Դեպի գեղեցիկի աշխարհը երեխաների համար ճանապարհ պետք է հարթել բոլոր միջոցներով, բոլոր առարկաների դասերին: Մայրենիի դասերն այդ տեսանկյունից մեծ առավելություն և մեծ հնարավորություն ունեն ոչ միայն այն առումով, որ ամեն ինչի մասին մայրենի լեզվով կարելի է հեշտությամբ բացատրել ու հասկացնել, այլև այն տեսանկյունից, որ մայրենիի դասերին արվեստի տարբեր ձևերի և դրսևորումների տեղին ու արդյունավետ գործադրումը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Գեղեցիկի աշխարհը թափանցելու այդ կարևոր ու անփոխարինելի միջոցներից մեկն էլ երգն ու երաժշտությունն են, որոնք լայնորեն կարող են օգտագործվել մայրենիի դասերին, դառնալ այդ դասերի բաղկացուցիչ մասերից մեկը, մայրենիի դասը դարձնել հաճելի, գեղեցիկ, տպավորիչ և անմոռաց: Երգի և երաժշտության օգտագործումը մայրենիի դասերին կարելի է իրականացնել մի քանի ձևով՝ կապված ուսումնասիրվող նյութի առանձնահատկությունների, բնույթի և ընձեռած հնարավորությունների հետ: Երգը կամ երաժշտությունը կարող է կապվել նյութի հետ որպես նրա ընկալման ու յուրացման օժանդակ միջոց, որը կօգնի ավելի ճիշտ, բազմակողմանիորեն ու խորությամբ ըմբռնելու հաղորդվածը: Եվ, ի վերջո, երգը կամ երաժշտությունը կարող է անխզելիորեն կապված լինել ուսումնասիրվող նյութի հետ, բխել նրանից, համալրել այն՝ ամբողջացման և ընդհանրացման առումով: Ուսուցիչը պետք է կարողանա հմտորեն , տեղին և արդյունավետ օգտագործել երգն ու երաժշտությունը: Օրվա դասերը երաժշտությամբ ամփոփելը կամ ավարտելը բացառիկ կարևոր նշանակություն կարող է ունենալ ոչ միայն երեխաների հոգնածությունը ցրելու, նրանց աշխուժացնելու և ակտիվացնելու, այլև անցածը ամրապնդելու տեսանկյունից: Սրան ևս հատուկ տեղ և արժեք պետք է տալ ոչ միայն մայրենիի, այլև տարրական դասարաններում դասավանդվող ուսումնական տարաբնույթ աշխատանքների համակարգում: Թե ինչպիսին պետք է լինի այդ երաժշտությունը, ինչ բովանդակություն, կատարում և տևողություն պետք է ունենա, կարելի է լուծել մասնագետ ուսուցչի հետ, բայց որ այն անպայման հսկայական և անփոխարինելի նշանակություն կարող է ունենալ աշակերտների ոչ միայն գեղագիտական դաստիարակության, այլև ուսումնական աշխատանքների արդյունավետության բարձրացման համար, սա միանգամայն կասկածից դուրս է: Նման երաժշտությունը պետք է հոգեհարազատ լինի երեխաներին, համապատասխան հույզեր և զվարթ տրամադրություն ստեղծի: Եթե ուսուցիչը լավ է պատկերացնում ուսումնասիրվելիք նյութի բովանդակությունը, ընդհանուր թեմատիկան և նպատակադրումը, նրա ծագումն ու կապը մյուս նյութերի հետ, նրա ճանաչողական, լեզվական ու դաստիարակչական հնարավորությունները, նրա կապը երաժշտության հետ, ապա այս դեպքում է, որ ուսուցիչը կկարողանա երգն ու երաժշտությունը դարձնել նյութի բազմակողմանի ուսումնասիրման ու յուրացման, նրա ճանաչողական ու դաստիարակչական ներթաքուն հնարավորությունների բացահայտման ու դրսևորման միջոց:
Թեև երաժշտությունը, որպես ուսումնական առարկա, իր հսկայական ու անփոխարինելի նշանակությունն ունի երեխաների մեջ բնականորեն եղած երաժշտական ընդունակություններն ու հակումները բացահայտելու և զարգացնելու,որոշակի երաժշտական կարողություններ ձևավորելու համար, սակայն այդ կարողությունները միայն երաժշտության դասերին չէ, որ պետք է դրսևորվեն, դրանք իրենց միանգամայն գործնական ու խիստ օգտակար գործադրությունը պետք է ունենան նաև մայրենիի դասերին: Այստեղ այն կկապվի հատկապես այն նյութերի մշակման հետ, որոնք օգտագործված են երաժշտության մեջ , որպես լեզվական հենք կամ կապվում են երաժշտության հետ, նոր տեղեկություններ ու գիտելիքներ են տալիս երաժշտության, երգի ու երգահանների մասին, նպաստում են այդ ուղղությամբ երեխաների մտավոր զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Այսպես, օրինակ, մայրենիի դասագրքերում բազմաթիվ մանկական բանաստեղծություններ կան, որոնք երգահանների կողմից օգտագործվել են մանկական երգերի համար որպես խոսքային հենք: Այսպիսի նյութերի ուսումնասիրությունն անպայման պետք է կապվի տվյալ երաժշտական ստեղծագործության օգտագործման հետ, որը մի դեպքում կհարստացնի տվյալ նյութի վերաբերյալ տրվելիք տեղեկությունները, մյուս կողմից կբարձրացնի նրա հուզական-արտահայտչական ազդեցությունը, կնպաստի յուրացման մակարդակի բարձրացմանը: Շատ հաճախ կարելի է նյութի ուսումնասիրությունն սկսել նրա երաժշտական կողմի ունկնդրումով, որը ոչ միայն լավ տրամադրություն կստեղծի, այլև կբարձրացնի երեխաների հետաքրքրությունը նյութի նկատմամբ: Այսպես, օրինակ, եթե տվյալ տեքստն արդեն ուսումնասիրվել է որպես երգ, և երեխաները գիտեն այդ երգը, շատ լավ կլինի աշակերտներին կատարել տալ այն, իսկ ապա ասել, որ այդ երգի տեքստն ուսումնասիրվելու է որպես ընթերցանության նյութ՝ նրա բովանդակությունը, թեման ու լեզվական կողմը, արվեստն ու մյուս առանձնահատկություններն ավելի լավ ճանաչելու առումով: Սակայն շատ հաճախ նյութն ավելի շուտ են անցնում,քան երաժշտությունը, ուստի կարելի է դիմել ձայնագրությունների օգտագործմանը, որը նույնպես միանգամայն դրական նշանակություն կարող է ունենալ երեխաների համար թե՛ հուզական, գեղագիտական, և թե՛ ճանաչողական տեսակետից և կայուն հիմք կստեղծի նյութի հեշտ և խոր յուրացման համար:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.