Աշակերտների ինքնուրույն գործունեության կազմակերպման ձևերը
Տարրական դասարաններում ինքնուրույն աշխատանքը բավականին մեծ դեր ու նշանակություն ունի: Ինքնուրույն է համարվում այն աշխատանքը, որի ընթացքում սովորողները պարզորոշ պատկերացնում են աշխատանքի նպատակը, դրա կատարման կարգը և կատարում են այն` առանց ուսուցչի անմիջական մասնակցության: Ինքնուրույն աշխատանքը դիտարկվում է որպես ուսուցման միջոց:
Տարրական դասարանում ինքնուրույն աշխատանքի անցկացումն ունի որոշակի առանձնահատկություններ:
ՈՒսուցիչները հաճախ կիրառում են աշակերտների ակտիվությունը խթանող հնարներ, և համարում են, որ իրենք կազմակերպեցին ինքնուրույն աշխատանք: Անկասկած, այդ հնարների կիրառմամբ նրանք սովորեցնում են աշակերտներին ինքնուրույն աշխատել,բայց այն դեռ ինքնուրույն աշխատանք չէ:
Նախ տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում §ինքնուրույնություն¦ և §ինքնուրույն աշխատանք¦ արտահայտությունները: Ինքնուրույնությունը անհատի անձնային որակ է, իսկ ինքնուրույն աշխատանքը` ուսումնական աշխատանքի ձև:
Ինքնուրույնության և ինքնուրույն աշխատանքի միջև գոյություն ունի սերտ կապ: Ինքնուրույն աշխատանքը մի կողմից արդեն ձեռքբերված ինքնուրույնության արտահայտումն է, մյուս կողմից` ինքնուրույնության զարգացմանը նպաստող միջոց: Այսինքն` ինքնուրույն աշխատանքը նպաստում է ինքնուրույնության ձևավորմանը` որպես անհատ որակ:Ինքնուրույն աշխատանքները զարգացնում են սովորողների տրամաբանությունը, ճանաչողությունն ու ակտիվությունը:
Կարելի է ասել, որ ինչպես դպրոցում, այնպես էլ ողջ կյանքի ընթացքում սովորողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում են զարգանում գիտելիքների յուրացման գործընթացն իրականացնող ճանաչողական կարողություններն ու հմտությունները:
Գաղտնիք չէ, որ արդի ժամանակաշրջանում տարրական և միջին դասարաններում ուսումնասիրության միջև գոյություն ունի անջրպետ: Այս երևույթի պատճառները բավականին շատ են, սակայն դրանցից մեկն էլ կարելի է համարել տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների` կրտսեր դպրոցականների ինքնուրույն աշխատանքի հմտությունների ձևավորման վրա ոչ բավարար ուշադրության պակասը:
Նույնիսկ բազմաթիվ փորձառու ուսուցիչներ կազմակերպելով սովորողների ուսումնական գործունությունը` չեն խթանում նրանց ակտիվության զարգացմանը: Այդպիսի ուսուցիչներից աշակերտը կարող է օգնություն ստանալ առաջին իսկ դժվարության դեպքում: Այդպես աշակերտն այլևս առանձնապես ակտիվություն չի դրսևորում խնդիրների լուծման նպատակով ինքնուրույն ուղիների որոնման գործում: Աշակերտներին տրվում է պատրաստի արդյունքը, չնայած որ նա կարող է ինքնուրույն որոնել այն: Երբեմն էլ ուսուցիչը չի հետաքրքրվում, թե ինչպես է աշակերտը գրել հարցի պատասխանը, այլ սահմանափակվում է արդյունքների ճշտության ստուգումով, ինչը չի բարձրացնում աշակերտի հետաքրքրությունը` առաջադրանքի կատարման համար տարբեր ուղիների որոնման գործում:
Տարրական դասարաններում դասերի ընթացքում գերակշռում է ուսուցման ճակատային ¥ֆրոնտալ¤ ձևը, երբ աշակերտների գործողությունները հիմնականում կախված են ուսուցչի անմիջական հրահանգներից: Այդ գործողությունները հիմնականում կատարվում են գրատախտակի մոտ: Այսպիսի գործողությունները արգելակում են երեխաների զարգացումը, և արդեն V դասարանում սովորողները հայտնվում են անօգնական վիճակում` գրքի շուրջ իրականացվող ինքնուրույն աշխատանքի, առաջադրանքների ինքնուրույն լուծման, ստեղծագործական բնույթի աշխատանքների կատարման ընթացքում: Առաջադրանքների ծավալը նրա ուժերից վեր է դառնում, աշխատանքի տեմպը` դանդաղ:
Ինքնուրույն աշխատանքի հմտությունները չեն ծագում ինքն իրենց, դրանք անհրաժեշտ է ձևավորել և դրանում հսկայական դեր ունի ուսուցիչը: Երեխաների ինքնուրույնությունը զարգանում է աստիճանաբար, դաստիարակվում է դասից դաս, դասարանից դասարան:
Ինքնուրույն աշխատանքի համակարգված կազմակերպմամբ հնարավոր է հասնել այն բանին, որ երեխաները ճկուն և խորը յուրացնեն հասկացությունները, օրինաչափությունները, դաստիարակել նորը ճանաչելու ցանկություն և զարգացնել այն կարողությունները, որոնք պարտադիր են ինքնակրթության և ինքնակատատարելագործման համար:
Աշակերտների ինքնուրույն գործունեության կազմակերպման ձևերը
Փորձը ցույց է տալիս, որ`
· Ճիշտ կազմակերպված ինքնուրույն աշխատանքը պարբերաբար անցկացնելով` սովորողներն առավել խորը և ճկուն գիտելիքներ են ձեռք բերում, քան ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքների հաղորդման դեպքում:
· Ըստ դիդակտիկական նպատակի և բովանդակության տարատեսակ ինքնուրույն աշխատանքի կազմակերպումը նպաստում է սովորողների ճանաչողական և ստեղծագործական ունակությունների, մտածողության զարգացմանը:
· Ինքնուրույն աշխատանքի անցկացումն ըստ մանրամասն մշակված մեթոդիկայի` արագացնում է սովորողների` գործնական կարողությունների և հմտությունների ձևավորումը, իսկ այն իր հերթին դրականորեն է ազդում ճանաչողական կարողությունների և հմտությունների ձևավորման վրա:
· Ժամանակի ընթացքում դասերին ինքնուրույն աշխատանքի պարբերաբար կազմակերպման և տրված առարկայից տրվող տնային աշխատանքների բազմազան տեսակների հետ դրա համապատասխանեցման դեպքում մշակվում է ինքնուրույն աշխատելու հիմնարարկարողությունները:
Վերը գրվածից պարզ է դառնում, թե որքան մեծ նշանակություն ունի ինքնուրույն աշխատանքը կրտսեր դպրոցականների ուսուցման գործընթացում: Տարրական դասարաններում գործունեություն ծավալելու կարողության ձևավորումը, իսկ այն հնարավոր է իրականացնել սովորողների ինքնուրույն գործունեության արդյունավետ կազմակերպման միջոցով: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, սովորողների ինքնուրույն աշխատանքն ունի որոշակի կառուցվածք: Այն իր մեջ ներառում է վեց հիմնական փուլեր.
1. կազմակերպչական. Սա երեխաների աշխատանքային միջավայրի նախապատրաստումն է:
2. բառարանների, հուշաթերթիկների բաշխում, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի ընթացքում: Աշխատանքային միջավայրի նախապատրաստումը կարևորագույն պայման է արդյունավետ ինքնուրույն աշխատանքի կազմակերպման համար:
3. նախապատրաստական. Այս փուլում ուսուցիչը սովորեցնում է կամ մեկ անգամ ևս հիշեցնում է երեխաներին հանգիստ նստել, չխանգարել իր ընկերներին, պահպանել լռություն և կարգուկանոն, ուշադիր աշխատել, ինքնաստուգում կատարել և այն, այսինքն` այն ամենը, ինչը կապահովի աշխատանքի արդյունավետությունը:
4. կողմնորոշիչ. Այս փուլում ուսուցիչը սովորեցնում է առաջադրանքի բովանդակությունը: Նա ստանալով առաջադրանք` ընթերցում կամ վերընթերցում է պայմանը, դիտարկում է առարկան կամ գծագիրը, ընթերցում է տեքստը և այլն: Այս փուլի ընթացքում սովորողն իմաստավորում առաջադրանքը, առանձնացնում է, թե ինչ է տրված, թե ինչ պետք է իմանալ կամ կատարել, ինչպիսի գիտելիքներ և գործողություններ են պահանջվում աշխատանքի կատարման համար: Երեխաները ծանոթանում են հուշաթերթիկի բովանդակությանը: Բացի դրանից, այս փուլում,ուսուցիչը կարող է բաշխել աշխատանքի պլանը:Պլանը կարելի է գրառել նաև գրատախտակին: Գրատախտակին փակցվում է նաև թեմայի շուրջ մշակված պաստառները, սխեմաները և այլն:Այս փուլում ձևավորվում է ուսումնական աշխատանք ծավալելու կարևորագույն կարողություներից մեկը` աշխատանքի համար կարևոր նյութեր ընտրելու կարողությունը:
5. հիմնական փուլ. Ալս փուլում կատարվում է ինքնուրույն աշխատանքը:
6. ամփոփիչ փուլ.Այս փուլում կատարվում է անցուդարձ:Ուսուցիչը գնահատում է, քննարկում է, վերլուծում ամբողջ դասարանի աշխատանքի ընթացքը, արդյունքները:
Նպատակահարմար է առաջադրանքի կատարման ստուգման համար առանձնացնել ևս մեկ կառուցվածքային փուլ` 7. ¥ստուգիչ¤ փուլ, որի ընթացքում աշակերտը կատարելով առաջադրանքը`ինքն իր սեփական նախաձեռնությամբ ստուգում է իր աշխատանքը և գնահատում այն,այսինքն` իրականացնում է ինքնաստուգում և ինքնավերահսկում:
Կազմակերպելով սովորողների ինքնուրույն աշխատանքը` ուսուցիչը պետք է կարողանա պատասխանել հետևյալ հարցերին.
- Տվյալ ուսումնական նյութի ուսումնասիրման գործընթացի ու փուլում է նպատակահարմար կազմակերպել ինքնուրույն աշխատանքը,
- ինքնուրույն աշխատանքի ինչ տիպ է անհրաժեշտ ընտրել և կիրառել գիտելիքների յուրացման տվյալ փուլում:
Ինքնուրույն գործունեության կազմակերպումն ու անցկացումը պահանջում է հատուկ մոտեցում:Այդ պատճառով անհրաժեշտ է մանրամասն մշակել դասի պլանը, որոշել ինքնուրույն աշխատանքի տեղը դասի ընթացքում, բովանդակությունը,դրա կազմակերպման ձևերն ու մեթոդները:Միայն այս դեպքում ինքնուրույն աշխատանքը արդյունավետ կընթանա: Ընդ որում, մանկավարժը պետք է նախատեսի աշխատանքի բարդության մակարդակը, ծավալը, հնարավոր սխալները, դժվարությունները, որոնք կարող են ծագել երեխաների մոտ` այդ աշխատանքի կատարման ընթացքում: Ինքնուրույն աշխատանքի կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է մտորել նաև սովորողներին ցուցաբերվող օգնության և ստուգման ձևերի մասին: Հատկապես տարրական դասարաններում ինքնուրույն աշխատանքի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է կիրառել բազմազան մեթոդական երաշխավորություններ , հուշաթերթիկներ: Դրանք նպաստում են արագ յուրացնել գործողությունների որոշակի հաջորդականություն կատարելու և սեփական գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ կարողությունները:
Ինքնուրույն աշխատելու կարողությունները մշակվում են նպատակաուղղված վարժությունների և աստիճանաբար բարդացող առաջադրանքների միջոցով: Մինչ ինքնուրույն աշխատանքի համար առաջադրանքներ տալը, այդ առաջադրանքների տեսակները յուրացվում են նախապես ուսուցչի հետ միասին կատարվող աշխատանքների միջոցով:Այնուհետև առաջադրանքների այս կամ այն մասը կատարում են աշակերտները, և , վերջապես, նրանք հնարավորություն են ստանում ամբողջ առաջադրանքը կատարել ինքնուրույն:Ուսուցիչը պետք է որոշի առաջադրանքների տեսակը, դրա տեղը դասի ընթացքում, բացատրի նպատակը և կատարման քայլերի հաջորդականությունը, հետևի սովորողների աշխատանքին` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով օգնություն առանձին աշակերտներին: Աշխատանքի ստուգումը ևս կատարվում է ուսուցչի ղեկավարությամբ:Վերջինս արդյունքների քննարկմանը մասնակից է դարձնում ամբողջ դասարանին:
Դիտարկենք .թե ինքնուրույն աշխատանքի ի՞նչ տեսակներ կարելի է կիրառել տարրական դասարաններում:
Ինքնուրույն աշխատանքի հիմնական տեսակները կարելի է դասակարգել ըստ մի քանի հատկանիշների, որոնք միևնույն ինքնուրույն աշխատանքը բնութագրում են տարբեր տեսանկյուններից: Ինքնուրույն աշխատանքի տեսակները ներկայացնենք աղյուսակի տեսքով.
I Ինքնուրույն աշխատանքի դասակարգման հատկանիշներ` ըստ ուսումնական նպատակների
1. Հիմնարար գիտելիքների կրկնության և նոր նյութի ընկալմանը նախապատրաստող
2. Նոր նյութի ուսումնասիրությանը նպաստող
3. Գիտելիքները համակարգող
4. Որոշակի կարողություններ զարգացնող
5. Ստուգող, վերահսկող
II Ըստ ճանաչողական գործունեության բնույթի
1. Ըստ տրված նմուշի ¥օրինակ` գրել տառեր, թվեր, սոսնձել տուփ և այլն¤,այսինքն` աշխատանքներ, որոնք առավելապես հիմնված են ընդօրինակման վրա:Այսպիսի աշխատանքների կատարման ընթացքում աշակերտների ինքնուրույն գործողությունները սահմանափակվում են պարզ վերարտադրման միջոցով` ըստ նմուշի կրկնելով գործողությունները: Այնուամենայնիվ, այսպիսի աշխատանքների դերը բավականին մեծ է:
2. Կառուցողական,որոնք ստեղծագործական մոտեցում են պահանջում:Ընդ որում, կամ ցույց են տալիս առարկան, որի շուրջ պետք է աշխատել, կամ էլ նշում են հարցը, թեման, որը պետք է բացահայտեն: Օրինակ` պատրաստել որևէ խաղալիք, հորինել շարադրություն որևէ թեմայով և այլն: Սովորողներին ներկայացվում է նշանակալի ազատություն, ինքնուրույնություն ինչպես բովանդակության որոշման, այնպես էլ աշխատանքի հնարների ընտրության մեջ: Կառուցողական ինքնուրույն աշխատանքները սովորեցնում են վերլուծել իրադարձությունները, երևույթները, փաստերը, ձևավորում են ճանաչողական գործունեության հնարները և մեթոդները, նպաստում են ճանաչողության նկատմամբ ներքին դրդապատճառների զարգացմանը, պայմաններ են ստեղծում դպրոցականների մտավոր ակտիվության զարգացման համար: Այս տիպի ինքնուրույն աշխատանքները հիմք են ձևավորում աշակերտի ստեղծագործական գործունեության հետագա զարգացման համար;
2. Ստեղծագործական – հետազոտական, որոնք երեխաների ինքնուրույն գործունեության գագաթնակետն են հանդիսանում: Այդ աշխատանքները ամրապնդում են գիտեիքների ինքնուրույն որոնման հմտությունները: Դրանք ստեղծագործող անձի ձևավորման արդյունավետ միջոցներից են: Ստեղծագործական բնույթի ինքնուրույն աշխատանքները հնարավորություն են ընձեռնում աշակերտներին ձեռք բերել իրենց համար սկզբունքորեն նոր գիտելիքներ:
III Ըստ կազմակերպման ձևի
1.Ընդհանուր ¥ճակատային¤, երբ բոլոր սովորղները կատարում են միևնույն աշխատանքը
2. Խմբային, երբ սովորողների տարբեր խմբեր աշխատում են տարբեր առաջադրանքների վրա,
3. Անհատական, երբ սովորողներից յուրաքանչյուրն աշխատում է հատուկ առաջադրանքների վրա:
IV Ըստ ինքնուրույն աշխատանքի ընթացքում դիդակտիկ նյութերի կիրառության
1. Աշխատանք դասագրքով, տեղեկատու գրականության շուրջ¥բառարաններ, հանրագիտարաններ և այլն¤:Տարրական դասարաններում մեծ տեղ է հատկացվում գրքի, գեղարվեստական տեքստի, նկարազարդման շուրջ կատարվող ինքնուրույն աշխատանքին:Գրքի շուրջ ինքնուրույն աշխատելու կարողությունը սովորելուն նպաստող ամենակարևոր կարողություններից է: Առանց այդ կարողության յուրացման հնարավոր չէ իրականացնել գիտելիքների լիարժեք յուրացումը քանի որ յուրացման գործընթացի կարևոր կառուցվածքային տարրերը, ինչպիսիք են՝ իմաստավորումը և ամրապնդումն իրականացվում է դասագրքի շուրջ կատարվող աշխատանքի ընթացքում:Գրքի շուրջ աշխատելու անկարողության պատճառով ուսումնական աշխատանքն աշակերտի համար դառնում է տանջալի աշխատանք: Գրքի շուրջ աշխատելու կարողությունների զարգացումն իրականացվում է բոլոր առարկաների դասերի ընթացքում:
2. Շարադրություններ ¥ըստ հենակետային բառերի, նկարների շուրջ և այլն¤:
Դիտումներ և գործնական աշխատանքներ: Դիտումնեիրի համար որպես դիտարկվող առարկաներ կարող են լինել շրջապատող առարկաները և երևույթները:Սովորողները հաշվում են , չափում, ստեղծում:Նրանք դիտարկում են առարկաները և երևույթները անմիջականորեն բնության մեջ, անցկացնում են փորձեր` կատարելով գործնական աշխատանքներ:
Դիտարկումների, փորձերի, գործնական և լաբորատոր աշխատանքների հետ կապված ինքնուրույն աշխատանքները ունեն շատ մեծ նշականություն, քանի որ նպաստում են աշակերտների դիտողականության, հետազոտական կարողությունների և հմտությունների զարգացմանը:
4.Աշխատանք բաշխիչ նյութերի կիրառման
5.Գրաֆիկական աշխատանքներ
6.Ինքնուրույն աշխատանքներ, որոնք կախված են դիդակտիկ նյութերի ստեղծման հետ: Սովորողները պատրաստում են ինքնաշեն գրքեր §ես և շրջակա առարկայի¦ ալբոմներ, զանազան թեմաներով քարտեր և այլն:
V Ըստ կատարման տեղի
1. Դասարանում,
2. Արտադասարանական կամ արտադպրոցական ուսումնական միջոցառումների ժամանակ
3. Տանը:
Իսկ ի՞նչ ծավալով և ի՞նչ բնույթի առաջադրանքներ են անհրաժեշտ առաջադրել ինքնուրույն կատարելու համար: Այսպես.
1. Առաջադրանքների ծավալը պլանավորելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների աշխատանքի տեմպը: Ժամանակը ճիշտ կազմակերպելու համար պետք է նախապես կատարել ինքնուրույն աշխատանքի համար պլանավորված առաջադրանքը: Այդ դեպքում մենք առաջադրանքի կատարման համար ուսուցչի կողմի ծախսված ժամանակը անհրաժեշտ է բազմապատկել երեքով, հենց հատկապես այդքան րոպե է անհրաժեշտ առաջադրանքի կատարման համար: Առաջադրանքի կատարման ընթաքում ուսուցիչը կարող է հասկանալ, թե ինչ տարրեր կարող են արգելակել կամ արագացնել սովորողների աշխատանքը:
2. Սովորողների ինքնուրույն ուսումնական գործունեության համար նախատեսված առաջադրանքերի բնույթը անհրաժեշտ է աստիճանաբար բարձրացնել:
3. Առաջադրանքները պետք է ընտրել այնպես, որ նպաստեն դրանց նկատմամբ հետաքրքրության զարգացմանը:
4. Սովորաբար, աշակերտները ոչ միաժամանակ են ավարտում ինքնուրույն աշխատանքը: Ինքնուրույն աշխատանքների համար առաջադրանքներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիտեիլքների, կարողությունների և հմտությունների յուրացման գործընթացում սովորողներից պահանջում է տարբեր ժամանակահատված: Այդ պատճառով նպատակահարմար է նախապես պատրաստել առաջադրանքներ, լրացուցիչ առաջադրանքներ` արագ աշխատող աշակերտների համար:
5. Դժվար է ընտրել այնպիսի առաջադրանքներ, որոնք համապատասխանում են բոլոր աշակերտների ներուժին:Եթե առաջադրվում է պարզ, միատիպ վարժություններ,օրինակ`բազմապատկման կամ բաժանման, ապա առաջադրանքների տարբերակումը կարգավորվում է ծավալով:Առավել դժվար է, օրինակ ընտրել յուաքանչյուր աշակերտի ներուժի համապատասխան առաջադրանքներ:Այդ պատճառով նպատակահարմար է առաջադրել տարբերակված առաջադրանքներ` հաշվի առնելով սովորողների առանձին խմբերի ներուժը:
Սակայն պետք է նշել ,որ ըստ բարդության աստիճանի տարբեր առաջադրանքներ ընտրելը բավականին բարդ է: Ընտրել հեշտ առաջադրանք, որը համապատասխանում է թույլ աշակերտի ներուժին, դժվար չէ: Բայց այստեղ մի մեծ վտանգ է թաքնված: Եթե թույլ կարողություններ ունեցող աշակերտը դասից դաս անընդհատ դյուրին աշխատանք կատարի նույն պահանջով, ապա այդպես կարող ենք խորացնել նրա զարգացման հետ կապված խնդիրները:Այդ պատճառով այդպիսի սովորողների համար ճանաչողական առաջադրանքների ընտրության ընթացքում ուսուցիչն իր առջև նպատակ է է դնում.Սկզբում աշխատանքում ներառել պարզ առաջադրանքներ, ապա աստիճանաբար յուրացման համար ներմուծել առավել բարդ նյութեր:
6. Ինքնուրույն աշխատանքի համար նախատեսված առաջադրանքները ցանկալի է, որ աշակերտներից պահանջեն կամային ջանքեր:
7. Ինքնուրույն աշխատանքի համար ցանկալի է առաջադրել այնպիսի առաջադրանքներ, որոնց կատարման համար կպահանջվի գիտելիքների կիրառում նոր իրավիճակներում:Միայն այդ դեպքում ինքնուրույն աշխատանքը կնպաստի սովորողների ճանաչողական ունակությունների ձևավորմանը և նախաձեռնողականության դրսևորմանը:
8. Ցանկալի, որ ինքնուրույն աշխատանքի համար նախատեսվող առաջադրանքները հետաքրքրեն սովորողներին:
9. Առաջադրանքների բովանդակությունը պետք է մատչելի լինի աշակերտին, հենված լինի երեխաների կենսափորձի վրա, բայց միևնույն ժամանակ գտնվի նրանց զարգացման «մերձակա գոտում» , պարունակի որոշակի դժվարություն, որը երեխան կարող է հաղթահարել:
10. Յուրաքանչյուր թեմայի շուրջ առաջադրանքների ընտրության ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել հասկացության բոլոր հատկանիշների բազմակողմանիորեն ամրապնդմանը, հստակ առանձնացնել այն կարողություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ է ձևակերպել և ամրապնդել: Պատահականության բացառումը նպաստում է դասի արդյուանվետության բարձրացմանը:
11. Առաջադրանքների համակարգը պետք է կազմակերպել փուլ առ փուլ: Անհրաժեշտ է սկսել տիպային առաջադրանքներից, մանրամասն բացատրել դրանց լուծման մեթոդները: Ընդ որում աշակերտներին պետք է առաջարկել գործողություններ կատարել ըստ օրինակի:
Այնուհետև անհրաժեշտ է առաջադրել նույնատիպ առաջադրանքներ:
Հետո կարելի է առաջարկել առաջադրանքներ` չափազանց համառոտ հրահանգ տալով:
Վերջին փուլում անհրաժեշտ է առաջարկել առաջադրանքներ ամբողջովին ինքնուրույն կատարման համար:Այս փուլում նպատակահարմար է սովորողներին առաջարկել ստեղծագործական բնույթի առաջադրանքներ:
Գրականության ցանկ
1. Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, Մ. Մանուկյան, Մեթոդական աշխատանքը դպրոցում, ձեռնարկ, «Զանգակ» հրատարակչություն, 2014 թ.
2. Կ. Թորոսյան, Ա. Բալայան, Կ. Չիբուխչյան, Մայրենիի դասերի պլանավորումը, «Զանգակ» հրատարակչություն, 2016թ.
3. Կարինե Թորոսյան, Վաչագան Սարգսյան, Կարինե Չիբուխչյան, Հեղինե Խաչատրյան, Սուսաննա Գրիգորյան, Մայրենի 2-4: Ուսուցչի ձեռնարկ, «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2011թ.
4. Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, 50 հարց ու պատասխան տարրական դասարանների ուսուցիչների համար: Մաս I, «Զանգակ» հրատարակչություն, 2013թ.
© ООО «Знанио»
С вами с 2009 года.