Շարժախաղեր
Խաղը երեխաների համար բացում է ճանապարհ դեպի այն աշխարհը, ուր նրանք ապրում են:
Շարժախաղերը հանդիսանում են կրտսեր դպրոցի երեխաների ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից մեկը: Երեխաների կյանքում հետաքրքիր և ուրախ խաղերը մեծ նշանակություն ունեն: Բակում, թե՛ հրապարակում , անտառում , դաշտում կամ տանը խաղերն անբաժան են երեխաներից:
Խաղերի միջոցով զարգանում են երեխաների ըմբռնողականությունը և ուշադրությունը , դիտողականությունն ու հիշողությունը, ամրապնդվում ու ընդլայնվում են դպրոցում ձեռք բերած գիտելիքները: Երեխաները վարժվում են վազքի և ցատկի մեջ , զարգացնում են մկանները:
Խաղերն իրենց բազմակողմանի դրական ազդեցությամբ ոչ միայն դաստիարակության միջոց են , այլև հանգստի ակտիվ ձև: Դրանք բարձրացնում են երեխաների կենսունակությունն ու աշխուժությունը, զվարճացնում և ստեղծում են ոչ ստիպողական մտերմիկ փոխհարաբերություններ:
Խաղերի ժամանակ , շարժումների հետ կապված , սիրտն ու թոքերը ավելի լավ են աշխատում, արագանում է արյան շրջանառությունը:
Խաղերը նպաստում են բնավորության դրական գծերի ձևավորմանը: Խաղի մասնակիցներից պահանջվում է կայունություն և ձգտում դեպի նպատակը, համարձակություն , նախաձեռնություն, հնարամտություն , ընկերական փոխհարաբերություններ , գիտակցաբար կարգուկանոնի ենթարկվել, ազնվորեն կատարել կամավոր ընտրած կանոնները:
Խաղերը նաև բարոյական և գեղագիտական դաստիարակության կարևոր միջոցներ են:
Շարժախաղերի անցկացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները. եթե դրանք անցկացվում են մարզադահլիճում, ապա այն ազատել մարզագործիքներից , իսկ եթե անցկացվում են բաց խաղահրապարակում ,ապա այն պետք է լինի հարթ, մաքուր և նշագծված:
Ուսուցիչը սկզբում պարզ ու հակիրճ ձևով պետք է բացատրի կամ հիշեցնի խաղի կանոնները , առանձին գործողությունները, անհրաժեշտության դեպքում նաև ցուցադրի , այնուհետև կազմակերպի խաղը և հետևի կանոնների պահպանմանը:
Ստորև ներկայացված են առաջին դասարանում ուսումնական ծրագրով նախատեսված որոշ շարժախաղեր:
1.Վազքի ունակության ամրապնդման խաղեր-
«Նապաստակները», « Թել , ասեղ», «Մուկ և կատու» :
2.Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր-
«Կոճղից կոճղ» , «Հեռացատկորդները» , «Ցատկիր արագ» , «Գայլը ձորակում» , «Պինգվինները գնդակով» :
3.Նետումների ունակության ամրապնդման խաղեր-
«Ծիտիկներն ու արծիվը» , «Գնդակի շրջանցում» , «Հավաքիր արագ» :
4.Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդում-
«Գնդակի փոխանցում և վարում» , «Գլորիր գնդակը» , «Գնդակներով էստաֆետ» :
5.Կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը նպաստող խաղեր-
«Արագ գտիր քո տեղը» , «Ճանաչիր դրոշակդ» , «Օղակներով էստաֆետ» , «Արծվիկը» , «Զվարճալի ֆուտբոլ» :
1.Վազքի ունակության ամրապնդման խաղեր-
ա)«Նապաստակները»,
բ) « Թել , ասեղ »,
գ)«Մուկ և կատու»:
ա)«Նապաստակները»
Դասարանը բաժանվում է 2 խմբի և միասյուն շարքով շարվում իրարից 2մ հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի առջևից մինչև եզրագիծը միմյանցից 50-70 սմ հեռավորությամբ նշագծվում են 25-30 սմ տրամագծով 2 շրջաններ կամ դրվում են 2 օղակներ:
Ուսուցչի ազդանշանով շարասյուների ուղղապահները 2 ոտքերն իրար կպցրած վիճակում ցատկոտելով հասնում են օղակներին, պտտվում և արդեն վազելով հետ են վերադառնում: Ետդարձի ժամանակ ձեռքով հարվածում են մյուս խաղացողին , որն էլ կատարում է նույն խաղականոնը:
Խաղը համարվում է ավարտված ,երբ շարքերից մեկի ուղղապահը նորից հայտնվում է առաջապահի դիրքում:
բ) « Թել , ասեղ »
Բոլոր խաղացողները իրար ձեռքից բռնած կազմում են շրջան: Խաղացողներից 2-ը ներկայանում են որպես« թել» և «ասեղ»: Նրանք կանգնում են շրջանից դուրս` իրար ետևից: Ղեկավարի հրահանգով «ասեղը» վազում է , իսկ «թելը»` նրա ետևից: Որ ճանապարհով անցնում է «ասեղը», նույն կերպ պետք է անցնի «թելը»` նպատակ ունենալով բռնել «ասեղին»: «Ասեղը» անցնում է մեկ շրջանի ներսով` երեխաների արանքներով, մեկ՝ դրսով: Եթե «թելը» սխալվում է , նրան փոխարինում է մեկ այլ խաղացող:
Երբ «թելը» բռնում է «ասեղին», «ասեղը» իր տեղն է զբաղեցնում շրջանում : Այժմ էլ «թելն» է հանդես գալիս որպես «ասեղ», իսկ մեկ այլ խաղացող՝ որպես «թել»:
Խաղը շարունակվում է այնքան ժամանակ , մինչև բոլոր երեխաները ընդգրկված լինեն ակտիվ խաղում:
գ)«Մուկ և կատու»
Խաղացողներն իրար ձեռք բռնելով կազմում են մի մեծ շրջան: Խաղացողներից մեկին նշանակում են «մուկ», իսկ մյուսին՝ «կատու»: Ղեկավարի ազդանշանով «մուկը» վազում է, իսկ «կատուն» ՝ հետապնդում է ՝ աշխատելով խփել նրան: Կատուն մկանը հետապնդելիս պարտավոր է անցնել այն ճանապարհով, որով անցել է մուկը: Կարճ ճանապարհով անցնել և խփել մկանը չի թույլատրվում: Շրջանում իրար ձեռք բռնած խաղացողները իրավունք չունեն խանգարելու մկան և կատվի պայքարին կամ խոչնդոտելու նրանց շարժին: Եթե կատվին հաջողվում է բռնել մկանը՝ դերերը փոխվում են: Խաղը շարունակվում է մինչև որոշակի ժամանակ կամ մինչև բոլոր երեխաները զույգ- զույգ մասնակից կլինեն խաղին:
…………….
2.Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր-
ա)«Կոճղից կոճղ» ,
բ)«Հեռացատկորդները» ,
գ) «Ցատկիր արագ» ,
դ)«Գայլը ձորակում» ,
ե)«Պինգվինները գնդակով» :
ա)«Կոճղից կոճղ»
Խաղացողները բաժանվում են 3 խմբի և միասյուն շարքով շարվում իրարից 2մ հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի առջևից մինչև եզրագիծը միմյանցից 50-70 սմ հեռավորությամբ նշագծվում են 25-30 սմ տրամագծով 10 շրջաններ:
Ուսուցչի աղդանշանով շարասյունների ուղղապահները ցատկում են մի կոճղից մյուսը մինչև եզրագիծը և վազքով վերադառնում ու կանգնում իրենց շարքի վերջում: Այն խմբի խաղացողը ,որն առաջինն է վերադառնում` իր շարքին բերում է 5, երկրորդը վերադարձողը՝ 4, իսկ երրորդը՝ 3 միավոր: Բոլորից շատ միավորներ հավաքած խումբը համարվում է հաղթող:
բ)«Հեռացատկորդները»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբի և իրարից 10-12մ հեռավորությամբ միմյանց դեմ դիմաց կազմում տողան: Տողանները հաշվում են ըստ կարգի՝ 1,2,3,4 և այլն: Համաձայն ուսուցչի որևէ թվի կանչի , 2 խմբեր նշված համարի երեխաները սկսում են ցատկել 1 ոտքի վրա, մինչև հանդիպակաց տողանը: Հաղթող է ճանաչվում և իր խմբին 1 միավոր է բերում այն ցատկորդը , որն ավելի շուտ է անցնում այդ տարածությունը: Հաղթում է շատ միավորներ հավաքած խումբը:
գ) «Ցատկիր արագ»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբերի, որոնք կանգնում են շարքերով մեկնարկային գծի մոտ իրարից 2-3մ հեռավորությամբ: Մեկնարկային գծից մինչև վերջնագիծը 8-10 մ է: Վերջնագծի վրա դրվում է մի իր՝ դրոշակ, խորանարդ…:Ուսուցչի ազդանշանով շարքերի առաջին խաղացողները մեկնարկային գծից զույգ-զույգ ոտքերով ցատկելով հասնում են վերջնագծին , շրջանցում են այնտեղ դրված իրը, ապա վազելով վերադառնում իրենց շարքը , ձեռքով խփում հաջորդ խաղացողի ձեռքին և կանգնում վերջում: Առաջինն ավարտող երեխան իր խմբին բերում է 1 միավոր: Նույնը կատարում են մյուս խաղացողները: Հաղթող է համարվում այն խումբը, որը հավաքում է շատ միավորներ:
դ)«Գայլը ձորակում»
Հրապարակի կենտրոնում իրարից 1,5-2 մ հեռավորության վրա գծվում են 2 զուգահեռ գծեր: Դա ձորակն է: Ձորակից աջ և ձախ 10-15 մ հեռավորության վրա գծվում են 2 ուրիշ գծեր: Դրանք էլ տներն են: Բոլոր խաղացողները , որոնք կոչվում են «այծեր», մեկ տողանով կանգնում են տներից մեկի գծի վրա: Խաղացողներից մեկը կանգնում է ձորակում: Նա «գայլ»-ն է: Ղեկավարի ազդանշանով «այծերը» վազում են և ցատկելով անցնելով ձորակից , գնում կանգնում են մյուս տան գծի վրա: Խաղացները ձորակն անցնում են ղեկավարի 3 հաշվի ընթացքում՝ շատ արագ: Այն խաղացողը, որը ցատկելով չի անցում ձորակը , համարվում է բռնված:
Այդ ընթացքում «գայլն» աշխատում է նրանց բռնել՝ կանգնած մնալով իր տարածքում: «Գայլն» իրավունք չունի ձորակից դուրս գալու: Բռնվողը մնում է «գայլի» հետ ձորակում: Ղեկավարը հաշվում է , թե քանի հոգի է բռնվել: Դրանից հետո բռնվածներին նորից թույլ է տալիս մասնակցել խաղի շարունակությանը: 3-4 անգամ խաղալուց հետո «գայլին» կարելի է փոխել:
Հաղթող են համարվում այն «այծերը» , որոնք ամբողջ խաղի ընթացքում չեն բռնվում:
ե)«Պինգվինները գնդակով»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբերի և կանգնում են շարքերով միմյանց կողքի 1-2մ հեռավորությամբ: Խմբերի ուղղապահներին տրվում է մեկական գնդակ: Գնդակը ծնկների արանքում դրված նրանք կքանստած դրությամբ պետք է վազեն մինչև շարքերի առջևում դրված 5-6 մ տարածությամբ սահմանված նշագիծը և նույն դրությամբ վերադառնան շարքը , գնդակը հանձնեն հաջորդ խաղացողին, իսկ իրենք կանգնեն շարքի վերջում: Եթե գնդակը ընկնում է , այն պետք է դրվի պահանջվող դրությամբ: Հաղթում է շուտ ավարտող խումբը: Խաղը կրկնվում է 2-3 անգամ:
……………
3.Նետումների ունակության ամրապնդման խաղեր-
ա)«Ծիտիկներն ու արծիվը» ,
բ) «Գնդակի շրջանցում» ,
գ)«Հավաքիր արագ»:
ա)«Ծիտիկներն ու արծիվը»
Խաղահրապարակի կենտրոնում դրվում է մի գնդակ: Խաղացողները գնդակի շուրջ շրջան են կազմում և կքանստում : Ուսուցիչը զրույցով զբաղեցնում է նրանց և հանկարծ՝ խոսքն ընդհատելով հայտարարում , որ արծիվը Արամն է: Բոլոր աշակերտները վազքով ցրվում են: Արամը շտապ վերցնում է գնդակը և տեղից հարվածում փախչողներից որևէ մեկին:
բ)«Գնդակի շրջանցում»
Դասարանը բաժանվում է 2 խմբի և տողաններով կանգնում միմյանց դիմաց 7-10մ հեռավորությամբ: Տողանները հաշվում են ըստ կարգի՝ 1,2,3,4 և այլն: Տողանների միջև՝ կենտրոնում դրվում են 2 գնդակներ : Ուսուցիչը կանչում է որևէ համարի՝ ասենք 3: Համարի կանչի դեպքում 2 խմբերի այդ համարները ունեցողները վազում են և շրջանցում կենտրոնում դրված գնդակները և վազելով կանգնում իրենց տեղերում: Որ թիմի մասնակիցը առաջինն է տեղ հանում , իր թիմին բերում է առաջին միավորը: Խաղը շարունակվում է մինչև բոլորը խաղան: Հաղթող է ճանաչվում շատ միավորներ հավաքած թիմը: Խաղը կրկնվում է 2-3 անգամ;
գ)«Հավաքիր արագ»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբի և շարքով կանգնում են մեկնարկի գծի վրա իրարից 2-3 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի դիմաց 6-7 մետր հեռավորության վրա դրվում է 1 զամբյուղ , որի կողքին դրվում է յուրաքանչյուր շարքի երեխաների քանակով որևէ առարկա (խորանարդիկ , գուրզ): Ուսուցչի «Խաղն սկսված է » ազդանշանով , շարքերի առաջին աշակերտները վազքով մոտենում ՝ զամբյուղից վերցնում են 1 խորանարդիկ կամ գուրզ , դնում են զամբյուղի մեջ, վազքով վերադառնում և կանգնում են իրենց շարքի վերջում: Նույնը կատարում են մյուս աշակերտները:
Հաղթում է այն շարքը, որը շուտ է հավաքում և ավարտում խաղը:
……………….
4.Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդում-
ա)«Գնդակի փոխանցում և վարում» ,
բ)«Գլորիր գնդակը» ,
գ) «Գնդակներով էստաֆետ»
ա)«Գնդակի փոխանցում և վարում»
Խաղացողները բաժանվում են 3 խմբի և միասյուն շարքով շարվում մեկնարկի գծից իրարից 2-3մ հեռավորությամբ: Շարքերի առջևում կանգնածները ունեն մեկական գնդակ: Ուսուցչի ազդանշանով ուղղապահները գլխի վերևից 2 ձեռքով գնդակը փոխանցում են իրենց ետևի կանգնածին, նա կատարում է նույնը՝ մինչև գնդակը հասնի վերջին աշակերտին: Վերջինս, ստանալով գնդակը , գնդակը վարելով վազում , կանգնում է շարքի սկզբում և նորից գնդակը փոխանցում ետ: Գնդակի փոխանցումը շարունակվում է այնքան ժամանակ , մինչև ուղղապահը նորից կանգնում է սկզբում: Հաղթում է այն խումբը, որն առաջինն է վերջացնում խաղը:
բ)«Գլորիր գնդակը»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբերի և կանգնում են շարքերով մեկնարկային գծի վրա իրարից 2-3 մ հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի դիմաց 6-8մ հեռավորության վրա դրվում է 1 գուրզ: Շարքերի առաջին խաղացողները իրենց ձեռքին ունեն մեկական գնդակ: Ուսուցչի ազդանշանով նրանք գնդակը գլորում են դեպի գուրզը, այն հաշվով , որ գնդակը դիպչի գուրզին և վայր գցի: Այդ դեպքում խումբը ստանում է 1 միավոր: Այնուհետև խաղացողը վազքով մոտենում է և ուղղում գուրզը , գնդակը փոխանցում հաջորդ խաղացողին և կանգնում շարքի վերջում: Նույնը կատարում են մյուս խաղացողները: Հաղթում է շատ միավորներ ունեցող խումբը:
գ)«Գնդակներով էստաֆետ»
Դասարանը բաժանել 2 կամ 3 խմբի, որոնք շարքերով կանգնում են մեկնարկային գծի մոտ իրարից 2-3 մ հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի դիմաց 10-12 մ հեռավորության վրա նշագծվում են 1մ տրամագծով շրջաններ, որոնց կենտրոնում դրվում է 1 գնդակ: Շարքերի ուղղապահները իրենց ձեռքին ունեն 1 գնդակ: Ուսուցչի հրահանգով շարքերի ուղղապահները ձեռքով գնդակը վարելով հասնում են մինչև իրենց շրջանը , ձեռքի գնդակը դնում են շրջանում, փոխարենը վերցնում են այնտեղի գնդակը , վազքով վերադառնում ու գնդակը փոխանցում հաջորդ խաղացողին, իսկ իրենք կանգնում են շարքի վերջում: Մյուս խաղացողները կատարում են նույնը: Հաղթում է այն խումբը, որը շուտ է ավարտում խաղը:
5.Կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը նպաստող խաղեր-
ա«Արագ գտիր
քո տեղը» ,
բ) «Ճանաչիր դրոշակդ» ,
գ)«Օղակներով էստաֆետ» ,
դ)«Երրորդն ավելորդ է» ,
ե)« Ազատ տեղ»
ա«Արագ
գտիր քո տեղը»
Դասարանի աշակերտները բաժանվում են եռասյուն շարքերի: Ուսուցչի «Զբոսանքի» հրահանգով երեխաները ազատ վազվզում ու թռչկոտում են խաղահրապարակում: 30-40 վայրկյան հետո ուսուցիչը հրահանգում է «Արագ գտի՛ր քո տեղը» և հաշվում մինչև հինգը:Երեխաները շտապում են զբաղեցնել իրենց տեղերը: Հաղթում է այն շարքը , որի երեխաները առաջինն են կանգնել իրենց տեղերում: Խաղը կրկնել 5-6 անգամ:
բ) «Ճանաչիր դրոշակդ»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբի և կազմում առանձին շրջաններ՝ բռնելով իրար ձեռքից: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թիմապահին, որը վերցնելով խմբի դրոշակը կանգնում է իր խմբի շրջանի կենտրոնում: Դրոշակները պետք է լինեն տարբեր գույնի: Ուսուցչի «Ցրվիր» հրահանգով բոլոր խաղացողները՝ բացի թիմապահից, ազատ թռվռալով ցրվում են խաղահրապարակում: «Փակել աչքերը» հրահանգով բոլոր խաղացողները փակում են աչքերը: Այդ ժամանակ թիմապահները փոխում են դրոշակները: Ուսուցչի «Գտիր դրոշակդ » հրահանգով բոլոր խաղացողները արագ վազում և շրջան են կազմում իրենց դրոշակի շուրջ: Որ խմբին հաջողվում է շուտ գտնել դրոշակը և շրջան կազմել, նա էլ համարվում է հաղթող:
գ)«Օղակներով էստաֆետ»
Դասարանը բաժանվում է 2 հավասար խմբերի և կանգնում են շարքերով մեկնարկային գծի վրա իրարից 2-3մ հեռավորությամբ: Յուրաքանչյուր շարքի դիմաց 10 մ հեռավորության վրա դրվում է 1 օղակ: Խաղն սկսելու հրահանգով շարքերի առաջին խաղացողները վազում են իրենց օղակի մոտ , վերցնում են օղակը անցկացնում իրենց գլխից , իջեցնում և հանում ոտքերից , դնում տեղը և վազքով վերադառնում , ձեռքով հարվածում երկրորդ խաղացողի ձեռքին , ապա կանգնում շարքի վերջում: Նույնը կատարում են մյուս խաղացողները: Հաղթում է այն խումբը, որը շուտ է ավարտում:
դ) «Երրորդն ավելորդ է»
Խաղացողները զույգեր կազմելով կանգնում են շրջանաձև դեմքով դեպի շրջանի կենտրոնը: 2 խաղացող ՝ խուսափողն ու հետապնդողը մնում են շրջանից դուրս: Խաղավարի ազդանշանով առաջինը վազում է շրջանի շուրջ և աշխատում առանց խփվելու կանգնել որևէ զույգի առջևում: Այս դեպքում զույգի հետևի կանգնած խաղացողը դառնալով ավելորդ ինքն է վազում ՝ խուսափելով խփվելուց և աշխատում է կատարել նույնը: Եթե հետապնդողին հաջողվում է խփել խուսափողին , դերերը փոխվում են և խաղը նույնությամբ կրկնվում է:
ե)« Ազատ տեղ»
Խաղացողները կողք կողքի կիպ կանգելով կազմում են շրջան ՝ ձեռքները դնելով մեջքի ետևում: Խաղավարը վազում է շրջանի դրսով , ձեռքով խփում է խաղացողներից մեկի ձեռքերին, ապա շարունակում իր ուղին: Ում ձեռքին խփել էր խաղավարը՝ նա սկսում է պտտվել շրջանի հակառակ ուղղությամբ: Երբ հանդիպում են 2 խաղացողները , սեղմում են իրար ձեռք , կքանստում են և արագ շարունակում են իրենց ճանապարհը: Ով առաջին է գտնում ազատ տեղը , նա կանգնում է շրջանում , իսկ մյուս խաղացողը շարունակում է խաղը նույն ձևով:
………………………………………………………………………………
Օգտագործված գրականություն՝
1. Ծրագիր՝ «Ֆիզիկական կուլտուրա» , տարրական դպրոց , բացատրագիր, գիտելիքների հիմունքներ:
2. Մ. Մ. Մամիկոնյան «Շարժուն խաղեր» ,«Լույս» հրատարակչություն , Երևան:
3. «Հետաքրքրաշարժ թվեր և խաղեր» ՝ թարգմանությունը՝ Մ.Թ.Հայրիյանի , «Լույս» հրատարակչություն , Երևան:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.