ՍԹՐԵՍ
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է:
Ընթերցողներին, ինչպես միշտ, ավելի շատ հետաքրքրում են սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին ծանոթանալը:
Սթրեսի հինգ հնարավոր պատասխաններն առնչվում են հետևյալ ոլորտների հետ`
· ֆիզիկական կամ մարմնական հակազդեցություններ,
· վարքային,
· հուզական կամ զգացմունքային,
· ճանաչողական կամ իմացական,
· հոգևոր կամ համոզմունքների և արժեքների հետ կապված:
Սթրեսի մակարդակը որոշելու համար կարող եք օգտվել հանդեսի 2011թ. N 2-ում (18-19 էջ) տպագրված թեստից: Պետք է հատկապես ընդգծել, որ սթրեսը բնական պատասխան է, որը պաշտպանում է մարդուն վերահաս վտանգից: Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ավելի օգտակար կլինի այն պակասեցնել կամ վերահսկել, կառավարել:
Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհ կա. առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարված սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:
ՍԹՐԵՍԻ ԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
ՍԹՐԵՍԻ ԱՆԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
Փոխել իրավիճակը |
Ալկոհոլի չարաշահում |
Խուսափել սթրեսորից |
Թմրանյութի, դեղորայքի չարաշահում |
Փոխել սթրեսորը |
Գերլարված աշխատանք |
Փոխել սեփական արձագանքը |
Ծխել |
Հարմարվել սթրեսորին |
Շատակերություն, ախորժակի կորուստ |
Ընդունել սթրեսորը |
Ժամերով հեռուստացույցի դիտում |
Դիմել մասնագետի |
Մեկուսացում ընկերներից |
Փորձել գտնել դժվարությունների հաղթահարման ճանապարհներ |
Դժվարություններից խուսափում |
Փորձել ազատվել բարկությունից հասարակայնորենընդունելի տարբերակներով` սպորտ, արվեստի արտահայտչամիջոցներ... |
Պոռթկումներ`բարկություն, բռնություն |
Ինչպես օգնել սթրեսի մեջ գտնվող դեռահասին
Դեռահասները, հասուն մարդկանց նման, կարող են ամեն օր սթրեսների ենթարկվել և սովորել հաղթահարել այդ իրավիճակները: Դեռահասներից շատերն ավելի մեծ սթրեսի են ենթարկվում, երբ, ըստ նրանց գնահատման, իրավիճակը վտանգավոր է, դժվար կամ ցավոտ, իսկ նրանք չունեն այդ իրավիճակը հաղթահարելու անհրաժեշտ միջոցներ և հմտություններ:
Դեռահասներին սթրեսի կարող են հասցնել.
· ուսման հետ կապված դժվարությունները,
· իր վերաբերյալ բացասական մտքերը կամ զգացմունքները,
· սեփական մարմնի փոփոխությունները,
· ընկերների հետ խնդիրներ ունենալը,
· ապրելու անապահով միջավայրը (հարևանությունը),
· ծնողների ամուսնալուծությունը,
· քրոնիկական հիվանդությունը կամ ընտանիքում լուրջ խնդիրները,
· սիրած անձնավորության մահը,
· բնակավայրը կամ դպրոցը փոխելը,
· միանգամից մեծ գործունեություն ծավալելը կամ իրենցից ակնկալվող մեծ պահանջները,
· ընտանիքի նյութական խնդիրները:
Այս իրավիճակները դեռահասներին կարող են հասցնել գերծանրաբեռնվածության: Այդ դեպքում սթրեսային իրավիճակի հաղթահարման ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել մեկուսացման, անհանգստության, ագրեսիայի, ֆիզիկական հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման:
Ծնողներն իրենց երեխային կարող են օգնել հետևյալ կերպ.
· հետևել նրան, եթե սթրեսը ազդում է նրա առողջության, վարքի, մտքերի և զգացմունքների վրա.
· ուշադիր լսել դեռահասին և կանխել գերլարված վիճակը,
· սովորել և օգտագործել սթրեսը հաղթահարելու հմտությունները,
· նպաստել սպորտով և հասարակական այլ գործունեությամբ երեխայի զբաղվելուն:
Դեռահասները վերոհիշյալ կամ այլ միջոցներով կարող են սկսել հաղթահարել սթրեսը: Եթե դեռահասի մոտ նկատվում են սթրեսի երևույթներ կամ նա խոստովանում է, որ գերլարված է, ցանկալի է խորհրդակցել մանկապատանեկան հոգեբանի կամ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետի հետ:
Խուճապային խանգարումը երեխաների և դեռահասների մոտ
Խուճապային խանգարումը հաճախակի հանդիպող վիճակ է: Նման խանգարումով երեխաները և դեռահասները ունենում են անսպասելի և կրկնվող վախի ուժեղ զգացում, անհանգստություն, որոնք ուղեկցվում են արագ սրտխփոցով կամ շնչահեղձությամբ: Դրանք կոչվում են խուճապային նոպաներ և տևում րոպեներից մինչև ժամեր: Հաճախ դրանք սկսվում են առանց նախանշանների:
Խուճապային նոպայի ախտանիշներն են.
· վախի ուժեղ զգացում, երբ շատ վատ բան է պատահել կամ պատահելու է
· սրտի ուժեղ բաբախյուն
· գլխապտույտ
· շնչահեղձություն կամ խեղդվելու զգացում
· դող կամ ցնցում
· անիրականության զգացում
· վախ` մահից, ինքնակառավարումը կորցնելուց կամ խելագարվելուց:
Խուճապային խանգարումը հիմնականում սկսվում է դեռահաս տարիքում, թեև կարող է սկսվել նաև ավելի վաղ` մանկության շրջանում, երբեմն էլ այն փոխանցվում է գեներով:
Եթե խանգարումը չբացահայտվի և չբուժվի, դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել. խաթարվում է երեխայի կամ դեռահասի բնականոն զարգացումը, բարդանում շրջապատի հետ հարաբերություններն ու շփումները: Նա գրեթե միշտ անհանգիստ է, անգամ եթե խուճապային նոպայի մեջ չէ: Ոմանք խուսափում են լինել այնպիսի վայրերում, որտեղ նոպայի սկսվելու պահին օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենա: Օրինակ` երեխան կարող է հրաժարվել դպրոց գնալուց կամ բարդացած դեպքում` հրաժարվել տանից դուրս գալուց: Կոնկրետ վայրերից կամ վիճակներից խուսափելու նման միտումը կոչվում է ագորաֆոբիա: Խուճապային խանգարումով երեխաներից կամ դեռահասներից ոմանք կարող են խորը դեպրեսիայի մեջ և անգամ ինքնասպանության շեմին հայտնվել: Իրենց անհանգստությունն ու վախերը թուլացնելու ձգտումով նրանք կարող են ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործել:
Հաճախ դժվար է լինում երեխաների խուճապային խանգարումն ախտորոշելը: Դա պահանջում է բազմակի այցելություններ բժիշկ մասնագետների մոտ և զանազան բժշկական ստուգումներ, որոնք և´ թանկ են, և´ ճնշող: Անհրաժեշտ է սկզբում ստուգվել ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ, և եթե խուճապային խանգարման պատճառ դարձած հիվանդություն կամ վիճակ չի հայտնաբերվում, դիմել մանկապատանեկան հոգեբույժի: Խանգարումը հայտնաբերելու և ախտորոշելու դեպքում սովորաբար այն հեշտությամբ է բուժվում:
Գոյություն ունեն խուճապային խանգարման բուժման տարբեր եղանակեր.
· դեղորայքային` որով դադարում են խուճապային նոպաները,
· հոգեթերապիա` երեխային և ընտանիքի անդամներին օգնում է կանխել սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակները, որոնք կարող են խուճապային նոպաների առաջացման պատճառ դառնալ,
· իմացական վարքային թերապիա. երեխային նախապես սովորեցնում են կառավարելու անհանգստության կամ խուճապի նոպաները:
Խուճապային խանգարման դեպքում լավ է օգնում այս եղանակների համակցված բուժումը: Հաջող բուժման դեպքում խուճապային նոպաները սովորաբար դադարում են: Վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ կանխվում են խուճապային խանգարման այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ագորաֆոբիան, դեպրեսիան և թմրամոլությունը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.