ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները ։
12-րդ դարում Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկ: Շնորհալին իր մշակած հանելուկների միջոցով ցանկանում էր ոչ միայն մարդկանց ուրախացնել, այլև զվարճալի եղանակով սովորեցնել՝ նրանց մեջ զարգացնելով սրամտություն, բնությունն ու բնության մեջ եղած բազմապիսի առակներն ու երևույթներն դիտելու կարողություն: Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները:
Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով: Այդ առարկաների, երևույթների հատկանիշները գաղտնագրված են: Դրանց իմաստը պետք է գտնել, գուշակել: Որոշ մեթոդիստներ գտնում են, որ նախօրոք հանելուկի լուծումն ասելը թուլացնում է նրա վրա տարվող հետագա աշխատանքի հետաքրքրությունը: Սա ճիշտ չէ, որովհետև դրանից հետևում է, որ հանելուկի վրա տարվող աշխատանքի գլխավոր նպատակը նրա թաքուն մտքի գտնելն է, որը միանգամայն սխալ է: Եթե լուծումը սկզբից է տրվում, ապա այս դեպքում երեխաների առջև միանգամայն այլ խնդիր է դրվում՝ վերլուծել այլաբանությունները և հիմնավորել լուծման ճշտությունը:
Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն << Ի՞նչն է >>, << Այն ի՞նչն է, ի՞նչը>>, << Ի՞նչն է, որ >> հարցերով մի անձն առաջադրում է մյուսին:
Տակավին խոր հնադարում առաջ են եկել հանելուկի նորանոր տեսակներ, որոնք առնչվել են զարգացող գիտություններին և իրենց նկարագրով ծառայել դրանց պահանջներին: Դրանք թվերի և գծերի պատկերավոր խորհրդանիշների վրա կառուցված հանելուկներն էին, որոնց առավել զարգացած տեսակներից են՝ թվահանելուկը, գծահանելուկը, թվաբանական խնդիրը: Հանելուկի հիշյալ տեսակները հետագայում կիրառություն են գտել մաթեմատիկական գիտությունների մեջ՝ վարժությունների և խնդիրների տեսքով: Դրանք բոլորն էլ կազմված են դասական հանելուկի՝ հարց-հանելուկի սկզբունքներով, միայն թե
գիտական- մաթեմատիկական կերպարանք են ընդունել: Այսինքն՝ նախօրոք հայտնի պատասխանի հիման վրա կառուցվում էին իրականությունից վերցված մարդկային - հասարակական կամ բնական երևույթների պատկերավոր փոխհարաբերություններ:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.