Մահաթմա Գանդի
Անկախության համար պայքարը
Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր նրանք եկել են այլ աշխարհից։ Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869թ. Հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում: Նրա հայրը Կարամչանդ Գանդին, երեք փոքր քաղաք-պետությունների վարչապետ է եղել: Ընտանիքն ուներ 4 երեխա: Գանդիի կերպարը շատ հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզիկապես զարմանալիորեն թեթև, նա կշռում էր ընդամենը 45 կգ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակութային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի ֆոնի վրա չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: 13 տարեկան հասակում Մոհանդաին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ Կաստուրաբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն: Վաղ հասակից Գանդին ցանկացել է բժշկություն ուսումնասիրել, սակայն հայրը խորհուրդ է տվել իրավաբանություն ուսումնասիրել: 1888թ. Գանդին ուսանելու նպատակով ուղևորվում է Անգլիա: Այն ժամանակ հնդիկ ազնվականների շրջանում հարգի էր անգլիական ամեն ինչը անգլերենը, անգլիական հագուստը, անգլիական կրթությունը: Հայրն այն ժամանակ արդեն ողջ չէր, մայրը դեմ էր և վստահ չէր, որ հայրենիքից հեռու կարելի է պահպանել նախնիների սովորույթները: Ի վերջո նա դիմեց ընտանիքի խորհրդական Բեչարջի Սվամիին: Վերջինս իր հերթին Գանդիից երդում վերցրեց, ինչից հետո կարգադրեց թույլատրել, որ գնա: Հնդկաստանից մեկնելուց առաջ Գանդին խոստացել է մորը կենդանական սնունդ չօգտագործել, ինչի արդյունքում էլ բուսակեր է դարձել: Լոնդոնում Գանդին սկսեց ծանոթանալ հինդուիզմի սրբազան գրքերին:Անգլիայում ուսանելու տարիներին նա այդպես էլ չկարողացավ ընտելանալ անգլիական ապրելակերպին:1893թ. Գանդին Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմաագիր է կնքում, և ուղևորվում այնտեղ: Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին անգլիացիները: Այստեղ առաջին իսկ օրերից նա բախվում է ռասիզմի դրսևորումներին: Գանդիին ուժով դուրս հանեցին առաջին կարգի վագոնից, թույլ չտվեցին նստել այն կառքը, որով սպիտակամորթներն էին ճամփորդում: Ոստիկանները մայթերից դեպի երթևեկելի մաս էին հրում նրան, քանի որ դրանք միայն սպիտակամորթների համար էին: Նա վարքագծի անձնական սկզբունքներ մշակեց ռասիզմի դրսևորումներին բախվելիս, որոշելով ամեն անգամ հարգալից, բայց անդրդվելի դիմադրություն ցուցաբերել ու երբեք հատուցում չպահանջել անձամբ իրեն վերաբերող վիրավորանքների համար: Այստեղ էր որ Գանդին գիտակցեց, թե որքան անելանելի է Հարավային Աֆրիկայում հնդիկների վիճակը: Հայրենիք վերադառնալն անհնար էր. Հնդկաստանում միլիոնավոր հողազուրկ գյուղացիներ ամեն տարի սովամահ էին լինում, իսկ այստեղ դատապարտված էին չքավորության ու ստրկական աշխատանքի կեղտոտ ռեզերվացիաներում: Նրանց ամեն օր նվաստացնում էին, աշխատանքից հրաժարվելու համար կարող էին բանտ նետել, ծեծելով մահվան հասցնել: Ու հենց այստեղ տիրող վիճակը փոխելու ձգտումն ու հանուն հնդիկների իրավունքների պայքարը Գանդիի կյանքի գործը դարձան: Աֆրիկայում նա սովորեց ինքնասահմանափակվել, ծառայելով հանրությանը, նա կայացավ որպես քաղաքական գործիչ ու Մահաթմա: Նրա մշակած սկզբունքները հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատիա-գրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատիա-գրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն, որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915թ. Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը: Օգտագործելով սատիա-գրախայի սկզբունքները Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ իր քաղաքական գործունեության ընթացքում , նա 7 տարի է անցկացնում բանտում: Գանդին ձգտում էր ոչ միայն հասնել ,,անձեռնմխելիների,, խտրականության դադարեցմանն աշխարհիիկ օրենքներ միջոցով, այլև ապացուցել , որ ,, անձեռնմխելիների,, ինստիտուտը հակասում է միակեցության հինդուիստական սկզբունքին և այդպիսով նախապատրաստել հնդիկ հանրությանն այն ընկալմանը, որ ,, անձեռնմխելիները,, հանրության նույնքան իրավահավասար անդամներ են, որքան և մյուս հնդիկները: Անգլիայի տիրապետության դեմ արդար պայքարի համոզմունքը Գանդիին կրկին ու կրկին ժողովրդին պայքարի բարձրացնելու ուժ էր տալիս, իսկ քաղաքական հակառակորդները գնալով համոզվում էին նրա աճող ազդեցության մեջ:
Հարավային Աֆրիկայից վերադառնալուց հետո Գանդին դարձավ աչքի ընկնող քաղաքական կերպար: Նա հասկանում էր, որ գաղութարարների իշխանությունն այդքան հզոր չէր լինի, եթե հենց իրենք հնդիկները չընդունեին նրանց: Գանդին ասում էր. ,,ինչպես կարող է 350 միլիոն հնդիկ ենթարկվել 100 հազար անգլիացի զինվորի,, : Նա գիտակցում էր, որ կան բազմաթիվ հնդիկներ, ովքեր պատրաստ են ձեռնոց նետել կայսրությանը: Գանդին շաբաթներ շարունակ փակվում է իր հոգևոր կեցավայրում, ոչ-ոք չգիտեր ինչ է նա մտածում: Փետրվարին նա որոշում կայացրեց: Պետք էր սկսել բրիտանական հարկերը և աղի մոնոպոլիան բողոքարկելուց: Լորդ Իրվինին ուղղված իր նամակում Գանդին շեշտում էր աղի հարցում մոնոպոլիայի բացասական հետևանքները և նշում, որ պատրաստվում է գնալ ծովափ ապօրինի կերպով աղ ձեռք բերելու: Նա կոչ էր անում բոլոր հնդիկներին հետևել իրեն: Գանդիի կարծիքով իր հետևորդների հետ դեպի ծովափ մեկամսյա ճանապարհին իրեն կձերբակալեին: Այդուհանդերձ, մարտի 12-ի առավոտյան դեպի ծովափ երթը սկսվեց: Լինելով 60 տարեկան Գանդին երթի ամենատարեց մասնակիցն էր: Ծովափ տանող ճանապարհին նրանց միանում են հազարավոր մարդիկ այդ թվում ոստիկանական գործակալներ: Սկզբում իշխանություններն արհամարում և նույնիսկ ծաղրում էին այն երթը, սակայն որքան երկարում էր երթը, այնքան մեծանում էր Գանդիի ժողովրդականությունը: Նա իր խոսքում նշում էր. ,,մենք չպետք է ատենք անգլիացիներին, նրանք չեն խլել մեզանից մեր հայրենիքը, մենք ենք այն նրանց տվել,,: Աղային երթը կայսրությանը երկընտրանքի առջև կանգնացրեց. Եթե նրանք ձերբակալեին Գանդիին, ապա նրա պաշտպանության համար ոտքի կկանգներ ամբողջ Հնդկաստանը, իսկ եթե թողեին նրան խախտել օրենքը, ապա դա կլիներ Հնդկաստանում բրիտանական իշխանության վերջը: Գանդին քնում էր օրական 4 ժամ: Նրան դժվար ճանապարհ էր սպասվում. Նա պետք է հազարավորներին համոզեր ինքնակամ ձերբակալվել, այլապես երթն անհաջողության կմատնվեր: Երթի 24-րդ օրը մարդիկ հասան ծով: Ամերիկյան պարբերականները գրում էին. ,, Բրիտանիան թեյի պատճառով կորցրեց Ամերիկան, իսկ աղի պատճառով կկորցնի Հնդկաստանը,, : Ապրիլի 7-ի առավոտյան Գանդին կռանում և մի բուռ աղ է վերցնում: Լուրը, որ Գանդին խախտել է աղի մասին օրենքը, տարածվում է ամբողջ Հնդկաստանով, և հազարավոր մարդիկ շտապում են ծովափ հետևելու նրա օրինակին: Մոտակա գյուղերում մարդկանց կոչ էր արվում դիմել քաղաքացիական անհնազանդության: Թագավորին ուղղված նամակում Լորդ Իրվինը նշում էր, որ Գանդիի ժողովրդականությունը գնալով ավելանում է: Աղային օրենքը խախտելուց մեկ ամիս անց Գանդին հայտարարեց գործողությունների ակտիվացման մասին: Նա և նրա համակիրները պետք է գրավեին Խորասանի աղի պետական գործարանը: Լորդ Իրվինին ուղղված նամակում Գանդին առաջարկում էր կոնֆլիկտի լուծման 3 տարբերակ: 1.չեղյալ հայտարարել աղի մասին օրենքը, 2. ձերբակալել հեղինակներին, 3.ոչնչացնել նրանց բոլորին: Հաջորդ առավոտը նա դիմավորում է բանտում, բայց նա ուրախ էր: Նրա ձերբակալման լուրը բուռն դժգոհություն է առաջացնում, խոշոր քաղաքներում կյանքը կանգ է առնում, լորդ Իրվինը ցենզուրա է մտցնում մամուլում և արգելում հանրահավաքները: Ձերբակալվում են հազարավոր մարդիկ: Աղային գործարանի գրավումն անցնում է առանց Գանդիի: Այն գլխավորում էր հայտնի գրող Սարաջանի Նայդուն: Վերջինս կոչ էր անում մարդկանց դիմադրություն ցույց չտալ, անգամ պատասխան չտալ ոստիկանների ռեպրեսիաներին: 10 օր տևած մանր կռիվներից հետո 2500 ցուցարար առճակատման է անցնում: Ոստիկանությունը նրանց մահակներով է դիմավորում: Իշխանությունը կորցրել էր վերահսկողությունը գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Տնտեսական բոյկոտն ահռելի վնաս էր հասցնում Բրիտանիային: Հունվար ամսին որոշում է կայացվում ազատ արձակել Գանդիին: Փետրվարի 14-ին Գանդին հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների: Բանակցությունները տևում են 3 շաբաթ: Լորդ Իրվինը հրաժարվում է չեղյալ հայտարարել աղի մասին օրենքը: Գանդին հասնում է նրան, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում: Նա կոչ է անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունն ու բոյկոտը: Սակայն մարդիկ դժգոհ էին այդ որոշումից: Որոշները կարծում էին, որ Գանդին դավաճանել է իր սկզբունքներին, սակայն նա գտնում էր, որ ամեն ինչ իզուր չէ: Այդ շարժումը դաստիարակել էր մարդկանց և ամենակարևորը վերջ դրել բրիտանական իշխանության օրինականության մասին պատկերացումներին, արթնացրել ազգային ինքնագիտակցությունը:
Առավել մասսայական ազգային-ազատագրական շարժումները տարածվեցին 1942-1945 թթ. : Անգլիացիներն օգտագործում էին արցունքաբեր գազ և զենք, սպանվածների թիվը հասնում էր 25 հազարի, տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, մահապատժի ենթարկվեցին կամ աքսորվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմը զգալիորեն փոխեց միջազգային հարաբերությունների բնույթը: Ասիայում և Աֆրիկայում սկսվեցին ազգային-ազատագրական շարժումներ, որոնք տարածվեցին նաև Հնդկաստանում: Պատերազմի ավարտից հետո Հնդկաստանում տարածվեց սով, համաճարակներ, կրճատվեցին աշխատատեղերը, իսկ Անգլիան չէր ցանկանում կատարել իր խոստումները: Հակաանգլիական շարժումները մեծ չափ ընդունեցին, որը տարածվեց նաև բանակում և նավատորմում: 1946թ. Օգոստոսին կազմվեց ժամանակավոր կառավարություն Ջ. Ներուի գլխավորությամբ, սակայն Մուսուլմանական լիգան հրաժարվեց միանալ դրան և շարունակեց պայքարն անկախ Պակիստանի ստեղծման համար: Արդյունքում կողմերի հարաբերությունները սրվեցին և տեղի ունեցան մի շարք ռազմական կոնֆլիկտներ: 1947թ. Հունիսին Հնդկաստանի նոր փոխարքա լորդ Մաունտբետտենը հրապարակեց Հնդկաստանի մասին օրենք կրոնական առումով երկիրը բաժանվեց 2 մասի, որոնց շնորհվեց դոմինիոնի իրավունք: Սա 20-րդ դարի ամենաաղետալի իրադարձություններից մեկն է, երկրում սկսվեց ահավոր խառնաշփոթ, միայն Փենջաբում մահացավ կես մլն.մարդ: Վիճելի հարց մնաց Ջամմու և Քաշմիր նահանգների խնդիրը, որոնք սկզբում տրվեցին Պակիստանին, սակայն Մահարաջայի ճնշմամբ դրանք վերադարձվեցին Հնդկաստանին: 1947թ. Օգոստոսի 15-ին հայտարարվեց Հնդկաստանի անկախությունը: Դելիի Կարմիր բերդի պատերի վերևում առաջին վարչապետ Ներուն հոծ ամբոխի ներկայությամբ ի նշան Հնդկաստանի անկախության դրոշը բարձրացրեց: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր շրջանը: Հենց օգոստոսի 15-ին էլ ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության ակտը: Երկրի վարչապետ դարձավ Ջ. Ներուն: Փաստորեն անգլիացիներն, օգտագործելով կրոնական գործոնը, իրականացրեցին Հնդկաստանը բաժանելու իրենց ծրագիրը և Հնդկական թերակղզում ստեղծելով 2 անկախ պետություններ: Գանդին դեմ էր երկրի բաժանմանը: Փատորեն 1930 թվականի մարտի 12-ին սկսված աղի երթն անշրջելի հետք թողեց ողջ հնդիկ ժողովրդի պատմության վրա: Հենց այս երթն էլ սկիզբ դրեց հնդիկ ժողովրդի համազգային շարժմանը, որը պետք է անկախություն շնորհեր Հնդկաստանին: 1948թ. Հունվարի 13-ին երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդիի անձնական քարտուղար Վ. Կալյանամը հիշում է հունվարի 30-ի Մահաթմայի սպանության օրվա բոլոր մանրամասները: Ըստ նրա, Գանդին նույնիսկ մեկ բառ չկարողացավ արտասանել, թեև հաճախ էր ասում, որ երազում է մեռնել Ռամայի անունը շուրթերին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին: ,,Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է,, - ասում էր նա: ,,Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ,,:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.