեր տեղամասերի համար կադրերի ընտրության հիմնական կենտրոնը:
Քաղաքական էլիտա արտահայտությունը երկար ժամանակ չէր ընդունվում տեսաբանների կողմից: Էլիտայի տեսության առաջացման սկիզբը դրվեց XIX-XXդարերի սահմանագլխին, որի առաջին ռահվիրանները եղան իտալացի մտածողներ Վ.Պարետոն, Գ.Մոսկան և գերմանացի սոցիոլոգ Ռ.Միխելսը: Ըստ Մոսկայի, 3 հիմնական հատկանիշներ են անհրաժեշտ էլիտայի մեջ մտնելու համար, զինվորական փառք, հարստություն, հավատ: Ի տարբերություն Մոսկայի, Վ.Պարետոն էլիտայի ձևավորման հիմնական գործոն էր համարում հոգեկանը: Նա էլիտային անվանում էր արիստոկրատիա և գտնում էր, որ նրա հաստատման էական գործոնը նրա հոգեկան հատկանիշներն ու ընդունակություններն են: Նա գտնում էր, որ կառավարող էլիտան իր իրական նպատակները միշտ թաքցնում է, իրեն միշտ ներկայացնելով որպես բոլոր ճնշվածների առաջնորդ ու պաշտպան և հավատացնում է, որ գործում է հանուն բոլորի բարորության: Նա Մաքիավելու նման, կառավարողներին բաժանում էր 2 խմբի` առյուծների և աղվեսների: Առյուծները կառավարում են ուժի և բռնության միջոցով: Աղվեսները կառավարում են խորամանկության, նենգության ու խաբեության միջոցով:
Գերմանացի սոցիոլոգ Ռ. Միխելսը որպես էլիտայի հիմնական տարբերակիչ առանձնացնում էր «օլիգարխիայի երկաթյա օրենքը», համաձայն որի ցանկացած կազմակերպություն ընդգծված ձևով օլիգարխիայի վերածվելու ձգտում ունի:
Ժամանակակից էլիտայի տեսություններում առաջացել են մի քանի մոտեցումներ, որոնց մեջ նշանակալից են Մաքիավելիստական, արժեքային, կառուցվածքա-գործառնական և լիբերալիստական մոտեցումները:
Մաքիավելիստական մոտեցման մեջ վճռական է համարվում պասիվ մեծամասնության և իշխող արտոնյալ փոքրամասնության միջև եղած տարբերությունը:
Արժեքային մոտեցման մեջ էլիտան համարվում է ոչ միայն կազմակերպված կառավարողների փոքրամասնություն, այլև հասարակության առավել ստեղծագործական և արդյունավետ գործող մասը, օժտված բարձր մտավոր և բարոյական հատկանիշներով:
Ըստ կառուցվածքա-գործառնական մոտեցման էլիտային են պատկանում այն անհատները և մարդկանց խմբերը, որոնք հասարակության մեջ օժտված են բարձր սոցիալական դիրքով և հասարակության կարևորագույն ինստիտուտներում ու կազմակերպություններում զբաղեցնում են որոշակի ղեկավար դիրքեր:
Լիբերալիստական մոտեցումը էլիտան բնորոշում էր որպես իշխող փոքրամասնություն, որը հասարակության մեջ պետական և տնտեսական հաստատություններում գրավում է նշանակալից դիրք և ազդեցություն ունի մեծ թվով մարդկանց կյանքի վրա:
Քաղաքական էլիտան տարբեր սոցիալական խմբերից իշխանության մեջ ուղղակիորեն կամ միջնորդավորված ներառված այն անհատների և խմբերի միասնությունն է, որոնց գիտելիքների մակարդակը, մասնագիտական կարողությունները, քաղաքական փորձը, կառավարման հմտություններն ու ունակությունները թույլ են տալիս նրան իշխանության լծակների օգտագործմամբ իրականացնելու հասարակության կառավարումը:
36. Քաղաքական կուլտուրայի ըմբռնումը և բովանդակությունը:
Քաղաքական կուլտուրան մարդկության կողմից ստեղծված արժեքների այն մասն է, որն առնչվում է հասարակության կյանքի կազմակերպմանն ու կառավարմանը, պետության ու նրա կառույցների ձևավորմանն ու կայացմանը, իշխանության ձևավորման և իրականացման ձևերին ու մեթոդներին, քաղաքական համակարգերի բնույթին ու ֆունկցիաներին, քաղաքական կազմակերպությունների, պետության և իշխանությունների փոխհարաբերություններին, քաղաքական գործընթացներին և նրա մասնակիցներին, քաղաքական սուբյեկտների փոխհարաբերություններին և գործունեության սկզբունքներին և այլն: Այլ կերպ ասած , քաղաքական կուլտուրան այն ամբողջ արժեքների համակարգն է, որն առնչվում է հասարակության քաղաքական կյանքի հետ:
Քաղաքական կուլտուրայի ընդհանուր և հիմնական տարրերից են ավանդույթները, ազգային ժառանգությունը, աշխարհաքաղաքական գործոնները, պատմականորեն ձևավորված հասարակական և էթնիկական կառուցվածքները, դավանանքը և այլն:
Քաղաքացիական մակարդակում ձևավորվում է քաղաքական կուլտուրայի միջուկը: Այս մակարդակում է հիմնականում դրվում իշխանության նկատմամբ մարդու վերաբերմունքի, մարդու և իշխանության հարաբերությունների ձևավորման հիմքը: Մարդը սկսում է հաղորդակցվել քաղաքական կյանքին, որոշում է մասնակցել, թե չմասնակցել նրանում ընթացող գործընթացներին, ինչը կախված է այն բանից, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա և իշխանության միջև: Հենց այս մակարդակում է ձևավորվում իշխանություններին ենթարկվելու կամ հակադրվելու քաղաքացիների համոզմունքը, որոնք էլ նրան մղում են որոշակի քաղաքական քայլերի: Քաղաքական կուլտուրայի մակարդակը կախված է նաև հաստատված իշխանության սկզբունքներից: Որքան քաղաքական իշխանության սկզբունքները ժողովրդավարական են, որքան ճկուն են իշխանության վրա հսկողության միջոցները, այնքան բարձր է քաղաքական կուլտուրայի մակարդակը:
Քաղաքական կուլտուրայի ձևավորման հիմնական ուղղություններից են պետության, քաղաքական կուսակցությունների, եկեղեցու, ԶԼՄ-ների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և շարժումների նպատակամղված, հոգևոր գաղափարական, քաղաքական-լուսավորչական գործունեությունը: Քիչ կարևոր չէ նաև ընտանիքի, դպրոցի, աշխատանքային կոլեկտիվի, ընկերական շրջապատի դերը, ինչը քաղաքական գիտակցության կենցաղային մակարդակի ձևավորման հիմքն է կազմում: Նշենք, որ քաղաքական գիւտակցության կենցաղային մակարդակի ձևավորումը քաղաքական անհատի, ասել է թե քաղաքացու ձևավորման անհրաժեշտ նախադրյալն է:
37. Քաղաքական գաղափարախոսության բնույթն ու նշանակությունը:
Քաղաքական գաղափարախոսությունը հասարակական գիտակցության կարևորագույն բաղադրիչն է և նշանակալից դեր է խաղում հասարակության քաղաքական կյանքում: Գաղափարախոսության հիմնական խնդիրը սոցիալական խմբերի և դասակարգերի շահերի արտահայտությունն ու պաշտպանությունն է: Այն ծագել և զարգացել է սկսած այն պահից, երբ միատարր հասարակությանը փոխարինելու են եկել սոցիալական տարբեր շերտեր ու խմբեր, իրենց ամենատարբեր շահերով ու տարբեր սոցիալական կարգավիճակով: Գաղափարախոսությունը ձևավորվում է որպես տարբեր սոցիալական խմբերի և դասակարգերի շահերի արտահայտութման ու պաշտպանության կարևորագույն միջոց: Տարբերակվում են առաջադիմական և հետադիմական գաղափարախոսություններ: Ըստ Մարքսիզմի առաջադիմական գաղափարախոսությունը արտահայտում է այն դասակարգերի շահերը, որոնց իրական վիճակը հասարակական հարաբերությունների համակարգում պայմանավորում է մարդկության առաջընթացը: Այն հենվում է տվյալ ժամանակի առաջադիմական փիլիսոփայական ուսմունքների և գիտության նվաճումների վրա: Հետադիմական է համարվում այն գաղափարախոսությունը, որը չի համապատասխանում մարդկության պատմական առաջադիմությանը և հակադրվում է նրան:
Քաղաքական գաղափարախոսությունը կարելի է բնորոշել որպես առանձնահատուկ ուսմունք, որը ձգտում է հիմնավորել այս կամ այն դասակարգերի կամ սոցիալական խմբի իշխանության ձգտելու հավակնությունները և դրա հետ միասին ձգտելով դրան հասնել հասարակական կարծիքը իրեն ենթարկելու ճանապարհով:
Քաղաքական գաղափարախոսությունը բաժանում են 3 մակարդակների`
1. Տեսական մակարդակում ձևավորվում են քաղաքական տեսությոսւնների հիմնական դրույթները, հիմնավորվում են որոշակի արժեքներ ու գաղափարներ, որոնք ընկած են առաջարկվող հասարակական կարգի հիմքում:
2. Ծրագրային մակարդակում սոցիալ-փիլիսոփայական սկզբունքներն ու գաղափարները բերվում են կոնկրետ քաղաքական ծրագրերի տեսքի, ձևավորում են քաղաքական ուժերի կոնկրետ պահանջները, մշակվում է քաղաքական պայքարի տակտիկան և ռազմավարությունը, որոշակիացվում են քաղաքական կուսակցությունների հարաբերությունների բնույթը:
3. Վարքագծային մակարդակում քաղաքական գաղափարախոսության խնդիրն է հասարակական գիտակցության մեջ ծրագրերի տեսքով ներդնել որոշակի գաղափարական կողմնորոշումներ, լոզունգներ, պահանջներ, որոնք առաջացնում են համապատասխան քաղաքական վարքագիծ:
Արդի աշխարհում տարածում են գտել քաղաքական գաղափարախոսությունների հետևյալ հիմնական համակարգերը: Լիբերալիզմի, պահպանողականության, սոցիալիզմի, կոմունիստական և ազգայնամոլական կամ ֆաշիզմի գաղափարախոսական համակարգերը:
38. Լիբերալիզմի գաղափարախոսության առանձնահատկությունները:
Լիբերալիզմը (ազատականությունը), առավել տարածված գաղափարական հոսանքներից է, որը սկիզբ է առել 17-18-րդ դարերում, որպես քաղաքական ասպարեզ իջած խոշոր բուրժուազիայի գաղափարախոսություն: Լիբերալիզմը նախ և առաջ լուսավորության դարաշրջանի ապստամբության և մարդասիրության գաղափարախոսություն էր, որը պայքարի էր դուրս ելել բացարձակ տիրապետության և արտոնյալ խավի դեմ: Լիբերալիզմի հիմքում դրված է անհատի ազատության սկզբունքը, որը գերակայող է մնացած բոլոր հասարակական ինստիտուտների նկատմամբ:
Լիբերալիզմը
ազատության համար
պայքարը դիտում
էր որպես մարդու
տնտեսական, ֆիզիկական
և մտավոր ազատությունների
ամեն տեսակի արտաքին
սահմանափակումների
վերացում: Նրանք
հանդես են գալիս
բոլոր տեսակի ժառանգական
իշխանությունների
և խավային արտոնությունների
դեմ:
Լիբերալիզմի
գաղափարախոսության
գլխավոր արժեքը
ազատությունն
է, սակայն ոչ թե
պարզապես անհատի
ազատ զարգացումն
ու ինքնահաստատումը,
այլ ազատության
շուկայական մեկնաբանությունը,
որը հիմնականում
նշանակում է մասնավոր
ձեռներեցության
ազատություն: Լիբերալիզմի
տնտեսագիտական
տեսություններում
քարոզվում է ձեռներեցության,
շուկայի և մրցակցության
ազատությունը:
Լիբերալիզմի գաղափարախոսության
մեջ առաջացել է
2 հիմնական հոսանք`
ա)բուրժուաէլիտարական
հոսանք, որը պաշտպանում
էր խոշոր սեփականատերերի
շահերն ու իրավունքները
և բ) ժողովրդավարական
հոսանք, որը պնդում
է, որ պետությունը
իրավահավասարության
համար պետք է ստեղծի
անհրաժեշտ պայմաններ:
Լիբերալիստական
գաղափարախոսությունից
են ծնունդ առել
մի շարք լիբերալիստական
կուսակցություններ:
Դրանք են Մեծ Բրիտանիայի,
Իտալիայի, Շվեյցարիայի
լիբերալիստական
կուսակցությունները,
ԱՄՆ-ի դեմոկրատական
կուսակցությունը
և այլն:
39. Պահպանողական գաղափարախոսությունը:
«Պահպանողականություն» (կոնսերվատիզմ) հասկացությունը երկու նշանակությամբ է օգտագործվում. 1). պահպանել ու պաշտպանել այն ամենը, ինչը մարդու համար արժեք է ներկայացնում, 2). Անցյալի արժեքների անփոփոխ պաշտպանությունը, առաջին հերթին նախկինում իշխող խավերի արտոնությունների պաշտպանություն:
Դասական պահպանողականությունը ծագել է 18-րդ դարում Անգլիայում, որպես լիբերալիզմի գաղափարախոսության ընդդիմախոս, որը շարունակվում է մինչև մեր օրերը: Պահպանողական գաղափարախոսության ստեղծողներն էին անգլիացի մտածող և քաղաքական գործիչ Էդմունդ Բերկը (1729-1797), ֆրանսիացի հասարակական գործիչներ Ժ.դե Մետրը և Լ.դե Բոնալդը:
Պահպանողականությունը ծնվեց որպես բարձրացող բուրժուազիայի, բուրժուական հեղափոխությունից ծնունդ առած լիբերալիզմի գաղափարախոսությանը հակադրվող կղերա-ֆեոդալական գաղափարախոսություն, դեմ դուրս գալով լիբերալիզմի առաջ քաշած հասարակական կարգի արմատական վերափոխումներին: Դասական կամ պատմական պահպանողականության գաղափարախոսության հիմնադրույթն այն էր, որ այն, ինչ ստեղծվել ու հաստատվել է աստծո կողմից, մարդը իրավունք չունի փոխելու:
Պատմական կոնսերվատիզմը լինելով աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալների շահերի արտահայտիչ, հակված էր պաշտպանելու ֆեոդալական հասարակական հարաբերությունների համակարգը:
Պահպանողական գաղափարախոսությունը հենվում է այն ըմբռնման վրա, ըստ որի չի կարելի բնական վիճակով դասավորված իրերի դրությունը փոխել, որի տակ հասկացվում էր նաև հասարակության մեջ հաստատված ավանդույթները, բարոյական նորմերը, խավային արտոնությունները, կրոնը և այլն:
Պատմական զարգացման ընթացքում լիբերալիզմի նման պահպանողական գաղափարախոսությունը նշանակալից փոփոխությունների ենթարկվեց: Եթե սկզբնական շրջանում այն փորձում էր խանգարել բուրժուական կարգի հաստատմանը, ապա բուրժուական հարաբերությունների հաստատումից հետո պահպանողականությունը միանշանակ կանգնեց այդ հարաբերությունների շահերի պաշտպանության դիրքերում: 20-րդ դարի 2-րդ կեսից սկսած ձևավորվում է պահպանողական գաղափարախոսության նոր հոսանք` նեոկոնսերվատիզմը: Նեոկոնսերվատիզմը սկզբունքորեն ընդունելով տնտեսական գործունեությանը պետության մասնակցության անհրաժեշտությունը, անյուհանդերձ պահանջում է սահմանափակել պետության գործունեության և միջամտության շրջանակները: Նեոկոնսերվատիզմը գտնում էր, որ լավագույն կառավարությունը այն է, որ քիչ է իշխում, այսինքն քիչ է մասնակցում հասարակական կյանքի կառավարմանը:
Արդի պահպանողականները հանդես են գալիս ի օգուտ բնակչության չունևոր խավերի միջոցների վերաբաշխման նպատակով իրականացվող քաղաքականության դեմ: Նրանք պահանջում են կրճատել պետության սոցիալական ծրագրերը: Նրանք համոզված են, որ պետությունը կթու կովի վերածելը բարոյազրկում է մարդուն: Անհատը պետք է իր սեփական ուժերի վրա հույս դնի:
40. Սոցիալիզմի և կոմունիզմի գաղափարախոսությունը:
Արդի աշխարհում ազդեցիկ գաղափարական հոսանքներից է սոցիալիզմի գաղափարախոսությունը: Սոցիալիզմի գաղափարները ծագել են դեռևս հին աշխարհում, որոնք հիմնականում ունեին սոցիալ-տնտեսական մեկնաբանություն: Հայ իրականության մեջ սոցիալիզմի գաղափարները ի հայտ եկան Պավլիկյան շարժման ժամանակ: Պավլիկյանները գտնում էին, որ բոլոր մարդիկ պետք է լինեն հավասար, մերժում էին ավատատիրական արտոնությունները, դեմ էին եկեղեցուն: Այդ գաղափարները ընդունում էին նաև Թոնդրակյանները, որոնք Պավլիկյանների գաղափարական շարունակողներն էին: Թոնդրակեցիները առաջ քաշեցին նաև տղամարդկանց և կանանց իրավահավասարության հարցը:
Սոցիալիզմը իր տեսական և գաղափարախոսական ձևավորումը ստացավ նոր պատմության ժամանակաշրջանում: 19-րդ դարի կեսերից սկսած Կ.Մարքսը (1818-1883) և Ֆ.Էնգելսը (1820-1895) ձեռնարկեցին սոցիալիզմի գաղափարախոսության գիտական հիմնավորման գործընթացը: Նրանց ուսմունքի հիման վրա ձևավորվեց մարքսիզմի գաղափարախոսությունը: Մարքսիզմի գաղափարները 1864թ.ստեղծված I ինտերնացիոնալի շնորհիվ լայն տարածում գտավ Եվրոպական շատ երկրներում: 1889թ. ստեղծվեց II ինտերնացիոնալը: 1903թ. բոլշևիկյան կուսակցությունը իր շուրջը համախմբեց ինտերնացիոնալիստական ձախ ուժերին և ձևավորվեց միջազգային բանվորական շարժում: 1917թ.` հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ձախ ուժերը բաժանվեցին սոցիալ-դեմոկրատական կուսակցություններից և ստեղծեցին իրենց սեփական կուսակցությունները, որոնք 1919թ. միավորվեցին Կոմունիստական III ինտերնացիոնալի մեջ: Իսկ աջ ուժերը վերականգնելով իրենց միասնությունը 1923թ. ստեղծեցին իրենց Սոցիալիստական բանվորական Ինտերնացիոնալը: II համաշխարհային պատերազմից հետո այն անվանվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալ և մեծ հաջողությամբ գործում է մինչև մեր օրերը:
Այսպիսով սոցիալիստական գաղափարախոսության շրջանակներում ձևավորվեցին 2 նոր գաղափարախոսական հոսանքներ` Բոլշևիկյան և սոցիալ-դեմոկրատական, որոնք ծագելով նույն արմատներից, ունեն մի շարք ընդհանուր արժեքներ: Դրանցից են բոլոր մարդկանց հավասարությունը, սոցիալիստական արդարությունը: Այդ երկու հոսանքները միևնույն ժամանակ իրարից արմատապես տարբերվում են: Օրին ակ` Կոմունիստները մերժում են մասնավոր սեփականությունը և ընդունում են պետական սեփականության մենաշնորհը, իսկ սոցիալիզմի գաղափարախոսության մեջ ընդունվում են մասնավոր սեփականության տարբեր ձևերը, պետության դերի գերակայության պայմանով: Կոմունիստները գտնում էին, որ կապիտալիզմին պետք է տապալել հեղափոխության ճանապարհով, սոցիալիստները նախընտրում էին խաղաղ զարգացման և բարեփոխումների ուղին, ինչի համար բոլշևիկները նրանց անվանեցին ռեֆորմիստներ: Այսօր աշխարհի գրեթե բոլոր խոշոր երկրներում (բացառությամբ ԱՄՆ) իրենց քաղաքական հեղինակությամբ առավել ճանաչված են սոցիալ-դեմոկրատական և սոցիալիստամետ կուսակցությունները:
Կոմունիստական գաղափարախոսության հիմքում ընկած է Լենինի ուսմունքը, կամ Լենինիզմը: Լենինը առաջ քաշեց «կապիտալիստական երկրների շղթայում թույլ օղակի» գաղափարը, որտեղ անհրաժեշտ էր անհապաղ բռնությամբ զավթել իշխանությունը, վերացնել մասնավոր սեփականությունը, այն դարձնելով պետական սեփականություն: Լենինիզմի գաղափարախոսությունը դարձավ Հոկտեմբերյան Հեղափոխության ու ԽՍՀՄ-ում և մի շարք այլ երկրներում սոցիալիզմի կառուցման գաղափարական հիմքը: Այդ գաղափարախոսության հիման վրա տեղի ունեցավ արտադրության համայնացում, գյուղի կոլեկտիվացում, ձևավորվեց հզոր ամբողջատիրական համակարգ: Սակայն այն դատապարտված էր կործանման: Միջազգային կոմունիստական շարժումը ծագել է 1917թ. Հոկտեմբերյան Հեղափոխության հաղթանակից հետո: 2-րդ աշխարհամարտից հետո միջազգային կոմունիստական շարժումը իր կապերը պահպանում էր կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային ժողովներում, ինչպես նաև աշխարհամասային ժողովներում, որոնք տեղի են ունենում Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում: Միջազգային կոմունիստական շարժումը մինչև սոցիալիզմի համաշխարհային համակարգի փլուզումը (80-ական թ.) հզոր քաղաքական ուժ էր:
41. Ազգայնամոլական գաղափարախոսությունները:
Ազգայնամոլական գաղափարախոսություններ են ֆաշիզմը, ռասիզմը, սիոնիզմը, վահաբիզմը և այլն: Ֆաշիզմը 1919թ. Իտալիայում և Գերմանիայում առաջացած գաղափարա-քաղաքական հոսանք է, որն արտահայտում էր ազգային բուրժուազիայի առավել ռակցիոն և ագրեսիվ խավերի շահերը: Այն ծագեց որպես ազգային-սոցիալիստական գաղափարախոսություն, որի ստեղծողներն էին իտալական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևի նախկին առաջնորդ Բ.Մուսոլինը և գերմանական քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլերը (Ա.Շիլկգրուբեր): Ֆաշիզմի գաղափարախոսության հիմքում ընկած է ռասիզմը և էլիտարիզմը: Ֆաշիզմը առաջ քաշեց մի տեսություն, ըստ որի որոշ ժողովուրդներ, ազգեր առավելություն ունեն մյուսների նկատմամբ, քանի որ նրանք աստծո ընտրյալներն են և իրենց երակներում արիական արյուն է հեսում: Ֆաշիզմի գաղափարախոսության մեջ էական տեղ է գրավում առաջնորդության կամ ֆյուրերիզմի սկզբունքը, որը պահանջում էր զանգվածների ենթարկումը իր ղեկավարին, իսկ ղեկավարներին օժտում էր գերբնական հատկանիշներով:
Ֆաշիզմը որպես գաղափարախոսություն, միասնական չէ և ունի իր տարբեր դրսևորումները, որոնցում իշխում են ազգային առանձնահատկություններն ու հոգեբանությունը: Օրինակ` իտալական ֆաշիզմ, գերմանական նացիոնալ-սոցիալիզմ, դիկտատոր Սալազարի պորտուգալական ֆաշիզմ, գեներալ Ֆրանկոյի իսպանական Ֆաշիզմ, որոնցից յուրաքանչյուրը մյուսներից տարբերվում է իր գաղափարախոսական յուրահատկությամբ:
Ա.Հիտլերը իր «Իմ պայքարը» գրքում գրում էր, որ միայն գերմանացիներն են իրենց բնույթով իսկական մարդ, մարդկության առավել տիպական ներկայացուցիչը, միայն գերմանական ազգն է կարողացել պահպանել իր լեզվի և արյան մաքրությունը: Գերմանական լեզուն ծագել է բոլոր ազգերի լեզվից ավելի շուտ և մաքուր է մնացել, այն դեպքում, երբ մնացած լեզուները խառնուրդ են տարբեր լեզուների, գրում էր Հիտլերը: Ի տարբերություն գերմանական ֆաշիզմի, իտալական ֆաշիզմը քարոզում էր մեծ հռոմեական կայսրության վերականգնման գաղափարը: 1936թ. Մուսոլինը բոլոր իտալացիներին հայտարարեց մեծ պատմական իրադարձության մասին – իտալական բանակը գրավել է աֆրիկյան եթովպիական պետությունները: Իտալիան իմպերիա ունի, հրճվանքով հայտարարել էր նա: Իտալական ֆաշիզմի հիմնական գաղափարը կորպորատիվ պետության գաղափարն էր: Բոլորը այդ համակարգում աշխատում են համերաշխ մեկ կուսակցության դիկտատուրայի պայմաններում: Մուսոլինը քաղաքական բառապաշարում մտցրեց տոտալիտարիզմի (ամբողջատիրություն) տերմինը, ասելով որ իրենից բացի այլ արժեքներ և ասոցիացիաներ չի կարող թույլ տալ: Ի տարբերություն այլ ֆաշիստական պետությունների, Սալազարի ստեղծած պորտուգալական ֆաշիստական պետությունը իր բնույթով բավականին մեղմ էր: Սալազարի գլխավոր սկզբունքը այն էր, որ ոչ ոք չի կարող վիճարկել պետության ղեկավարի իրավասությունը, քաղաքական պրոբլեմների կարգավորումը կատարում է գերագույն դատավորը, որի որոշումները բոլորի համար պարտադիր են:
Ֆաշիստները ձգտում էին զավթել շատ պետություններ և ստրկացնել շատ ժողովուրդների: Ֆաշիստական պետություններում լայնորեն կիրառվում էր տնտեսության պետական-մոնոպոլիստական կարգավորման մեթոդը, ակտիվորեն ներդրվում էր դասակարգային ներդաշնակության գաղափարը: Ներկայիս ֆաշիստական գաղափարախոսությունը իր նշանակությունը և ազդեցությունը կորցրել է:
42. Արդի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքական գործընթացի բնույթը:
Արդի աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, տեղաշարժերն ու զարգացումները արդյունք, հետևանք և շարունակությունն է վերջին 25-30 տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների: 90-ական թվականներին փլուզվեց ԽՍՀՄ-ը, որը նշանակում էր համաշխարհային սոցիալիստական համակարգի փլուզում, որով վերջ դրվեց կեսդարյա սառը պատերազմին: 2 ծայրահեղ հակադիր համաշխարհային համակարգերի` կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ընթացող դաժան մրցակցությունն ու անզիջում պայքարը համաշխարհային տիրապետության հասնելու համար էր: Սառը պատերազմի և ռազմական մրցավազքի իրականացման մեջ մեղքի իրենց բաժինը ունեին և ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը: Արևմտյան քաղաքական գործիչների տեսակետները համաշխարհային կոմունիստական վտանգի մասին, իր հիմնավորումն ուներ: Նրանք պնդում էին, որ ԱՄՆ-ն զինվում է, որ ԽՍՀՄ-ը չհամարձակվի պատերազմ սկսել, իրենք զինվում են կոմունիստական վտանգից պաշտպանվելու և աշխարհում խաղաղություն ապահովելու համար: Այս 2 հակամարտ համակարգերի սուր պայքարի արդյունքում աշխարհում կուտակվեց այնքան զանգվածային բնաջնջման զենքի պաշարներ, որը կբավականացնի տասնյակ անգամներ ամբողջ երկրագնդի բնակչությանը ոչնչացնելու համար:
ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը գտնվում էին չափազանց անհավասար պայմաններում: ԱՄՆ-ն պատերազմից հետո, նաև պատերազմի շնորհիվ դարձավ աշխարհի ամենահարուստ ու զարգացած պետությունը: Պատերազմի ընթացքում Ամերիկան ավելի շատ զբաղված էր իր արտադրանքը արտահանելով և այդ միջոցավ կուտակած հարստությունը ներդնում էր ռազմական արդյունաբերության մեջ, առանց վտանգելու երկրի նորմալ զարգացման ընթացքը: Իսկ ԽՍՀՄ-ն պատերազմից դուրս եկավ հսկայական մարդկային և նյութական կորուստներով: Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը ներքաշվելով ռազմական մրցավազքի մեջ, ստիպված էր իր միջոցների առյուծի բաժինը ներդնել ռազմական արդյունաբերության մեջ, ինչը նվազեցնելով տնտեսության զարգացման համար անհրաժեշտ միջոցները, հնարավորություն չէր թողնում ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար: Այդ էլ պատճառ էր դառնում հասարակության մեջ օրեցօր ավելացող դժգոհության, և բնավ էլ պատահական չէր, որ 90-ական թ-ին երկիրը փլուզվեց: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացել էր միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր համակարգի ձևավորման և համաշխարհային քաղաքական գործընթացների իրականացման նոր մեխանիզմների մշակման անհրաժեշտություն:
Արդի շրջանում միջազգային հարաբերություններին բնորոշ է անցումային վիճակ: Միջազգային հարաբերությունները որպես պետությունների, միջազգային կազմակերպությունների միջև միավորող կապերի ամբողջություն, այն միջավայրն է, որտեղ իրականացվում են արտաքին և միջազգային քաղաքականության սկզբունքները:
Միջազգային հարաբերություններում քաղաքականության առաջնային դերը պայմանավորված է հետևյալ գործոններով.
a) Համաշխարհային քաղաքականության սուբյեկտները ունեն հսկայական միջոցներ և հնարավորություններ շրջապատի վրա ազդելու համար, օժտված են կառավարման հզոր լծակներով և կարողանում են ազդել համաշխարհային գործընթացների վրա: Այդպիսի Սուբյեկտ է ՄԱԿ-ը:
b) Միջազգային հարաբերությունները ունեն ընդգծված գլոբալացման, բարդացման և ծավալման միտում:
c) Չափազանց սրվել է ամբողջ մարդկության անվտանգության խնդիրները:
d) Ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում արդի համաշխարհային զարգացման մեջ առկա հակասությունների լուծումը:
Համաշխարհային քաղաքական գործընթացի բնույթը - Համաշխարհային քաղաքական գործընթացը միջազգային հարաբերությունների բազմատեսակ ինստիտուցիոնալ սուբյեկտների գործունեության, աշխարհում տարատեսակ քաղաքական գործընթացների համակարգված ամբողջություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտ ձգտում է իր շահերը իրականացնել: Նրա հիմնական սուբյեկտներն են ժողովուրդը, ազգը, պետությունները, միջազգային կազմակերպությունները, ոչ պետական միավորումները, հասարակական շարժումները, վերազգային կորպորացիաները, կրոնական կազմակերպությունները, քաղաքական և հասարակական լիդերները:
Արդի համաշխարհային քաղաքական գործընթացը բնորոշվում է որպես երկբևեռ համակարգից բազմաբևեռ աշխարհի անցում: Ներկայումս համաշխարհային քաղաքական գործընթացների մեջ գերակշռող միտումը միջազգային անվտանգության ամրապնդման խնդիրն է, որի վտանգը չի անցնի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի տարբեր մասերում ծագում են ազգային առճակատումներ, պատերազմներ ու բռնություններ, միջազգային ահաբեկչություններ:
Համաշխարհային քաղաքական գործընթացներին բնորոշ են հետևյալ գծերը.
1. Կենտրոնի առկայությունը, որի դերում հանդես է գալիս ՄԱԿ-ը, «ութնյակ» երկրների փոխհարաբերությունները, առաջատար միջազգային կազմակերպությունների գործունեություն, ՆԱՏՈՆ և այլն:
2. Առաջին պլան են մղվում մարդկային քաղաքակրթության զարգացման համընդգրկուն խնդիրները:
3. Աճում է տարատեսակ քաղաքական սուբյեկտների փոխհարաբերությունների և համագործակցության միտումները:
4. Աճում է մարդու դերը, նրա իրավունքների, ազատությունների և կենսական շահերի նշանակությունը:
5. Քաղաքական գործընթացներում առկա են սոցիալ-քաղաքական ուժերի, քաղաքականության իրականացման միջոցների, ձևերի ու մեթոդների բազմազանություն:
43. Համաշխարհային քաղաքականության համընդգրկուն (գլոբալ) խնդիրները:
20-րդ դարակեսից սկսած աշխարհաքաղաքական զարգացումների, հակամարտությունների, տարբեր քաղաքական համակարգերի միջև տեղի ունեցող ռազմական մրցավազքի, պետական և ռազմական խմբավորումների առճակատումների հետևանքով մարդկությունը ժառանգել է մի շարք այնպիսի չլուծվող խնդիրներ, որոնք իրենց անհետաձգելի լուծումն են պահանջում, քանզի սերտորեն առնչվում են մարդկության գոյության խնդիրների հետ: Մի շարք չլուծված գլոբալ խնդիրների ծանր բեռով մարդկությունը մուտք է գործել 3-րդ հազարամյակ: Գլոբալ, համընդգրկուն, կամ համակարդկային խնդիրները կարելի է բաժանել 4 հիմնական խմբերի.
1. Միջազգային սոցիալ-քաղաքական խնդիրներ, որոնցից առանձնանում են միջուկային պատերազմի կանխումը, ռազմական մրցավազքի թուլացումը, հնարավորության դեպքում նաև վերացումը և տարածաշրջանային, միջպետական հակասությունների կարգավորքւմը:
2. Միջազգային սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, հետամնացության և նրա հետ կապված աղքատության հաղթահարում:
3. Սոցիալ-էկոլոգիական խնդիրներ, որոնք կապված են մարդկանց բնակության բնական միջավայրի հետագա վատթարացման հետ: Սուր անհրաժեշտություն է դարձել օզոնի շերտի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացումը, բնական ռեսուրսների խելամիտ օգտագործումը:
4. Մարդու և հասարակության առաջընթացի խնդիրները:
Համաշխարհային գլոբալ որոշ խնդիրներ լուծելու ուղղությամբ մարդկությունը բավականին նվաճումներ արդեն արձանագրել է. – կնքվել են միջուկային զենքի կրճատման, չտարածման պայմանագրեր, ոչնչացվել է քիմիական զենքի պաշարները: - Միացյալ ուժերով համաշխարհային հանրույթին հաջողվում է կարգավորել մի շարք ռազմական բախումներ ու պատերազմներ: - Ընդարձակվում է տիեզերքի ուսումնասիրության միջազգային համագործակցությունը: Սակայն դեռ շատ չլուծված խնդիրներ են մնում, հատկապես էկոլոգիայի, բնակչության գերաճի, բնական ռեսուրսների, հետամնացության և ազքատության ոլորտի համամարդկային խնդիրները մնացել են անլուծելի:
44. Արդի ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը:
Աշխարհաքաղաքականությունը (գեոպոլիտիկան) միջազգային հարաբերությունների տեսության հիմնարար հասկացություններից է: Այն կարելի է դիտել որպես գիտական կոնցեպցիա, որը հենվում է ամբողջ աշխարհի և յուրաքանչյուր կոնկրետ երկրի ֆիզիկական, տնտեսական և քաղաքական աշխարհագրության օբյեկտիվ տվյալների, փաստերի վերլուծության և ընդհանրացման արդյունքների վրա: Արտաքնապես գեոպոլիտիկան նմանվում է պետության արտաքին քաղաքականությանը, որում արտահայտված են ժողովուրդների և երկրների տարածքային շահերը: Գեոպոլիտիկայի կարևորագույն խնդիրներից է համաշխարհային, տարածաշրջանային և պետական անվտանգության հարցերի ուսումնասիրման ժամանակ հաշվի առնել քաղաքական և աշխարհագրական գործոնների դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքական գործընթացների վրա:
Պետությունները իրենց աշխարհագրական դիրքով, տարածքներով, բնական ռեսուրսներով, բնակչության քանակով և կազմով իրարից տարբերվում են: Ոմանք հարուստ բնական ռեսուրսներ ունեն, ոմանք խոշոր տարածքներ և բնակլիմայական հրաշալի պայմաններ, ոմանք զուրկ են այդ բարեմասնություններից: Սակայն այդ անհավասարությունը չի երաշխավորում հարուստ երկրների զարգացումն ու հզորացումը: Հզոր ու զարգացած են լինում այն երկրները, որոնք կարողանում են լավագույն ձևով օգտվել ոչ միայն իրենց հնարավորություններից, այլ կարողանում են ուրիշ երկրների հետ այնպիսի հարաբերությունների մեջ մտնել, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մյուս երկրների հնարավորություններից օգտվել: Իսկ դրա լավագույն միջոցը պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունն է, որը կարող է հնարավոր դառնալ ժողովրդավարական սկզբունքներով նոր աշխարհակարգի ձևավորման դեպքում:
45. ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը և քաղաքական զարգացումների բնույթը անցումային շրջանում:
Հայաստանը գտնվում է յուրահատուկ աշխարհաքաղաքական պայմաններում, որում առկա են մի շարք բացասական արդյունք ծնող գործոններ: Դրանցից են`
Ø Հայաստանը անկլավային երկիր է, ինչը նրան զրկում է այլ պետությունների հետ անմիջական հաղորդակցումից և հարաբերություններից:
Ø Հայաստանը չափազանց փոքր տարածք ունի, որի հիմնական մասը լեռնային է:
Ø Բնական պաշարների, հատկապես էներգետիկ ռեսուրսների պակասը, որի հետևանքով երկրի արդյունաբերական զարգացումն ու գործունեությունը կախված է լինում հումքի ներկրման հնարավորությունից:
Ø Հայաստանի հարևան երկրներից երեքը մուսուլմանական են, որոնցից 2-ի հետ (Թուրքիա, Ադրբեջան) առկա է պատմականորեն ձևավորված ազգամիջյան թշնամություն և շատ չլուծված խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդում են տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա: 4-րդ հարևան պետությունը Վրաստանն է, որի միջոցով է Հայաստանը կապվում Ռուսաստանի հետ: Սակայն Վրաց-Աբխազական հակասությունների առկայությունը և վրաց-թուրքական հարաբերությունների սերտաճումը Հայաստանին զրկում է Վրաստանի տարածքի հաղորդակցման ուղիներից լավագույնս օգտվելու հնարավորությունից, որի պատճառով երկրի տնտեսական զարգացումը դժվարանում է: Ահա այս աշխարհաքաղաքական գործոնների ազդեցության տակ են տարածաշրջանում ձևավորվում և ընթանում քաղաքական տեղաշարժերն ու զարգացումները:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.